Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չին ազգի «մեծ վերածննդին» հասնելու համար պահանջվում են բոլոր կողմերի ընդհանուր ջանքերը

Չին ազգի «մեծ վերածննդին» հասնելու համար  պահանջվում են բոլոր կողմերի ընդհանուր ջանքերը
22.05.2015 | 05:27

Մայիսի առաջին օրերին Չինաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ միայն անչափ կարևոր էին երկրի համար, այլև երկրորդ պլան մղեցին բոլոր նորությունները չինական լրատվամիջոցներում։ Մայիսի 3-ին Շանհայում աշխատանքն սկսեց Թայվանի նեղուցի ափերի 10-րդ առևտրատնտեսական և մշակութային համաժողովը։ Իսկ մայիսի 4-ին ՉԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը Պեկինում՝ Ժողովրդական ժողովների տանը, հանդիպում ունեցավ «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժու Լիլունի հետ։ Նախագահ Սին երկու կուսակցություններին կոչ արեց ջանքեր գործադրել չին ազգի վերածնության ուղղությամբ և ընդգծեց, որ «մեծ վերածննդին» հասնելու համար պահանջվում են բոլոր կողմերի ընդհանուր ջանքերը։ Նա ասաց. «Եթե երկու ափերի հայրենակիցներն ու ամբողջ աշխարհի չինացիները կարողանային միավորել իրենց ձգտումները, ապա արդեն ամենամոտ ապագայում կարելի է ազգային վերածնունդ ակնկալել»։ Այս տարվա հունվարին «Գոմինդան» կուսակցության նախագահ ընտրված, Թայվանի Սինբեյ քաղաքի ղեկավար Չժու Լիլունը մայրցամաքային Չինաստանի հետ մերձենալու հետևողական կողմնակից է, նա բազմիցս հայտարարել է, որ «1992 թվականի կոնսենսուսի» առնչությամբ կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է, և երկու առաջնորդների առաջին հանդիպումը դրա վկայությունն է։ («1992 թ. կոնսենսուսը» քաղաքական տերմին է, որ ի հայտ է եկել 1992 թ. Չինական Ժողովրդական Հանրապետության և Թայվանի Չինական Հանրապետության ներկայացուցիչների հանդիպման արդյունքում և նշանակում է երկու կողմերից Չինաստանի միասնության և միակության ճանաչում. «Չինաստանն ու Թայվանն առանձին պետություններ չեն»)։
Հիշեցնենք, Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմի կողմից այն ժամանակվանից ի վեր, երբ 1949 թ. գեներալիսիմուս Չան Կայշիի կողմնակիցները, պարտություն կրելով կոմունիստների հետ պայքարում, փախան Չինաստանի այդ խոշորագույն կղզի։ Թայվանում պահպանվում են նախկին Չինական Հանրապետության դրոշն ու սիմվոլները։ «Գոմինդան» կուսակցությունը չինական ամենահին պահպանողական քաղաքական ուժերից մեկն է։ Այն կազմավորվել է անցյալ դարասկզբի Սինհայի հեղափոխությունից հետո, որը տապալեց Ցին դինաստիայի միապետական իշխանությունը։ «Գոմինդանը» Չինաստանի կոմկուսի դեմ զինված պայքար էր մղում երկիրը կառավարելու իրավունքի համար՝ ընդհուպ մինչև 1949 թ. քաղաքացիական պատերազմում պարտություն կրելը, երբ երկրում իշխանությունը լիովին իրենց ձեռքը վերցրին կոմունիստները, և գոմինդանական կառավարությունը ստիպված եղավ փախչել Թայվան։ Այսօրվա դրությամբ կղզում կառավարող կուսակցությունը կազմում է «կապույտ կոալիցիա», որը հանդես է գալիս Չինաստանի վերամիավորման օգտին, մինչդեռ «կանաչ կոալիցիան»՝ Ժողովրդական առաջադիմական կուսակցության գլխավորությամբ, կանգնած է Թայվանն անկախ պետություն հռչակելու դիրքերում։
Չինաստանի երկու մասերի առաջին լուրջ կուսակցական շփումները հաստատվեցին 2005 թ., կուսակցության ղեկավար Լյուն Չժանի հետ (այն ժամանակ Թայվանում «Գոմինդանը» ընդդիմություն էր) ՉԺՀ ղեկավար Հու Ցզինտաոյի հանդիպմամբ։ Դրանից հետո «Գոմինդանի» և ՉԿԿ-ի համաժողովը (լրիվ անվանումը՝ «Թայվանի նեղուցի երկու ափերի առևտրատնտեսական և մշակութային համաժողով») սկսեց անցկացվել կանոնավորապես և ամեն տարի, իսկ կուսակցություններն սկսեցին համատեղ հանդես գալ ընդդեմ «երկու Չինաստանի» կամ «մեկ Չինաստանի և մեկ Թայվանի» քաղաքականության։ Այդ նոր քաղաքականության առաջին և կարևորագույն նվաճումներից մեկը դարձավ 2010 թ. Թայվանի խորհրդարանի կողմից մայրցամաքային Չինաստանի հետ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Փաստաթղթում, որը կղզու իշխանություններն անվանեցին խոշորագույն առաջընթաց հարաբերություններում, Պեկինը դիմեց զգալի զիջումների. սահմանվեցին Թայվանից բերվող 539 տեսակի ապրանքների արտոնյալ մաքսատուրքեր, մինչդեռ կղզին ՉԺՀ-ից բերվող ընդամենը 267 ապրանքատեսակների մաքսատուրքեր էր իջեցնելու, բայց այն, այդուամենայնիվ, խիստ դժգոհություն առաջ բերեց ընդդիմության շրջանում։ Հարկ է նկատել, որ անկախ փորձագետները կարծում են, որ Չինաստանի հետ տնտեսական ինտեգրումն ավելի շատ օգուտ է բերում կղզուն, քան վնաս, և կապահովի ՀՆԱ-ի լուրջ աճ՝ մինչև 1,7 %։ Սակայն ընդդիմությանն այս բոլոր փաստարկները չեն համոզում։ Փաստորեն, ամեն հանդիպում և ամեն պայմանագիր բողոքներ են հարուցում Թայվանում, հիմնականում երիտասարդության, և հաճախ դրանք ունենում են ոչ միայն բուռն, այլև շատ տարաշխարհիկ բնույթ։ Այսպես, ուսանողները 2010 թ. ակցիա կազմակերպեցին խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ցույցի մասնակիցները մերկացել էին, ցույց տալով, թե, նրանց կարծիքով, կղզին լիովին «տրվել է» մայրցամաքային Չինաստանին։ Իսկ անցյալ տարի այնտեղ ծավալվեց «արևածաղկի շարժումը», որի ընթացքում երիտասարդությունը մի քանի շաբաթ գրավել էր խորհրդարանի շենքն ու տարածքը՝ ի նշան բողոքի ընդդեմ «մայրցամաքային Չինաստանի հետ առևտրի և սպասարկումների մասին համաձայնագրի» վավերացման։ Առջևում՝ 2016-ին, ընդդիմության կարծիքով, «ամենավճռական ճակատամարտն է» կղզու վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար։ Բայց, ինչպես ցույց են տալիս հարցումները, Թայվանի ոչ բոլոր քաղաքացիներն են համամիտ այդ մոտեցմանը. ՉԺՀ-ի հետ մերձեցմանը կողմ է կղզու բնակչության 54 %-ը, դեմ է ընդամենը 22 %-ը։
Իսկ ինչ վերաբերում է մայրցամաքային Չինաստանին, ապա այստեղ երկրի մասերի մերձեցումը շատ ցանկալի միտում է բնակչության բոլոր խավերի շրջանում, և հանդիմանություն է գտնում միայն այն, որ այժմ, փորձագետների կարծիքով, «կղզու հարաբերությունները մայր ցամաքի հետ լճացման մեջ են»։ Ինչպես հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ներկայացուցիչ Ֆան Լիցինը, «Վերջին տարիներին «Գոմինդանը» և ՉԿԿ-ն ընդհանուր քաղաքական հիման վրա բնութագրվում են «1992 թ. կոնսենսուսի» պաշտպանությամբ, իսկ «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժու Լիլունի այցը մայր ցամաք ու նրա մասնակցությունը Շանհայի համաժողովին դարձան «միմյանց ընդառաջ գնալու և միջկուսակցական ու միջափային կապերի կայուն զարգացմանը նպաստելու» կարևորագույն լրացուցիչ խթան։ Այս դիտանկյունից են չինական լրատվամիջոցները ներկայացնում նաև կուսակցությունների առաջնորդների առաջին հանդիպումը։
Թվում է, որ ներկա հանդիպումները, իրոք, կարող են ճեղքում ապահովել այդ բարդագույն հարցի լուծման գործում։ Չինաստանի մայրցամաքային մասն ու Թայվանը սկսել են քննության առնել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը կղզու մասնակցության հարցը։ Թայվանը ցանկություն է հայտնել միանալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, իսկ Պեկինը «ողջունել է դա»։ Որոշվել է զարգացնել և պաշտպանել թայվանյան կապիտալի մասնակցությամբ մայր ցամաքում գործող ձեռնարկությունների շահերն ու իրավունքները և ավելի լավ պայմաններ ստեղծել նրանց զարգացման համար։ Ի դեպ, այս օրերին ՉԺՀ-ի հակադիր ափի լրատվամիջոցների վերնագրերում ավելի ու ավելի հաճախակի է հիշատակվում Ասիայի ամենահարուստ մարդու և «Alibaba Group» ընկերության հիմնադիր Մա Յունի կամ, ինչպես ավելի հայտնի է, Ջեկ Մայի անունը։ Չինացի ձեռնարկատերը դասախոսություններով հանդես էր գալիս Թայվանում, և «դատարկ ձեռքերով» չէր եկել կղզի. նա մտադիր է Թայվանում հիմնել 10 մլրդ նոր թայվանյան դոլար (ավելի քան 3 մլրդ ամերիկյան դոլար) դրամագլխով հիմնադրամ, որը կսկսի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին։ Հիմնադրամը աջակցություն կցուցաբերի թայվանցի երիտասարդ ձեռնարկատերերին։ Լրատվամիջոցները նշում են, որ գումարը, որ Ջեկ Ման վճռել է ներդնել հիմնադրամում, գերազանցում է այն գումարը, որ մտադիր է կղզում ներդնել չինական «Cheetah Mobile» ընկերությունը՝ 100 մլն նոր թայվանյան դոլար։ Փորձագետներն այս հանգամանքը գնահատում են որպես փաստ այն բանի, որ Չինաստանը պատրաստ է Թայվանի հետ կիսելու իր տնտեսական զարգացման շահը և «Alibaba Group»-ի տիրոջ առաջարկությունը, նրանց կարծիքով, վկայում է «մայր ցամաքի բարի մտադրությունների մասին»։
Հաշտության ճանապարհին խիստ կարևոր քայլ է համարվում այն, որ Սի Ցզինպինն առաջարկել է ստեղծել «Թայվանի նեղուցի ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացումն ապահովող սահմանակարգային շրջանակներ», կողմերին կոչ է արել ստեղծել միասնական ճակատագրով հանրակցություն և քաղաքական տարաձայնությունները լուծել հանդարտ խորհրդակցության եղանակով։ Նա մատնանշել է, որ Չինաստանի մայրցամաքային մասը պատրաստ է առաջին հերթին զարգացման հնարավորություններ տրամադրելու թայվանցի հայրենակիցներին և նախապատվությունը կղզուն տալու արտաքին բաց առնչությունների ասպարեզում։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկու կուսակցություններն էլ հավատարիմ կլինեն ընդհանուր ազգային շահերին, սրբազան պատասխանատվություն կստանձնեն չին ազգի վերածնության համար»,- նշել է չինական պետության ղեկավարը։ Սի Ցզինպինն ընդգծել է, որ չին ազգի վերածնությանը հասնելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ընդհանուր ջանքերը։ Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ի առաջնորդը երկու կողմերին կոչ է արել «հանդես գալ բոլոր այն հայտարարությունների ու գործողությունների դեմ, որոնք կարող են վնաս հասցնել Թայվանի նեղուցի երկու ափերի հարաբերությունների քաղաքական հիմքին, և առավել ևս, թույլ չտալ վերստին կորցնել խաղաղության` դժվարությամբ ստացված պտուղները»։
Պետք է նկատել, որ վաղուց արդեն Չինաստանի ու Թայվանի միջև եղած խնդրահարույց հարաբերություններն ամենաքննարկվող թեմաներից են ինչպես ասիական տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մայր ցամաքից առանձնանալու արդյունքում, ինչն առանձնապես միշտ ընդգծում են փորձագետները, Թայվան կղզին վերածվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումային ավանդի կղզու։ Եվ հենց այդ «առանձնակի հետաքրքրության» պատճառով էլ միշտ շատ կարևոր է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Այս հանդիպումներից հետո նրա արձագանքը հետևեց արագ և խիստ դրական։ «Ամերիկյան վարչակազմը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Պեկինն ու Թայբեյը շարունակեն կառուցողական երկխոսություն ունենալ մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև առկա լարվածությունը թուլացնելու նպատակով»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության պիտի տեղակալի պաշտոնակատար Ջեֆ Ռատկեն։ «Մենք ողջունում ենք Թայվանի նեղուցի երկու կողմերում արվող քայլերը, որոնք ուղղված են նեղուցի երկու ափերին լարվածության թուլացմանն ու հարաբերությունների բարելավմանը։ Մենք Պեկինի և Թայբեյի իշխանություններին կոչ ենք անում շարունակել կառուցողական երկխոսությունը, որը, մեր կարծիքով, հանգեցրել է նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների էական բարելավմանը»,- ասել է ԱՄՆ-ի արտքաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա ասելով, Վաշինգտոնը միտք չունի խորհուրդ տալու Պեկինին և Թայբեյին, թե հատկապես ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ. «Նման գործակցության բովանդակությունը, մասշտաբներն ու տեմպերը պետք է ընդունելի լինեն նեղուցի երկու ափերի բնակիչների համար. մենք այդ դետալների սահմանումը թողնում ենք բանակցությունների մասնակիցներին»։ Այսինքն, մեծ է հավանականությունը, որ հակամարտության սրությունը, ինչպես արտաքին միջամտության մակարդակը, էապես նվազագույնի կհասցվի։
Ամփոփելով Չինաստանի և Թայվանի հարաբերություններում ստեղծված իրադրությունը, պետք է, կարծես, ուշադրության առնել այն, որ թեև նրանք դեռևս գտնվում են բացառապես տնտեսական, մշակութային, հասարակական հարցերի լուծման փուլում, և կղզու միացման հարցը դեռ օրակարգում չէ, այդուամենայնիվ, արդեն նշաններ կան, որ քաղաքական հարաբերություններն էլ են մտել կոնսուլտացիաների ու երկխոսության նոր, խիստ կարևոր փուլ։ Եվ ինչպես զգուշությամբ, սակայն բավական լավատեսորեն ասում են ՉԺՀ-ի փորձագետները, հիմա արդեն հնարավորություն է ստեղծվել, որ կղզիաբնակներն ապագայում ճանաչեն Պեկինի իշխանությունը, բայց, իհարկե, իրենց համար որոշակի շահավետ պայմաններով։
Կուզեի ուշադրությունը սրել ևս մեկ, բայց շատ հատկանշական հանգամանքի վրա։ Հայտնի է, որ տնտեսական հարցերը կարող են չմիահյուսվել քաղաքական շահերի հետ։ Սակայն ՉԺՀ-ն, որը միշտ ուշադրությամբ ու նախանձախնդիր է վերաբերվում երկրի ամբողջականության հարցերին, միաժամանակ երբեք չի օգտվել հանգամանքներից և անգամ ամենալարված պահերին թույլ չի տվել կղզու բռնակցում։ Սակայն այս ամենը լիովին տեղավորվում է թե՛ չինական տրամաբանության ու քաղաքական փորձի հունում, թե՛ իշխանությունների աշխատանքի մեթոդներում։ Չինաստանը վաղուց ի վեր հավատարիմ է ժամանակի քննություն բռնած սպասողական դիրքորոշմանը, սպասելով ամենաօրախնդիր և ցավոտ հարցերում հակառակորդի անելիք քայլերին։ Նա այդպես կվարվի նաև այս անգամ։ ՈՒ հիմա մենք տեսնում ենք արդյունքը. միառժամանակ սպասելով, Չինաստանն ու Թայվանը հանգել են այն կարծիքին, որ բոլոր հարցերը կարելի է լուծել կոնսուլտացիաների ու երկխոսության միջոցով և առանց արտաքին դերակատարի միջամտության...

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 12691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ