«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աշխարհի 43 երկրների երաժիշտներն արդարության կոչ ուղղեցին աշխարհին

Աշխարհի 43 երկրների երաժիշտներն արդարության կոչ ուղղեցին աշխարհին
25.04.2015 | 14:12

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն արդարության կոչ ուղղեց աշխարհին՝ փաստելով, որ հայ ազգը ցեղասպանության արհավիրքներից հետո վերածնունդ է ապրել: Ապրիլի 24-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Վերածնունդ» խորագրով ֆանտաստիկ համերգը: Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ էր ընդունում ցանկացած ստեղծագործություն: Չորս մասից բաղկացած համերգում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները: Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին, ովքեր նվագախմբի հետ աննկարագրելի պահեր պարգևեցին ներկաներին:
Անվանի խմբավար, դիրիժոր, Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը համերգի ընթացքում նշեց, որ որպես առաջին քրիստոնյա պետության զավակների` մեզ լավ հայտնի է խաչ կրելու և խաչ բարձրանալու խորհուրդը: «Ամեն ինչ արվում էր` կյանքը կոտրելու ու այս ցեղն աշխարհից վերացնելու համար: Ցեղասպանությունը մշակութային ջարդն է նաև՝ ազգի ոչնչացումը մշակութապես: Համազգային ողբերգությունը չկոտրեց մեզ, կոփեց, ուժեղացրեց, բարձրացրեց: Քրիստոնեական բարոյականն առավել ամրապնդվեց: Նոյ Նահապետի տապանը կանգնեց Արարատի գագաթին ու այն մարդկության փրկության խորհրդանիշ դարձավ: Խոնարհվենք այդ սուրբ լեռան առաջ և ասենք՝ Աստված մեզ պահապան»,- նշեց Ամենայն հայոց մաեստրոն: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, իրադարձության գաղափարի հեղինակ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ հարյուր տարի առաջ գրվեց հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերից մեկը, բայց մենք կարողացանք թերթել այն: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել վերածնունդ ապրած մի ամբողջ ժողովուրդ, խոսել նոր սերնդի անունից: Որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր՝ գրեթե վստահ եմ՝ այսօր ավելի քան երբևէ Հայաստանը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով: Մեր սերունդն իսկապես ցանկանում է ապրել, կյանքը հոսում է մեր երակներով. ապրելու ցանկություն, որ ժառանգել ենք մեր նախնիներից: Պետք է գնահատել՝ ինչ ունենք այսօր: Մեզ բախտ է վիճակվել ծնվել և ապրել անկախ երկրում»,- հավելեց Սերգեյ Սմբատյանը: Նա ներկայացրեց ցեղասպանության մասին իր պապի պատմությունը և ավելացրեց. «Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած իմ գործընկերների հետ ձեզ ենք ներկայացնում հիրավի եզակի նվագախումբ: Բոլորովին տարբեր սերունդների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից են, բայց բոլորիս միավորում է մեկ գաղափար՝ ասենք ո՜չ բռնությանը: Բոլորս միևնույն գաղափարը կրողն ենք՝ անկախ ամեն ինչից»: Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր երաժիշտներին: Անվանի դիրիժոր Միխայիլ Յուրովսկին էլ փաստեց, որ բռնությունը համաշխարհային չարիք է, և այսօր էլ կա: «1915-ի Հայոց ցեղասպանությունը չարիքի դրսևորումներից էր: Ողբերգության մեջ հայերը միայնակ չմնացին: Աշխարհի տարբեր ծայրերից նրանց ուղղվեցին օգնության ձեռքեր: Կյանքը չընդհատվեց մարդկության շնորհիվ»,- հավելեց դիրիժորը: Նվագախմբի կազմում ելույթ ունեցան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից: Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային միցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը: Մենակատարների թվում էին նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, որ այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է: Ելույթներն ուղեկցվեցին տեսապատկերներով, որոնց միջոցով ներկայացվեցին Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Ցուցադրվեցին տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Հատուկ պատրաստված տեսանյութի օգնությամբ «Հիշում եմ և պահանջում» արտահայտությունը հնչեց տարբեր լեզուներով: Համերգն ընդունվեց մեծ ոգևորությամբ ու հոտնկայս ծափահարություններով: Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ՝ համերգի ավարտին ներկայացվեց ՀՀ օրհներգը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ