Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փառք Աստծուն Իր տվածի ու չտվածի համար նույնպես»

«Փառք Աստծուն  Իր տվածի  ու չտվածի համար նույնպես»
26.05.2015 | 12:41

Մամոնան արամեերեն բառ է, որն անձամբ Տեր Հիսուսն է Իր քարոզության ժամանակ գործածել, ասելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթեոս 6,24):
Իսկ հիմա բացենք համապատասխան բառարանն ու կարդանք, թե ինչ է նշանակում մամոնա, որ հասկանանք, թե ինչ է ուզում ասել Տերը։ «Մամոնա- հին ժողովուրդների մոտ գործածվում է որպես «հարստության կուռք աստծո» հոմանիշ, կամ փոխաբերաբար ագահություն և շահասիրություն է նշանակում»։ ՈՒրեմն, Հիսուս Տերը դեռ այն ժամանակ բոլորիս զգուշացրել է, որ չլինի թե հարստատենչությամբ խաբվենք ու նրան ծառայենք որպես աստծու, քանզի դրանով իսկ հարստությունը, որն իրականում պետք է ծառայի մեզ, վերածվում է մի կուռքի, որը կխանգարի ճշմարիտ Աստծուն ծառայելուն ու Նրան երկրպագելուն։ Այս մասին Վարդան Արևելցի վարդապետը գրում է. «Կրկի՛ն տես այս չարագույն ախտի (մամոնայի) պղծությունը, որովհետև գալիս են իշխաններ, առաջնորդներ ու պատվավոր այրեր և իմաստուն խոսքերով խնդրում են դատավորին, բայց նա չի լսում նրանց: Հետո գալիս են ոսկին ու արծաթը, որոնք ոչ ձայն ունեն և ոչ էլ խոսում են, սակայն լուռ, իրենց պայծառությամբ հույժ խոցում և կակղացնում են դատավորի սիրտը: Եվ նա, հավանելով, լսում է անբաններին առավել, քան բանականներին։ ՈՒստի, աղաչո՛ւմ եմ, զգաստացե՛ք, իշխաննե՛ր և դատավորնե՛ր, և կաշառակերությամբ մի՛ գանձեք գեհենի հուրը ձեր անձերի համար»:
Վերջերս ուղղափառ եկեղեցու ծառայողի մի քարոզ էի լսում, որ մերկացնում էր ժամանակակից աղանդների մոլորությունները։ Նա իր խարազանող խոսքն ուղղեց նեոհիսուսական կոչվող աղանդի հովիվներին, որոնք իրենց հոտին քարոզում են մամոնային ծառայել, որպես աստծո, քանզի դա է կենդանի հավատի հիմքը, ու նույնիսկ այդ նպատակի համար այլափոխել են շատերին հայտնի 22-րդ սաղմոսը, որտեղ գրված է.
Տերն է իմ հովիվը ու ես ոչ մի բանի
կարոտություն չեմ ունենա,
ինձ խոտավետ արոտների մեջ
կպառկեցնի,
հանդարտ ջրերի մոտ ինձ կառաջնորդի ու հոգիս կնորոգի...
Թեև մահվան շուքի ձորի միջով էլ քայլեմ,
չարից պիտի չվախենամ, քանի որ
Դու ինձ հետ ես... և այլն։

Իսկ այդ հարստատենչ աղանդավորների նեոսաղմոսը այսպես է հնչում.

Տերն իմ գանձապահն է ու իմ հաշիվը միշտ առատ է.
Նա իր մեծ սնդուկի բանալին է տալիս ինձ,
Նա իմ հավատքն է զորացնում իր
հարստությամբ,
Նա ինձ առաջնորդում է հաջողության
ճանապարհով իր անվան համար,
Եթե ես պարտքերի մեջ էլ լինեմ,
չարից չեմ վախենա,
Քանի որ դու ինձ հետ ես, ու ինձ չես
թողնի,
Դու ինձ ճանապարհ ես հարթում
հարկահավաքների դեմ,
Իմ դրամապանակը միշտ լիքը կպահես,
ՈՒ ես ոչ մի բանի կարոտություն չեմ
ունենա... և այլն։
Այդ պատճառով ժամանակակից աղանդավորական քրիստոնյաների իրական հավատի առաջին նշանաբանն է... համեղ խորտիկներով լիքը սառնարանը։ Եթե դու, ըստ իրենց, ճշմարիտ քրիստոնյա ես, ապա դա առաջինը պետք է երևա քո սառնարանի պարունակությունից, այլապես դու մոլորված ես, քանզի գրված է, որ Տերը իրեններին հացի կարոտ չի թողնի։ Ահա այսպիսի բաներ։
Բայց անցնենք առաջ, քանզի սա այն նուրբ արահետն է, որտեղ շատերն են սայթաքել ու սայթաքում, ինչպես ասել է իմաստուններից մեկը. «Մարդուն երեք բան է փորձում կյանքում. կինը, ոսկին ու փառքը, եթե դրանք հաղթահարեցիր, ուրեմն դու քաջ մեկն ես»։ Իսկ ո՞րն է այս երեքից ամենավտանգավորը։ Իհարկե, ոմանք կասեն կինը, ու ճիշտ կլինեն, բայց ոչ լիովին, քանզի այդ հարցում շատերն են հաղթել իրենց ցանկություններին։ Ոմանք էլ կասեն ոսկին, այսինքն՝ ժամանակակից լեզվով ասած, դոլարի տրցակը. իրենք էլ ճիշտ կլինեն, քանզի ոսկին ագահության ցանցով շատ զորավորների է տապալել, բայց կամավոր աղքատները կարողացել են ոսկին էլ գետնել, ինչպես որ սուրբ Եփրեմ Ասորին է ասում. «Ո՜վ հարստություն, ես թքել եմ քո ճակատին, քանզի դու շատերին ես դժոխք ճամփել»։ Իսկ փառասիրության զենքը ամենասոսկալին է, քանզի դրանով հենց սատանան է փորձվել ու հպարտությամբ տապալվել, քանզի նա երկնքում, որպես Արուսյակ անունով հրեշտակապետ, ուզեց իր փառքի գահը Աստծո գահին հավասար դնել ու այնտեղից իսպառ վտարվեց իր հետ ապստամբած հրեշտակների հետ, որոնք դևեր անվանվեցին։ Իսկ այդ ամենքը աշխարհի վերջում պետք է Միքայել հրեշտակապետի առաջնորդությամբ շղթայվեն ու կրակի լիճը գցվեն։ Ապա երկնային փառքի տիրացած անփառունակ ոգիները, որոնք այս աշխարհի մարդկանց նույնպես փորձում են ամեն գնով իրենց նմանեցնել։ Այդ պատճառով Հիսուս Տերը երկրի վրա եղած ժամանակ մեկ բան ասաց, որով ուզում է նմանվենք Իրեն. «Նմանվեցե՛ք Ինձ, քանզի Ես հեզ եմ և սրտով խոնարհ»։
Այդ էր պատճառը, որ սատանան, լավ իմանալով փառքի զորությունը, Հիսուսին երեք փորձություններից ամենավերջին զենքով փորձեց. «Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»:
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մարկոս 4.8-10)։
Իսկ այն մարդկանց, ովքեր անարգում էին Իր հավիտենական Կյանքի խոսքերը, ասաց հանդիմանաբար. «Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում և չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհաննես 5.44)։
Հիշում եմ` մի ծանոթի տուն էի գնում, ով ժամանակին Մոսկվայում մեծ պաշտոն ուներ ու տեղի ժամանակավոր փառքն էր վայելում։ Իսկ հետո ծայրաստիճան թշվառության հասած, հազիվ տեղափոխվել էր Երևան։ Նրա աղքատիկ բնակարանի պատին գեղեցիկ ու խորհրդաշատ մի նկար կար, որ միակ թանկարժեք բանն էր մնացած երբեմնի ունեցվածքից։ Նկարված էր մի սլացող ձիավոր, որին հոլանի մի գեղեցկուհի իր գայթակղիչ մերկությամբ ուզում էր հրապուրել, բայց նա ուշադրություն չդարձնելով նրա վրա, սլանում էր իր նպատակին։ Ձիերի սմբակների տակ բազում ոսկեդրամներ էին շաղ տված, որոնց վրա նույնպես ուշադրություն չէր դարձնում քառատրոփ սլացող մեր հերոսը։ ՈՒ մի ձեռքով սանձը բռնած, իսկ մյուս ձեռքն առաջ պարզած ուզում էր հասնել փառքի դափնե պսակին, որը մի դիցուհի ձեռքում բռնած թեթևասահ լողում էր դեպի կանչող հեռուները։ Ահա ուր որ է մեր հերոսը նրա ձեռքից պետք է խլեր այդ փառքի դափնին, բայց նա չգիտեր ու չէր տեսնում, որ այդ կամուրջը, որն իրեն իրականությունից տեղափոխելու էր էյֆորիայի աշխարհ, վերջանում էր, առանց մյուս ափ հասնող կամարի, իսկ ներքևում անհատակ անդունդն էր իր մութ երախը բացել հերթական զոհի համար։ Չգիտեմ, կարողացա՞ նկարագրել այդ խորհրդաշատ պատկերի էությունը, այն, որ հաճախ ենք լսել մեծամեծների, փառքի բարձունքների հասած հզորների անփառունակ վախճանի մասին։ Դրանցից մեկի մասին կուզենայի գրել, քանզի անձամբ եմ տեսել ու համոզվել, որ ամենակուլ ժամանակը գետնում է նաև ամենահզորներին։
Երբ տարիներ առաջ դասավանդում էի Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանում, ինձ ասացին, որ վարժարանի մարզադահլիճում մի գաղտնի դուռ կա, որը տանում է դեպի ավերված, կիսաքանդ, բորբոսնած քարերով կառույցը։ Որպես նշանակալից ու հետաքրքիր պատմական տեղեկություն, իմանանք, որ այդ վարժարանի շենքը կառուցված է Իսրայելի արքա Հերովդես Մեծի պալատի փլատակների վրա: Մահկանացու մարդկանցից ո՜վ կարող էր մտածել, որ մի ժամանակ Հիսուսին սպանել ցանկացող, բազում մանուկներ կոտորող, սարսափազդու և դաժան Հերովդեսի շքեղ պալատը պիտի անշուք փլատակի վերածվի, և հայոց ազգի պատանիները պիտի քայլեն դրանց վրայով, իսկ դասերի ժամանակ պիտի Հիսուսի կյանքի մասին սերտեն, ու Նրա անունով աղոթքներ անեն, ու կրոնի դասերից Իսրայելի թագավորների պատմությունը անցնելիս, պատուհանից պիտի իրենց աչքերով տեսնեն Դավիթ արքայի պալատը։ Իսկ Հերովդեսի գերեզմանը, որը գտնվում է Երուսաղեմի հարուստների թաղամասում, ոչնչով աչքի չի ընկնում, իր անշուքության պատճառով. մեր հարուստների գերեզմանները տասնապատիկ շքեղ են նրա գերեզմանից։ Ահա և ողջ կյանքում փափագած աշխարհիկ ու անցողիկ փառքի թոշնած դափնիները, ինչին խաբվեցին աշխարհի շատ հզորներ։
Իսկ հիմա էլ որպես ապացույց ասվածի, կարդանք երբեմնի աշխարհասասան Բյուզանդիայի կայսրերի վախճանաբանության թվական տվյալների մասին։ Չորրորդ դարից մինչև 15-րդ դար իրար հաջորդած կայսրերից միայն 30-ն են մահացել սեփական մահով, իսկ մնացածներից 12-ը ժամանակից շուտ ստիպված են եղել հրաժարական տալ, 18-ը բանտի տաժանակիր կապանքներում են մահացել, ևս 18-ի ձեռքերն ու քիթն են կտրել, որպես անարգանք, իսկ 20-ին խեղդամահ արել։ Հիմա տեսա՞ք, որ աշխարհի փառքն ու մամոնայի կուռքը մահաբեր դամոկլյան սուր են դրանց ձգտողների համար։
Ամբակում մարգարեն դեռ իր ժամանակ տեսավ այս մարդկային ախտը և ձայնեց առ Աստված. «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր մարդկանց, որ մեծամեծները կուլ են տալիս փոքրերին ծովի ձկների նման: Քանզի տեսա, որ դատավորը կաշառքի ուժով թյուրեց օրենքը, իսկ Դու ներում ես, ինչն էլ ինձ ցավալի է: Արդ, հայտնի՜ր ինձ Քո խորհուրդները»: Եվ Աստված պատասխանեց նրան. «Թեպետև կարողանաս անձրևի անթիվ կաթիլներն ու ծովի ավազը հաշվել, որն անհնար է, Իմ խորհուրդները չես կարող իմանալ, որովհետև ապագայում պահել եմ մի օր, երբ պիտի դատեմ բոլորին»: Իսկ Պողոս առաքյալը զգուշացնում է. «Սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը» ու շարունակում է. «Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ի՞նչ ասենք մեղավոր ամբարիշտի մասին»։
Իր մահից առաջ մեծ փառքի հասած սուլթան Սուլեյմանը կանչեց երկրի բանակի գլխավոր հրամանատարին և հայտնեց իր երեք ցանկությունը։
Նա հրամայեց, որ իր պատգարակը ձեռքերի վրա տանեն Օսմանյան կայսրության տվյալ ժամանակի լավագույն բժիշկները:
Նրա երկրորդ ցանկությունն էր, որ ողջ ճանապարհին, որով կտանեն պատգարակը, ոսկե դրամներ և թանկարժեք քարեր շաղ տան:
Նրա երրորդ ցանկությունն էր, որ ձեռքերը կախված լինեն պատգարակից և տեսանելի լինեն բոլորին:
Երբ զորահրամանատարը, լսածից շփոթված, հարցրեց նման ցանկությունների պատճառը, սուլթան Սուլեյմանը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Թող լավագույն բժիշկները տանեն իմ պատգարակը, և թող բոլորը տեսնեն, որ մահվան դեմ անզոր են նույնիսկ լավագույն բժիշկները:
Շաղ տվեք իմ վաստակած ոսկին, թող բոլորը տեսնեն, որ այն հարստությունը, որը մենք ձեռք ենք բերում այս կյանքում, այստեղ էլ մնում է:
Եվ վերջապես, թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ նույնիսկ ողջ աշխարհի փադիշահը՝ սուլթան Սուլեյման Քանունին, այս աշխարհից հեռացավ դատարկ ձեռքերով և ունայն փառքով»։
Տարեց մարդիկ կհիշեն, թե խորհրդային տարիներին մեր շրջապատում ինչքան կարմրապաստառ լոզունգներ կային, կոմունիզմի գալուստի փուչ խոստումներով, իսկ ամենաշատը տարածված էր, «Փա՜ռք աշխատանքին» լոզունգը, բանական մարդկանց իջեցնելով անբան անասունների շարքը, նրանցից խլելով Աստծո այն փառքը, որ Տիրոջ հավատքի միջոցով է ստանում մարդը։
Մենք էլ դիմակայենք նյութապաշտության ցեխի մեջ տանող մտքերին ու գայթակղություններին, աղոթելով այսպես.
«Փառք Աստծուն Իր տվածի ու չտվածի համար նույնպես»։
ՈՒ որպես վերջաբան, կարդանք աշխարհի փառքը ունայնություն համարող Դավթի սաղմոսի խրատական խոսքերը ուղղված յուրաքանչյուրիս (Սաղմոս 48-ից և 38-ից)։
« ...Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան,
քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի:
Նրա անձը կօրհնուի իր կենդանութեան ժամանակ...,
բայց նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի:
Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց:
...Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի:
Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում ու գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար»:
Ասել է` մամոնա-հարստությունը փառքի ձգտող մարդու համար գրգռիչ խթան է, իսկ Երկնքի արքայություն քայլողի համար ընդամենը թրիքի մի կույտ, որը միայն պարարտանյութ կարող է դառնալ, քանզի հարստության միջոցով կարելի է բազում բարիքներ գործել մարդկանց օգնելու համար։
ՈՒրեմն մենք էլ իմաստուն լինենք ու չխաբվենք այս անցողիկ աշխարհի սին փառքին ու չտրվենք նրա փուչ մամոնայի գայթակղությանը, այլ Երկնայինը փնտրենք, որ անանց է ու հավիտենական. քանզի գրված է. «Որտեղ գանձերդ են, այնտեղ էլ սիրտդ»։


Քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ