Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

I remember and demand

I remember and demand
24.04.2015 | 22:16

Ամբողջ օրն անձրևեց: Հիմա էլ է անձրև գալիս: Աշխարհի հեռուստաէկրաններից այսօր չիջնող կադրերում անձրևն ու հայերը միասին են: Տասնյակ ու տասնյակ խոսքեր հնչեցին՝ պաշտոնական ու անկեղծ: Ծիծեռնակաբերդում ու աշխարհի տարբեր մասերում: Վերամբարձ ու սրտանց: Օրը այնքան լիքն ու երկար է, որ կարծես անձրևը կանգնեցրել է ժամանակը: Այս օրը Երևանում միշտ է անձրև գալիս: Պատահաբա՞ր: Ոչ: Անձրևը երկնքի ու երկրի ուղիղ կապն է: Զուսպ ու ազդեցիկ պաշտոնական արարողությունները մանուշակագույն անմոռուկի սրտում հավաքեցին հարյուրամյա հիշողությունն ու ցավը, հարյուրամյա պահանջատիրությունն ու լռության մեջ կուտակվող էներգիան: Երբ դուդուկ էր նվագում հազիվ գետնի վրա երևացող հայ տղեկը, լացս եկավ ու հանկարծ հասկացա, որ մենք բոլորս այսօր սպանեցինք Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Նազըմին, Շաքիրին՝ բոլորին, ովքեր 1915-ին ու հետո իրենց բացահայտ ու գաղտնի, ժամացույցի պես աշխատող կառույցներով սպանում էին մեզ: Մենք այսօր սպանեցինք մահը՝ ու դա առաջին միտքն էր, որ եկավ ու խրվեց-մնաց տասնյակ այլ մտքերի միջից, որ բերում էր իրադարձությունների հորձանքը: Մենք այսօր մահը սպանեցինք հրապարակավ:
Հետո, իհարկե, տեղեկատվության հոսքը հակասական շատ զգացումներ էր կուտակում: Օրինակ՝ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ երկու օր առաջ ուղերձում «ցեղասպանություն» էր ասել, այսօրվա ելույթում զանգվածային սպանություններից էր խոսում: Համարյա միաժամանակ ՌԴ Պետդուման հայտարարություն ընդունեց ու ցեղասպանությունն արձանագրեց, իսկ երկու օր առաջ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Անկարայում առաջարկում էր Առաջին համաշխարհայինի իրադարձություններն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Դա այնքան տարօրինակ ու վայրենի էր, որ նույնիսկ մեկնաբանել չես ուզում, որովհետև ինչպես բացատրես, որ Թուրքիայի պաշտոնական տեսակետը երկրորդողը նույնանում է թուրքի հետ, եթե նույնիսկ ռուս է: Ֆրանսիայի նախագահը հիշեցրեց, որ ցեղասպանություն է եղել և Թուրքիայից այլ խոսք են սպասում: 1915 թ. թուրքական դժոխային մեքենան գործարկվեց, զանգվածային սպանություններ, տեղահանումներ եղան, որ ցեղասպանությունից հետո Ֆրանսիան ընդունեց հայերի մի մասին. «Նրանք փնտրում էին նոր հայրենիք և այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծ քաջությամբ նացիզմի դեմ պայքարում»։
«Այս տարի մենք նշում ենք Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից Օսմանյան կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել և ուժով քշվել մահվան: Նրանց մշակույթը և նրանց հին հայրենիքի ժառանգությունը ջնջվել է: Բռնության դաժան ակտերի հետևանքով սպանվել է 1,5 մլն հայ»՝ իր ուղերձում ասաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու 100-ամյակը կարևորագույն պահ անվանեց՝ կոչ անելով «մտածել պատմական հիշողության կարևորության և անցյալի դժվար, բայց անհրաժեշտ փոխհատուցման մասին»: Հետո երևի, հասկանալով, որ նորից չի ասում «գենոցիդ» հավելեց. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915 թ. կատարվածի վերաբերյալ իմ հայացքներն ու տեսակետը չեն փոխվել։ Փաստերի լիարժեք, բացահայտ և պարզ ճանաչումը բոլորիս շահերից է բխում։ Ազգերն ու ժողովուրդները ավելի ուժեղ են դառնում և կարող են հիմք ստեղծել առավել արդար և հանդուրժող ապագայի համար՝ ընդունելով անցյալի ցավոտ պահերը»։ Բայց, միևնույն է, Օբաման կորցրեց իր պահը, ավելի ճիշտ՝ Էրդողանին նվիրեց: Անսովոր էր, որ հրեաները Երուսաղեմում ու Թել Ավիվում պահանջում էին ճանաչել ցեղասպանությունը իրենց կառավարությունից ու շրջափակել էին Թուրքիայի դեսպանատունը: ՈՒ վաղն էլ են պահանջելու, մոմեր են վառելու ու հիշատակելու են սպանված հայերին:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ասաց, որ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ «Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»: Հակառակ, որ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չառլզը Գալիպոլիում նստել էր Էրդողանի ու Ալիևի հարևանությամբ ու քնել էր, «Այսօր մենք Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915 թ. տեղահանման և սպանությունների հետևանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»՝ իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Քեթրին Լիչը: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց՝ «Հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները հասկացող եթե մեկ ժողովուրդ կա, դա սերբ ժողովուրդն է»: ՈՒ հավելեց՝ «Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, երբ իրավական ակտերը կիրառվում են երկակի ստանդարտներով ու նույնիսկ ջարդերի ու ցեղասպանությունների զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, ինչպե՞ս կարող ենք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, որ այսքան կորուստներ ենք կրել, ինչպե՞ս կարող ենք այստեղ չլինել և դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր նորզելանդացի գրող, «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ Լեն ՈՒիսքը պաստառով՝ «Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ եկել՝ ասելու ձեզ, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի»: Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը հետաձգվեց, թեև բոլոր խմբակցությունները ընդունում են, որ եղել է ցեղասպանություն: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ՝ «Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում» ասաց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել Ցեղասպանության զոհերի սերունդների համար արդարությունը։ Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը: Իսկ նախորդ օրը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի մայր տաճարում պատարագից հետո ասել էր. «Մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված և կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որևէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին: Այս ծրագրված և հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին»: Գերմանիայի նախագահն ասաց՝ «Մեր նորօրյա գիտակցությամբ և անցած տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափների հեռապատկերին մեզ համար այսօր ակնհայտ է՝ հայերի ճակատագիրը քսաներորդ դարն այնքան սարսափելի կերպով բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, և անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է»: Յոահիմ Գաուկը Գերմանիայի մեղքին էլ անդրադարձավ. «Մենք՝ գերմանացիներս, ընդհանուր առմամբ դեռ պետք է անդրադառնանք վերաիմաստավորման գործին, հատկապես՝ երբ խոսքը հայերի հանդեպ ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը, որոշ հանգամանքներում անգամ մեղսակցությանն է վերաբերում: Այդ գերմանացի զինվորականներն էին, որ մասնակցում էին տեղահանությունների կազմակերպմանն ու որոշ դեպքերում նաև իրագործմանը։
Հայերի իրականացվող գործողությունների մեջ վերջիններիս բնաջնջումը հստակորեն կանխազգացած գերմանացի դիտորդների և դիվանագետների զգուշացումները շրջանցվում ու անտեսվում էին: Քանզի Գերմանական կայսրությունը չէր ցանկանում վտանգել հարաբերություններն իր օսմանյան դաշնակցի հետ: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ում հատուկ հանձնակատարն ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել էր հայերի դեմ հետապնդումների մասին, 1915 թ. դեկտեմբերին կարճ ու հատու նշում է. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, կարևոր չէ, թե այդ ընթացքում հայերը կկործանվեն, թե ոչ»: Բայց հենց գերմանացիներն էին նաև, ամենից առաջ՝ մեծ նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրապարակախոսական գործունեության շնորհիվ հայոց տառապանքը հայտնի դարձավ աշխարհին: Սանիտարական ծառայության սպա Արմին Թեոֆիլ Վեգներն էր, ով իր լուսանկարներով վավերացրեց և պատերազմի ավարտից հետո Գերմանիայում կազմակերպած իր դասախոսություն-ցուցադրություններով պատմեց հայոց ճակատագրի մասին: Ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով գեղարվեստական հուշակոթող կանգնեցրեց այն դիմադրությանը, որ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հանդեպ ծրագրված բնաջնջմանը: Լույս տեսնելուց հետո գիրքը շատ արագորեն՝ 1933 թ. արգելվեց. Բիալիստոկի և Վիլնիուսի հրեական գետտոներում, սակայն, այն կարդում էին որպես կանխանշան հրեաներին սպասվելիք դեպքերի: Երկու կողմն էլ՝ թե՜ Երրորդ Ռայխի գրաքննիչները, թե՜ հրեաները, այսպիսով, ճշգրտորեն ընկալել էին գիրքն ու դրանում պատմվող պատմությունը:
Երբ Ադոլֆ Հիտլերն իր՝ 1939 թ. օգոստոսի 22-ի մարտական հրամանում գերմանական ցամաքային զորախմբերի գլխավոր հրամանատարներին հրամայում է հարձակվել լեհերի վրա՝ բացատրելով իր պլանները՝ «առանց խղճալու մահվան գիրկն ուղարկել լեհական ծագմամբ և լեհախոս թե՜ տղամարդ, թե՜ կին, թե՜ երեխայի», հավաքական անտարբերության ակնկալիքով իր խոսքը եզրափակում է հռետորական այս հարցով. «Ո՞վ է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջումից»։
Մե՜նք ենք խոսում այդ մասին: Այսօր էլ՝ հարյուր տարի անց, մենք հստակ գիտակցումով խոսում ենք այդ մասին. այդ մասին և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ կատարված այլ հանցանքների մասին: Մենք դա անում ենք, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա: Մենք անում ենք դա, որպեսզի ոչ մի բռնապետ, ոչ մի բռնակալ և ոչ ոք, ով օրինական է համարում էթնիկ զտումները, չկարողանա ակնկալել, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն»:
«Հայերը և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներն ունեն հավաքական պարտք` պաշտպանելու իրենց հասարակություններում մեծացող երեխաներին` հանցագործություններից մեծագույնի` Ցեղասպանության տառապանքից»,- ասաց Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող, ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նորից խոսեց. «Մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին» ու ցեղասպանությունն անվանեց «նախկինում տեղի ունեցած տխուր միջադեպ»: Թուրքական «Հյուրիեթին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի պատախան «Հայաստանը հողային պահանջ ունի Թուրքիայից» հարցի ասաց. «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնը, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը: Եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը»:
Փարիզում մարեցին Էյֆելյան աշտարակի լույսերը ու Կոմիտասի արձանի մոտ վաղը հավաքվելու են… թուրքերը, որ իրենց կառավարությունից պահանջեն ճանաչել ցեղասպանությունը: Շարունակեմ՝ շարունակվելու է: Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունը հայտարարություն արեց: «Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպած 5 մարդկանցից մեկը հայ էր, սակայն այսօր փողոցում հայերի հանդիպելն այդքան էլ հեշտ չէ: Ի՞նչ պատահեց նրանց, հարցրու, եղբայրս… Կանգնիր, լսիր եղբայր… Պետությունը մեզ դավաճան է հայտարարել, անիծված է կոչել, մեր մասին հրեշների նման է խոսել: Դպրոցում կարդացել ենք, մեդիայով՝ տեսել, տանը՝ լսել… կեղծ պատմությամբ են խոսել… ատել ենք միմյանց: Հարցնենք, եղբայրս… Քանի դեռ չեն առերեսվել, այդ հանցագործությունը չեն դատապարտել, նրանք են օգտվում: Նման երկրում ապրե՞լ ես ուզում, եղբայր: Սպանողին չպատժող, անարդարությունը չկանխող երկրում ապրե՞լ ես ուզում: Ո՞Ւր են Հրանտի սպանության պատվիրատուները, Սևակ Բալըքչըի՞նը, Մարիցա Քյուչուքի՞նը: Առերեսվիր, եղբայրս… Մենք 1915-ին չենք առերեսվել, չենք դատապարտել: Քանի դեռ 1915-ին հայ սպանողներն իրենց պատիժը չեն ստացել, այդ իրավիճակը կրկնվելու է: Քանի դեռ չի առերեսվել, պատիժը չի ստացել, հանցագործություններն ավելանալու են»:
Թաքսիմում նորից հավաքվեցին այն թուրքերը, որ տեղյակ են իրենց պատմությանը ու պահանջեցին արդարություն: Բայց ամենատպավորիչը Բունդեսթագում Կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրի ելույթն էր: «Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, ցեղասպանություն բառն ասելու համար։ Սակայն եթե դա որոշ մարդկանց որոշելուն մնար, այդպես էլ չէր արտասանվի։ Կրկնում եմ, եթե ձեզ մնար (ձեռքով ցույց է տալիս արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի կողմը), այդ բառն այդպես էլ չէր հիշատակվի։ Իսկ այսօրվանից ամեն ինչ պետք է իր անունով կոչվի։ Ասում են, թե ցեղասպանության ճանաչումը չպետք է ընդհատի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։ Դե ուրեմն ասեմ, որ ես երեկ Ստամբուլում էի և մասնակցում էի զոհերի հիշատակին նվիրված հայ-թուրքական մի միջոցառման, որտեղ ներկա էին 2 ազգերի ներկայացուցիչները։ Այնտեղ կային թուրքեր և հայեր, և բոլորը միասնական էին այն հարցում, թե Գերմանիայի Բունդեսթագը այդ հարցում ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի։ Ես պատասխանում եմ այդ հարցին հիմա։ Գերմանիան պետք է դադարի իրեն այնպես պահել, ասես թե ոչ մի կապ չունի 100 տարի առաջ կատարվածի հետ։ Բունդեսթագը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ոչ մի արտգործնախարար այլևս չպիտի օգտագործի «պատմական դեպքեր» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը պիտի մնա անցյալում։ Ի՞նչ է նշանակում, Թուրքիան պետք է վերագնահատի իր պատմությունը։ Եթե գնահատող լիներ, Հայոց ցեղասպանությունից հետո չէր լինի ալավիների և Դերսիմի սպանդը։ Չէր սպանվի Հրանտ Դինքը, որ ասում էր, որ եթե հայերը շարունակեին ապրել, Վանը արևելքի Փարիզը կդառնար։ Դա ճիշտ է, քանի որ այնտեղ սպանվեցին մտավորականներ, մենք կորցրինք այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Կոմիտասն էր։ Նա միայն հայերինը չէր, նա Օսմանյան պետության Կոմիտասն էր։ Ես ուզում եմ, որ Թուրքիայի դպրոցներում ուսուցանվող գրքերում երեխաները իրական պատմություն սովորեն։ Ես չեմ ուզում, որ նրանց համար օրինակելի կերպարները Թալեաթն ու Էնվերը լինեն։ Որպեսզի պատմությունը չկրկնվի, երեխաներին չպիտի սովորեցնեն, որ նրանք հերոսներ են։ Մենք Թուրքիայի ընկերներ ենք, Ցեղասպանության ճանաչումը նրանց օգտին է, միայն այդպես հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը։ Դա պետք է արվի, դա կարող ենք անել, մենք պետք է ներդրում ունենանք»,- բուռն ծափողջույնների տակ Բունդեսթագի նիստում իր ելույթն ավարտեց Օզդեմիրը։
ՈՒ սա պատասխանն է բոլոր էրդողաններին, դավութօղլուներին, չավուշօղլուներին, ալիևներին, օբամաներին՝ Գալիպոլիի ստվերում թաքնվողներին, որ վախենում են իրենք իրենցից ու շարունակելու են վախենալ ևս հարյուր տարի, որովհետև նրանք իրենց ներսում չեն սպանել մահը: Իսկ մենք ճանապարհ ունենք գնալու, մեզ համար ցեղասպանության զոհերն այլևս զինվորներ են երկնքում, որ նույնիսկ Դեր Զորում նորօրյա երիտթուրքերի պայթեցրած հայկական եկեղեցու ավերակներին հակառակ՝ կան ու լինելու են մեր մեջ, մեր կողքին, մեզնից առաջ՝ մեզ տանելու ՏՈՒՆ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Օտարերկրյա տասնյակ պատվիրակությունների ներկայությունը հարգանքի տուրք էր սրբադասված հայոց նահատակներին ու աջակցություն մեզ, որ Արարատի այս կողմում սպանել ենք մահն ու ապրում ենք: ՈՒ դա այլևս անդառնալի է: Ես հասկանում եմ, որ աշխարհի տարբեր մասերում ու այստեղ՝ Երևանում հնչող ոչ բոլոր խոսքերն էին անկեղծ, որ նաև իրենց շահերն էին թելադրում այդ ու այդպես խոսել, բայց ես հավատում եմ, որ շահը՝ շահ,այսօր գերակայեցին արժեքները: Կար, շատ ավելին կար անձրևոտ այս օրը Երևանում, ոգի կար ու սեր կար: Հավատ կար: Ամեն ինչ կար, որ բառերի կարիք չունի: ՈՒ այդ միասնության մեջ այսօր Ծիծեռնակաբերդում պիտի լինեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պիտի լինեին, որովհետև այսօր քաղաքական ու անձնական, իրավական ու անիրավական սահմաններ չկան: Մեկը Ղարաբաղում էր, մեկը հետո եկավ, մեկը երկրում չէր: Այսպես: Իսկ անձրևը դեռ չի դադարել:

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ