ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայոց ազգի տարիքը կամ հանրամատչելի տոմարագիտություն

Հայոց ազգի տարիքը  կամ հանրամատչելի տոմարագիտություն
15.05.2015 | 11:21

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Հանրամատչելի վերնագրեցինք այս հրապարակումը, որովհետև տոմարագիտությունն ընդգրկում է բոլոր ազգերի համար ամենադժվար հաշվարկների բնագավառը։ Այն ներառում է բազմաթիվ նրբություններ, վայրկյանների հասնող ճշտություններ։ Տոմարագիտություն բառն ինքը առանձին գիտական ուղղություն է ենթադրում, որն իր մեջ թաքնված գաղտնիքներ ունի: Բայց մինչ այդ, նախ, բացատրենք, թե ինչու է կոչվում հենց տոմարագիտություն: Այս անունն առաջացել է հունարեն թոմարիոն- հատորիկ, գրքի մի հատված, վավերագիր բառից: Ասել կուզի՝ տոմարագիտությունը ժամանակների, տարիների, ամիսների ու օրերի մասին գրքի հատորներ են, որ մարդկությանն օգնում է ճիշտ կողմնորոշվելու իր երկրային ընթացքի մեջ, քանի որ մահկանացու մարդկությունը ժամերի ու ժամանակների կարիք ունի, քանզի ինքը կարճատև կյանքով է հարատևում երկրի վրա, բայց իր գործերն ու աշխարհի ընթացքը երկարատև է, բայց ոչ հավերժ, քանզի հավերժ միայն ժամանակներ Ստեղծողն է, այսինքն՝ Արարիչ Տերը, Ով Ծննդոց գրքում Մովսես մարգարեի միջոցով ժամերի ու ժամանակների մասին գրել տվեց այսպես. «Ասաց Աստված՝ Երկնքի հաստատության մեջ լուսավորներ լինեն, որպեսզի ցերեկը գիշերից զատեն, և նշանների ու ժամանակների համար լինեն» (Ծննդոց 1.14): Եվ ըստ այս խոսքի, կարող ենք եզրակացնել, որ մարդկության կյանքի ու գործերի կարգավորման համար ժամանակների ճշտության «գործիքները» երկնային լուսատուներն են, որոնք անփոփոխ ու հաստատուն են իրենց արարչական ընթացքի մեջ, որոնց միջոցով մենք ճշտում և ուղղում ենք մեր երկրային ժամանակագրությունը: Նման մեծ ճշտում տեղի ունեցավ Հուլյան օրացուցային համակարգից Գրիգորյան կոչվող համակարգին անցնելիս: Հուլյան օրացույցը սկզբնավորվել է որպես հիմք ընդունելով հռոմեացիների առասպելական Հռոմուլոսի մ.թ.ա. 753 թ. սկզբնավորած տարեգլուխը: ՈՒ քանի որ Հռոմեական կայսրությունը համաշխարհային ամենաազդու և տարածված թագավորությունն էր մի ժամանակ, մնացած ազգերը ստիպված ընդունում էին նրանց տարեգրությունը, որ կարողանան քիչ թե շատ քաղաքակիրթ հարաբերություն ունենալ կայսերական իշխանության հետ: Իսկ Հուլյան օրացույցը, որ Հռոմուլոսյանի բարեփոխված տեսակն էր, կոչվել է հենց Հուլիոս Կեսարի անունով և գործածության մեջ է մտել մ. թ. ա. 45-ից մինչև մեր թվարկության 9 թվականը, երբ Օգոստոս կայսեր կողմից ուղղում է մտցվում այդ օրացույցի մեջ ու ստանում մեր այժմյան ամսահաշվարկի տեսքը. այսինքն՝ Հունվար 31 օր, փետրվար 28 (29) օր և այլն: Հուլյան օրացույցը գոյատևել է 16 դար՝ մինչև 1582 թվականը, որին հետագայում փոխարինել է Գրիգորյան կոչվող օրացույցը:
Ինչո՞ւ տեղի ունեցավ այդ փոփոխությունը։ Բանն այն է, որ Հուլյան օրացույցը արևադարձային տարուց պակաս էր 11 րոպե 14 վայրկյանով, ու 128 տարվա ընթացքում այդ տարբերությունը կազմում է մեկ օր, իսկ արդեն 1582 թվականի հոկտեմբերի 4-ից հետո Հուլյան օրացույցի մեջ ճշտում է կատարվում 10 օր առաջ գցելով ու սկսում են հաշվել 1582 թ. հոկտեմբերի 15-ից, ու հենց այդ օրվանից կոչվեց Գրիգորյան օրացուցային հաշվարկ, քանի որ այն կատարվեց Հռոմի Գրիգորիս պապի օրոք ու նրա առաջարկով: Հիմա համոզվեցի՞ք, որ արարչության սկզբում Տիրոջ խոսքով ստեղծված երկնային լուսատուները, մանավանդ արևն ու լուսինը ինչպես օգնեցին ճշտելու մարդկության ընթացքը: Բայց բնական էր, որ աշխարհի մնացած երկրները դժվարությամբ ու երբեմն էլ դժկամությամբ էին իրենց երկրներում ընդունված ժամանակագրական օրացույցները ճշտում հռոմեականի հետ, ու նույնիսկ դա տարիներից ու դարերից հետո էր կատարվում: Օրինակ, այդ ճշգրտված Գրիգորյան օրացույցին Իտալիան անցավ հենց նույն 1582 թվականի հոկտեմբերի 15-ից, Իսպանիան նույնպես այդ օրվանից, Ֆրանսիան՝ դեկտեմբերի 20-ից, Գերմանիան՝ 1584 թ. հունվարի 17-ից, Լեհաստանը՝ 1587 թ. հունվարի մեկից, Դանիան՝ 1700 թ. մարտի մեկից, Անգլիան՝ 1752 թ. սեպտեմբերի 14-ից, Ճապոնիան՝ 1873 թ. հունվարի մեկից, Չինաստանը՝ 1911 թ. նոյեմբերի 20-ից, խորհրդային Ռուսաստանը՝ 1918 թ. փետրվարի 14-ից, Թուրքիան՝ 1927 թ. հունվարի մեկից, Եգիպտոսը՝ 1928 թ. հոկտեմբերի մեկից: Ինչպես տեսնում ենք այս ցուցակից՝ քաղաքակիրթ ազգերը աշխատել են հարմարվել Գրիգորյան օրացուցային հաշվարկին, քանզի միմյանց հետ տարբեր դարերի ու թվականների հաշվարկով անհնար է նորմալ հարաբերություն ունենալ։ Մուսուլմանական տարբեր երկրներ իրենց հաշվարկները շարունակում են Մուհամեդի ծննդյան թվականից սկսյալ: Իսկ ահա հրեական ժամանակագրական բուն թվականը սկսվում է Ադամի ծննդից, այսինքն՝ ըստ նրանց այժմ մարդկության 5775-րդ տարին է:

ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ԹՎԱԿԱՆԸ
Մեզ հայտնի Հայոց օրացույցի թվականը (Բուն թվական հայոց) սկսվում է Հայկ Նահապետի կողմից բռնավոր Բելին սպանելու օրվանից: Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գրքի 89-րդ էջում այս ենք կարդում. «Մեր ազգության սկիզբը Քրիստոսից առաջ 2492-րդ տարին է, և մեր ազգային գերագույն տոնը՝ օգոստոսի 11-23-ը (որ մենք Նավասարդ ենք կոչել, և հնում համարվել է նոր տարվա առաջին օրը. այստեղ 11-ը հին տոմարով է, 23-ը՝ նոր տոմարով- Մ.Բ.), որը Հայկի թվականի առաջին տարին է՝ չորեքշաբթի օրը: Ըստ մեր հին տոմարագրքի և Յասմավուրքի, Բաբելոնի խառնակությունից հետո Հայկ Նահապետը մտավ Այրարատ աշխարհ, կամ իր Թորգոմ նախահոր բնակած երկիրը՝ օգոստոսի 11 ¥23¤-ին: Այդ օրը դարձավ մեր ազգի գերագույն տոնը, որը հայերիս համար կրկնապատիկ սրբազան է, որովհետև առաջին կռապաշտին՝ Բելին սպանելուց հետո բռնությունից ազատագրվելու տոնական օրն է:
Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա Հայոց բուն թվականը հիմա 4507-ն է, որն ինչ-որ առումով նաև մեր ազգի տարիքը կարող ենք համարել:
Մենք այժմ օգտվում ենք հռոմեական ամսանուններից, որոնք ընդամենը անուն են ու երբեմն ոչ ճիշտ ընտրված: Օրինակ, մեր իմացած ամիսների անվանումները սխալներ են ներառում, քանի որ մեր իմացած «սեպտեմբեր», «հոկտեմբեր», «նոյեմբեր» ու «դեկտեմբեր» ամիսները, եթե թարգմանաբար գրենք, ապա կնշանակեն «յոթերորդ», «ութերորդ», «իններորդ» ու «տասներորդ», ինչը չի համապատասխանում այդ ամիսների թվական շարքին: Այս անհամապատասխանությունը, ըստ ամիսների, սկսվեց այն պահից, երբ մարդկությունն ընդունեց հռոմեական օրացույցի հաշվարկը, որտեղ տարվա առաջին ամիսը սկսվում էր մարտ ամսվա գարնանային առաջին գիշերահավասարի օրը: Իսկ Բուն հայկական թվականով տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը 30-ական օրով, իսկ ահա 13-րդ լրացուցիչ ամիսը կոչվել է Ավելյաց և ունեցել է 5 օր, որ լրանա 365 օրվա ցիկլը: Հայոց օրացույցի ամիսների անուններն էլ են հետաքրքիր, քանի որ դրանք նախկինում դիցաբանական չաստվածների անուններից էին սերվում, համարվելով Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններ: Այդ ամսանունները հետևյալն են.
1. Նավասարդ
2. Հոռի
3. Սահմի
4. Տրե
5. Քաղոց
6. Արաց
7. Մեհեկան
8. Արեգ
9. Ահեկան
10. Մարերի
11. Մարգաց
12. Հրոտից
13. Ավելյաց:
Որպես կարևոր բացատրություն, գրենք, որ տարվա առաջին ամսվա Նավասարդ անունը հենց այնպես չի դրվել, քանզի այն նշանակում է նոր տարի (նավ-նոր, սարդ-տարի է նշանակում), այժմ էլ հայերենում կան մի քանի բառեր, որոնք այդ սկզբունքով են առաջացել, օրինակ՝ երիտասարդ: Հայերը հնում իրենց նոր տարին սկսել են գարնանային գիշերահավասարից՝ մարտի 21-ից, գարնան սկիզբը որպես բնության զարթոնք ու նոր տարվա արթնության ու աճման ու բերքառատ տարվա առաջին ամիս: Իսկ ամիսների օրերը հնում նույնպես իրենց անուններն են ունեցել, ոչ թե այժմյան օրացույցի նման թվական նշանակություններ են ունեցել: Ասված Հայոց օրերի անուններն են. 1. Արեգ, 2. Հրանդ, 3. Արամ, 4. Մարգար, 5. Ահրանք, 6. Մազդեղ, 7. Աստղիկ, 8. Միհր, 9. Ձոպաբեր, 10. Մուրց, 11. Երեզկան, 12. Անի, 13. Պարխար, 14. Վանատուր, 15. Արամազդ, 16. Մանի, 17. Ասակ, 18. Մասիս, 19. Անահիտ, 20. Արագած, 21. Գրգուռ, 22. Կորդուից, 23. Ծմակ, 24. Լուսնակ, 25. Ցրոն (Սփյուռ), 26. Նպատ, 27. Վահագն, 28. Սիմ, 29. Վարագ, 30. Գիշերավար: Իսկ որպես ժամերի անուններ, հայերը եգիպտացիների նման օրը բաժանել են 24 ժամի, յուրաքանչյուրն իր անունով: Սա եզակի ժամանակագրության նրբաճաշակության նմուշ է, քանզի շատ ազգեր նախ օրը ընդամենը 12 պահի են բաժանել, իսկ այդ պահերն էլ պարզապես թվաբանական հաջորդականությամբ են որոշել:
Հայոց ցերեկվա ժամանունները. Այգ, Ծայգ, Ծայրացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյան, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Արագոտ, Արփող:
Գիշերվա ժամանունները. Խավարուկ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Հավաթափյալ, Գեղակ, Լուսաճեմ, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու:
Որպես տեղեկություն իմանանք, որ Գրիգորյան օրացուցային հաշվարկը Հայաստանում ընդունվեց խորհրդային իշխանության տարիներին, իսկ Հայոց եկեղեցին այդ ժամականակագրությունն ընդունեց 1923 թվականին: Իսկ մինչ այդ Հայաստանում Հայոց բուն թվականի պահպանության մենաշնորհը պատկանում էր քրիստոնեական եկեղեցուն: Օրինակ, Հովհաննես Սարկավագ վարդապետը մեծ ջանք ու եռանդ է ներդրել այդ օրացուցային համակարգի հստակեցման, ճշգրտման ու պահպանության համար: Հնում Հայկական առաջին տպագիր օրացույցները կոչվեցին Պարզատումար, Տոնացույց, Հուշատետր, Տոնապատճառ, Ալմանախ, Էֆեմերտե (օրագիր), Կաղանդք, Կաղանդացույց, Տարեգիրք և այլն, այսինքն՝ տարվա ու տոմարի ու ժամանակների, ինչպես նաև ազգային ու եկեղեցական տոների վերաբերյալ պարզեցնող աղյուսակ: Այն պարունակել է նաև լուսնի օրերի, արեգակի ծագման, տարվա եղանակների, եկեղեցական տոների, պահքերի, սրբերի տոների, ինչպես նաև քաղաքական նշանավոր տարեդարձերի ու պետական տոների մասին տվյալներ: Այս օրացույցից հնում օգտվել են նաև գյուղացիները, քանի որ, ըստ նրանց ունեցած փորձառության, սերմերն ու տնկիները լավ են աճում, երբ այն հողին են հանձնում լուսնի լրման երրորդ օրը:
Հայոց ամենահին օրացույցը տպագրվել է 1513 թ. «Պարզատումար» անունով, ու համարվում է հայերեն առաջին տպագրված գիրքը, չնայած կա կարծիք որ առաջինը «ՈՒրբաթագիրքն» է: Հայ տպագիր տոնացույցներից նշանակալի էր Սիմեոն կաթողիկոսի վերամշակած ու ճշտած 1777 թ. մշտնջենական օրացույցը: Որպեսզի կարևորենք օրացույցների նշանակությունը, ասենք, որ միայն 1801-1915 թվականներին հասարակությանը մատուցվեցին 150 անունից ավելի տպագիր օրացույցներ, որոնք աշխարհով մեկ տարածված պանդուխտ հայությանը հիշեցնում ու ծանոթացնում էին մեր ազգային ու եկեղեցական տոներին, դրանով իսկ կարծես միասնականության հենք դնում սփյուռքահայության մեջ:

ՏՈՆԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ասենք, որ 28 տարին մեկ օրացուցային տվյալները կրկնվում են նույնությամբ, այնպես որ եթե այդքան տարի պահեք ձեր ունեցած օրացույցը, կարող եք նորը չգնել, քանի որ շաբաթվա օրերն ու կիրակիները կրկնվում են բացարձակ նույնությամբ: Տարին սկսվում է ու ավարտվում շաբաթվա միևնույն օրը: Հոկտեմբեր ամիսը սկսվում է միշտ շաբաթվա այն օրով, որով սկսվում է հունվար ամիսը: Հուլիսը սկսվում է շաբաթվա այն միևնույն օրով, որով սկսվում է ապրիլ ամիսը: Դեկտեմբերը սկսվում է միշտ շաբաթվա այն միևնույն օրով, որով սկսվում է սեպտեմբերը: Փետրվարը, մարտն ու նոյեմբերը սկսվում են միշտ շաբաթվա նույն օրով: Տարվա ամիսներից միայն մայիսը, հունիսն ու օգոստոսն են, որ սկսվում են տարբեր օրերով: Այս օրենքին չեն համապատասխանում միայն նահանջ տարվա ամիսները: Կան նաև սրանց ժողովրդական օրինաչափությունները. «Ր գիր ունեցող ամիսներին ոտքդ ու մարմինդ տաք պահիր, իսկ չունեցողներին ուզածիդ պես վարվիր»: Այսինքն՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին, որոնց մեջ կա ր տառը, ցրտի վերաբերյալ զգուշություն պահելու ամիսներ են: Խենթ կամ գիժ մարտը իր անհանգիստ տարօրինակություններով ու պատճառած նեղություններով համապատասխանում է հռոմեացիների պատերազմի աստծո՝ Մարսի անվանը, ու ինչպես տեսնում ենք՝ ճիշտ ընտրված անուն է: Ամենաերկարակյաց օրացույցը համարվում է 1757 թվականից Վենետիկում տպագրվող Մխիթարյանների օրացույցը, որն առայսօր շարունակում է տպագրվել անընդմեջ:

ԷՖԻՄԵՐՏԵ՞, ԹԵ՞ ԵՓՐԵՄՎԵՐԴԻ
Վերջում, որպես անհրաժեշտ իմացություն, անդրադառնանք շատերին ծանոթ Եփրեմվերդի կոչվող տոնացույցին: Բանն այն է, որ հնում թագավորները անցած-գնացած առօրյա դեպքերի օրագրեր էին գրել տալիս իրենց երկրում կատարվող կարևոր իրադարձությունների մասին, որոնք կոչվում էին Արքայական օրագիր: Օրինակ, Աստվածաշնչում Արտաշես թագավորի ու Էսթեր թագուհու մասին գրված հրեա ազգի բնաջնջումից փրկության պատմական իրադարձության հանգուցալուծումը կատարվեց շնորհիվ պալատական այդ օրագրի: Եթե ընթերցողը ծանոթ չէ, ապա կարող է կարդալ Սուրբ գրքի Էսթերի անվան հետաքրքիր պատմությանն առնչվող մի քանի գլուխները:
«Էֆիմերտե» հունարեն նշանակում է օրագիր կամ առօրյա դեպք: Բայց հետզհետե այդ անունը ժողովրդի մեջ տարածվեց որպես սնոտիապաշտական երազահանների կամ գուշակության գիրք Եփրեմվերդի անունով: Բայց իրականում Էֆիմերտեն ընդամենը տոմարական գիտելիքների մի գրվածք է, որի մեջ կան աստղագիտական հանրամատչելի տվյալներ, սուտ գուշակություններ, երազների փուչ մեկնություններ: Դժբախտաբար, լավ ու օգտակար տոնացուցային մշակութաբանության մեջ հետզհետե սպրդեցին կենցաղային ու նմանատիպ սնոտիապաշտական տեղեկություններ, որոնք մարդկանց մոլորեցնում են բուն ճշմարտությունից, որ մեզ դարերով մատուցել է Սուրբ գիրքը՝ Աստվածաշունչը: Ինքս մի ժամանակ հատուկ ուսումնասիրել եմ այս թեման ու եկել այն եզրակացության, որ միջնադարում, երբ այդքան էլ կրթված չէր ժողովուրդը, իրենց գիտուն համարող կիսագրագետ անձնավորություններ Էֆիմերտե կոչվող տոնացույցներով իրենց մոլար ուսմունքներն են տարածել հասարակ ժողովրդի մեջ:

ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՀԻՆԳ ՓՈՒԼԵՐԸ
Հայոց բուն թվականի առաջին շրջանը լրացավ Դավիթ մարգարեի թագավորության և մեր Պերճ Բ Հայկազունի ազգապետության ժամանակ (1032 թ. նախքան Քրիստոսը):
Իսկ երկրորդ շրջանը լրացավ մեզ համար շատ ցավալի տարում (428 թ. Քրիստոսի թվականից), ուրբաթ օրը, որ սև տարի էր, քանի որ զրկվեցինք մեր վերջին Արտաշես Արշակունի թագավորից: Այդ թվականից հետո Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ բաժանվելով հույն և պարսից տերությունների միջև:
Եվ երրորդ ժամանակաշրջանը տևեց 1142 տարի: ՈՒ հայոց ազգը մնաց վերստին իր հողում, չնայած բազմիցս նվաճվեց ու ասպատակվեց այլ տերությունների կողմից: Այս ժամանակաշրջանը պետք է լրանար 1888 թ. օգոստոսի 11-23-ին, հինգշաբթի օրը (հեղինակը այդ տողերը գրել է մինչ այդ թվականը): Ղևոնդ Ալիշանն իր խոսքն ավարտում է այսպես. «Չորրորդ շրջանում ամենայն սրտով մաղթում եմ, որ լինի երջանիկ սկզբնավորությամբ և օգտակար միավորությամբ բոլոր Հայազգեացս»:
Եվ ի՜նչ իմանար մեր սուրբ վարդապետը, որ ուղիղ հարյուր տարի հետո՝ ճիշտ և ճիշտ 1990 թ. օգոստոսի 23-ին հայոց ազգը պիտի հռչակեր իր հայրենիքի անկախության հռչակագիրն ու դրանով իսկ պիտի թևակոխեր իր հինգերորդ փուլը, որը և ամենակարևորն է լինելու, քանի որ այս ժամանակներում ողջ մարդկությունն անցնելու է Տիրոջ արդարության կրակի միջով, որը Աստծո հատուցման և վրեժխնդրության բորբոքն է լինելու մինչև ուղնուծուծը ապականված և այլասերված մարդկությունը մեղքից ու անօրենությունից իսպառ մաքրելու համար: Քանզի ինչպես ոսկերիչն է կրակի քուրայում հալելով մաքրում-բարձրացնում ոսկու նիշը, այդպես էլ Տերն է Իր արդարության կրակով գործելու այս գալիք ժամանակներում: Ճիշտ այնպես, ինչպես Նոյի օրերին դա ջրհեղեղով արվեց, հիմա էլ՝ հրեղեղով (նորահնար բառ է) պիտի կատարվի: Եվ հիմա մարդասեր Աստծո կողմից երկրի վրա ապրող այս սերնդին ողորմության ժամանակներ է ընձեռված: Եվ ով իմաստուն է՝ կօգտվի:


Հայոց բուն 4507 թվականի,
Արաց ամսվա, Մարգար օրվա Հրակաթից
ժամին գրի առավ ու հրամցրեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 7194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ