Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գրեթե բոլոր հարցերի պատասխանը տրված է

Գրեթե բոլոր հարցերի պատասխանը տրված է
26.05.2015 | 12:43

Տասնյոթ տարի հավատարմորեն ծառայելով «Բարսելոնին» ու նրա հետ նվաճելով բոլոր հնարավոր բարձունքները, որոնք կարող են լինել ակումբային ֆուտբոլում, հարազատ ակումբին հրաժեշտ տվեց մեր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը` Չավին: ՈՒ թեև խաղավարտին բավական ժամանակ կար, «Նոու Կամպը» ոտքի վրա, երկարատև ծափահարություններով ճանապարհեց լեգենդին` այդպես վարձահատույց լինելով նրան: Իր ավագին ինքնամոռաց ծափահարում էր «Բարսելոնը», ծափահարում էր և մրցակիցը` «Դեպորտիվոն», ու մրցավարը ստիպված էր խոնարհաբար հանդուրժել խաղի հարկադիր դադարը, որովհետև մեծերին չի կարելի շտապեցնել. նրանց պիտի թույլ տալ հեռանալ արքայավայել:


ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի վերջին տուրը լի էր անակնկալներով, որոնք սակայն արդեն իսկ ոսկին, արծաթն ու բրոնզը նվաճած «Բարսելոնին», մադրիդյան «Ռեալին» ու «Աթլետիկոյին» չէին վերաբերում. պայքարն այստեղ ավելի շատ վերաբերում էր միանգամից մի քանի ակումբի ինչպես գալիք մրցաշրջանի առաջնությունում մնալ-չմնալուն, այնպես էլ Չեմպիոնների լիգային մասնակցել-չմասնակցելուն:
Սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղալով երբեմնի ամենազոր «Դեպորտիվոյի»` սուպեր «Դեպորի» հետ` կատալոնյան «Բարսելոնը» հիրավի արքայական նվեր արեց մրցակցին` մեծահոգաբար թույլ տալով մնալ բարձրագույն լիգայում (եթե խաղի հաշվի առնչությամբ որևէ մեկն այլ կարծիք ունի, ինչ ասեմ, Աստված իր հետ): Ոչ պակաս հանդուրժող եղավ և Մադրիդի «Աթլետիկոն» «Գրանադայի» հետ մրցակցությունում. գոլազուրկ ոչ-ոքին այստեղ վերջինիս նույնպես հնարավորություն տվեց մնալու Լա լիգայում, իսկ ահա «Էյբարը», որ քրտնեց «Կորդոբայի» հետ խաղում (3:0), նրա հետ միասին հարկադրված է լքել բարձրագույնը:
«Էյբարի», ու «Կորդոբայի» ճակատագրին արժանացավ և «Ալմերիան», որի բախտը չբերեց այնքանով, որ մրցակից ուներ Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար պայքարող «Վալենսիայի» հետ: Դրամատիկ մարտն այստեղ ավարտվեց վերջինիս հաղթանակով` 3:2 (խաղում հաշվի մեջ երկու անգամ առջևում է եղել «Ալմերիան»): Նույնպիսի հաշվով (նույնպես արտագնայում) ավարտվեց «Մալագա»-«Սևիլիա» հանդիպումը, սակայն եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի ուղեգիրը մեկն էր: Ինչ վերաբերում է մրցաշարային առումով ոչինչ չասող «Ռեալ» Մադրիդ-«Խետաֆե» հանդիպմանը, արքայականը պարզապես զվարճացավ: 7:3 հաշվի պարագայում այլ բնութագրական պարզապես սազական չէ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Որ բունդեսլիգայի չեմպիոնությունը «Բավարիան» վաղուց է նվաճել, ընթերցողը հրաշալի գիտի, թերևս չգիտի միայն վերջին հանդիպման արդյունքը: Մյունխենցիների համար այն հաղթական է եղել. 2:0 հաշվով առավելությունը ձևակերպվել է «Մայնցի» հետ մրցակցությունում: Ինչ վերաբերում է արծաթի ու բրոնզի համար պայքարին, երկրորդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգին» կատարյալ ճակատամարտ տվեց «Քյոլնը»` «Գայլերին» ստիպելով բավարարվել մեկ միավորով` 2:2: Շատ ավելի դրամատիկ զարգացումներ եղան Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Աուգսբուրգ» հանդիպումում, որտեղ տանտերերին բացառապես հաղթանակ էր պետք` մինչ այդ իրենից երկու միավոր ավելի ունեցող «Վոլֆսբուրգին» շրջանցելու համար: Սակայն արդյունքը եղավ հակառակը: Գլադբախցիները զիջեցին 1:3 հաշվով` բավարարվելով բրոնզե մեդալներով:
Մրցաշարային աղյուսակը յոթերորդ տեղում ավարտեց առաջնության առաջին փուլը կատարելապես ձախողած Դորտմունդի «Բորուսիան»: «Վերդերի» հետ նրա տնային հանդիպումը հաղթական էր` 3:2: Հանգամանքների բերումով յոթերորդ տեղը «Բորուսիային» հնարավորություն է տալիս մասնակցելու Եվրոպայի լիգայի գալիք խաղարկությանը ու կախված չլինելու երկրի գավաթի եզրափակչի ելքից: Նշենք, որ գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:

ՖՐԱՆՍԻԱ
Այստեղ էլ բոլոր վերջակետերը դրվեցին, ու որքան էլ «Մոնակոյի» հնարավոր վրիպման սպասման մեջ չորրորդ-հինգերորդ հորիզոնականներում գտնվող «Մարսելն» ու «Սենտ Էտիենը» հաղթանակով ավարտեցին հանդիպումները «Բաստիայի» (3:0) ու «Գենգամի» հետ, այդուհանդերձ մոնեգասկներն էլ իրենց շանսը բաց չթողեցին: «Լորիանի» նկատմամբ հաղթանակը խաղահաշվի առումով թեև համեստագույններից էր, այդուհանդերձ նրանց բերեց առաջնության բրոնզն ու Չեմպիոնների լիգայում կրկին հանդես գալու հնարավորությունը: Ճիշտ է` որակավորման փուլից: Հիշեցնենք` սա այն «Մոնակոն» է, որն այս խաղաշրջանում բոլորին հաճելիորեն զարմացրեց Չեմպիոնների լիգայում` հասնելով քառորդ եզրափակիչ:
Դառնալով առաջնության ոսկին ու արծաթը վաղօրոք նվաճած «Պարի Սե Ժերմենին» ու «Լիոնին»` երկուսն էլ հաղթանակ են տոնել: Չեմպիոնը 3:2 հաշվով պարտության է մատնել «Ռեյմսին», փոխչեմպիոնն առավելության է հասել «Ռենի» նկատմամբ` 1:0: Մրցաշրջանի արդյունքներով դիվիզիոնը լքել են «Էվիանը», «Մեցը», «Լենսը»:

ԱՆԳԼԻԱ
Սեփական հարկի տակ «Արսենալը» 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ, ինչին, ի դեպ, ոչ մեկն էլ չէր կասկածում, այդ թվում` «Մանչեստր Յունայթեդը», ու տիրացավ բրոնզե մեդալներին:
Մանչեստրցիներին լոնդոյան խաղի համատեքստում հիշատակեցինք զուտ նրա համար, քանզի այդ նրանք էին, որ դեռ կարող էին խանգարել Վենգերի գլխավորած թիմի մեդալակիր դառնալուն: Ինչ վերաբերում է վան Գալի սաներին, արտագնայում ոչ-ոքի` 0:0 խաղացին «Հալ Սիթիի» հետ` վերջինիս համար վերջնականապես մարելով պրեմիեր լիգայում մնալու հույսը: Իսկ չեմպիոնն ու փոխչեմպիոնը վերջին տուրում հաղթական հանդիպումներ ունեցան: «Չելսին» տանը պարտության մատնեց «Սանդրլենդին» (3:1), «Մանչեստր Սիթին»` «Սաուտհեմպտոնին» (2:0):

ԻՏԱԼԻԱ
Եվրոպական առաջատար հնգյակի երկրներից Իտալիան միակն է, որտեղ առաջնության ավարտին դեռևս մեկ տուր կա, ու դեռևս հստակություններ չկան` «Ռոմա՞ն», թե՞ նրանից ընդամենը մեկ միավորով հետ մնացող «Լացիոն» է լինելու երկրի թիվ երկու թիմը: Ինտրիգը խորանում է նաև նրանով, որ երեկ ավարտված նախավերջին տուրում հենց նրանք էին մրցում իրար հետ: Քանի որ հանդիպման արդյունքը չգիտենք, ասենք, որ ոչ-ոքիի դեպքում այդ ինտրիգը կտեղափոխվի վերջին տուր, ու իտալացիները մինչև վերջ կունենան գերլարված առաջնություն: Իսկ չեմպիոնը, որ «Յուվենտուսն» է, հերթականում կրկին հաղթանակ տարավ, թեպետ ակնկալվում էր, որ «Նապոլին», որը դեռևս տեսականորեն պահպանում էր մեդալային շանսեր, ճակատ կտա մրցակցին: Բայց` ոչ, «ծեր սինյորան» իրեն պարտվելու շռայլություն թույլ չտվեց` 3:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ