Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժպտա, քանզի ճակատդ Աստված է համբուրել»

«Ժպտա, քանզի ճակատդ  Աստված է համբուրել»
08.05.2015 | 10:14

Այնքան շատ են մտքերը, որ չգիտես որտեղից սկսես: Գուցե հենց հանրապետության նախագահի՞ց, որը հիանալիորեն խաղաց իր խաղը, և հարցնել` ո՞ւր են բոլոր նրանք, ովքեր «ֆուտբոլային դիվանագիտության» սկսման առաջին իսկ պահից, անգամ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման թանաքը դեռ չչորացած, բոլոր տեսակի զենքերից (սկսած պարսատիկից մինչև արդիական) կրակում էին նախագահի վրա, իսկ նա համբերությամբ սպասում էր իր կրակելու պահին։ Անմեղ զոհերի 100-րդ տարելիցի հիշատակը խնկարկելու օրվան նախորդող օրերին խորհրդարանից հետ կանչեց ցյուրիխյան արձանագրությունները, որով իսկ ցույց տվեց աշխարհի քաղաքական դիվանագիտական գործիչներին, որ արձանագրությունների տապալման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան:
100-ամյա ողբերգության խնկարկման խորհրդանիշ ընտրված անմոռուկն ավելի վեհ և հաղթանակած դուրս եկավ:
Քիմ Քարդաշյանը, մեր գեղեցկուհի Կլեոպատրան, չլինելով թագուհի, իսկական թագուհու պես Երևանից նվաճեց աշխարհը: Նրա շնորհիվ մի քանի օրում Երևանն ավելի ճանաչելի դարձավ աշխարհում հասարակության լայն շերտերի համար: Իսկ Վատիկանի Սուրբ տաճարում հնչած պատարագը աննախադեպ երևույթ դարձավ կաթոլիկ աշխարհի եկեղեցու ողջ պատմության ընթացքում: Հռոմի պապը ցույց տվեց աշխարհին, որ իր համար քրիստոնեական արժեքները վեր են ամեն ինչից և այդ արժեքների համար զոհվածներին չի կարելի մոռանալ, ելնելով տնտեսական, քաղաքական շահերից: Պապը մատուցված պատարագի ժամանակ ուղղակի ասաց այն, ինչից սարսափում է XXI դարում թուրք ենիչերու հոգեբանությամբ իր երկիրը կառավարող Էրդողանը:
2015 թվականի Երևան, ապրիլի 23: Օրն անձրևոտ էր, բայց դա չէր խանգարում Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր երաժշտասերներին լսելու Թանկյանի և խմբի անդամների վարպետ կատարումները, որոնք կարծես երաժշտությամբ կոչ էին անում հավաքվածներին հիշել դառն անցյալը, բայց հանուն վաղվա օրվա լինել միասնական և հզոր:
Իսկ Ծիծեռնակաբերդում աշխարհի շուրջ վաթսուն երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում զոհվածների հիշատակին:
100-ամյա հիշատակումներն ասացին` հայ ժողովուրդը կա և լինելու է, քանի դեռ արևը տաքացնում է Երկիր մոլորակը:
Մտորումներով գնում եմ դեպի հետ, պատմության 100-ամյա խորքերը և փորձում հասկանալ` արդյոք կարո՞ղ էր դա չլինել: Դը Գոլին հիշելով փորձում եմ տալ կատարված ողբերգության գնահատականը: «Ես փրկեցի տունս հրդեհից և ինչ-որ կահ-կարասի»,- ասել է գեներալը, երբ ֆրանսիական բանակը մտավ Նորմանդիա: Հարյուր տարի առաջ մեր տունը հրդեհվում էր, բայց մենք ո՛չ տունը փրկեցինք հրդեհից, ո՛չ էլ ինչ-որ կահ-կարասի: Ինչո՞ւ: Հետին թվով իմաստուն խոսելը միշտ էլ հեշտ է: Որպեսզի իմաստուն չերևամ և անարգեմ իմ պապերին, պարզապես ցավով ասեմ` ի՞նչ է, թուրքն առաջին անգա՞մ էր կոտորում ձեզ, ինչո՞ւ մինչ այդ նրա տված դասերը ձեզ խրատ չեղան: Աղքատ էիք, որ հաց հանապազօրյայից դենը չէիք կարող ոչնչի մասին մտածել: Բնավ: Այսօր մի հայ մտավորական, Խաչատուր Դադայան անուն-ազգանունով, իր թվաբանական վերլուծություններով ցույց է տալիս այն ահռելի կապիտալը, որ կուտակվել էր հայի ձեռքին, բայց որը, ցավոք, ոչ միայն չծառայեց հայի հայրենիքի ապահովությանն ու հզորացմանը, այլև նպաստեց նրա մորթոտվելուն և արդի Թուրքիայի հզորացմանը: Ո՞Ւմ էր ծառայում հայոց «ազգային ջոջերի» հարստությունը: 100-ամյա պատմությունը այսօր էլ մեզ դասեր չի տալիս: Երկրի ղեկավար կոչված որոշ զիբիլներ ցինիկաբար համոզում են մեզ, թե մենք աղքատ երկիր ենք, բայց իրենք միլիարդներ ունեն և օտարի հետ համագործակցելով էս «աղքատ» երկիրը իսկական խոպանատեղի են դարձրել նրանց համար:
Ազգային էլիտայի պետականամետ մտածողության բացարձակ բացակայությունը, հայ քաղաքական կուսակցությունների տիրող ժամանակի և ապագայի սպասվելիք իրադարձությունների վերլուծական մտքի չհասունացածությունը` մի կողմից, նաև հույսը Արևմուտքի քրիստոնեական մարդասիրության ակնկալիքի վրա երևակայական ամրոցներ էին կառուցում: (Բեռլինի կոնգրեսը ոչ մի դաս չտվեց հայ քաղաքական մտքին, և նրանք այդպես էլ գործուն քայլեր չկատարեցին թղթե շերեփը երկաթով փոխարինելու համար), մյուս կողմի հույսն էլ Հյուսիսն էր: Հայ քաղաքական միտքն այդ ժամանակ այդպես էլ չհասկացավ, որ աշխարհում շահն է առաջնայինը և ոչ թե կրոնական հավատը: Արևմտյան և Արևելյան Հայաստանի ջրբաժանումը խորն էր, և ոչ մեկը չէր փորձում այդ անդունդն անցնել, կապել մի ազգի երկու հատվածները գալիք արհավիրքներին դիմակայելու համար: Հայ ժողովրդի մեջ բացակայում էր առաջին հերթին սեփական ուժին հավատալու միտքը, և կուրորեն հավատում էր սրան-նրան, ինչն էլ բերեց համազգային սպանդի: Եվ սպանդի հատվածի կարճ պատմությունն ապացուցեց, որ որտեղ հայը թեկուզ տարերայնորեն հավատացել և ապավինել է իր ուժին, փրկվել է: Մուսա լեռ բարձրացած հինգ գյուղերի բնակիչները պայքարելով փրկեցին իրենց կյանքը, պատիվը և պայքարի օրինակ դարձան ուրիշ ազգերի պայքարի ազատության գործում (պատմությունը վկայակոչում է, որ «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը լեհերեն թարգմանությամբ կարդում էին Օսվինցիմի ճամբարում, հույսով լցվում ապագայի նկատմամբ), իսկ հազարհոգանոց գյուղը, որը հրաժարվեց լեռ բարձրանալուց և հավատաց թուրքին, մորթոտվեց: ՈՒրֆայի հերոսական դիմադրության մասին մի թուրք ռազմական գործիչ ասել է. «Անհնարին կլիներ մեր գործի իրականացումը, եթե տասնյակ ուրֆաներ լինեին մեր դեմ»:
Մինչդեռ ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր ուրֆաներ կլինեին թուրքի դեմ, եթե Հայաստան երկրի երկու հատվածներում ժողովուրդն ապավիներ սեփական ուժին: Սեփական ուժին ապավինելը մեզ բերեց Ղարաբաղի հաղթանակը: Բայց այսօր մեր մեջ դարձյալ գլուխ է բարձրացնում թերարժեքության որդը, թե մենք չենք կարող առանց ռուսի, որովհետև շրջապատված ենք դարավոր թուրք թշնամի ցեղերով՝ Թուրքիայով և Ադրբեջանով: Այստեղ մի հարց կուզենայի տալ, Իսրայելը քանի՞ միլիոն արաբներով է շրջապատված, և մենք` քանի՞ միլիոն թուրքերով: Իսկույն ինձ կառարկեն, թե հրեական հարստության չափն ո՜ւր, մերը՝ ո՜ւր, որին ես կպատասխանեմ. հարցը հարստության չափը չէ, հարցը պետական մտածողության բացակայությունն է:
Երբ նոր էր կազմավորվում Իսրայելը, երկրում պետական այրերը չէին տարված երկիրը թալանելու ագահ մոլուցքով, ինչը չես ասի մեր պարագայում: Երբ Իսրայելը նոր էր կայանում, հրեաների հոսքը ոչ միայն դրսից չէր պակասում, այլև ներսից որևէ հրեա չէր գաղթում, անգամ երկու պատերազմների ծանր ժամանակներում: Իսկ ինչպե՞ս էր մեզ մոտ: Հայաստանը որպես երկիր անկախացավ բավականին հզոր արդյունաբերությամբ և զարգացած գյուղատնտեսությամբ, իսկ ժողովրդի նյութական ապահովվածության մասին որևէ բացասական բան ասել կնշանակի պարզապես չարախոսել: Եթե համեմատելու լինենք մեր և հրեական պետության անկախության և ստեղծման եզրերը, կտեսնենք, որ մենք ավելի շահեկան դիրքերում ենք: Նրանք ստեղծեցին իրենց երկիրը պատերազմով, մենք նույնպես անցանք այդ ճանապարհով: Մենք ունեինք նաև առավելություն այն իմաստով, որ 70 տարում ժողովրդի մեջ ձևավորվել էր պետական մտածողություն, որի վառ օրինակը ղարաբաղյան պատերազմում ոչ միայն ժողովրդի դրսևորած հայրենասիրությունն էր ու անձնվիրությունը, այլև բարձր կազմակերպվածությունը: Իսրայելի ստեղծումից 25 տարի հետո նրա բնակչությունը եռապատկվեց, արդյունաբերությունը աննախադեպ զարգացավ և կարողացավ իրեն պարտադրված երկու պատերազմներում ոչ միայն հաղթել, այլև 14 հազար քառակուսի կիլոմետր տարածքը հասցնել 70 հազարի: Մենք էլ ենք հաղթել, մենք էլ ենք ազատագրել բավականին տարածքներ, բայց հաղթանակի հետ թույլ են տրվել ահավոր սխալներ։ Նախ` ոչնչացվեցին Հայաստանի հզոր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, երկիրն ապրեց խոր տնտեսական ճգնաժամ: Նախկին կառավարողները, որոնց ներկայացուցիչներն այսօր կուրծք են ծեծում Ազգային ժողովում երկրում տիրող ծանր վիճակի համար, ոչ միայն տեր չկանգնեցին երկիր գաղթած 400 հազար փախստականներին, նրանց չուղղորդեցին դեպի ազատագրված տարածքներ, այլև բութ անտարբերությամբ նայում էին բուն բնակչության արտագաղթին: Հիշենք արտագաղթի վերաբերյալ էն ժամանակվա քաղաքական գործիչ (ասենք հիմա էլ քաղաքական գործիչ է, Ղազախստանում դեսպան է, հանգիստ ու խաղաղ վայելում է իր դիվանագիտական աշխատանքի պտուղները, թեպետ կարելի է հաստատ ասել երկրին ինչ օգուտ է տվել կամ տալիս նրա աշխատանքը. հավանաբար ոչ մի, այլապես այդ երկրից էլ ապրիլի 24-ին բարձրաստիճան պատվիրակություն կգար Հայաստան) Արա Սահակյանի խոսքերը, թե մեզ 100-հազարանոց Հայաստանն էլ է ձեռք տալիս: Եվ զարմանալի չէ, որ իշխանության եկած սովածները միայն կշտանալու մասին էին մտածում, ոչ թե հզոր պետություն ստեղծելու: Եվ ցավոք, նրանք էն գլխից անիծվածների սերունդ են եղել, որովհետև նրանց սատանան լույս աշխարհ էր բերել դժոխքի գայլի էությամբ, ախորժակով պիտակավորված, որը որքան ուտում է, այնքան ոռնում է սովից: Եթե Իսրայելում որևէ անհատ, էլ չեմ ասում պետական գործիչ, պաշտոնյա նման հիմարություն ասեր Իսրայելի 100-հազարանոց բնակչություն ունենալու երազանքի մասին, պատկերացնում եմ` հրեաները նրան գրողի ծոցը, այլ ոչ թե դեսպան կուղարկեին: Իսրայելի պետության ստեղծումից հետո հրեաները դադարել են իրար խաբելուց և իրենց ամբողջ ունեցվածքը ծառայեցնում են նրա հզորացմանը: Գուցե ոմանք ասեն, թե հրեաները շատ հարուստ են, որին կանդրադարձեմ` թող որ մենք չունենք այդ հարստությունը, բայց մերն էլ պակաս չէ, և ինչու դրսի հայը ներդրում չի անում Հայաստանում, թող այդ մասին Քոչարյանի օրոք կառավարողները հարցնեն Քըրք Քըրքորյանին: Բայց մի՞թե այդ կառավարողների համարձակությունը կհերիքի նման բան հարցնելու Քըրքորյանին:
Եվ տեսեք` ինչպես է պատկերացնում սփյուռքահայի ներդրումը Հայաստանում հայ նախարարը, որի հոգեբանությունը, կրթական մակարդակը կոմսոմոլի վատ պաշտոնյայի մակարդակից դենը չեն անցել (ասում եմ` վատ կոմսոմոլի պաշտոնյայի, որովհետև կոմսոմոլը լավ, խելացի, քաղաքականապես հասուն, շիտակ երիտասարդների համար եղել է իսկական կադրերի դարբնոց: Ո՞Ւմ չի հուզել Պավել Կորչագինի կերպարը): Նա չի խոսում երկրում տիրող այն մթնոլորտի մասին, որը խանգարում է սփյուռքահային ներդրումներ կատարելու Հայաստանում և մի բան ասած լինելու համար կրակում է՝ թող յուրաքանչյուր սփյուռքահայ հայկական բանկում իր անունով 1000 ԱՄՆ դոլարի ավանդ դնի, որով կօգնի մեր տնտեսությանը: Հարգելի տիկին, հազար չէ, հարյուր հազար ավանդն էլ չի օգնի, որովհետև տնտեսությունը զարգացնելու համար կառավարող հոգեբանությունը պիտի փոխվի և իհարկե, այն պետք է հենց ձեզնից սկսվի և ձեր նման մտածելակերպ ունեցողներից, որոնց թիվը, ցավոք, կառավարման ապարատում բավականին ստվար է։ Երկրի զարգացման համար նոր խոսք է պետք, թե չէ որքան էլ ասես` դարձիր տուն, խոսքը կհնչի որպես ձայն բարբառո հանապատի։ Եվ ո՞վ դառնա տուն, երբ ենթադրյալ դարձյալը տեսնում է, որ տան ելքի դռները ազատ բաց են արտագաղթի համար:
100-ամյա հիշատակումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միայն սեփական ուժերին ապավինելով մենք կարող ենք հասնել շատ բանի: 1965 թիվ, ազգի ցասումի արդարացի պոռթկում: 1988 թիվ՝ մեծ զարթոնքի տարի: 1990 թվական, անկախության հանրաքվե: Ղարաբաղյան շարժում, պատերազմ, հաղթանակներ: 1992 թվական՝ ցուրտ ու խավար տարիներ, համաժողովրդական հիասթափություն: Սոցիալական ճչացող անարդարությունների դրսևորումներ: Երկրի թալան, սով, մութ ու խավար գոյություն: «Լևոն-Լևոն» անսահման սիրով ասված բառերը դարձան ոչ միայն ատելի, այլև Երևանի պատերին գրվում է, ավելի ճիշտ` բոլորս կարդում էինք, թե ինչ Լևոն էին գրում: Անկախության առաջին տարիները պառակտեցին ազգն ամբողջովին: Այդ պառակտումը խորացել է այսօր, բայց 100-րդ տարելիցը կարծես մեզ նորից միավորեց, նոր թափ ու եռանդ հաղորդեց բոլորիս, թեպետ շարունակվում են անարդարությունը, կոռուպցիան, և երկիրը շարունակում են լքել: Մինչդեռ 100-րդ տարելիցը մեզ մեկ անգամ ևս ապացուցեց, որ ծնկած վիճակում անգամ մեր ազգն իսկույն ոտքի է կանգնում, երբ նրան միավորող համազգային մի գաղափար է առաջ մղում: Այդ գաղափարը հային դարձնում է հզոր, իր ուժին ապավինող մի գերմարդ: Հնուց է ասված` հավատա Աստծուն, բայց հույսդ քեզ վրա դիր: Այսինքն` ունեցիր դաշնակից, բայց հավատա, որ դաշնակիցդ երբեք քեզ համար հենց այնպես արյուն չի թափի, քեզ համար, քո ազատության համար դու պիտի պատրաստ լինես արյուն թափելու, դրա համար երկրում պիտի լինի սոցիալական արդարություն, ոչ թե ճչացող անհավասարություն: Այդ ո՞վ կարող է ասել, որ Լֆիկ Սամոն իր խելքով կարող էր միլիարդներ կուտակել: Ժողովուրդը տեսավ աղճատված հոգով այդպիսի մի հարուստի, որի հետևից ինքը պատրաստ էր հորթի պես վազելու և, փա՜ռք Աստծո, որ այդ հիմար վազքը իսկույն մարեց: Ըստ իս, եթե մարդու հարստությունը չի ծառայում ազգի միասնականությանը, նրա բարգավաճմանը, ուրեմն այդ հարուստը սադայելի ծնունդ է: Եթե երկրում սովյալները շատ են, չկան աշխատատեղեր, և հարուստը մի գիշերում կարող է դրսում հազարներ ծախսել, ուրեմն այդ հարուստը իմ երկիրը թալանող ներքին թշնամի է, և նրա նմաններն են պառակտում ազգը:
100-րդ տարելիցը ավտոմեքենաներին անմոռուկ կպցնելը չէ միայն, այլև այդ խորհուրդը իմաստավորելը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Հարգելի նախագահ, Ձեզ եմ ուղղում Բուալոյի խոսքերը. «Ժպտա, քանզի ճակատդ Աստված է համբուրել»: Ժպտացե՛ք, քանզի Ձեզ ի վերուստ է տրված այն դժվարին ճանապարհը, որ անցել եք Դուք: Երիտասարդական տարիներ, ուսում համալսարանում, աշխատանք կոմսոմոլում, կուսակցության ոլորտում: Աշխատանքը նշված երկու բնագավառներում ես ամենևին էլ թերություն չեմ համարում, որովհետև այդ բնագավառներում Դուք վերցրել եք այնտեղ եղած լավագույնը (ինչը, իմ կարծիքով, շատ է եղել), կադրային դաստիարակությունը, զբաղվածությունը, հայրենասիրությունը (խորհրդային հայրենասիրությունը հայերս յուրովի էինք հասկացել և պահպանել) և վճռական պահին ճիշտ կողմնորոշվելը: Վճռական պահին Դուք եղաք Ձեր ժողովրդի կողքին և երբեք ծանր ու թեթև չարեցիք, թե պարտության դեպքում ինչ էր սպասելու Ձեզ, որովհետև հաղթանակի հավատը մեծ էր: Հետո քայլ առ քայլ Դուք ապացուցեցիք Ձեր աշխատելու կարողությունը: Դուք 25 տարի եղել եք մեր երկրի կառավարման բոլոր ոլորտներում և, փառք ու պատիվ Ձեզ, բոլոր տեղերում էլ լավ եք խաղացել: Լավ խաղացիք նաև «ֆուտբոլային դիվանագիտությունից» սկսած առօրը 100-րդ տարելիցի Ձեր դերը: Հիշյալ Հ. Գ.-ն հավանաբար չէի գրի, եթե չկարդայի հայտնի լրագրող Պոզներին տված Ձեր հարցազրույցը: Նրա հարցին` եթե Ձեզ խնդրեին ավարտել ֆրազը. «Ես ցանկացա և ուզեցի լինել նախագահ, որովհետև…», հետևում է Ձեր պատասխանը՝ որովհետև կան հարցեր, որոնք կարող են լուծվել, և ես վստահ եմ, որ կարող եմ լուծել այդ հարցերը:
Հարգելի նախագահ, ես չեմ կասկածում, որ Դուք կարող եք լուծել երկրի առջև ծառացած այդ հարցերը:
Եթե Դուք կարողացաք ընդամենը երկու բառով կտրել քաղաքականությունից հեռու, բայց քաղաքական գործչի հավակնություն ունեցող մի օլիգարխի գլուխը, ապա հավատում եմ, որ ցանկության դեպքում կկտրեք բոլոր կոռումպացվածների ձեռքերը, և երկրում կստեղծվեն նորմալ պայմաններ հզոր Հայաստան կառուցելու համար, որով կկանխվի ոչ միայն արտագաղթը, այլև հպարտ կարող ենք ասել՝ դարձի՛ր տուն:
Ինչո՞ւ հայը իր հայրենիքում չի գտնում իր աշխատանքը, չի կարողանում վաստակել իր հացը հանապազօրյա: Ո՞վ է մեղավոր, որ դարեր շարունակ հույսներս միշտ դրել ենք ուրիշների վրա, ովքեր հարմար պահին իրենց շահի համար ծախել են հայի ամենաթանկ բանը՝ հող հայրենին: Կասեմ մեկ բառով՝ հայի տականքն է մեղավոր, ընչաքաղց տականքը, որի գերագույն նպատակը պաշտոնն է և այդ պաշտոնով անձնական հարստություն կուտակելը:
Կտրեք նրանց այդ ճանապարհը, և մենք կդառնանք հզոր երկիր:

Դիտվել է՝ 2029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ