Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավարայր չդարձնենք ցեղասպանության 100-ամյակը

Ավարայր չդարձնենք ցեղասպանության 100-ամյակը
25.04.2015 | 17:38

Ապրիլի սկզբից մինչև երեկ Երևանը համաշխարհային ուշադրության կենտրոն էր՝ մեկ Քիմ Քարդաշյանն էր, մեկ՝ Քանյե ՈՒեսթը, հետո Հռոմն ու Վատիկանը, հետո Եվրախորհրդարանը, հետո Ավստրիան, հետո Գերմանիան, ԵԽԽՎ-ն…

Այսօր ապրիլի 25-ն է, ու ի՞նչ ունենք մենք այսօր:
1. Մենք ինքներս ստացանք մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը: Ասված էր, չէ՞, «Թեև եմք փոքր ածու, բայց մեր երկրում էլ…»: Իսկ մենք հինգերորդ դարից սկսած զբաղված էինք մոռանալով:
2. Մենք ստացանք սպասելի ու անսպասելի հավաստումներ, որ 100 տարի առաջ 1915-ը ցեղասպանություն է: Մենք գիտեինք, աշխարհը սկսեց հասկանալ:
3. Մենք ստիպված ենք ընդունել, որ մեզ հետ կատարվածը մոռացված ցեղասպանություն էր, աշխարհը ստիպված է ընդունել, որ ցեղասպանությունը պիտի հիշի, որովհետև չի եղել միայն մեզ հետ, միայն հրեաների հետ, միայն թութսիների հետ: Հայերի, հրեաների, Ռուանդայի, Կամբոջայի «դժբախտության» պատմությունը չէ: Այսօր էլ կա ու շարունակվում է՝ տարբեր հասցեներով, բայց՝ նույն սցենարով. հայրենազրկում, սպանություն, ունեզրկում, պատմական հուշարձանների ոչնչացում, ազգային ինքնությունից բռնի հրաժարում:
4. Մեզ հետ ավելի ու ավելի շատ պետություններ են համաձայնում, որ հասկանալու համար՝ երկինքը կապույտ է, պետք չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ու ամեն երկրում ուսումնասիրել երկնքի գույնը, իրերին ու երևույթներին իրենց անունները տալու անհրաժեշտությունը անխուսափելի է:
5. Մենք գիտեինք, որ շահերն են առաջնորդում աշխարհը, բայց հասկացանք, որ շահերից բացի կան արժեքներ ու արժեքների առաջնորդության պարագայում հնարավոր է և օրընթաց շահերին դեմ գնալ՝ պաշտպանելու հիմնարար շահը, որ կոչվում է արժեք:
6. Մենք մեր հարաբերությունները աշխարհի հետ ավելի ճիշտ կառուցելու բավարար հիմքեր ստացանք՝ հասկանալու, թե ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր հակառակորդների բարեկամները ռեալ քաղաքականության մեջ:
7. Մենք պատճառ դարձանք, որ հայկական ցունամին Թուրքիայի Հանրապետությանը ստիպի բացահայտել աշխարհին ոչ միայն անցյալի, այլև ներկայի իր թույլ կողմերը: Անկարան այսօր լիովին կարող է բացել աշխարհի մայրաքաղաքներից վերադարձած դեսպանների ակումբ, որքան էլ Գալիպոլի նշի ու թմբուկների, ծափ ու ծնծղայի մեջ փորձի խեղդել պատմության ձայնը:
ՈՒ ի՞նչ պիտի անենք մենք այսօր:
1. Հայոց ցեղասպանության 100-ամյակով չի ավարտվում Հայկական հարցի պատմությունը: 2015-ը միայն շարունակություն է: Այս փուլում ամենակարևորը՝ երկրորդ Ավարայր չդարձնենք 100-ամյակին առնչված իրադարձությունները: Բարոյական հաղթանակների դառը պտուղները մեզ կերակրել են մի քանի հարյուրամյակ՝ առանց պետականության: Վերջ: Սկսվել է նոր դարաշրջան: ՈՒ հիմա, բոլորովին կասկածի տակ չդնելով Վարդանանց քաջությունն ու ազնիվ ձգտումները, պիտի հասկանանք՝ ի՞նչ էր ուզում Վասակը, դավաճա՞ն էր նա, թե՞ մեզ պետք էր մեր թուլության ու պարտության համար մեղադրել ինչ-որ մեկին, թշնամուց վախեցանք, գտանք յուրայինին ու նշանակեցինք դավաճան: Չե՞նք շարունակում նույնը, տուրք տալով մտածողության կարծրատիպերին ու փակվելով նոր մտքերի, նոր լուծումների, նոր քայլերի առաջ: ՈՒ՝ ընդհանրապես ժամանակն է մտածել հետագա քայլերի հաջորդականության մասին, որոնք բոլորովին էլ պետք չէ ի լուր աշխարհի բարձրաձայնել, բայց պարտադիր է անել:
2. Անհրաժեշտ է վերագնահատում՝ սեփական արժեքների ու սեփական շահերի: Վերագնահատում ու վերաիմաստավորում, որի հիմքում ոչ թե բառերն ու բանաձևերն են, այլ՝ ռեալ գործերը: Մենք շնորհակալ ու երախտագետ ենք, բայց պետք չէ խեղդվել այդ շնորհակալ երախտագիտության մեջ, որովհետև ի վերջո՝ ինչի՞ համար ենք այսքան հուզվել, որ ցեղասպանությունն անվանում են (կամ չանվանեցին) ցեղասպանությո՞ւն: Մեզ պետք է, բայց եթե գենոցիդը ոճիր է քաղաքակրթության ու մարդկության դեմ, ամբողջ քաղաքակրթությունն ու մարդկությունը պետք չէ միայնակ մարմնավորել՝ աշխարհն էլ պիտի հասկանա իր պատասխանատվությունը ու քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
3. Հարևանների նկատմամբ քաղաքականության վերագնահատում է մեզ պետք: Իբրև բոլոր այս դատապարտումների ռեալ արդյունք մենք պիտի ստանանք թուրք-ադրբեջանական տանդեմի փոխկապվածության թուլացում, Անկարան պիտի հասկանա, որ Բաքվի շահերը պաշտպանելով ոչ թե պահպանում է Բաքվի վրա ներգործությունը, այլ Բաքուն վաղուց սեփական խաղն է վարում՝ Անկարայի հովանու տակ, նաև Անկարային հակառակ: Համաեվրոպական քաղաքական ճնշումը պետք է կոնկրետ նպատակաուղղել այդ խնդրին:
4. Բացահայտ է թուրք-ադրբեջանական քաղաքական ու տնտեսական ներխուժումը Վրաստան, որ մեզ համար միայն հարևան երկիր չէ: Եվրաինտեգրման գործընթացները Վրաստանում պետք է հանգեցնեն եվրաինտեգրման, ոչ թե արևելաինտեգրման՝ կախյալության սկզբունքով: ՈՒ սա ոչ միայն մեր, սա Արևմուտքի խնդիրն է:
5. Անկարան իր բոլոր հակադարձումներում ի հայտ բերեց ժանգոտ զինանոց՝ որևէ նորություն չկա ցեղասպանության ժխտողականության փաստարկներում: Հավելվեց միայն շանտաժը՝ որ մեզ մեղադրում եք, բա ձեզ նայեք: Փաստացի՝ Անկարան ինքն է նախաձեռնում աշխարհի հետ իր հարաբերությունները փչացնելու գործընթացը, որից չօգտվելը մեղք է:
6. Մենք ստացանք տասնյակ հավաստիացումներ, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը այլևս դարասկզբի պետությունը չէ՝ թուրքերը սկսել են մտածել, թուրքերը սկսել են դպրոցական դասագրքերից դուրս որոնել իրենց իրական պատմությունը: Այսօր նրանք փոքրամասնություն են, բայց ժամանակի մեջ դառնալու են մեծամասնություն:
7. Թուրքական դիվանագիտության ցինիզմը՝ հակադարձելով մեղադրանքները՝ նախագահից վարչապետ ու ավելի մանր պաշտոնյաներ, նրանք ցեղասպանություն կատարած Օսմանյան Թուրքիայի ու ցեղասպանությունը ժխտող Թուրքական Հանրապետությանն ուղղված մեղադրանքները վերահասցեագրում են թուրք ժողովրդին: Բառացի: ՈՒ հայտարարում են, որ թույլ չեն տա վիրավորել թուրք ժողովրդին: Բայց թուրք ժողովրդին որևէ պետություն, որևէ կազմակերպություն որևէ մեղադրանք չի ուղղել: Ժողովրդի հետ նույնացումն այս պարագայում ոչ միայն ժողովրդին իբրև վահան օգտագործելու նպատակ ունի, այլև՝ արգելակել ու հետաձգել հաշտեցումը: Սա է իրական վտանգը ժխտողականության բոլոր դրսևորումների ու այս քաղաքականությունը պետք է բացահայտվի ու բացատրվի: Ժողովուրդը ժողովրդի դեմ ոչ ատելություն ունի, ոչ մեղադրանք: Թուրք ժողովուրդը չի նախաձեռնել ու իրականացրել հայ ժողովրդի սպանդը, հարյուրավոր վկայություններ կան՝ ինչպես են թուրքերն ու քրդերը փրկել հայ հարևաններին, պահել հայ որբուկներին՝ հակառակ երիտթուրքերի հրամանի՝ հրապարակավ սպանել այն օսմաններին, ովքեր կօգնեն գյավուրներին:
Իհարկե, կան նաև այլ հարցեր, օրինակ՝ վերարժևորել քաղաքականությունը ԵԱՏՄ-ի ներսում, համագործակցությունը Ղազախստանի ու Բելառուսի հետ համապատասխանեցնել իրականությանը, ոչ թե ծրագրերին ու հայտարարություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հրաշալի է, որ աշխարհում կա Շառլ Ազնավուր, մեր երջանկությունն է, որ Շառլ Ազնավուրը մեր կողքին է: Հրաշալի է, որ աշխարհում SOAD կա, ու Սերժ Թանկյանը հասկանում է՝ ինչ է հայրենիքը: Հրաշալի է, որ Փարիզում ու Հռոմում ի նշան մեզ հետ համերաշխության մարում են Էյֆելյան աշտարակի ու Կոլիզեյի լույսերը: Հրաշալի է, որ Քիմ Քարդաշյան ու Քանիե ՈՒեսթ կան ու միլիոնավոր երկրպագուներ ունեն: Աշխարհում նման հրաշքներ շատ կան: Ամենահրաշալին, սակայն, այսօրվա արևն է ու բիբլիական Արարատը, որ արդեն բացել է դեմքը: Մենք պիտի ռեալ գնահատենք մեզ, որ չկորչենք աշխարհի գնահատականներում ու հաշվարկներում:

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ