Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
28.04.2015 | 11:23

Հարգելի ընթերցող, ճիշտ մեկ տարի առաջ տողերիս հեղինակը միտք հղացավ հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Իրատեսում» հոդվածաշար հրապարակել՝ շաբաթը մեկ պարբերականությամբ: Այդ դժվար աշխատանքն սկսեցի թերթի գլխավոր խմբագրի ոգևորիչ աջակցության շնորհիվ: Այն ժամանակ դեռ չկար Հռչակագիրը, չկար «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, չկար անմոռուկը: Ո՞րն էր մեր շարժառիթը և նպատակը: Նախ, ըստ մեզ, յուրաքանչյուր հայ պետք է ունենա ի՛ր Եղեռնը, Հուշը պետք է լինի նրա սրտում և ոչ միայն կրծքի վրա: Երկրորդ, ակնհայտ է, որ թուրքը ունի լոկ մեկ հույս-«հաղթաթուղթ»՝ հայը կկորցնի հիշողությունը և անկատարելի պահանջներ կներկայացնի: Մեր նպատակն էր ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվել ու ոչ ոք չի մոռացվել: Ավելին, մենք ձգտեցինք ընդարձակել պահանջատիրության շրջանակները:
Իմ մտահղացումը հոգու պարտք էր, յուրատեսակ ուխտ, խոնարհում Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակի առջև, և ստիպված եմ հայտարարել, որ Կ. Պոլսի վերաբերյալ սույն հրապարակմամբ ավարտում եմ հոդվածաշարը: ՈՒխտս կատարել եմ… Իհարկե, դա չի նշանակում, թե լռելու եմ, անշուշտ՝ ո՛չ, բայց կխոսեմ այլ ձևաչափով: Եվ այս առիթով կուզենայի փաստել հետևյալը:
«Իրատեսը» թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում միակն է հայկական լրատվամիջոցներից, որ երկարատևությամբ, պարբերականությամբ, բազմաթիվ այլ հեղինակների տարաբնույթ նյութերով անդրադարձել է Ցեղասպանությանը: Եվ, համոզված եմ, կշարունակի անդրադառնալ:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Կոստանդնուպոլիս-4

Կ. Պոլսի հայ առևտրականներից հաջողակները կապվում էին (բնականաբար, պաշտոնեությանը նյութապես գոհացնելուց հետո և նրա համաձայնությամբ) բանակը պարենային կամ այլ ապրանքներով մատակարարելու գործին։ Զորքը պարենով, հացով և այլ ապրանքներով հագեցնող առևտրականները մենաշնորհ իրավունք էին ստանում որոշակի ապրանքների վաճառքի համար։ Օրինակ, մայրաքաղաքում նպարավաճառությամբ կարող էին զբաղվել միայն Կ. Պոլսի, Բրուսայի, Ադրիանապոլսի այն առևտրականները, որոնք բանակն ապահովում էին պարենով։

Պոլսահայ հանրության մեջ ուրույն տեղ ունեին նրա ներսում արդեն հաստատված հարուստ վաճառական-խոջաները* և՛ Արևմտյան, և՛ Արևելյան Հայաստանից։ XVII դ. հայտնի խոջաներից էին երզնկացի խոջա Հովսեփը, նրա որդի խոջա Հովհաննեսը, խոջա Ախիջանը և խոջա Ռուհիջանը` Վանից, խոջա Պետիկը` Հալեպում։

XVII դ. հայ ամենահարուստ դրամատերերի մեջ աչքի էին ընկնում մաքսատների գլխավորները, որոնք, փաստորեն, այս ասպարեզը վիճարկում էին հրեաների հետ։ Մաքսատան հայ էմիններից հայտնի էին խոջա Պետիկը (Հալեպ), նրա եղբայր խոջա Սանոսը (Էրզրում), Անտոն Չելեբին` վիթխարի հարստության տեր մարդը (Զմյուռնիա), մաքսատան էմին էր նաև նրա եղբայրը` տաճկացած Հասան աղան։

Կ.Պոլսում բնակություն հաստատող վաճառականների նոր հոսք սկսվեց հատկապես ջալալիների ապստամբությունից հետո` 1610-ական թթ. սկսած և հետագայում Հայաստանի և՛ արևմտյան, և՛ արևելյան հատվածներից։ 1650-ական թթ. առաջին կեսին մայրաքաղաքը լցվել էր արևմտահայ գավառներից` Կեսարիայից, Եվդոկիայից, Սեբաստիայից, Կամախից եկած խոջաներով, որոնց կողքին քիչ չէին նաև վանեցիները, ջուղայեցիները, նախիջևանցիները և այլք` Հայաստանի արևելյան մասերից։ Պոլսաբնակ այս նոր շերտերի մեջ բավական մեծ ուժ էին ներկայացնում սեբաստացիները, մասնավորապես Տիվրիկից եկած վաճառականները։ 1620-1630-ական թթ. սրանց մեջ հիշատակվում են Աստվածատուր Բոլբոլջին, խոջա Վահրատը, ակնցի խոջա Քաֆալը, այս ժամանակներից է, որ երևելիների մեջ իր տեղն է գրավում վանեցի խոջա Ռուհիջանը։ Վերջինս XVII դ. հայ երևելիների մեջ, թերևս, ամենից ավելի տևական ազդեցությունն է ունեցել պոլսահայ համայնքի վրա` 1630-1660-ական թթ., շուրջ երեք տասնամյակ։ Խոջա Ռուհիջանը սոսկ մեծ վեզիրի քյուրքճիբաշիի (սենեկապետ) կամ սեղանավորի պաշտոնը չէ, որ զբաղեցրել է։ Լինելով վաճառականի գերդաստանից` նա շարունակել է հոր` վանեցի խոջա Ախիջանի գործը, առևտրով ու վաճառականությամբ զբաղվելով նաև Զմյուռնիայում։

Խոջաներից ու չելեբիներից տարբերվում և նրանց կողքին գործում էին քաղաքաբնակ մանր ու միջակ առևտրական խավերը, որոնք իրացնում էին գավառներից բերած գյուղատնտեսական հումքը (կաշի, անտառանյութ, ցորեն, գարի, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, բանջարաբոստանային կուլտուրաներ, միրգ և այլն) կամ իրացնում խոշոր վաճառականների ապրանքաշրջանառությունից սնվող մանրածախ առևտուրը Կ. Պոլսում ու երկրի խոշոր քաղաքներում և դրանց շրջակայքում։

Հայ առևտրական խոշոր կապիտալը, որ շրջանառվում էր միջազգային ապրանքափոխանակության լայն շառավիղներով, կատարում էր առաջադիմական կարևոր դեր մերձավոր ու միջինարևելյան առևտրում` հումք մատակարարելով արևմտյան արտադրությանը և իր գործունեության սահմաններում նպաստելով առհասարակ միջազգային ապրանքափոխանակության զարգացմանը։

17-րդ դարի սկզբներին Կ. Պոլսում հանդիպում ենք բավական թվով հայ վաճառականների. նրանք այստեղ կանոնավոր բնակություն չէին հաստատել, այլ պարբերաբար գալիս էին իրենց ապրանքները վաճառելու և մի քանի ամիս կամ տարու չափ մնալուց հետո ճամփորդում էին այլ վայրեր կամ վերադառնում իրենց բնակավայրերը։ Այս ժամանակաշրջանում Կ. Պոլսում վախճանված մի շարք հայ վաճառականների անուններն են` Նախիջևանցի Սերոբի որդի Գևորգ, Ագուլեցի Հովհաննեսի որդի Տյուլպենտճի պարոն Սուքիաս, Ղափանցի Առաքելի որդի Մանվել, Փառակցի Մուրադի որդի Խոջա Դավիթ, Ղափանցի Խոջա Բարսեղի որդի Տիրացու Պարոն, Կամենեցի Տիրացու Մուրադ և այլք։
Անատոլիայից Կ. Պոլիս գաղթած հայ երևելի վաճառականներից, նախ և առաջ, հիշատակելի է Տիվրիկցի Աստվածատուր Բոլբոլջի հորջորջված մեծահարուստ և ճարտարախոս հայը, որը թուրքական կառավարության և փաշաների սիրելին էր։
1644-1649 թթ. Կ. Պոլսում փայլում են Դիարբեքիրցի Մաղաքիա Չելեբին` մեծ վեզիր Մելեք Ահմեդ փաշայի մտերիմը, ինչպես նաև Իսկենդեր Չելեբին։
Բայց 17-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում երևելի մեծահարուստ վաճառականներն էին Միրզան և Խոսրովը` Նախիջևանի Ջահուկ գյուղից, և հատկապես Ապրո Չելեբին` մեծ վեզիրի տնտեսական գործերի կառավարիչն ու խորհրդականը։

XVII դ. հայ մշակութային գործիչ, մատենագիր, բանաստեղծ, թարգմանիչ, Երեմիա Չելեբի Քյոմուրճյանը (1637-1695) հեղինակ է բազմաթիվ կրոնական-հակաճառական, ջատագովական, տարեգրական ու պատմական երկերի, թարգմանությունների, ուղերձների, ներբողների, տաղերի: Նրա գրավոր ժառանգության մեջ առանձնակի ուշադրության է արժանի «Ստամբուլի պատմություն» ստեղծագործությունը, որը գրել է 1661-1684 թթ.։ Կոստանդնուպոլիսը հեղինակը համեմատել է գեղեցկատես հարսի հետ, և ունի կարևոր առևտրատնտեսական նշանակություն։ Ե. Քյոմուրճյանը ականատեսի գրչով թվարկել է այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվել են Կ. Պոլիս, այն է՝ Եգիպտոսից՝ շաքար, բամբակ, քաթան, բրինձ, եղեգ, սուրճ, հինա, զանազան ապրանքներ՝ Հոլանդիայից և Անգլիայից, Վենետիկից՝ ապակի, հեռադիտակ, հայելի, բյուրեղ, կերպասներ, Պարսկաստանից՝ դիպակներ ու կերպասներ, Դանցիգից՝ սաթ, Ճենովայից՝ գույնզգույն ապակիներից պատրաստված խճապատկերներ (վիտրաժ), բուստ, Հորմուզի ծովածոցից՝ մարգարիտ, Հնդկաստանից՝ հազվագյուտ բարակ շղարշ ու խույր, Հայդարաբադից (Հնդկաստան) ու Պեկինից՝ հյուսվածքներ, անուշահոտ փայտ, կնդրուկ, Աֆղանստանից՝ թանկագին քարեր, Ռուսաստանից՝ զանազան մուշտակներ ու սադափ։

1750-1765 թթ. կառուցվում է եռահարկ, երեք դռներով, 166 սենյակներով հոյակապ Նոր խանը` Չաքմաքճըլար յոգուշին, որը Վալիդե խանի հետ դառնում է հայ վաճառականների, ամիրաների և մանավանդ սեղանավորների գլխավոր կենտրոնը։

1839 թ. մի խումբ հայ ամիրաներ, ձևավորելով դրամագլուխ, Լոնդոնից բերել են տալիս մի շոգենավ, որն անվանելով «Էսերի թիճարեթ», առևտրական չվերթերի են ուղարկում Սև ծովի նավահանգիստներ։

Ստորև կը նշանակենք Պոլսոյ մանիֆաթուրայի հրապարակին գլխաւոր վաճառականներուն անունները:

Մանիֆաթուրայի վաճառականներ

ՄԱՆԱԾ
Արմենակ Մանուկեան (անգլիական), «Յ. Քնաճեան և որդիք» (անգլիական), «Մ. Թիմուրեան եղբարք» (իտալական ճերմակ ու գունաւոր թիրէ) Զ. Հաճօբուլօ (անգլիական):

Գաւառներու հետ թրանզիթով միայն գործողներ
«Իբրանոսեան եղբարք», «Մալխասեան եղբարք»:

ԱՄԵՐԻՔԱՆ ԿՏԱՒ
«Յ. Ստամպօլլուեան և եղբարք», Գ. Էվրէնեան, «Գ. Մուրատեան որդիք», Մ. Քեահեա օղլու, Խայիմ Քօէն:

ՄԱՐՄԱՇ (ՏԻՒԼՊԷՆՏ)
«Լ. Սէմէրճեան և Ե. Տուտեան», «Գ. Մուրատեան որդիք», Մ. Էլիկիւզէլեան, Ե. Չավուշօղլու:

Քասարլը
«Յ. և Ե. Բաբազօղլու», Քոսթաքի Տիմիդրիատիս:

ՊԱՍՄԱՅԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
Տեղական և նուվօթէ տեսակներ
ՕՆՆԻԿ ՄԻՀՐԱՆ, «Ա. ԹԻՐԵԱՔԵԱՆ-Մ. ԿԷՎՐԷԿԵԱՆ»:

Գաւառական տեսակներ
«ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ԵՂԲԱՐՔ», «ԹԷՎՖԻՔ ԱՊՈՒՏ, «ԵԱԼՏԸԶԵԱՆ-ՖՆՏԳԼԵԱՆ», «ՕՏԱԲԱՇԵԱՆ-ԻՒԹԻՒՃԵԱՆ», ՍԱՔՍԸԼԸ ՆԱՂԱԶԱ, ԷՄԻՆ ՌԷՃԷՊ:

ՉՈՒԽԱՅԻ ԵՎ ԿԵՐՊԱՍԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
«Մ. ԵՎ Գ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ» - Չաքմաքճըլար, Քիւչիւք Կիրիտլի Մուսթաֆա Բաշա խան: Մեծ գործառնութիւնք գաւառաց և Պարսկաստանի հետ: Բացի մանիֆաթուրայի իրենց ընդարձակ չիւղէն, ունին ընթացիկ և ֆանթէզի կերպասներու ճոխ մթերք մը, ինչպէս նաև զինուորական հագուստի յատուկ ասուի և տիակօնալ: Մասնաճիւղ ի Ֆիլիպէ:


Ա. ՍԵԼԵԱՆ – Գաթըրճը օղլու բասաժ, N 29-30, մեծ գործառնութիւն գաւառաց հետ, Պոլսոյ մէջ մասնաւորապէս կանացի կերպասներու, թիւլիի, աբայի, մօսքօվա քասթօրի տեսակաց սթօք:
Ա. ԱԼԷՔՍԻԱՏԻՍ - Չաքմաքճըլար, Մաթիէօ խանի դիմաց, անգլիական և ֆանթէզի ապրանքներ:
ԷՊԷ ՕՂԼՈՒ - Չաքմաքճըլար, Վալիտէ խանի մէջ: Մեծ գործառնութիւն «Տրա իւնի»-ի, մասնաւորապէս Ֆօսթէր չուխայի վրայ:
Ժ. ԱԼԷՔՍԻԱՏԻՍ - Չաքմաքճըլար, Քիւչիւք թիճարէթ խան, գործառնութիւն մասնաւորապէս գաւառական տեսակ չուխայի վրայ:
Ժ. ՔԷՆՏՐՕԶ - Սուլթան համամի հրապարակ, համանուն խանը: Մեծ գործառնութիւն գաւառաց, Պարսկաստանի հետ, ծանր ու աժան ֆանթէզի զանազան ապրանք:
ԺՕԶԷՖ ԱՊՈՒԱՖ - Չիչէք բազար, Ալթըբարմաք խանի կից, մեծ գործառնութիւն մայրաքաղաքիս և գաւառաց հետ, մասնաւորապէս ֆանթէզի աժան ապրանքներու վրայ:
«ԻԲՐԱՆՈՍԵԱՆ ԵՂԲԱՐՔ» - Ալեանաք խանի տակը, ընթացիկ ծանօթ կերպասներ, գլխաւորաբար հայթայթիչք իրենց գաւառական զանազան տուներուն:
ԼԵՎԻ ՊԷՀԱՐ - Սուլթան համամ, Աշըր էֆէնտի խան: Աւելի փոքրաքանակ վաճառումներ անգլիական և գերմանական ապրանաց:
ԼԷՖԹԷՐԱՔԻ ՄԱՎՐՕԲՈՒԼՕ - Մահմուտ բաշա, Այնաճըլար չարշըսի, զանազան կերպասներ, մասնաւորապէս զինուորական հագուստի յատուկ ասուի և տիակօնալ:
ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ - Սուլթան համամ, Հաճիբուլօ խանի տակը, մեծաքանակ և փոքրաքանակ վաճառումներ գլխաւորաբար ֆանթէզի ապրանաց:
«ԿՕԹՕԼԵԱՆ ԵՎ ԸՆԿ.» - Սուլթան համամ, Հաճիբուլօ խանի տակը, մասնաւորաբար հայթայթիչ տեղական դերձակաց, ֆանթէզի ապրանք, փոքրաքանակ:
ՃՕՐՃԻ ԲԱԲԱ – Ղալաթիա, կամուրջին գլուխը և մասնաճիւղ Սուլթան համամի հրապարակը, միմիայն նորոյթ կերպասներ և ծանր վերարկուացուներ, փոքրաքանակ:
ՄԱՐՏԻԿ ՄԻՍՔՃԵԱՆ - Չաքմաքճըլար, Շէրիֆ բաշա խան, միմիայն գաւառական չուխա, մեծաքանակ:

Պոլսոյ հրապարակին վրայ ադամանդի առեւտրով զբաղող գլխաւոր վաճառականներն են.
ՏԻԳՐԱՆ ԳԱԶԱԶԵԱՆ (թէ ներածող և թէ արտածող), ՄԻՆԱՍ ՄԻՆԱՍԵԱՆ (արտածող), ՄԿՐՏԻՉ ՍԵՒԼԵԱՆ (արտածող), ԿԱՐԱՊԵՏ ՓԱՓԱԶԵԱՆ (արտածող), «ՄՕՔԹԻԱՍ ՖՌԵՌ» (ներածող), ԱԼՊԷՌ ՍԱԼՄՕՆԱ (ներածող), ՄԱՔՍ ՄԻԶՐԱԽԻ (ներածող):
Այս վաճառականները Բարիզի մէջ տուներ ունին: Ասոնց մէջէն ներածող վաճառականները Անվէրսէն և ուրիշ տեղերէ Բարիզ եկած ադամանդները երեք ամսուան պայմանաժամով կը գնեն և հոս կը ղրկեն: Այստեղ վաճառումը կանխիկ է, 1 % զեղչով: Եթէ գործառնութիւնը պայմանաժամով ըլլայ, վաճառքին գումարին վրայ տոկոսը կը բարդուի և մուրհակ կþառնուի:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ