«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Այս արդյունքը հենց այնպես երկնքից թափված մանանա չէ

Այս արդյունքը հենց այնպես երկնքից թափված մանանա չէ
23.05.2015 | 16:37

Ռիգայի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ավարտվեց՝ երկօրյա բուռն ընթացքից հետո: Երկու օր շարունակ հակասական տեղեկատվության ու ոչ պաշտոնական արտահոսքերից հետո արդեն հրապարակված է գագաթնաժողովի Հռչակագիրը, որն արտահայտում է նաև ընթացքում ծագած ու լուծված կամ արձանագրված խնդիրները: «Ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթնաժողովը մեզ համար և արդարացա՞ն մեր ակնկալիքները»՝ հարցրի ԱԺ փոխնագահ Հերմինե Նաղդալյանին՝ խնդրելով մեկնաբանել գագաթնաժողովի ընթացքն ու արդյունքները ընդհանրության մեջ.
-Ռիգայի գագաթնաժողովում, բնականաբար, պիտի արտահայտվեին աշխարհաքաղաքական օրակարգում գտնվող բոլոր խնդիրները, որոնց լուծման մեջ Եվրամիությունը առանցքային դեր ունի: Եթե վերացարկվենք կոնկրետ հարցերից և ընդհանրության մեջ նայենք, Ռիգայում անդրադարձներ եղան համաշխարհային քաղաքական օրակարգում գտնվող բոլոր խնդիրներին, այլ հարց է, որ այդ խնդիրները գագաթնաժողովի թեմայից ու քննարկումներից դուրս էին: Հայաստանի համար ամենակարևոր արդյունքը, կարծում եմ՝ բոլորը տեսան ու անգամ ամենաթերահավատները համոզվեցին, որ Հայաստանի դիրքորոշումը աշխարհում ընկալվում ու ընդունվում է: Երբ դա հաստատում են Մերկելը, Բերզինշը, Շուլցը, այլևս քննարկելու հարկ չկա՝ իսկ մեզ կհասկանա՞ն, իսկ մեզ կընդունե՞ն: Մեզ հասկանում ու ընդունում են մեր բոլոր խնդիրներով ու այդ խնդիրների լուծման մեր դիրքորոշումով: Այս արդյունքը հենց այնպես երկնքից թափված մանանա չէ, կոնկրետ աշխատանք է՝ դիվանագիտական, քաղաքական խողովակներով, հետևողական ու համառ, ամենօրյա աշխատանք, որ շատ հաճախ չի էլ երևում, չի էլ բարձրաձայնվում: ՈՒ այս արդյունքի համար առաջինը պիտի շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ մասնակցում էր ու ելույթ ունեցավ գագաթնաժողովում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու դիվանագիտական կորպուսին: Սեպտեմբերի երեքից մինչև այսօր հնչող մարգարեությունները Հայաստանի Եվրոպայից մեկուսացման մասին չարդարացան, և դա ոչ միայն ԵՄ-ի մեր տարածաշրջանում ունեցած շահերի ու հետաքրքրությունների հետևանք է, դա առաջին հերթին Հայաստանի վարած հաշվարկված, հավասարակշիռ ու փաստարկված քաղաքականության արդյունքն է: Ռիգայում ակնհայտ դարձավ, որ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս համաշխարհային տարբեր վեկտորների պայքարի ու հակասությունների բախումով ստեղծված փակուղային թվացող վիճակից՝ շնորհիվ իր հավասարակշռված քաղաքականության: ԵՄ-ը Հայաստանի հետ սկսելու է նոր բանակցություններ՝ քաղաքական բարեփոխումների ու տնտեսական շփումների շրջագծում՝ չհակասելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ընտրություն, որին ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում: Շարունակվելու են ազատ տեղաշարժի դյուրացման բանակցությունները: Գուցե պարադոքս է, որ այս հարցում Հայաստանը եթե ոչ առաջ է անցել, ապա հաստատ հավասար ընթացքով է շարժվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների հետ: Հաղթանակ-պարտություն, սև-սպիտակ կարծրատիպային ձևակերպումները չեմ ընդունում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռիգայի գագաթնաժողովի երկու օրերի լարված, երբեմն, այո, հակասական ու իրարամերժ լուրերով հագեցած աշխատանքը ու արդյունքները մեզ պիտի վստահություն ներշնչեն, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Բարեփոխումները, որոնց ԵՄ պատրաստվում է աջակցել, պետք են մեր երկրին ու ժողովրդին, համագործակցության այն ձևաչափն են, որից շահելու ենք բոլորս:
-Գագաթնաժողովի առաջին օրվա սենսացիան Ռոյթերի ոչ պաշտոնական տեղեկատվությունն էր, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Հռչակագիրը, որի չորրորդ կետում Ղրիմի անեքսիայի վերաբերյալ ձևակերպում կա: Շատերը դա մեկնաբանեցին իբրև Ռուսաստանին Հայաստանի անվերապահ հավատարմության հերթական դրսևորում: Այդպե՞ս է:
-Այո, դա անվերապահ հավատարմության դրսևորում էր՝ սեփական շահերին: Եվրոպացիներն էլ լավ հասկանում են, որ Հայաստանի համար դա Ռուսաստանի խնդիր լինել-չլինելուց առաջ սեփական խնդիր է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն: Հանրաքվեով Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատված ԼՂԻՄ-ի անկախության պաշտպանության հարց է և Հայաստանը չի կարող որևէ փաստաթղթով դեմ գնալ ինքնորոշման իրավունքի արտահայտությանը, որ ժողովուրդն էլ լինի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն էլ հաստատեց՝ միջազգային ասպարեզում Հայաստանը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ, բոլոր ազգերի:
-Երկրորդ օրվա սկանդալի հեղինակը Բաքուն էր, որ դեմ էր Հռչակագրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերյալ ձևակերպմանը, ինչո՞ւ:
-Ադրբեջանը տասնամյակներով դիվանագիտական, քարոզչական ու լոբբիստական ողջ ներուժը գործադրում է միջազգային բոլոր կառույցներում ադրբեջանանպաստ բանաձևեր ու որոշումներ ստանալու համար: ԵՄ-ը հստակ ու անվերապահ բանաձևեց, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա: Էլմար Մամեդյարովն ակնկալում էր, որ բանաձևում պիտի պաշտպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, գոնե առաջնայնություն տրվի իրենց համար միակ ու եզակի սկզբունքին: Ապարդյուն: Դա մեզ համար հատկապես կարևոր է և արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ ԵՄ աջակցությունը և վերաբերմունքը բանակցային սեղանին դրված խնդիրներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ