Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ո՞ր ոլորտում է լինելու հաջորդ ցնցադեպը

Ո՞ր ոլորտում է լինելու հաջորդ ցնցադեպը
25.05.2015 | 14:26

Գազային հարցերը չավարտած՝ հայտնվեցինք հոսանքի հարցերի մեջ՝ հիմա էլ էլեկտրաէներգիայի թանկացումն է օրակարգում: Տասնյակ հրապարակումներ են եղել արդեն, որոնց մեջ գերակշռում են ինչքա՞ն թանկացնելու քննարկումները, բայց կա ինչո՞ւ թանկացնել հարցը: ՈՒ մինչ այդ հարցը չպատասխանվի, ոչ մի երաշխիք չի լինելու, որ կես տարուց, մեկ տարուց, երկու տարուց նորից է թանկացման հարց բարձրացվելու: Ինչո՞ւ թանկացնել հարցը, սակայն, Հայաստանում հռետորական է, որովհետև ՀԷՑ-երի սեփականատերերը ունեն Կեսարի կնոջ կարգավիճակ՝ նրանք քննարկումից, քննադատությունից ու վերահսկողությունից դուրս են: Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական ընկերություններին կառավարման հանձնված բոլոր ձեռնարկությունները Հայաստանում վնասով են աշխատում, բայց այդ վնասը ոչ ընկերություններին է մտահոգում, ոչ Հայաստանի իշխանություններին: Պատճառն այն է, որ կա բոլորին բավարարող ե՞լք՝ ամեն ինչի դիմաց վճարում է շարքային սպառողը, իսկ սպառողը Հայաստանում շատ տարտղնված ու դիֆուզ զանգված է՝ երբեք իր իրավունքների պաշտպանության համար հրապարակ դուրս չի գա, Հայաստանում սոցիալական բունտ չի լինում: Շատ հնացած չէ՞ այս պատկերացումը Հայաստանի հասարակության մասին: ՀԷՑ-երում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն ոչ թե ռուս կառավարիչներն են, այլ՝ Հայաստանի կառավարությունը, որ եթե ինչ-որ ոլորտ հանձնում է ռուսական կառավարման, այլևս անհնար է համարում վերահսկողությունը: Թե ինչպես են ռուսները կառավարում ձեռնարկությունները իրենց հայրենիքում, վկայում է Ռուսաստանի այսօրվա տնտեսական վիճակը: Ժամացույցի պես գործում են ռազմարդյունաբերական և նավթագազային համալիրները, որոնցով պետությունը փող է աշխատում, մնացած ոլորտներում կոռուպցիան, գողությունն ու անփույթ, անպատասխանատու, տեխնիկական ու մասնագիտական նորմերին չբավարարող վերաբերմունքը աշխատանքին ոչ մեկին չեն զարմացնում: Նույնիսկ երբ հերթով տիեզերք են արձակվում ու ուղեծրից շեղվելով՝ բառացիորեն ոչնչանում են բազմամիլիոնանոց հրթիռները: Սա արդեն պատահականություն չէ կամ չնախատեսված իրավիճակ, տեխնիկական խոտանն էլ իր թույլատրելի տոկոսներն ունի, սա ոչ թե տեխնիկական, այլ կառավարման խոտան է: Մասնագիտական պատրաստվածության խոտան: Եթե այդպես է Ռուսաստանում, ի՞նչ էր լինելու Հայաստանում: Տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտները քաղաքական որոշումով Ռուսաստանին հանձնելով՝ Հայաստանը ոչ միայն իրեն չի վերապահել վերահսկողությունը, այլև գործնականում որոշել է թալանին փայ մտնել, այլ բացատրություն դժվար է գտնել հարցին, թե ինչպես են ՀԷՑ-երը վնասով գործում ու դա քննարկման թեմա չի դառնում: ՀԷՑ-երի սեփականատիրոջ հնարավոր փոփոխությո՞ւնն է պատճառը, որ ասպարեզ է նետվել կուտակված պարտքի պատմությունը: Կա՞ Հայաստանում որևէ կառույց, որ ի վիճակի է մասնագիտական, անկողմնակալ գնահատական տալ թե ՀԷՑ-երի կառավարմանը, թե ՀԷՑ-երի կառավարիչներին: Ակնհայտորեն՝ ոչ: Հայաստանում քաղաքական են բոլոր կառույցների որոշումները, դատական համակարգի անկախությունը միֆ է, որ տարածվում է միայն քաղաքական տանիք չունեցողների վրա: Միֆ է կառավարության գործունակությունը, կառավարությունը կաշկանդված է ոչ միայն «ռազմավարական համագործակցությամբ», այլև ներհայաստանյան իրավիճակով: Միայն շարքային սպառողից է կախված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ կբավարարի՞ ՀԷՑ-երի հայտը, թե՞ առաջին անգամ կկայացնի հեղափոխական որոշում՝ մերժել: Հաշվի առնելով, թե ինչ է հաջորդելու իր մերժումին, իսկ հաջորդելու է հաստատ ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի պատճառների ուսումնասիրություն, չի բացառվում, որ մերժվելու դեպքում նրանք որոշեն իրենց սնանկ հայտարարել: «Ոչ թալանին» շարժումը ինչի՞ կհասնի ու ինչպե՞ս՝ արդյունքը որոշելու է ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագինը, այլև՝ կառավարիչների ընտրության: Բոլորովին պարտադիր չէ, որ համակարգն ունենա մեկ կառավարիչ: Մեկ կառավարչի աշխատանքի հետևանքները բավարար են՝ համոզվելու, որ ոլորտում մրցակցություն է պետք, մոնոպոլ դիրքը մեծ գայթակղություն է սեփական դաշտում բակլան խաշած ցանելու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հաջորդը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է: Երկաթուղու 4800 աշխատակիցներից 3100 են մնացել, ևս 600-ը կկրճատվեն, 2016-ից կոլեկտիվը կնվազի մինչև 1000 աշխատակից: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, որ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրով՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ընկերությունը 200 միլիոն դոլարից ավելի ներդրում կատարեց, հիմնականում ենթակառուցվածքների նորոգման համար: Պաշտոնական տվյալներով՝ ընկերությունն արդեն 20 միլիոն դոլարից ավելի՝ 9,3 միլիարդ դրամի վնաս է կրել: 200 միլիոնի ներդրումը ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերությունը շարունակում է վնասով աշխատել: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենությունը քննարկում է հետագա ներդրումները կրճատելու հարցը: Ընկերության ֆինանսական վիճակը վատացել է նաև այն պատճառով, որ 40-ից ավելի ընկերություններ հրաժարվել են նրանց ծառայություններից՝ սակագնի բարձր լինելու պատճառով: Մասնագետների գնահատականով՝ ընկերությունը նման ծանրագույն վիճակի հասավ սխալ կառավարման հետևանքով, բացի թանկությունից՝ երկաթուղին 100 տոկոս կանխավճար է պահանջում բեռը փոխադրելու համար:
ՈՒ՝ ի՞նչ: Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում երբևէ կքննարկվե՞ն այս հարցերը, թե մեծ քաղաքականությունը զբաղվում է միայն մեծ համագործակցությամբ՝ գործակցության լոկալ դեպքերը թողնելով ինքնակառավարման, որի հետևանքը յուրաքանչյուրիս դրամապանակի պարունակության անհիմն ու անպատժելի գողությունն է: Փաստորեն՝ մի քանի հարյուր կամ հազար դրամի գողությունը քրեորեն պատժելի հանցանք է, իսկ տասնյակ ու հարյուրավոր հազարների գողությունը՝ մենեջմե՞նտ:

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ