Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայոց պատմություն. Բախտորոշ մայիս

Հայոց պատմություն. Բախտորոշ մայիս
26.05.2015 | 00:27

Օրեր առաջ մենք աշխարհի շատ ժողովուրդների հետ նշեցինք 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաև Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը։ Շատ նշանավոր տարեթվեր են, եթե հաշվի առնենք անգամ այն հանգամանքը, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են գնահատել մեր այդ երկու հաղթանակների նշանակությունը։ Ոչ ոք չի վիճում, մեր նորագույն պատմության մեջ թե՛ հանուն Արցախի անկախության և Հայաստանի տարածքային ամբողջականության մղված ազգային ազատագրական պատերազմը, թե՛ Շուշիի ազատագրման փաստը կարևոր ու անանց նշանակություն ունեն ամբողջ ազգի համար։ Բայց միևնույն ժամանակ Մայիսի 9-ի նվիրական նշանակությունը, ինչպես և հսկայական թվով (հայերի համար) մեր հայրենակիցների մասնակցությունը Մեծ հաղթանակի նվաճման գործին, այնուամենայնիվ, ավելի գլոբալ նշանակություն են ստանում, քան մեր տեղային պատերազմը Ադրբեջանի և այն մութ ուժերի դեմ, որոնք կանգնած են ադրբեջանական նեոպանթուրքիստների թիկունքին։ Եվ, իմ կարծիքով, մենք բավական լայնորեն ենք ներկայացրել հայ ժողովրդի համար Մայիսի 9-ի այդ գլոբալ նշանակության էությունը։ Որովհետև, եթե նախկին ԽՍՀՄ-ը տանուլ տար Մեծ հայրենականը, ապա, երևի, այդպես էլ չիրականանար հայերի ազգային անկախության վերականգնումը նախկին Հայկական ԽՍՀ-ի շրջանակներում և, իհարկե, նախկին ԼՂԻՄ-ում։
Եվ ի՞նչ իմանաս, հայերի համար ինչո՞վ կավարտվեր Երկրորդ աշխարհամարտի այլ ելքի այն վարկածը, որի մասին, ինչպես հայտնի է, հոլիվուդյան կինոռեժիսորները նույնիսկ բավական ուսանելի ֆիլմ էին նկարահանել։
Պատմությունն այս է. մոտավորապես 1955-56 թթ. հանկարծ պարզվում է, որ Եվրոպայի միլիոնավոր մարդիկ «վերացել են», փոխարենը Երրորդ ռայխի մաս դարձած եվրոպական բոլոր տարածքներում սև համազգեստավոր էսէսականների սևեռուն հսկողությամբ տեղի են ունենում այցով Երրորդ ռայխ ժամանած ԱՄՆ-ի հերթական նախագահի շքախմբի հանդիսավոր դիմավորումները... Իսկ այդ դեպքում վերացած չէ՞ր լինի նաև մեր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի բնակչությունը։ Կարծում եմ, որ արդեն բոլորն են հասկացել և կարողացել են գիտակցել. այն, որ հայերը Բեռլինում իրենց քոչարին պարում էին հենց ԽՍՀՄ-ի և խորհրդային բանակի դրոշների ներքո, մեզ համար փրկեց այսօրվա Հայաստանն ու ԼՂՀ-Արցախը։ Բայց մեր ժողովուրդը պարտավոր է հիշել նաև 1918-ի մայիսը, այն օրերի արյունահեղ մարտերը թուրքերի դեմ Սարդարապատում։ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Զանգեզուրում և այլուր։ Այդ ճակատամարտերը կանխեցին հայ ժողովրդի լիակատար ոչնչացումը։ Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր ՈՒոլքերի խոսքերով ասած, եթե հայերը տանուլ տային Սարդարապատի ճակատամարտը, շատ հնարավոր է, որ Հայաստան բառը պահպանվեր միայն իբրև պատմական աշխարհագրության տեղանուն։
Ի դեպ, եթե կա մեկը, որ մոռացել է, ապա հենց Սարդարապատում է իր փառավոր մարտական ուղին սկսել ԽՍՀՄ մարշալ, իսկ այն ժամանակ պորուչիկ Հովհաննես Բաղրամյանը։ Չէ՞ որ 1918 թ. մայիսի հաղթանակների շնորհիվ հենց Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքերի նվաճումից, պայմաններ ստեղծվեցին հայոց պետականության վերականգնման համար։ 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1918-ի հերոսների, ռազմական հրամանատարների, պետական ղեկավարների անունները քաջ հայտնի են` Մ. Սիլիկով, Պ. Բեկ-Փիրումյան, Դ. Բեկ-Փիրումյան, Ք. Արարատով, Թ. Նազարբեկով, Մ. Արեշև, Ա. Օզանյան, Նժդեհ, եզդիական հեծելազորի հրամանատար Ջահանգիր Աղա, մշեցոց ջոկատի հրամանատար Պանդուխտ (Մ. Սերյան) և այլք։ Այս տարի մենք կնշենք Առաջին Հանրապետության հռչակման 97-րդ տարեդարձը, որ գոյություն ունեցավ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը, 1918-ի մեր մայիսյան հաղթանակների 97-ամյակը։ Տարածված մի այսպիսի արտահայտություն կա` պատմությունը պայմանական եղանակ չի սիրում։ ՈՒստի և հիմա, երևի, նույնիսկ պետք էլ չէ դատել, թե ի՞նչ կլիներ, եթե... Դժվար է ասել։ Բայց դրա համար էլ մարդուն հիշողություն է տրված, որ նրանում տեղավորվի ամեն ինչ` թե՛ լավը, թե՛ վատը։ Թե՛ լավագույնը, թե՛ վատագույնը։ Կարծիք կա, թե Կովկասի խորհրդայնացումը վերջ դրեց Առաջին Հանրապետությանը։ Անշուշտ։ Նույն խորհրդայնացումը, փաստորեն, մեզնից խլեց Նախիջևանն ու Արցախը։ Անշուշտ։ Բայց կար նաև խորհրդային իշխանության «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ Այլ բան է, թե այդ ի՞նչ գործոնների ազդեցությամբ հարկ եղավ, օրինակ, զարգացնել «պերմանենտ հեղափոխությունը» «Կարմիր Արևելքի» միջոցով։ Ըստ էության, հայ ժողովրդի թիկունքում եղավ բոլշևիկա-քեմալական «բարեկամության» մի կարճ փուլ, որը, ի դեպ, շատ արագ վախճան ունեցավ։ Քանի որ հազիվ թե որևէ շաղախի թուրք ի վիճակի է լինելու որևէ Ռուսաստանի դաշնակից։ Բայց այս բանը թող հասկանան ու գիտակցեն ռուսները։ Մենք այս ճշմարտությունը գիտենք շատ դարեր ի վեր...
Հետաքրքիրը մեկ այլ բան է. ինչո՞ւ է Մայիսի 28-ը ևս, կարծես, փոքր-ինչ նսեմացված ներկայացվել Հայաստանի արդի պատմության մեջ։ Հենց այնպես, պատմության մեկ օր և վերջ։ Այնպես որ, պետք է մեկ անգամ էլ հակիրճ ասել, թե ինչ էր նշանակում 1918-ի մայիսը մեր ժողովրդի համար։ Սարդարապատ... Սարդարապատի մոտ տարած հաղթանակը համընդհանուր ոգևորություն առաջացրեց, կտրուկ փոխեց բանակի ու ժողովրդի տրամադրությունը։ Պարտություն կրելով Սարդարապատի մոտ, թուրքերը թարմ ուժեր նետեցին բաշապարանյան ճակատ, նպատակ ունենալով Երևանին հարված հասցնել հյուսիսից։ Երևանի զորամիավորման հրամանատարությունը Բաշ Ապարանի շրջան նետեց վեցհազարանոց մի զորախումբ` գեներալ Դ. Կանայանի (Դրո) հրամանատարությամբ։ Մայիսի 26-27-ի մարտերում Դրոյի զորախումբը ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդին և թուրքական զորքերը հետ շպրտեց Բաշ Ապարանից արևմուտք։ Չորս օր շարունակվեցին մարտերը Ղարաքիլիսայի համար (ներկայիս Վանաձոր), որը, շոշափելի գերազանցության պատճառով, գրավվեց թուրքերի կողմից։ Նրանց օգնում էին նաև Ղարաքիլիսայում գտնվող երեք հազար ռազմագերի ասկյարները։ Թուրքերը գազանային հաշվեհարդար տեսան քաղաքի ու շրջակա գյուղերի հայ բնակչության հետ։ Սակայն Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ցուցաբերված ուժգին դիմադրությունը թուրքերին հարկադրեց դադարեցնել իրենց առաջխաղացումը։ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում հայ ժողովրդի տարած մայիսյան հաղթանակները ձախողեցին Անդրկովկասի հայերին բնաջնջելու թուրքերի պլանները։
Սա ի՞նչ է, հաղթանակ չէ՞։ Ամենաիսկական հաղթանակն է։ Եվ Մայիսի 28-ի ամսաթիվն արժանի է այսօրվա սերունդների մեծ խոնարհումին և չի կարող լինել սոսկ օրացուցային հավերժացման կարմիր նիշ։ Իսկ հիմա համեմատենք. մենք որպես Անկախության օր նշում ենք Սեպտեմբերի 21-ը։ Մի՞թե հայ ազգի ճակատագրի համար իր պատմական նշանակությամբ այդ տարեթիվը համեմատելի է 1918-ի մայիսի 28-ի հետ։ Մի՞թե մայիսն ու սեպտեմբերը համեմատելի են որպես մեր պատմության հիշարժան ամիսներ։ Ոչ։ Կշեռքի նժարներից մեկին պատերազմական հաղթանակներն են դարավոր ոխերիմ թշնամու, զավթիչի դեմ, որը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի պատմական տարածքների մինչև 9/10 մասը։ Մյուսին` «ԽՍՀՄ-ից» Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման ընդամենը մեկ օր, երբ ԽՍՀՄ-ն այդ պահին արդեն, փաստորեն, փլուզվել էր։ Իհարկե, հենց 1991 թ. սեպտեմբերի 21-ի այն հանրաքվեի հիմա վրա էլ հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի պետական անկախության հռչակագիրը։ Խոսք չկա, էլի տոն է։ Բայց դա այն անկախությունը չէ` 1918-ի անկախությունը չէ, որը փրկեց ազգը և թույլ չտվեց, ինչպես ասում է բրիտանացի պատմաբան Ք. ՈՒոլքերը, որ «Հայաստան բառը պահպանվեր միայն իբրև պատմական աշխարհագրության տեղանուն»։ ՈՒստի թե՛ պատմական, թե՛ բարոյական առումով շատ ավելի արդարացի կլինի, որ մենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշենք ոչ թե սեպտեմբերին, այլ մայիսին։ Այդպես էլ Մայիսի 28-ի օրվան կվերադարձվի նրա իսկական նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։
Այսօր արդեն քիչ է սոսկ հիշել նրանց, մեր հերոսներին, զինվորներին ու սպաներին, նրանց հարգանքի տուրք մատուցել մարտական փառքի հուշակոթողների մոտ, այդ թվում` Սարդարապատի հուշահամալիրում։ Կարծում եմ, որ բարի կամքի և մաքուր խղճի տեր բոլոր մարդիկ այսօր պարտավոր են միավորել իրենց ջանքերը և ընդհանուր հակահարված տալ այն բոլոր չարակամներին ու պատմության նենգափոխողներին, ովքեր ծառայում են արտատարածաշրջանային կենտրոններին և աշխատում են փող սարքել իրենց խղճի ու իրենց ժողովուրդների շահերի, իրենց ժողովուրդների պատմության մանրածախ ու մեծածախ վաճառքի հաշվին։ Եվ խնդիրը հետևյալն է. մայիսը հիշել որպես հայերի համար բախտորոշ ամիս, սակայն տրամաբանված պատմական ժամանակագրությամբ և ոչ թե առանձին անձանց ու մարդկանց խմբերի նորագույն առասպելականացման մղումով։ Նախագահներն ու կառավարող կուսակցությունները գալիս են ու գնում, ժողովուրդն ու հայրենիքն են հավերժական։ ՈՒրեմն, հավերժական են նաև մեր ժողովրդի հերոսները, հավերժական պետք է լինեն նրանց հիշատակը և նրանց ավանդը թուրքական յաթաղանից ազգի փրկության գործում։
Պետական շինարարության ընթացքում ոչ ոք երաշխավորված չէ սխալներից. սխալ գործելը մեղք գործել չէ, անգամ եթե դրանք տխուր հետևանքների են հանգեցնում։ Մեղք է ժամանակի ընթացքում հավերժացնել այդ սխալները և «հասարակական կարծիք» ստեղծել, թե «դրանք հանճարեղ գործեր են եղել»։ Մեղք է չտեսնել, որ աշխարհը ոչ թե ինչ-որ հասարակ «տնտեսական ճգնաժամի» խորխորատն է նետվել, այլ ամենաիսկական պատերազմի հորձանուտը, թող որ առայժմ միայն տեղեկատվական քարոզչական պատերազմի։ Մեղք է չտեսնել, թե ով է խրախուսում ու ֆինանսավորում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այդ թվում` մեր հայրենակիցների` Իրաքի ու Սիրիայի հայերի սպանություններն ու տեղահանությունը, ընդ որում` շարունակելով հայաթափել Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Կիլիկիայի վերջին բեկորը։ Եվ մեղք է չխոսել այդ մասին, լինի դա պաշտոնական մակարդակով, թե զանգվածային հասարակական գիտակցության մեջ։ Կգա ժամանակ, երբ, հնարավոր է, մեր հավաքական հիշողությունը միայն պաշտպանի Հայաստանն ու հայերին` համեմատաբար ոչ հեռու անցյալի սխալների կրկնությունից։ Իսկ չէ՞ որ մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե ինչ և ինչու է տեղի ունեցել, ունենում և կունենա։ Սակայն հարկավոր է քաջություն ունենալ և այդ մասին բարձրաձայն հայտարարել է ի լուր աշխարհի։
Եվ էլի մեկ բան. Հայաստանին պետք չեն «հայամետ» հայեր, Հայաստանին պետք են ՀԱՅԵՐ։ Որովհետև հայամետ կարող են լինել միայն ոչ հայերը։ Ազգի ինքնությունը կապված է նաև ազգային հավաքական հիշողության, մասնավորապես, անցած պատմական ուղու յուրաքանչյուր հատվածի հստակ ժամանակագրական գնահատականների համակարգի հետ։ Եվ այդ գործում առաջին քայլը լիովին կարող է դառնալ այն, որ Մայիսի 28-ին վերադարձվի ժամանակակից Հայաստանի պատմության ամենավեհ տեղը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ