Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության ճանաչումը ամերիկյան քաղաքականության կարևոր քայլ է

Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության ճանաչումը ամերիկյան քաղաքականության կարևոր քայլ է
25.04.2015 | 14:13

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է Մերձավոր Արևելքն անվտանգ ու կայուն դարձնել, պետք է ընդունի, որ 1915-ին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է։ Այդ փաստի ժխտումը տարածաշրջանն ավելի անկայուն է դարձնում՝ հայտարաել է Թաներ Աքչամը, որ զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ։ Նա Մերի Ջեյն Ռեյնի հետ համատեղ հոդվածում գրում է. «Ցեղասպանության ժխտման մեկդարյա պրակտիկայից հետո Թուրքիան որոշել է հետաքրքիր խորամանկության դիմել: Ի պատասխան պնդման, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանություն է տեղի ունեցել, թուրք պաշտոնյաներն ասում են, այդ տարիներին պատերազմ էր, որից տուժել են բոլոր կողմերը։ Հռոմի պապի հայտարարությունն ու Եվրախորհրդի բանաձևը կատաղության են հասցրել Թուրքիային։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «նմանատիպ միակողմանի մեկնաբանությունը» ճանաչում է միայն մեկ կողմի տանջանքները, իսկ մյուս կողմին անտեսում է։ Թուրքիան նաև պնդում է, որ հայերը մերժում են իրենց առաջարկը՝ ստեղծել անաչառ պատմական հանձնաժողով, որը կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։ Այս պնդումը, ըստ Թաներ Աքչամի, ամբողջությամբ կեղծավոր է, այն, ինչ Թուրքիան ասում է աշխարհին, տարբերվում է տեղեկատվությունից, որ տարածում է երկրի ներսում։ Թուրքիայում կրթական համակարգը մանրամասն «հղկում է» սեփական հասարակության հայացքները «հայկական հարցում», թուրքական դասագրքերում գրում են՝ իբր հայերի տեղահանման իրական պատճառը հայերն էին, որ ավազակախմբեր էին ստեղծում, հարձակվում թուրքական գյուղերի վրա ու սպանում անպաշտպան խաղաղ բնակիչներին։ Այդ դասագրքերի համաձայն, այդ ավազակախմբերը հարձակվում էին նույնիսկ հայերի վրա, որ չէին ցանկանում իրենց միանալ, իսկ Օսմանյան կայսրության կազմակերպած տեղահանությունները նպատակ ունեին պաշտպանել խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ հայերին ավազակախմբերից։ Այդ ամենը պատմում են ոչ միայն թուրք ուսանողներին, այլև հայ երեխաներին, որ սովորում են Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թաներ Աքչամի կարծիքով, ամրացնում է Թուրքիայի քաղաքականությունը և թույլ է տալիս շարունակել կեղծ տեղեկությունների տարածումը։ Աքչամը նշում է, որ ԱՄՆ-ը շարունակում է ցինիկ քաղաքականությունը՝ ելնելով Թուրքիայում իր շահերից։ Քաղաքական շահերը ստիպում են ԱՄՆ-ին հրաժարվել իր բարոյական դիրքորոշումից։ Աքչամի կարծիքով, ճիշտ չէ իրար հակադրել «ազգային շահերն» ու «բարոյականությունը»։ Մերձավոր Արևելքում հաջող իրական արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է, որ ազգային անվտանգության քաղաքականության հիմքում լինեն բարոյական արժեքները և պատմական սխալներն ընդունելու պատրաստակամությունը։ Ժխտելով պատմական անարդարությունը, ավտորիտար, ժողովրդավարությունից հեռու Թուրքիան ոչ միայն չի լուծում տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այլև ավելի է խորացնում։ Թաներ Աքչամի խոսքով, եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է տարածաշրջանն ավելի անվտանգ ու կայուն դարձնել, պետք է ճանաչի, որ 1915-ին ցեղասպանություն է եղել:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ