Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարավային հոսքը չի անցնելու Թուրքիայով

Հարավային հոսքը  չի անցնելու Թուրքիայով
05.05.2015 | 00:35

Ինչու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 100-ամյա ողբերգության օրը իրերն իրենց անուններով չկոչեց, եթե մինչև ԱՄՆ-ի նախագահ դառնալը նա 1915 թվականի իրադարձությունները անվանել էր ցեղասպանություն: Ավելին, երբ նա դեռևս նախագահ չէր և այցելել էր Բաքու, այդտեղ նույնպես հայոց կոտորածներն անվանեց ցեղասպանություն: Երբ որպես ԱՄՆ-ի նախագահ նա այցելեց Անկարա, բացահայտ ասաց, որ 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ մնում է նախկինում ասած իր կարծիքին: Իսկ նրա կարծիքը մինչև նախագահ դառնալը հստակ էր արտահայտված։
Երբ աշխարհում նշվում էր 100-ամյա ողբերգությանը զոհ գնացած 1,5 միլիոն նահատակների հիշատակը, Թուրքիան ամեն ինչ արեց, որ ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն չժամանի Հայաստան, այլև իրերը չկոչի իրենց անուններով, այսինքն՝ չօգտագործի «ցեղասպանություն» բառը: Իր նպատակին հասնելու համար Թուրքիան ԱՄՆ գործուղեց արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին: Թե ինչ են խոսել Չավուշօղլուն և ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին, մեզ անհայտ է: Թե ինչ պայման է դրել ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Քերին (անկասկած այդ հարցը դրել է Օբաման) Չավուշօղլուի առջև, կարելի է միայն վերլուծելով հասնել տրամաբանական եզրակացության, իսկ դա այն է, որ ցեղասպանություն բառի չարտասանման դիմաց Թուրքիան պետք է հրաժարվի գազատարն իր տարածքով անցկացնելու մտքից: Պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները մեծ դեր են խաղում պետական հարաբերություններում, իսկ որ Էրդողանի և Օբամայի անձնական հարաբերությունները բարիդրացիական չէին, պարզ երևում էր Օբամայի հասցեին Էրդողանի ոչ մեկ անգամ ասված անհավասարակշիռ և կոշտ խոսքերից: ԱՄՆ-ն ատելությամբ լցված Ռուսաստանի հզորացումից և բացահայտորեն տեսնելով, որ չի կարողանում ծնկի բերել նրան իր տնտեսական պատժամիջոցներով, պատրաստ է անգամ համագործակցելու սատանայի հետ: Այդ սատանան դարեր շարունակ խաղացել է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա և լավ էլ խաղացել է, և մեկ անգամ չէ, որ այդ խաղը նրան փրկել է որպես պետություն գոյություն ունենալուց:
1920-ին Լենինը փրկեց Թուրքիան Արևմուտքի կործանման ծրագրերից: Փրկված Թուրքիան չդարձավ ԽՍՀՄ-ի դաշնակիցը, ընդհակառակը` նա ԽՍՀՄ-ի կատաղի թշնամին էր: Երբ ԽՍՀՄ-ը ապրում էր չափազանց դժվարին ժամանակներ, Թուրքիան պատրաստ էր նրան ռազմական հարված հասցնելու: Երբ ԽՍՀՄ-ը հաղթեց Հայրենական մեծ պատերազմում, Թուրքիան հրաշքով փրկվեց ԽՍՀՄ-ի ռազմական ներխուժումից: Այժմ էլ, երբ չկա ԽՍՀՄ-ը, Թուրքիան, չկարողանալով մտնել Եվրամիություն, փորձում է մերձենալ Ռուսաստանի հետ: Քանի որ այսօր Ռուսաստանի վիճակն էլ է ծանր, նա իրեն ուղղված Թուրքիայի ձեռքը չի թողնում օդում, թեպետ հանրահայտ միտք է, որ Թուրքիան երբեք Ռուսաստանի բարեկամը չի կարող դառնալ: Այդ Ռուսաստանն է, որ Թուրքիային վռնդել է Ղրիմից, սևծովյան ափերից, Կովկասից, Բալկաններից: Պետությունների, ժողովուրդների միջև դարերով ձևավորված պատմական ավանդական հարաբերությունները` բարեկամություն, հակակրանք, թշնամություն և այլն կարող են ժամանակավորապես հարթվել, բայց գալիս է մի պահ, երբ բռնկում է լինում այդ նոր ստեղծված հարաբերություններում, և գլուխ են բարձրացնում դարերով ձևավորված հարաբերությունները: Լեհերը դարերով ատել են ռուսներին, որովհետև ռուսները երեք անգամ կիսել են Լեհաստանը: Ռուսները լեհերին մեծ տեղ են տվել ռուսական արքունիքում, վերջապես Երկրորդ աշխարհամարտում լեհերին ոչ միայն որպես ժողովուրդ, այլև որպես պետություն Ռուսաստանը փրկեց, բայց միևնույն է, նրանք ավելի շատ հիշում են պատմական անցյալը: Այսօր Լեհաստանը Ռուսաստանին ատող պետությունների առաջին տասնյակում է: Եվ նրանք, ովքեր կարծում են, թե ժամանակները փոխում են պատմականորեն ստեղծված ազգերի հարաբերությունները, չարաչար սխալվում են:
Ռուս-թուրքական «ջերմացած» հարաբերությունները ժամանակավոր երևույթ են, քանի դեռ Թուրքիան կօտարվի Արևմուտքից:
100-րդի տարելիցի օրերին Երևան ժամանեց Ռուսաստանի նախագահը և Երևանում իր ելույթում կոնկրետ դատապարտեց ոչ թե Թուրքիային, այլ ընդհանրապես ցեղասպանությունները, բայց Թուրքիայի վարչապետը իսկույն, այն էլ թունոտ ու ստոր ձևով արձագանքեց նրա խոսքերին, և անգամ անամոթաբար մեղադրեց Ռուսաստանին թուրք և մուսուլման ժողովուրդների նկատմամբ ունեցած անմարդկային վերաբերմունքի համար: Եթե Միջին Ասիայի մուսուլմանները, Կովկասի թաթար կոչված, հետո ադրբեջանցի վերանվանված թուրքերը այսօր պետություն են, մարդկային կերպարանք ունեն, ապա Ռուսաստանի այն պրոգրեսիվ դերն է, որ նա խաղացել է Արևելքի մուսուլման ժողովուրդների նկատմամբ:
Ինչ-ինչ, որևէ մեկը (իհարկե, եթե նա զուրկ չէ բանականությունից), չի կարող ժխտել այդ փաստը, այնպես, որ Թուրքիայի վարչապետը` կուրացած ատելությունից, Ռուսաստանի հարցում զրկվել է բանականությունից: Այդ մենք, սովորական մահկանացուներս չգիտենք, թե ինչի շուրջ և ինչպես են ավարտվել ԱՄՆ-ում Քերի-Չավուշօղլու բանակցությունները, բայց հզոր պետությունների ղեկավարները ոչ միայն տրամաբանությամբ, այլև հաստատ փաստերով են տիրապետում իրերին:
Ճիշտ է, ժամանակին Լենինն է ասել` կա ավելի մեծ շահ, քան դասակարգային շահը. դա համաշխարհային տնտեսական շահն է: Իսկ այսօր այդ համաշխարհային տնտեսական շահը, այսինքն՝ ԱՄՆ-ի շահը թելադրում է Թուրքիային (հանցագործին միշտ էլ կարելի է դեմ տալ պատին և մոռանալ տալ իր շահը) հրաժարվել գազատարի հարավային հոսքն իր տարածքով անցկացնելու մտքից: Այդ գազատարի չկառուցումով Ռուսաստանը չի մեռնի։ Նույնիսկ հաստատ կարելի է ասել` ելնելով պատմական փաստերից, որ որքան նեղ վիճակի մեջ են փորձում գլորել Ռուսաստանը, նա այդ վիճակից դուրս է գալիս էլ ավելի ուժեղ և հզորացած: Արջի կաշին հնարավոր չէ քերթել, այն էլ ողջ-ողջ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ