Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս աշխարհի կրոնները

Այս աշխարհի կրոնները
19.05.2015 | 10:22

Ասում են ինչքան ազգ՝ այնքան լեզու, բայց չենք կարող ասել՝ ինչքան ազգ, այդքան էլ կրոն, քանզի շատ ազգեր նույն կրոնն են դավանում։ Իսկ այդ կրոնների մեջ էլ կան մեծ տարբերություններ, չնայած Աստված մեկ է ու բոլոր ազգերի Արարիչն ու Տերը, բայց պարզապես շատերը դեռևս չեն ճանաչում իրենց Միակ Աստծուն։ Պողոս առաքյալն իր ժամանակին զարգացած աթենացիների առաջ քարոզելիս այսպես խոսեց. «Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, Նա է երկնքի ու երկրի Տերը։ Նա մեկ արյունից (Ադամից) ստեղծեց մարդկանց, բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ աշխարհի վրա ու հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն, թեև Նա մեզանից յուրաքանչյուրից հեռու չէ, քանի որ Նրանով ապրում ենք, ու Նրանով շարժվում…» (Գործք 17.24)։

Չնայած այդ ժամանակ նա խոսում էր երկրագնդի ամենազարգացած ազգի՝ հույների հետ, բայց և այնպես Տիրոջ առաքյալին ընդամենը մի քանիսը հավատացին, իսկ իրենց իմաստուն կարծող մնացած փիլիսոփաները ծաղրեցին նրան, ասելով. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզանից այս մասին»։ Ըստ այս խոսքի կարող ենք հետևություն անել, որ բանականությունը երբեմն բավարար չէ Աստծո խոսքը ընկալելու, եթե այն չի խառնվում մանկական պարզ հավատի հետ։
Ողջ մարդկությունը դարերի ընթացքում յուրովի է փնտրել միակ Արարչին, երբեմն ցավալի մոլորությունների մեջ է ընկել, աստվածացնելով նույնիսկ չորքոտանիներին, սողուններին։ Այս մասին ևս Պողոս առաքյալն իր հատու խոսքն ունի. «Աստվածությունը իմանալի կերպով տեսանելի է Նրա բոլոր ստեղծածների մեջ, այնպես որ մարդիկ ամենևին արդարանալ չեն կարող, որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան. իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան, և անեղն Աստծո փառքը փոխեցին նմանեցնելով այն մարդու եղծելի պատկերի, թռչունների և չորքոտանիների և սողունների» (Հռոմեացիներին 1.22)։
Աստծու փնտրտուքներում հայերը ևս անմասն չմնացին խարխափումներից ու մոլորություններից։ Նույնիսկ եղել են ժամանակներ, որ մեր հեթանոս նախնիները մի քանի ազգերի աստվածների կուռքերի են պաշտել միաժամանակ. էլ հռոմեական, էլ հելլենիստական, էլ պարսկական, էլ ասորական, էլ բաբելոնյան հավատալիքներին հարելով։ Պողոս առաքյալի ասած՝ խարխափելով Աստծուն փնտրելու ժամանակներն էին, մինչև որ Հայաստան աշխարհի վրա լույս ծագեց, ու Տիրոջ օրհնյալ առաքյալները՝ Բարդուղիմեոսն ու Թադեոսը, ավետարանի ճշմարիտ խոսքը բերեցին, սերմանեցին հայորդիներիս մեջ ու հետագայում ընտիր բերք հավաքեցին, հանձին Աբգար արքայի, Սանդուխտ կույսի, Ոգուհու, ապա Տրդատ արքայի, Խոսրովդուխտի և այլ բազում սրբերի։
Հիմա հետաքրքրասեր ընթերցողներին ենք հրամցնում աշխարհի կրոնների համառոտ նկարագիրը։ Սկսենք միաստվածական կրոններից։ Մարդիկ գիտեն ու հավատում են, որ մեկ Աստված կա միայն, բայց տարբեր միջնորդներ են ընդունում այդ Մեկ Աստծո և մարդու միջև։
1. Քրիստոնեություն. ունի 2,5 միլիարդ հետևորդ (կաթոլիկներ, ուղղափառներ, Հին արևելքի եկեղեցիներ և բողոքականներ)։
2. Հրեական կրոն կամ մովսիսականներ՝ 14 միլիոն հետևորդ (հասիդական, ուղղափառ պահպանողական և ազատականներ)։
3. Զրադաշտական ¥պարսիկների հնագույն կրոնը՝ մի քանի հարյուր հազար հետևորդ,
4. Իսլամական կամ մուսուլման-մահմեդականներ՝ 1,6 միլիարդ հետևորդ (սուննի, շիա, սուֆի, խարաժի, ահմատի և այլն),
Բազմաստվածական կրոններ, երբ մարդիկ հավատում են մի քանի աստվածների.
1. սիխական՝ 27 միլիոն հետևորդ,
2. բահայական՝ 11 միլիոն հետևորդ,
3. ջայինիստներ՝ 6,1 միլիոն,
4. սինթոյիստներ՝ 4 միլիոն,
5. հինդուիստներ՝ 950 միլիոն (Վայշնա, Շայվա, Շախթի, Շմարտի),
6. բուդդայական՝ 488 միլիոն (մահայանա, թերավադա, վաջրայանա),
7. չինական ավանդական կրոն՝ 400 միլիոն (շենական, շամանական, կոնֆուցիոսական, դաոական),
8. կոնֆուցիոսականներ՝ 6,5 միլիոն,
9. դաո-փիլիսոփայություն՝ 2,7 միլիոն,
10. անաստված - աթեիստներ՝ 1,1 միլիարդ։
Քրիստոնեականներն իրեց հերթին բաժանվում են ավանդական, առեքալահիմն եկեղեցիների և ոչ ավանդականի՝ բողոքականներ, որոնք 16-րդ դարից են ծնունդ առել։
Ավանդականներն էլ իրենց հերթին բաժանվում են. ընդհանրականի, նշենք, որ Կաթոլիկ եկեղեցին ամենաշատ հետևորդներն ունի (այդ թվում և Անգլիկան եկեղեցին, որն այժմ բաժանված եկեղեցի է համարվում), հետո գալիս են ուղղափառները, ապա Հին Արևելքի եկեղեցիները, որոնց մեջ են մտնում հայերը և ղպտիները (հին եգիպտացիները), ասորիները՝ սիրիական Հակոբիկյան եկեղեցին, Եթովպական եկեղեցին, Հնդիկ-Մալաբար եկեղեցին, Էրիթրեական ուղղափառ եկեղեցին)։ Հին Արևելքի եկեղեցիներն ընդունում են միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումները (Նիկիո՝ 325 թ., Կ. Պոլսի՝ 381 թ. և Եփեսոսի ժողովը՝ 431 թ.), որից հետո Քաղկեդոնում, 451 թվականին կայացած ժողովից հետո Քրիստոսի եկեղեցին տրոհվեց, և այդ առաջացած բաժանումները շարունակվեցին մինչ այսօր, բայց Տերը խոստացել է չարի բաժանածը Ինքը վերականգնել ու դարձնել ՄԵԿ ԱՍՏՎԱԾ ու ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ։
Հայ Առաքելական եկեղեցին բաղկացած է. Ամենայն Հայոց կաթողիկոսությունից (կենտրոնը սուրբ Էջմիածին), Կիլիկիո կաթողիկոսությունից (կենտրոնը Բեյրութ), Երուսաղեմի պատրիարքությունից (կենտրոնը՝ սուրբ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայրավանք) և Կ. Պոլսի պատրարքությունից (այժմ Թուրքիայում)։
Կաթոլիկների կենտրոնը գտնվում է Հռոմի Վատիկանում, որոնց կազմի մեջ են մտնում համարյա բոլոր ազգերի քրիստոնյաները։ Հիմնականներն են Մարոնիտների պատրիարքությունը, Մելքիդ-հույն պատրիարքությունը, Քաղդեական կաթոլիկ պատրիարքությունը, Հայ կաթոլիկ պատրիարքությունը, Ղպտի կաթոլիկ պատրիարքությունը, Սիրիական կաթոլիկ պատրիարքությունը, Սիրիա-Մալաբար կաթոլիկությունը, Ռումինական կաթոլիկ եկեղեցին, Ռութենական-Բյուզանդական կաթոլիկ եկեղեցին, Սլովակ կաթոլիկ եկեղեցին, Հունգար կաթոլիկ եկեղեցին, Եթովպական կաթոլիկ եկեղեցին, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցին, Հույն Բյուզանդական եկեղեցին, Հորվաթ-Սերբական կաթոլիկ եկեղեցին, Բուլղար հույն եկեղեցի, Իտալա-Ալբանական եկեղեցի, Ալբանական-Բյուզանդական եկեղեցի, Մակեդոնական հույն եկեղեցի, Ռուսական կաթոլիկ եկեղեցի, ուկրաինական կաթոլիկ եկեղեցի, Բելոռուսական կաթոլիկ եկեղեցի։
Իսկ ՈՒղղափառ եկեղեցու կենտրոնը գտնվում է Կ. Պոլսում. հույն ՈՒղղափառ եկեղեցի (Ալեքսանդրիայում, Անտիոքում և Երուսաղեմում), ռուսական ուղղափառ եկեղեցի, սերբական ուղղափառ եկեղեցի, ռումինական ուղղափառ եկեղեցի, վրացական ուղղափառ եկեղեցի, կիպրական ուղղափառ եկեղեցի, հունական ուղղափառ եկեղեցի՝ Աթենքում, լեհական ուղղափառ եկեղեցի, ալբանական ուղղափառ եկեղեցի, չեխ-սլովակ ուղղափառ եկեղեցի, նաև Ամերիկայի ուղղափառ եկեղեցի, Էստոնիայի ուղղափառ եկեղեցի, բոլորը միասին 16 անկախ պատրիարքություններով (ավտոկեֆալ)։
ՈՒ չնայած այս բազմաթիվ կրոններին ու բաժանումներին, Արարիչ տերը Իր Երկրորդ գալստյան ժամանակ պետք է Իր խոստման համաձայն նոր երկինք և նոր երկիր ստեղծի, որտեղ արդարությունն ու մեկ աստվածության հավատքը պիտի հաստատի, ու վերջապես կիրականանա մարդկության երազանքը՝ կվերանան բոլոր պատերազմներն ու թշնամությունները, և բոլորի միջև սեր և խաղաղություն կհաստատվեն։ Չնայած շատերիս սա անհավանական է թվում, բայց չմոռանանք, որ այս մասին աղոթողը հաղթանակած Քրիստոս Հիսուս Տերն է, Ով Իր վերջին աղոթքի ժամանակ ասաց. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների համար, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Իմ մեջ, և Ես Քո մեջ»։ Իսկ ընդհանրական Եկեղեցու հավատամքի մեջ բոլոր առաքելահիմն եկեղեցիների քրիստոնյաները դավանում են «Մեկ ընդհանրական, առաքելական սուրբ Եկեղեցի»։ Իսկ այս Խոստացողը բոլորիս Արարիչն ու Տերն է, Ով Հայտնության վերջին գլխում ասել է. «Այս գրքի մարգարեական խոսքը կնքված մի պահիր, քանզի ժամանակը մոտ է։ Ով ամբարիշտ է, թող ամբարշտություն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարություն անի, և ով սուրբ է, թող սուրբ լինի։ Ահա Ես գալիս եմ շուտով և Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր գործերի։ Ես եմ Ալֆան ու Օմեգան, Առաջինն ու Վերջինը։ Երանելի են նրանք, ովքեր կպահեն պատվիրանները, նրանք իրավունք կունենան ուտելու Կենաց ծառից և մտնելու Քաղաքի դռնով» (Հայտնություն 22. 10-14)։
Թող Տերը բոլորիս արժանացնի սրբությամբ ու արդարությամբ ապրելով այս կարճ կյանքը, այդ Երկնային Երուսաղեմի ողորմության դռնով ներս մտնելու և Քրիստոս Տիրոջ Եկեղեցու մեկ անդամը լինելու շնորհ պարգևին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ