«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արարատի բանաստեղծը

Արարատի բանաստեղծը
28.04.2015 | 11:29

Հովհաննես Թադևոսի Կարապետյանը` Հովհաննես Շիրազը (այդ անունով նրան կնքել էր լուսահոգի Ատրպետը, որպես ցողապատ վարդերի երգչի) ծնվել է Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, 1915 թ. ապրիլ ամսին, Արագած լեռան արծվենի հայացքի տակ:

Նա սիրված էր հանրության բոլոր շերտերի կողմից` հովվից ու շինականից սկսած մինչև գիտնականն ու ակադեմիկոսը: Ոտքից գլուխ թաթախված էր հայրենասիրությամբ` մեր յոթնաբանյա կորուսյալ «էրգրի» տեսիլքն էր աչքերում և արդարության վերականգնման բողոքի «գոչը» շուրթերին: Նա խոսում էր մեր սրտից ու հոգուց, մեր խինդից ու լացից, մեր հոգսից ու ցավից, մեր երազներից ու իղձերից: Նա սիրահարված էր Հայաստանին, իսկ Հայաստանը` նրան, անբաժան էին իրարից: Յուրաքանչյուր հայ գիտեր նրան` որտեղ լիներ, աշխարհի որ անկյունում բնակվեր, պանդուխտներին տուն կանչող ազգահավաքի զանգ էր` «անլռելի զանգակատուն»: Ազնվության և արդարության, իմաստության ու բարության համաձուլվածք, կարեկցանքի ու գութի, խղճի շտեմարան, անբացատրելի ու անտրոհելի բնության մի բեկոր` օժտված գերազանց հիշողությամբ և վառ բանաստեղծական անհատականությամբ: Ամեն մի հայ ուներ իր բաժին «Շիրազը»: Նրան գիտեին բոլորը՝ երեխայից մինչև ալևորը: Նա համասփռված ու ներծծված էր հայությամբ` հայ խոսքով ու բառով, տեսակով ու գույնով, նախնյաց ավանդներով ու ծեսով: Նրա անունը դրված է Հովհաննես Թումանյանի ու Ավետիք Իսահակյանի կողքին: Նա եկել էր իսկապես հին-հին դարերից և գնում էր այդ դարերը, որպես չծերացող մատենագիր ու պատանի դպիր:
...Ինչպես ես, այնպես էլ իմ սերունդը, որն էլ աշխարհ էր եկել անցյալ դարի 40-ականներին, բորբ ու անհանգչելի շիրազապաշտ էր, իսկ ո՞վ չէր և չէ: Նա բանաստեղծների անգահ թագավորն էր ու անթագ Արքան, ինչպես ժամանակին ասել էին Հովհ. Թումանյանի մասին: Եվ մենք՝ երիտասարդներս, գնում էինք նրա հետևից, մանավանդ գրի և գրականության հետ գործ ունեցողներս: Յուրաքանչյուրս երազում էր թեկուզ մեկ տողով, մեկ քառյակով արժանանալ նրա ուշադրությանը, իսկ նա մի ոտքով Հայաստանում էր, մյուսով` դրսի աշխարհներում: Սփյուռքված հայության սիմվոլն ու մայրենի լեզվի պահպանման ջատագովն ու դրոշակակիրն էր: Իմ այս խոսքերի ցայտուն արտահայտություններն են «Մեր մարդկանց և մեր գյուղերի անունները» պոեմները, որոնք ժամանակին ունեցան լայն արձագանք և այժմ էլ իրենց ազդեցության անթոշնելի ոլորտները պահպանում են դեռևս:
Մանկությունը` տիպիկ հայի ճակատագիր, ինչպես բոլոր մեծերինը, դառի ու քաղցրի, լավի ու վատի, լեղիի ու անուշի համադրությամբ: Դժվարություններ և վերելքներ, հաղթանակներ ու վայրէջքներ: Ինչպես մեծ բանաստեղծների մոտ է տեղի ունենում այս երևույթը, վաղ ու կանուխ, մինչև 30 տարեկան հասակը, ստեղծել իրենց անմահությունը վկայող գործեր, այդպես էլ Շիրազի պարագայում էր: Առաջին՝ «Գարնանամուտ» գրքով հավաստեց իր բնատուր տաղանդը։ Չարենցից հետո այսպիսի գրական հայտ ներկայացնելը շատերին չէր տրված, և նա իր վրա հրավիրեց ընթերցասեր հասարակության զարմացած ուշադրությունը, այդպիսի մուտք քչերը կարող էին ունենալ: Այդ վկայում են իր ժամանակակիցները: Անգամ Ալեքսանդր Շիրվանզադեի նման բարձրաճաշակ չմահավանը գրում է. «ՈՒշադրություն պիտի դարձնել այս պոետի վրա: Պիտի դաստիարակել նրան, մեծ ապագա է խոստանում: Գուրգուրեցեք, բայց երես մի տվեք, ընդհանուր աղմուկի մեջ ժողովրդական լիրիկա է բերում» (1935 թ. ապրիլ): Սփյուռքից ձայնակցում է ամենատես Արշակ Չոպանյանը: Հետագայում աշխարհի բոլոր ծագերից եկան արձագանքներ, տարբեր լեզուներով թարգմանված նրա բանաստեղծություններն ու պոեմները հեղինակին հռչակեցին որպես հանճարեղ երևույթ, հայության դարավոր երազներն ու կարոտները արտահայտող անզուգական արվեստագետ, արևելքի մեծերից մեկը, ապրողներից` առաջինը։
Հովհաննես Շիրազը գրականություն եկավ այնպես, ինչպես գարունն է աշխարհ գալիս մի գիշերում` անսպասելի ու հանկարծակի իր բույրերով ու գույներով լցնում աշխարհը: Բնությունից քաղված իր երգերով, նուրբ ու պատկերավոր լիրո-էպիկական փիլիսոփայական պոեմներով դարձավ հայ գրականության արժեքներից մեկը` իր մնայունությամբ: Եվ իզուր չէ, որ ժամանակակիցները նրան անվանում էին «կենդանի լեգենդ», «շրջող առասպել», աշխարհով մեկ ճանաչված հայտնի անձ: Այդպես ժամանակին ժողովրդի կողմից սիրված էին Անդրանիկ Զորավարն ու Հովհ. Թումանյանը, Նուբար փաշան: Նրա հռչակն աշխարհով մեկ էր:
Երիտասարդ բանաստեղծի հաջորդ հայտնությունն էր «Սիամանթո և Խջեզարե» պոեմը: Բանաստեղծական ինքնատիպ պատկերների, գյուտերի հեղեղ, սիրո զգացմունքի և հայրենասիրության հրաշալի ոճավորում: Այս պոեմը միանգամից մտավ ժողովրդի սիրտը, խոսեց նրա զգացմունքներից, նրա ցավերից ու վշտերից, արվեստի սքանչելի արտահայտություն էր: Մեր քնարի վարպետ Ավ. Իսահակյանը որակեց «ծաղկաբույր»: Այն վերածվեց երգերի: Ժողովուրդը երգում էր, արտասանում ամենուր, շրջում էր քաղաքներում ու գյուղերում, փողոցներում, այգիներում: Երգում էին հնձվորները, պատանի սիրահարները մեծուպուճուր, սա արդեն ամենամեծ գնահատականն էր, որ տալիս էր ընթերցողաց «դասը»: Պոեմի նախամայրն էր Հովհ. Թումանյանի «Անուշը», նախահայրը` Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» և իրենց որդին` «Սիամանթո և Խջեզարեն», նրանց արյան կրողը, սակայն մի նոր հայտնությամբ ու գունագեղությամբ: Այստեղ սերը աստառ է, հայրենասիրությունը (մեր կորուսյալ հողերի) բազմերանգ ծաղկումներով վրձնված նրա վրա: Միջնադարյան մանրանկարչական ոճով կերտվածք է այն, օծված է ժողովրդական մտածողության` հայրենների, համովուհոտով, բառուբանով հագեցած մի երկ, ձև ու բովանդակությամբ՝ ինքնատիպ ու զորեղ:
«Սիամանթո և Խջեզարեն» թարգմանվեց աշխարհի բազում լեզուներով: Արաբ գրող, հայագետ Նիզար Խալիլը գրում է. «Սիամանթո և Խջեզարեն» հանճարեղ պատանու անդրանիկ պոեմն է: Ես սպասում եմ այն պահին, երբ այս համաշխարհային բանաստեղծի բոլոր գործերը կթարգմանվեն արաբերեն, ինչպես որ թարգմանվել են աշխարհի կենդանի լեզուներից շատերով»: Իսկ չեխ թարգմանչուհին զարմացած բացականչում է` «Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը... Ի՜նչ քնարերգություն, ինչպիսի՜ պատկերավոր լեզու, անկրկնելի լիրիկա... Արևելքի մեծագույն ստեղծագործություններից մեկն է սա»: Բազմաթիվ արձագանքներ աշխարհի տարբեր ծայրերից ու կողմերից:
Հետագայում գրվեցին հանճարեղ «Բիբլիականը», «Աստծո գլուխգործոցը», «Ինքներգանք համամարդկայինը», «Զևսի ծաղիկը», «Տիգրան Մեծի վիշտը», «Էքսպրոմտը», «Հայոց հրաշքը», «Սիրանամեն», «Խաղաղություն ամենեցուն», «Անի», «Հայոց դանթեականը» և այլ փոքր ու մեծ պոեմներ, որոնք մտան հայ գրականության ոսկե ֆոնդը: Ո՞ր մեկը հիշես: Ավետիք Իսահակյանը բարձր էր գնահատում «Բիբլիական» պոեմը: «Բիբլիականը» կոսմիկական տարերք ունի, փիլիսոփայական մեծ տաղանդի գործ է: Գրված է վայրի տաղանդով»: Ավ. Իսահակյանի խոսքին են միանում ֆրանսիացի քննադատ Պիեռ Պարաֆը, պարսիկ քննադատ Ահմեդ Շամլուն, լեհ թարգմանիչ Բ. Գեմբարսկին, հայ աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանը, Մարիետա Շահինյանը և այլք դրսից ու ներսից: Բոլորն էլ խոստովանում են «Բիբլիական» պոեմի բացառիկությունը համաշխարհային գրականության մեջ՝ իր փիլիսոփայական անսովոր երևույթով, արժեքով, որպես մեծ մտքի ու թափի գեղարվեստական գործ` արժանի ամենամեծ մրցանակի:
Նրա բանաստեղծություններն ու պոեմները դուրս եկան աշխարհի ընթերցասեր բեմերը, թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով, դարձան ուրիշ ազգերի սեփականությունը: Դրսեցիները նրան որակեցին «հանճարեղ» բառով և բազմեցրին իրենց մեծերի կողքին: Նա եզակի զտարյուն քնարերգակ է` համաշխարհային առումով` Հայնեի, Լերմոնտովի, Քուչակի, Խայամի ու Հաֆեզի, Բյոռնսի, Պետեֆու կողքին բազմած` հավասարի իրավունքով: Նրա հայրենասիրական սիրերգության ծարավ կանչերը, մայրական անուշ խոխոջումները, անզուգական հայրենները, խոհափիլիսոփայական քառյակները մնայուն են այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը, քանի դարերը չեն մաշել իր երգած Արարատ լեռը:
Որպես էպիկայի խոշոր վարպետ կարող էր «չափվել» և՛ Ֆիրդուսու, և՛ Բայրոնի, և՛ Պուշկինի, և՛ Միցկևիչի հետ. այս վկայում են դրսի գրականագետներն ու բանագետները: Որպես հայ և մարդկային էություն անկրկնելի էր, հաստատում է ամերիկահայ գրող Լ. Զ. Սյուրմելյանը. «...Նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է»: Այս «հրաբխային» բանաստեղծի շնորհիվ հայ քնարերգությունը հասել է այնպիսի գագաթնակետի, որ գերազանցում է արևմտյան քնարերգությանը»,- մտորում է արաբ բանաստեղծ Աբաս Մեհդի Ղզեմին: Խոսքի զորավար էր` հրեղեն, աներկրային, իր հետևից ամբոխներ տանող փանդիռահար Գուսան, բնության խտացվածք տեսակ, ազգասեր ու ժողովրդասեր: Նրա բերանին շարունակ հոլովվող սրբություններն էին` Մասիսն ու Սիփանը, Վանա ծովն ու Կապուտանը, Կարսն ու Արդահանը, Մուշն ու Սասունը, Տիգրիսն ու Եփրատը, Մեղրագետն ու Արածանին, Բինգյոլն ու Արազը, Զեյթունն ու Բաղեշը, Կարինն ու Վանը, Իգդիրը, Ղարաբաղն ու Նախիջևանը,- մի խոսքով` «յոթ վիլայեթները», որոնք հեծում էին թուրքի լծի տակ, որոնց ազատման և սեփական տիրոջը վերադարձման անհանգչելի հույսի և հավատի վառ Մարգարեն դարձավ նա` իր ապրած 70 տարիների հանրագումարով հանդերձ:
...1956 թվականին, ես` տասնհինգամյա տղա, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղից, բանաստեղծություններիս ձեռագիր տետրը ծոցիս մեջ, հայտնվեցի Հովհաննես Շիրազի տան շեմին: Ինձ ընդունեց, և ես շիկնելով ու քրտնելով, սկսեցի կարդալ իմ թոթովանքները, որոնք էլ շատ էին հեռու նրա հավանությանն արժանանալու ակնկալիքից, թեև քիչ-միչ տպագրվում էի մանկական մամուլում և անգամ արժանացել էի մրցանակի, բայց այդ պահին նրա ներկայությամբ այդ ամենն անհուսալիորեն մոռացված էր և թիկունք չէր ինձ իր «չնչինությամբ», քանզի իմ առաջ կանգնած էր մի հրեղեն էություն, պոեզիայի բարոմետր-հսկան:
Լսեց իմ գրվածքները, վերցրեց տետրս և իր գրչով ուղղումներ արավ, խորհուրդ տվեց, որ շատ կարդամ: «Բնականը, մայրատուն կա, պըդի հղկես, կատարելագործես, մշակես, որ քեզ գտնես, գտնես այն, ինչ-որ թափառում է աներևույթ, գտնես միայն քո խոսքը, քո պատկերը, քո ձայնը...»,- ասաց նա: Հրաժեշտից առաջ պարտավորեցրեց, որ եթե նոր բաներ գրեմ, անպայման տանեմ իր մոտ խորհրդի: Այդ հրավեր-խոսքն էլ դարձավ այն կախարդական բանալին, որ շուրջ երեսուն տարի նրա տան շեմ-դուռը բացեց իմ առաջ, հաղորդվելու հանճարի էությանը, եզակի մարդկային անհատականությանը: Եվ ես եղա «Շիրազ» լսարանի սանը ոչ միայն ակնով ու ունկով, խելքով ու մտքով, այլև գրչով` քաղեցի, օրագրեցի նրա յուրաքանչյուր խոսքն ու զրույցը, բառուբանը, որոնք անսպառելի էին ու անդատարկվելի, մի անափ բանավոր ծով, որ սահման չուներ, հորդում էր, երբեք չմտածելով քչության մասին: Համո Սահյան բանաստեղծն անգամ խորհուրդ էր տալիս հավաքել ու հրատարակել Շիրազի «բանավորը»: Անցան տարիներ: Մեծ բանաստեղծը կնքեց իր մահկանացուն: Իմ օրագրերում եղած հարուստ հոգևոր նյութը դարձավ «Արարատ լեռան քուրմը» ստվարածավալ գրքիս մարմինն ու հոգին: Այն լույս տեսավ 2000-ին և այս անընթերցասեր ժամանակներում ունեցավ լայն արձագանք: Ստացա բազմաթիվ դրվատալից նամակներ, հեռախոսազանգեր, ներսից ու դրսից` Սփյուռքից: Սակայն այս ամենն ինձ «չբավարարեց», քանզի ասելու-արտահայտվելու դեռ շատ բան կար, մի հարուստ հանք մեջս էլի «ծփում» էր. Շիրազ-ֆենոմենի ողջ կյանքը, ապրած կյանքը` օրորոցից մինչև իր վաղահաս մահը, ծեգից մինչև վերջալույս: 70 տարի: Մի ողջ կյանք՝ լցված ցավով ու լույսով, հաղթանակներով ու վայրէջքներով, տաղանդով ու հանճարով, բռնություններով ու հալածանքներով,- Եղեռնի տվայտանքներով ու հառաչանքներով, սուտ-սոցիալիզմի, անմարդկային «անհատի պաշտամունքներով» և այլն: Մեծ գեղագետի կյանքը իր բոլոր կողմերով առնված է իմ «Շիրազ-Նամե» լիրո-էպիկական պոեմի մեջ: Ասես ինչ-որ չափով «հանդարտվեցին» իմ մեջ այն բոցավառ «խարույկի» կրակները, որը վառել էր մեր կրծքերի տակ մեր սերնդի հոգևոր հայրը, պոեզիայի առյուծը...
...Եվ ահա վերջերս մի թախծոտ ուրախություն ապրեցի. կատարվեց Մեծ հայի դարավոր իղձը (թեկուզ մահով), ուխտ-կտակը` նրա սիրտ-սափորը (25 տարի պահպանվում էր) հայորդիների ձեռքերով բարձրացավ-տարվեց «Սուրբ Գրական» լեռը` Մասիս սարը, շուշանե ձյուների մեջ հող իջեցվեց, ի պահ գալիք դարերին, որպես ցորյանի չմեռնող հունդ: Նա ելավ Մասիսն ի վեր, ուր կան, ապրում են Նոյան Տապանը, սուրբ Հակոբա աղբյուրը, Ակոռա վանքը, Արտավազդ արքայի շղթաների անդնդվող շառաչը և լուսահոգի Խաչատուր Աբովյանի «ոտնահետքերը», իսկ փեշերին` «դարի՜վ-դարի՜վ» փախչող Արաքս գետը, Խոր վիրապը, նախապապերի գերեզմանները, հին-հին ժամանակների հիշատակները և «Ո՞րն է Բաբո, մեր հայրենիքի» նշխարք-մասունքները: Հազարամյակների խորքից է գալիս այս Լեռը, անցած պատմության քառուղիներով, ազգերի և ցեղերի բախման կենտրոնում, որպես վկա, շարունակվող գոյություն` հայության իղձերի սիմվոլ ու տիպար:
Եվ հիմա Շիրազի կենդանի ոգին Արարատների միջով պիտի նայի աշխարհին, ուր ցրված են հայության ոսկե բեկորները, որպեսզի նրանց ոգեպնդի, ոգեշնչի` դիմակայելու բոլոր արհավիրքներին ու փորձություններին, մինչև հնչի ազգահավաքման ու միավորման զանգը, մինչև Քրիստոսի վերադարձը:
Բոլորել է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակը: Իր ծննդյան օրից անցել է ուղիղ մեկ դար, աշխարհը առաջընթաց է ապրել, կատարվել են հազար ու մի փոփոխություններ` թե՛ ազգային, թե՛ քաղաքական և թե՛ գիտատեխնիկական, նյութա-տնտեսական, հոգևոր ու գաղափարական այլևայլ բնագավառներում: Կյանքի բոլոր մատույցներում, այդ դրական ու բացասական ազդեցությունները թողել են իրենց հետևանքները: Մարդկային միտքը նոր հայտնագործությունների ու գյուտերի շեմին է: Այս ֆոնի վրա` Հովհաննես Շիրազ բանաստեղծի բերած ու արարած գրականությունը, ստեղծագործական հուրն ու կրակը չեն հանգել, հյուսած ոգեղեն գորգը չի խունացել, դեռևս թարմ են նրա վառվռուն գույները, ցայտուն են նրա գծերը, անմաշ են ու զորեղ նրա ազդեցության ոլորտները, դեռևս հուզում են ու հրապուրում ամենքիս, քաշելով իր անմոռաց եզերքները:
Բանաստեղծն ընթերցողների ստվար բանակ ունի ոչ միայն իր «թիկունքում», այլև այսօր և գալիքում, որոնք էլ տարերայնորեն մղվում են «Գարնանամուտի դաշտերը», «Քնար Հայաստանիի հովիտները», շառաչուն-հազարամյա էպիկական «անտառները»:
Հովհաննես Շիրազի բոցավառ-հայրենապաշտ հավաստումները, մայրական ծիրանավոր նվագները, սիրո կրակոտ բռնկումները, խոհափիլիսոփայական թափանցումները, բիբլիո-կոսմիկական ժայթքումները ուղեկցելու են ոչ միայն մեզ, այլև եկող սերունդներին, դեպի նոր ժամանակները. ահա սրանք են նրա գրականության անկորուստ ու անտեղիտալի, անժխտելի հոգևոր հաղթանակները:


Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 161638

Մեկնաբանություններ