USD478.57
EUR561.79
RUB8.05
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Fresco
«Իրատեսը» մեկնում է արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 5-ին: Կայքը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Արջը»

«Արջը»
08.05.2015 | 10:38

Ասքանազ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Շուտով լրանալու էր մեկ ամիսը, ինչ տղաներից լուր չկար։ Ջոկատայիններն սկսել էին նախ փնթփնթալ, հետո բացահայտ դժգոհել։ Եթե երկու-երեք օր առաջ այդ դժգոհությունները փսփսոցով ու հականե-հանվանե էին՝ ուղղված հրամանատարությանը՝ թե բերել սոված-ծարավ գցել են անտառներում, թուրքի բերանը, ապա այժմ ամեն ինչ խիստ որոշակի էր։ Նախ, մոտեցավ թալինցի Կարոն ու.
-Կամանդիր ջան, գցում-բռնում եմ, ավելի լավ է մենք էլ էրթանք, թուրքին գերի ընգնինք, գոնե կուշտ փորով հաց կուդինք՝ էս մեր գերի թուրքի լամուկներու վիճակ մեզնից հազար անգամ լավ ի...
-Ծո, ախմախ,- կողքից վրա բերեց գյումրեցի Ավոն,- թուրքը թողնե գը վրեդ գլո՞ւխ մնա, օր հաց էլ ուդես։
-Հրամանատար ջան, մի՛ նեղացիր,- ընկերների զայրույթը մեղմելու նպատակով զրույցին միացավ համալսարանական ընկերս՝ Հակոբը,- ախր էս գերիները մեզ վրա թանկ են նստում։ Մենք ուտելու բան չունենք, իսկ գերիներին բոլ-բոլ կերակրում ենք: Սրանք էլ են մեր բարության ու անիմաստ ծախսեր անելու վրա ծիծաղում, վերջն ի՞նչ է լինելու։
-Լսեք,- արդեն հունից դուրս գալով, գոռացի ես,- Վահագնին, Արջին, Վանիկին, Գևորգին ու գերության մեջ գտնվող մեր մյուս ընկերներին դուք սիրո՞ւմ եք, թե՞ չէ։ Չգիտե՞ք, որ նրանք թուրքերի ձեռքում են, ի՞նչ եք ասում, թողնենք թուրքերն ուտե՞ն մեր տղաներին, վաղը որ գերիների փոխանակում առաջարկեն, ձե՞զ եմ փոխանակելու, թե՞ կարծում եք թուրքերն իմ հարազատներն են ու նրանց զինվորներին շատ սիրելուց եմ պահում, կերակրում...
…Տղաներին շուտափույթ գտնելու ու գերությունից օր առաջ ազատելու նպատակով կապավորին հանձնարարել էի օրը մի քանի անգամ ռադիոկապով ադրբեջանցիներին գերիների փոխանակում առաջարկել. համ մենք կազատվեինք հակառակորդի զինվորներին հսկելուց ու կերակրելուց, համ էլ կվերագտնեինք մեր կորած ընկերներին։
Գիշերն ազատագրել էինք շուրջ երկու ամիս թշնամու ձեռքում գտնվող, լիովին հայաթափված ու ավերված գյուղերից մեկն ու հանգստանում էինք։ Խնդրել էի չանհանգստացնել՝ վաղը նորից մարտ էր պլանավորված։ Հոգնած ու դադրած աչքս կպցրել էի։ Հանկարծ մեկն զգուշորեն հրում է կողքս։ Աչքերս բացում եմ՝ կապավորն է։ Միանգամից վեր եմ թռչում.
-Հը, թուրքերը կապի մե՞ջ են։
-Այո,- պատասխանում է՝ ինձ մեկնելով խոսափողը։ Սիրտս անհամբերությունից պայթում է: Վերջապես, շուտով տղաները մեր կողքին կլինեն, տեսնես ի՞նչ վիճակում են։
- Թավարիշ քամանդիր,- ռուսերենի հերը հիմնավորապես անիծելով, ռադիոկապով ինձ է դիմում ադրբեջանցի սպան, - ու նաս մնոգո թրուպով, խաթիթե՞ աբմեն։
«Էս ապուշը երևի գերուն «տրուպ» է ասում, սփրթնելով մտածում եմ ես, ու հարցնում՝ տրո՞ւպ, իլի պլեն»։ «Թրուպ, թրուպ», - ինձ սպանելու համառությամբ կրկնում է ադրբեջանցին՝ շարունակելով՝ բաշ նա բաշ, այսինքն՝ փոխանակություն հավասարը հավասարի։
Բոթը մարսելու նպատակով ադրբեջանցուն խոստանում եմ կապվել ուղիղ մեկ ժամից ու կիսակենդան փռվում եմ խոտերի վրա։ «Իսկ գուցե նրա՞նք չեն»,- մտածում եմ ես, գուցե նախորդ կռիվներից մնացած դիակնե՞ր են։ Չնայած, ի՞նչ տարբերություն: Հայը հայ է։
- Շտապ ինձ Կենտրոնի հետ կապիր,- հանձնարարում եմ կապավորին։
-Պարոն գնդապետ,- դիմում եմ գնդի հրամանատարին,- Մարտակերտի Կարմիրավանին հարող տարածքներում մենք չվերցրած դիակներ ունե՞նք։
-Ո՛չ,- առարկություն չընդունող տոնով պատասխանում է գնդապետն ու կախում հեռախոսը։
Անհանգիստ մտորումների մեջ եմ, մեկ էլ հանկարծ նորից կապի մեջ է գնդապետը. «Լսիր, լեզուս չորանա, բայց չի բացառվում, որ դրանք Շենգավիթի ջոկատի մեր կորած տղաների դիակներն են, պայմանավորվեք, գնացեք բերեք...»։
Շտապ կապվում եմ ադրբեջանցի սպայի հետ, պայմանավորվում հանդիպման մասին։ Առաջինը գնում ենք մենք։
Պատերազմի բազում դժվարությունների ու մարդկային առողջ տրամաբանությանն անհարիր երևույթների մեջ այդպես էլ չկարողացա առանց զգացական զեղումների մասնակցել դիակների փոխանակության սահմռկեցուցիչ արարողությանը։
...Դիակները թաղված էին արկի պայթյունից ձևավորված ոչ խոր փոսում։ Գարնան տաքությունն ու անձրևներն արել էին իրենցը, թուրք ենիչերիներն էլ իրենց կողմից էին «նպաստել» տղաներին անճանաչելի դարձնելուն։ Ջոկատի հրամանատար Վահագն Վարդևանյանից միայն գլուխն էր մնացել. կամ պայթել էր ականի վրա, կամ էլ ինքն էր իրեն պայթեցրել, մյուսների մարմինները նույնպես բզկտված էին, այլանդակված։ Երբ բարձրացրինք Արջի՝ Արշակ Ղամբարյանի բերանքսիվայր պառկած մարմինն ու ադրբեջանցի սպան տեսավ ցեխաջրերից տեսքը կորցրած ու քայքայված դեմքին դեռևս կիպ կպած մորուքը, գլուխը տարուբերեց ու նորից իր «փայլուն» ռուսերենով բարբաջեց.
-Էս մորուքավորը մեզ շատ տանջեց, էդ ընկած զինվորներիցս շատերին հենց նա ալլահի գիրկն ուղարկեց, վերջում էլ, երբ փամփուշտները պրծան, ինքնաձիգի սվին-դանակը հանեց ու ձեռնամարտի անցավ։ Ես հրամայել էի նրան կենդանի վերցնել, բայց անհնար էր, նա մեկը մյուսի հետևից գետին էր տապալում իմ տղաներին, և մենք ստիպված գնդակահարեցինք նրան։ Շատ չէ, էդպիսի տասը հերոս զինվոր ունենայի, հիմա մենք Իրևանը վերցրել էինք...
«Իրևանը», իհարկե, մեր 3000-ամյա Երևանն էր, որը, ըստ Ադրբեջանի «գիտնականների» ու նրանց հիմարությունները թութակի պես կրկնող նախագահի, 1928 թվականին իրենք են մեզ նվիրել՝ անկախություն ձեռք բերած Հայաստանի համար մայրաքաղաք դարձնելու նպատակով։
Մորուքավորը Շենգավիթի ջոկատի ազատամարտիկ, բռնցքամարտիկ Արշակ Ղամբարյանն էր: Մարտակերտի Կարմիրավան գյուղն ազատագրող ջոկատի 14 քաջարի տղաներն այդ օրը` 1994 թվականի ապրիլի լույս 22-ի գիշերը, ընկել էին շրջապատման մեջ, դեմ առ դեմ հանդիպել թշնամու լավ զինված, թվաքանակով իրենց տասնյակ անգամ գերազանցող գումարտակին ու մտել կենաց-մահու պայքարի մեջ: Ջոկատի բոլոր 14 մարտիկները կռվել էին մինչև վերջին փամփուշտը, անցել ձեռնամարտի ու ընկել հերոսի մահով:
-Երբ կռիվն ավարտվեց, ու մենք մոտեցանք ձերոնց դիակներին,-շարունակում էր պատմել ադրբեջանցի մայորը,- ես իսկույն հրամայեցի՝ գնալ փախչելով փրկվածների հետևից, քանի որ, ըստ մեզ, մեր դեմ կռվել էր առնվազն մի լավ հանդերձավորված գումարտակ: Բայց որոնումներն ապարդյուն էին, շրջակայքում ուրիշ մարդիկ կամ ռազմական տեխնիկա չկային:
Չնայած ադրբեջանցի սպայի հետ պայմանավորվել էինք, իր խոսքերով ասած՝ «բաշ նա բաշ», բայց մեր տղաներին այդ վիճակում տեսնելուց հետո աչքներիս էլ ոչինչ չէր երևում, ու առիթից օգտվելով, ադրբեջանցիները մեր կողմից տարել էին իրենց շուրջ 3 տասնյակ դիակները։
Մեր մեկ զինվորն անմահության ճանապարհը բռնելուց առաջ ալլահի գիրկն էր ուղարկել ադրբեջանցի առնվազն 2 զինվորի։
...Ստեփանակերտ թռչող ուղղաթիռում շենգավիթցի քաջերի դիակների հետ նաև մեր պահած-փայփայած ադրբեջանցի գերիներն էին ուղևորվում, այն գերիները, որոնց հետ մենք այնքա՜ն հույսեր էինք կապել։ Օրեր հետո նրանք, արդեն «բաշ նա բաշ», փոխանակվել էին մեր գերիների հետ։
…-Բալեքս, ինչ ճիշտ արեցիք, որ գերի չընկաք թուրքին,- Եռաբլուրում շենգավիթցի 14 դյուցազունների հուղարկավորման ժամանակ հեկեկոցով արտաբերեց Արշակի մայրը` տիկին Լենան, որ հայրենիքի պաշտպանությանն էր ուղարկել երկու որդիներին, որոնցից ավագին այդ օրը դեպի անմահություն էր ճանապարհում։
Հոգեհացի սեղանի շուրջը զրույցի հիմնական թեման, բնականաբար, 14 դյուցազուններն էին։
...Ղամբարյան գերդաստանի արմատները մնացել էին Արաքսից այն կողմ թողնված Ալաշկերտի թալանված ու սրբապղծված գերեզմանոցներում, շառավիղները՝ թուրքական յաթաղանից մազապուրծ, եկել, հաստատվել էին Ապարանում: Սեդրակ և Լենա Ղամբարյանները հանապազօրյա հաց վաստակելու համար թողեցին Ափնա գյուղի իրենց տունն ու եկան Երևան: Ծնվեց անդրանիկ զավակը` Արշակը: Չարաճճի ու աչքաբաց տղան բակի երեխաների սիրելին էր, միշտ իրադարձությունների, նախաձեռնությունների կենտրոնում: Տարիներ անց Արշակն ընդունվեց Հ. Թումանյանի անվան թիվ 31 դպրոց` զուգահեռաբար գնալով բռնցքամարտի պարապմունքների:
-Արշակն ինձ մոտ սկսեց պարապել, կարծեմ, 2-րդ դասարանից,- պատմում էր մարզիչը` Լևոն Միսակյանը։- Խելացի, ուշիմ, ֆիզիկապես ուժեղ տղա էր, այնքան ուժեղ, որ տղաները մտերմաբար «Արջ» մականունն էին տվել: Բազմաթիվ մարտերում հաղթող դուրս եկավ, բայց երբեք նոկաուտի չէր հասցնում մարտը, չէր նսեմացնում մարտընկերոջը։ «Ձեռքս չի գնում»,- ասում էր: Շատ խղճով էր, արդարամիտ: Խորհրդային բանակում ծառայելիս պատմությունների մեջ էր ընկել` հարվածելով շարքային զինվորին հանիրավի ծեծող ռուս սպային: Երբ իմացա արցախյան մարտերում նրա քաջագործությունների մասին, չզարմացա, քանզի այդպիսի մարդիկ, որպես կանոն, նաև քաջ ու հայրենասեր են լինում։
Բանակից վերադառնալուց հետո Արշակը սովորեց ավտոնորոգող-թիթեղագործի համեստ մասնագիտությունն ու սկսեց աշխատել։ Շատ շուտով լավագույն վարպետի համբավ ձեռք բերեց, լավ էր վաստակում: Ընտանիքը վերջապես թոթափեց սոցիալական ոչ բարվոք վիճակի տարիների լուծը, սկսեց ապրել մարդավայել կյանքով: Ամուսնացավ, ծնվեցին զավակները` Գագիկն ու Լենան, արդեն ոչ միայն աշխատանքն ավարտելուց հետո էր տուն վազում, այլև ամեն պատեհ առիթով։
1988 թվականի փետրվարին սկսված արցախյան շարժումը Ազատության հրապարակ բերեց նաև Արշակին: Մոռացած տունուտեղ, դեռատի կնոջն ու սիրասուն զավակներին, նա հայրենիքի ազատագրության պայքարի առաջամարտիկների կողքին էր: Հատկանշական է, որ կանգնած լինելով շարժման ակունքների մոտ, առաջիններից մեկը 22 օր անժամկետ հացադուլի նստելով, հետագայում մասնակցելով գրեթե բոլոր պատասխանատու մարտերին, վայելելով շարժման ղեկավարների, բանակի հրամանատարների սերն ու համակրանքը, նա ոչ մի անգամ անձնական հարցով չանհանգստացրեց նրանց` կատարածը համարելով որդիական սուրբ պարտք հայրենիքի հանդեպ: Հաճախակի բացակայելով տնից` մոր ու կնոջ հարցերին` ո՞ւր էիր, պատասխանում էր` որսորդության: Իրականում նրա «որսատեղիները» սկզբում Ազատության հրապարակն էր, հետո՝ երկրաշարժից տուժած հյուսիսային Հայաստանի բնակավայրերը, այնուհետև` Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու Արցախի մարտադաշտերը:
1989 թվականի փետրվարին ղարաբաղյան շարժմանը ակտիվորեն մասնակցելու համար Արշակին ձերբակալեց Խորհրդային Միության դատախազության հատուկ քննչական խումբը և նետեց սկզբում Գորիսի, հետո` Նուբարաշենի կալանավայրերը: Սեպտեմբերին, ազատվելով կալանքից, նա առաջին ավտոշարասյունը հասցրեց Արցախ:
Երբ 1990 թվականի հունվարին ադրբեջանցիները փորձում էին Երասխավանի վրայով Արարատյան դաշտ մտնել, Արշակն առաջիններից մեկն էր, որ, անսալով հայրենիքի փրկության կոչին, մեկնեց Երասխավան: Մովսես Գորգիսյանի, Երվանդ Ղարիբյանի և մեր ազատամարտի մյուս առաջնեկների կողքին նա ևս անձնուրաց պայքարով փակեց թշնամու ճանապարհը: Հետո ակտիվորեն մասնակցեց Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի, Լաչինի, Մարտունու, Ֆիզուլիի ինքնապաշտպանական ու ազատագրական գրեթե բոլոր մեծ ու փոքր մարտերին: Երբ 1992 թվականի սկզբներին կազմավորվեց հայոց բանակը, Արշակը, որպես օրինապահ ազատամարտիկ, առաջիններից մեկը զինվորագրվեց նորաստեղծ բանակին` կատարելով ավագ ու կրտսեր հրամանատարների տարաբնույթ հանձնարարությունները:
1992 թվականի ամռան վերջերին դրությունն Արցախում օրհասական էր: Իրար հետևից կորցնելով Շուշին, Լաչինը, մյուս տարածքները, թշնամին մի շարք օտարերկրյա վարձկանների օգնությամբ, կենտրոնացնելով եղած ուժերը, փորձում էր հակահարվածի անցնել:
1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի նշանավոր հեռուստաելույթից հետո կազմավորվեց մահապարտների գումարտակը: Ինչպես միշտ, գումարտակին առաջիններից մեկն անդամագրվեցին Արշակ Ղամբարյանն ու նրա կրտսեր եղբայրը` Ղազարը:
Վերջին անգամ Արցախ մեկնեց 1994 թվականի հունվարի 22-ին: Հարազատներն ու ընկերները հորդորում էին մնալ, վերականգնել թերսնումներից ու ստացած վերքերից քայքայված առողջությունը, բայց Արշակն անհողդողդ էր. հայրենիքը վտանգի մեջ է, հապաղելը` կործանարար, անհրաժեշտ է գնալ:
...Առջևում ապրիլի 22-ի արյունոտ լուսաբացն էր։ Այստեղից սկսվեց Արշակ Ղամբարյանի, Վահագն Վարդևանյանի, Գևորգ Համբարձումյանի, Գեղամ Գասպարյանի, Աղվան Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի, Գարիկ Խաչատրյանի, Կամո Խանաղյանի, Սրապիոն Չալաղեյանի, Հովհաննես Պետրոսյանի, Սեդրակ Արամյանի, Վազգեն Գյուլազյանի, Վանիկ Կամենդատյանի ու Ավագ Կարապետյանի հավերժական երթը դեպի անմահություն:
Հայրենիքը չի մոռացել իր հերոս զավակներին: Նրանք բոլորն արժանացել են կառավարական բարձրագույն պարգևների, պարբերական են դարձել Արշակ Ղամբարյանի պատվին անցկացվող բռնցքամարտի հուշամրցաշարերը, նրա զավակները որպես սուրբ մասունք են պահում հոր ստացած ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանները, մյուս մեդալները։ Արշակ Ղամբարյանի ու նրա 13 քաջարի ընկերների օրինակով սերունդներ են դաստիարակվում։

Դիտվել է՝ 47598

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ