Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քո ամենամեծ սխալը ամեն գնով կերակրատաշտին միշտ մոտ լինելն է եղել

Քո ամենամեծ սխալը ամեն գնով կերակրատաշտին միշտ մոտ լինելն է եղել
26.05.2015 | 12:35

(զրույց Խոսրով Հարությունյանի հետ)

Տարիներ առաջ, լսելով Հայաստանում մի կարկառուն պետական, քաղաքական գործչի խոսքը, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, հիշել էի Վիլյամ Սարոյանի հայտնի միտքը` թագավոր լինելու համար շատ խելք պետք չէ, ընդամենը մի քիչ խելք և շունշանորդություն: Նայելով 25 տարվա մեր քաղաքական դաշտի ծանր հրետանիներին, համոզվում եմ, որ նրանց բոլորին էլ բնութագրական են Վիլյամ Սարոյանի խոսքերը: Իրոք, մի քիչ խելք և շունշանորդություն: Չէ, Խոսրով Հարությունյանը սխալ չէ, ինչպես սխալմամբ նրան բնութագրել է գանգրահեր… Բագրատյանին չվիրավորելու համար չուզեցի հիշել ժողովրդի` նրան կպցրած ածականը: Բագրատյանն ավելի շատ աքլորի է նման, իսկ Խոսրով Հարությունյանին թե ո՞ր կենդանու հարազատ էությամբ կարելի է բնութագրել, թողնենք վերջում (նրա հարցազրույցի վերլուծությունից հետո) ընթերցողի հայեցողությանը: Խոսրով Հարությունյանը անկախ պետականության կերտման տարիներին միշտ էլ բարձր պաշտոններ է վարել: Նրա նման անհատին, կարելի է անսխալ ասել, միայն հասու է իշխանամետությունը: Ինչո՞ւ: Այդ ինչուի պատասխանը տալիս է նրա անցած երկու տասնյակից ավելի տարիների աշխատանքային գործունեությունը: Նա լավ գիտե, որ Հայաստանում ընդդիմությունն օրինական ճանապարհով երբեք չի գալու իշխանության, դրա համար էլ նա երբեք ընդդիմություն չի դարձել, անգամ, երբ ԱԺ նախագահի պաշտոնից հետո չընտրվեց պատգամավոր (ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ինչու չընտրվեց. եթե վերևինները ցանկանային, նա պատգամավոր կդառնար), չդարձավ ընդդիմություն, այլ սպասելով հայցում էր վերևինների ողորմածությունը և հասավ դրան: Ավելին ասեմ. իր հարցազրույցով Խոսրով Հարությունյանը բացահայտում է իր և իր նման քաղաքական, պետական գործիչների ողջ էությունը: Հայտնի ասացվածքը` ՎՏÿ ւՈՑՈ ր ՍՐՈþ, նա լավ է յուրացրել: Իրեն աքլոր անվանողին լրիվ ոչնչացնելու համար նա Բագրատյանին մեղադրում է Տեր-Պետրոսյանի քաղաքական ողջ կապիտալը փոշիացնելու, ցաքուցրիվ անելու, զրոյացնելու մեջ: Շնորհակալություն ազնվությանդ համար, պարոն Հարությունյան, բայց թույլ տուր հարցնել, էդ ժամանակ Դուք ո՞ւր էիք նայում, երբ Բագրատյանը փոշիացնում էր երկիրը: Ավելին ասեմ, եթե հետին թվով և այն էլ անամոթաբար Լևոն Տեր-Պետրոսյանը արդարանում էր, թե հայկական ատոմակայանը ՀԿԿ-ն իր որոշմամբ է փակել, չասելով, թե որ քաղաքական ուժի ճնշման տակ (իհարկե, պարոն Խոսրով, այդ քսանհինգ տարիներին, պետական, ազգային կարևոր հարցերում Դուք միշտ կույր և համր եք ձևանում, որպեսզի որևէ ռեալ քաղաքական ուժի խաթրին չկպչեք և եթե հիմա «կպնում եք» Բագրատյանին, միայն այն պատճառով, որ նա քաղաքական ուժ չէ, այլ ընդամենը դեն նետված շլակ¤: Նույնը «Նաիրիտի» հարցով: Եվ եթե այսօր դարձյալ դրված է «Նաիրիտի» լինել-չլինելու հարցը, Խոսրովը նորից կգոցի աչքերն ու ականջները, և գունավոր ակնոց կդնի:
Լևոնի Գյումրի գնալու մասին ասեմ: Գյումրին ոչ թե խորհրդային պետության մեղքն էր, այլ հայ շինարարի, հայ ագահ պաշտոնյայի, անկուշտ, գիշատչի էությամբ մարդու, որը չուներ ազգային մտածողություն և գողանում ու գողանում էր, ինչի արդյունքում ստացվում էր անորակ բնակարանաշինություն: Պետք չէ փառաբանել Լևոնի չեղած համարձակությունը Գյումրի գնալու համար, որովհետև եթե այդ համարձակությունն ունենար, լիներ գյումրեցու նկատմամբ փոքր-ինչ հոգածություն, աղետի գոտուց չէին հեռացնի այլ հանրապետություններից եկած շինարարներին և չէին գողանա: Հիշեցնեմ Ձեզ, պարոն Խոսրով, էն ժամանակ տպված մի հայտնի հոդված, Շառլը բերեց... (չեմ ուզում հիշել այն անունը, թե ով գողացավ)։ Եթե լիներ պատասխանատվություն, ապա Լևոնին մոտ կանգնած բարձր պաշտոնյաները աղետի գոտու շինանյութերով Երևանում առանձնատներ չէին կառուցի: Դուք այդ ժամանակ կայիք և գիտեիք, թե ինչ է կատարվում, բայց լռում էիք, որովհետև կերակրատաշտին մոտ լինելը Ձեր էությունն է: Անհնար է անտարբերությամբ անցնել հարցազրույցում պարոն Հարությունյանի հիրավի անկեղծ խոսքերի կողքով:
-Էդ ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում, ռելեի, ֆրեզերային հաստոցների գործարա՞նը, թե՞ Չարենցավանի տասներկու գիգանտներն էին աշխատում, Գյումրու ձեռնարկությունները, Մարալիկի մանվածքային ձեռնարկությունը: Ո՞րն էր աշխատում, ո՞րը: Չէ՞ որ այդ ամենը փաստ է, մարդիկ կենդանի են: Այդ ձեռնարկությունները մի կերպ գոյատևում էին խորհրդային տարիներին ձեռք բերված, կուտակված պաշարների հաշվին: Երբ նյութական պաշարները վաճառեցին, սկսեցին հաստոցները լոմի տակ ծախել Իրանին: Երբ դրանք էլ ավարտեցին, գործարանները սկսեցին տանիքն առանձին վաճառել, պատուհաններն ու դռները` առանձին:
Չշարունակեմ մեջբերումը պարոն Խոսրովի անկեղծ հարցազրույցից, բայց… Հիշո՞ւմ ես, պարոն Խոսրով, երբ Աննա Զեգերսի հերոսը պատմում է պատերազմի տարիներին կատարված այլանդակությունների մասին, զրուցակցի հարցին` իսկ Դուք ինչո՞վ էիք զբաղված, պատասխանն ավելի քան անկեղծ է.
-Ես աշխատում էի մարդ մնալ:
Պարոն Խոսրով Հարությունյան, Զեգերսի հերոսի խոսքերը Ձեզ չեն վերաբերում, որովհետև Դուք և Ձեզ նմանները կերակրատաշտին մոտ լինելու համար լռել եք և շեն ու բոլ երկիրը քանդել ձեր լռությամբ: Մի փոքր էլ մեջբերեմ Խոսրովի հարցազրույցից:
-Մինչև հողի սեփականաշնորհումը մենք ունեցել ենք նորմալ աշխատող կոլխոզներ: Ինչի՞ հասանք:
Թե ինչի հասանք Խոսրովի նման իշխանամետ մտածողությամբ անհատներով, ասեմ, ավելի ճիշտ հիշեցնեմ պարոն Խոսրովին, թող կարդա Լևոն Տեր-Պետրոսյանի 1991 թվականին «ԿչՏվպՍ» ամսագրին տված հարցազրույցը: Բայց գիտեմ, որ չի կարդալու, ուղղակի հիշեցնեմ` «եթե մենք չսեփականաշնորհեինք հողը (այսինքն` չքանդեինք կոլտնտեսությունները- Ս.Հ.), մենք հիմա սովից կմեռնեինք»: Հիմա ասա, պարոն Խոսրով, ո՞վ էր Բագրատյանը 1991 թվականին: Այս մեջբերումով ցանկացա նշել, որ խուսանավելով` մեղքիդ բաժինը չես թեթևացնում: ՈՒղղակի, թե անուղղակի Բագրատյանի և նրա նմանների հետ ձեռք ձեռքի տված բարեխղճորեն ավերել եք Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունը և աշխատող կոլխոզները: Ինչ վերաբերում է 1998-1999 թվականներին Խոսրով Հարությունյանի` ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տալու դեմ լինելուն և այն պատճառաբանությանը, թե վախեցել է, որ երկրում կսկսվեր վհուկների որս, կասեի, ավելի շուտ ինքնապաշտպանությամբ է թելադրված եղել նման պահվածքը: Եվ քաղաքական գնահատական չտալը բերեց երկրի թալանի էլ ավելի խորացմանը: Խոսրով Հարությունյանի այն ինքնաքննադատությանը, թե ես էլ հավանաբար սխալներ եմ թույլ տվել, կասեի` քո ամենամեծ սխալը ամեն գնով կերակրատաշտին միշտ մոտ լինելն է եղել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Պարոն Խոսրով Հարությունյան, մարդ արարածն իր թերությունները թաքցնելու համար իր այլանդակ էության շատ հատկանիշներ վերագրել և վերագրում է այս կամ այն կենդանուն: Աղվեսի խորամանկություն, գայլի ախորժակ, առյուծի սիրտ, էշի համառություն, նապաստակի վախկոտություն, ոչխարի, հավի, ձիու, օձի, մողեսի, կարիճի և շատ-շատ կենդանիների շատ շատ հատկանիշներ: Հենց սկզբից ասացի, թե ով է Բագրատյանը, իսկ թե որ կենդանու հատկանիշն է Ձեզ մոտ զարգացած (այսինքն` մարդկային որ հատկանիշը, որը վերագրվում է այս կամ այն կենդանուն), թողնենք ընթերցողի հայեցողությանը:

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ