Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մահ իմացյա՞լ, թե՞...

Մահ իմացյա՞լ, թե՞...
26.05.2015 | 00:30

Ո՞վ է հիշում հիմա նրանց:
Հավանաբար միայն նրանք, ովքեր արիաբար ճիպոտահարում են մեռած դեսպոտներին, արյամբ կամ խաբեությամբ քաղաքականություն եկածներին, ովքեր իրենց կրակոտ ելույթներով ներքևում կանգնածներին արդարության ու ազնվության եզակի մունետիկ են երևում, կարճ ասած` ոտքերն ամպոտ հրեշտակներ, որ ուղարկվել են Աստծո կողմից մոլորյալ հոտի անդամներին ազատություն ու երջանկություն բերելու: Ճիշտ է, եզակի չեն նաև այն քաղաքական գործիչները, ովքեր տվյալ ասպարեզ են մտնում հետամնաց, տհաս, մոլեռանդ ամբոխի կրոնական զգացումներն օգտագործելով, նաև նրանք, ովքեր ազնվագույն այնպիսի զգացմունքներ են շահարկում, որ ցանկացած դաստիարակված անհատի միսն ու արյունն է` ազնիվ հայրենասիրությունը, այնպիսի հայրենասիրությունը, որ, ինչպես պոետը կասեր, ես իմ ազգը սիրելով, ուրիշ ազգի չեմ ատում:
Հնարավոր չէ քննարկել բոլոր այն տարբերակները, որոնք օգտագործելով` ինչ-որ մարդիկ լույս աշխարհ են գալիս ու անհայտությունից դառնում քաղաքական գործիչներ: Մենք ականատեսն ենք այն գործընթացի, թե ինչպես ծնվեց Հայոց համազգային շարժումը, ինչպիսի կարգախոսներով շարժման մեջ դրեցին հսկայական ժողովրդական զանգվածներին և երբ հասան կայուն իշխանության, շատ կարճ ժամանակում ցույց տվեցին իրենց, որպես քաղաքական գործիչների, հոգու ողջ գաղջը: Այդ գաղջի մասին մեկ անգամ չէ, որ գրվել և դեռ գրվելու է ապագայում: Այսօր այդ քաղաքական գործիչներից շատերն իրենց ոչ հեռու անցյալում կատարած ոճրագործությունների մասին կորսված հիշողություն ունեն: Եվ իրոք, ո՞վ է այսօր հիշում 1990 թվականի մայիսի 27-ին Երևանի կայարանամերձ հրապարակում կազմակերպված նախճիրը, որին զոհ գնացին վեց ֆիդայիներ, որոնց հոգիները թռիչքներ ու թևեր ունեին, ովքեր մեռնելուց վայրկյան իսկ առաջ չհասկացան, որ դա սարքված պրովոկացիա էր, և այն կազմակերպել էին ՀՀՇ-ն ու նրա քաղաքական լիդերները: Այդ մասին ավելի հանգամանորեն փոքր-ինչ հետո: Նշենք այն վեց անուն-ազգանունները, որոնք գրված են մի ժայռաբեկորի վրա` Արսեն Հարությունյան, Գարեգին Կարապետյան, Սամսոն Հարությունյան, Վազգեն Վարդանյան, Խաչիկ Մալխասյան, Էդիկ Պետրոսյան։ Հիշյալ ժայռաբեկորը սկզբում տեղադրված էր կայարանամերձ հրապարակի ձախ անկյունում, իսկ հետո, երբ դեպքերն արդեն հասարակության հիշողությունում խամրել էին, այն տեղափոխվեց ավելի աննկատ մի տեղ: Ասենք, որ այդ օրվա արյունոտ պրովոկացիան շարունակվեց երեկոյան Էրեբունի-Նուբարաշեն ճանապարհահատվածում, որին զոհ գնաց 25 մարդ, այդ թվում` շենքերից մեկի պատշգամբում` չորրորդ հարկում մոր կուրծքը բերանն առած մի նորածին:
Ո՞րն է իրական պատմությունն այդ դեպքերի: Սովալլուկ ՀՀՇ-ական լիդերները, երբ արդեն ժողովրդի զգալի հատվածին բերել էին կոնդիցիայի, ժամ առաջ ձգտում էին վերցնել հանրապետության իշխանությունը: Եվս մի քանի տարի, և լրիվ կպարզվen այն դավաճանների անունները, որոնք քանդեցին ԽՍՀՄ-ը:
1990 թվականի մայիսի 20-ին, երկրում կազմակերպված հիրավի ազատ և դեմոկրատական ընտրություններում պիտի ընտրվեր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ: Հայաստանի կոմկուսը փաստորեն արդեն մեկուսացվել էր, չուներ ռեալ իշխանություն: Երկրում քաղաքական իշխանության համար պայքարում էին կոմունիստները, ՀՀՇ-ականները և այլ քաղաքական ուժեր, անհատներ: Այդ ժամանակ երկրում ընտրությունները կազմակերպվում էին բացառապես մեծամասնական սկզբունքով, չկային կուսակցական ցուցակներ: Նշեցի, որ ընտրություններն ազատ և դեմոկրատական էին, բայց ոչ արդար: Կնշեմ միայն երկու օրինակ: Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկվում էր Լենինյան շրջանում, և հաղթելու համար նրան չէր բավարարում յոթ ձայն: Նրան, փաստորեն, գրանցվել էր պարտություն և այդ տեղամասում նոր քվեարկություն պիտի կազմակերպվեր: Հանձնաժողովի որոշումը բողոքարկվել էր դատախազություն: Ընդհանուր հսկողության բաժնի դատախազ (այդ բաժնում էի աշխատում նաև ես) Արայիկ Երեմյանը մեր սենյակում ասաց, որ Լևոնը չի ընտրվել, սակայն նրա օգտին քվեարկած, բայց իրականում անվավեր ճանաչված ձայները վավեր համարելով` նրան մի կերպ անցկացրինք: Արտաշատի տարածքում, Դալարի օկրուգում իմ հիմնական հակառակորդը ոչ ՀՀՇ-ական (նա դեռ կոմկուսի անդամ էր), բայց նրա կողմից բացահայտ հովանավորվող Թադևոս Թադևոսյանն էր կամ ինչպես հայտնի էր` Հայրիկը: Դալար և Մրգավան տեղամասերում հայտնի Լաերտը, դանակիստ Արամն իրենց խմբով կատարեցին իրենց սև գործը: Իմ վստահված անձ, դատախազության աշխատող Կարո Կարապետյանը ինձ բառացիորեն ասաց.
-Սոկրատ ջան, ինչ անեմ, քեզ համար գնամ մեռնե՞մ, էդ լկտիների դեմն առնել հնարավոր չէ:
Մարդ կար, ոչ թե մի քանի անգամ էր քվեարկում, այլ միանգամից մի քանի բյուլետենով: Այդքան կեղծիքներն էլ բավական չէին ապահովելու Թադևոսյանի հաղթանակը, և երբ ամփոփել են վերջնական արդյունքները և տեսել են Թադևոսյանի պարտությունը, Գոհար Սարգսյանին, ով մեր գյուղացի էր, բայց ամուսնացել էր Դալարում, ծեծել և վռնդել էին հանձնաժողովից ու կատարել էին իրենց սև գործը: Այդպես էր նաև այլ օկրուգներում: Չնայած այդ բոլորին, ՀՀՇ-ն չապահովեց Գերագույն խորհրդում անհրաժեշտ մեծամասնություն հետագայում կառավարություն կազմելու համար: Մայիսի 20-ին մի շարք օկրուգներում ընտրությունները չէին կայացել և հաղթողներ չկային: Մեկ ամիս հետո` հունիսի 20-ին, նախատեսված էր ընտրությունների 2-րդ փուլը: Այդ փուլի արդյունքներից էր կախված միանձնյա կառավարություն կազմելու հարցը: ՀՀՇ-ն ոչ միայն տենչում էր իշխանության, այլև նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չէր դնում: Մինչ այդ եղել էին Մասիսի կայարանի, Երևանի մետաքսի կոմբինատի թունավորումների դեպքերը: Եվ նպատակին հասնելու համար ՀՀՇ-ն կազմակերպեց մայիսի 27-ի կայարանի դեպքերը: Մայիսի 26-ի երեկոյան, Չարբախում, առավոտյան մահվան ուղարկվող տղաների պատվին մատաղի արարողություն են կազմակերպել: Մինչև ուշ գիշեր շարունակվել է քեֆը: Տղաներին համոզել էին, թե դուք մտնում եք կայարան, դիմավորում եք Կապան-Երևան գնացքն ուղեկցող զինվորական ջոկատի տղաներին, օդ եք կրակում, և նրանք, համաձայն պայմանավորվածության, զենքերը թողնում և փախչում են, իսկ դուք վերցնում եք զենքերը և անհետանում: Հիմնավորեմ ասածս: Եթե տղաները գնացել էին զենք խլելու, ապա նրանք պիտի ոչ թե օդ կրակեին, այլ արդեն զենքերը հավաքած զինվորականների վրա: Եվ այդ ընթացքում, երբ մերոնք օդ են կրակում և պահանջում զենքերը, խորհրդային զինվորականները վայրկյանների ընթացքում պարկերից հանում են զենքերը, լիցքավորում և իսկույն սպանում են վեցին, և միայն մեկը` Խաչիկ (Սաշիկ) Նազարեթյանը, որը զինված էր AKM ավտոմատով, անկանոն կրակում է և սրան բաժին է հասնում զինվորականի ավտոմատից արձակված պտտվող գնդակը, որը մտնում է ձախ քթանցքից և դուրս գալիս աջ ակնախոռոչից: Վիրավոր, ավտոմատը ձեռքին նա դուրս է գալիս շենքից, սպասասրահից դեպի հրապարակ: Հրապարակում բոլորի մահվանը սպասողները ապշում են` տեսնելով Խաչիկին այդ վիճակում: Նրանցից և ոչ մեկը (անուններ չեմ ցանկանում տալ և ոչ էլ որևէ հանգուցյալի հիշել) չի մոտենում Խաչիկին: Տարիներ հետո, 2007 թվականին մի առիթով պատահաբար ծանոթացա Խաչիկ Նազարեթյանի հետ, հարցրի, թե ինչպես է իրականում եղել դեպքը, նա շատ սառնասրտորեն ասաց, թե կարդացել է թերթերում գրած իմ բոլոր հոդվածները, որ ես նկարագրում եմ դեպքերն այնպես, ինչպես եղել են: Որ ես ճիշտ եմ: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ էր կատարվում այդ օրերին Երևանում: Ռադիոյով, հանրահավաքում, ամենուրեք ժողովրդի շուրթերին ատելություն էր հանդեպ խորհրդային (ռուս) զինվորը, կոմունիստները: Ժողովուրդը չգիտեր ոչ միայն ողջ ճշմարտությունը, այլև ճշմարտության մի փոքրիկ մասնիկ: ՀՀՇ-ի պրովոկացիան ինչ-որ արդյունք տվեց, բայց ոչ լիարժեք իրենց ուզածը: Մինչև ՀՀՇ-ի իշխանության գալը, Նազարեթյանը վերցվեց կալանքի, բայց ընդամենը մի քանի ամիս: Երբ ՀՀՇ-ն արդեն իշխանության էր, նրան բաց թողեցին: Դատախազության մի ազնվագույն մարդ, քննչական վարչության պետ Թեմուր Բրոյանը հետագայում ինձ պատմել է, թե Նազարեթյանին կալանքից ազատելու կապակցությամբ երբ ինքը Արտավազդ Գևորգյանին ասել է, թե ինչպես կարելի է ծանր հանցագործին ազատել կալանքից, լսել է Գևորգյանի պատասխանը.
-Թեմուր Լեշոյիչ, խնդրում եմ` ինձ մի կռվացրու էդ շների հետ:
Հետագայում գործը քննող ՀԿԳ քննիչը, երբ ազնվորեն ծառայեց ՀՀՇ-ին, անցավ ինքնուրույն աշխատանքի և աճելով հասավ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին: Ինչպես կասեր Պոլիդորին` նա ճանաչեց իր դատը, իր դեպարտամենտը և հարստացավ: Հետագայում կասեցված գործը հանձնարարվեց մեկ ուրիշ ՀԿԳ քննիչի` Հակոբ Բաբայանին, որն էլ 1993 թվականին այն կարճեց: Այստեղ արժե հիշել նրա պատմածը: Քրեական գործով հետախուզման մեջ էր ՀՀՇ-ի զինված ջոկատի հրամանատար Ֆեոդոր Հայկի Աբաջևը (ջոկատի հրամանատարը ոչ թե մասնակցում էր կայարանի սպասասրահում կատարվող գործերին, այլ հրապարակում մյուսների հետ սպասում էին այն լուրը ստանալուն, թե բոլորը մահացել են): Դեպքերից հետո նա փախել էր Ռուսաստան: Երբ մի «զորեղ» պաշտոնյայի կողմից տրվել էր հրաման` փոխել խափանման միջոցը և գործը կարճել, քննիչն ասել էր, պիտի նրան հարցաքննի և նոր միայն փոխի խափանման միջոցը: Աբաջևը եղել էր քննիչի մոտ: Քննիչի հարցին, թե չեմ արձանագրում, բայց խնդրում եմ պատմես, թե իրականում ինչպես է եղել ողջ ճշմարտությունը, նա պատմել է իրականում եղածը և տվել է այն մարդկանց անունները, ովքեր հրապարակում սպասում էին ավանտյուրայի հաջող ավարտին: Քաղաքական դիվիդենդներ շահելու համար մենք տղաներին խաբեցինք և ուղարկեցինք մահվան: «Մահ իմացյալ անմահություն է»,- ավետում է կայարանամերձ հրապարակի ժայռաբեկորը։ Ճի՛շտ է, բա՞յց... ՀՀՇ-ականների ամբիցիաների համար խաբեությամբ նահատակված տղաներն այդպես էլ չհասկացան, որ իրենց մահն իմացյալ է։
Հանուն ճշմարտության ասեմ, որ կայարանում նրանց բոլորի մահը մի կարևոր անձ չտեսավ, որովհետև Խաչիկ Նազարեթյանը փրկվեց, իսկ սպասողը տարիներ հետո սպանվեց ավելի քան եղերական մահով: Այստեղ են ասել` Աստված մեծ է:
Անցել է քսանհինգ տարի: Զոհվածներին հիշում են միայն նրանց հարազատները, իսկ կազմակերպիչները մեծարվում են որպես պետական այրեր: Զարմանալու ոչինչ չկա: Այդ է դարերի պատմությունը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ