Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բողոքը փողոց է դուրս գալիս

Բողոքը փողոց է դուրս գալիս
28.05.2015 | 18:02

ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ: Արդեն տասնյակ հրապարակումներ են եղել, որոնք հիմնավորում են, որ թանկացումը կամայական պահանջ է և կուտակված պարտքերը հետևանք են անարդյունավետ կառավարման ու պարզապես կողոպուտի: Որքա՞ն են այդ հրապարակումները հիմնավոր, կարող էր պարզել դատարանը, բայց դա վիրտուալ տարբերակ է՝ ո՞վ է դատի տալու ՀԷՑ-ի ռուսական կառավարչին: Առավելագույնը ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերի ու հասարակության բողոքն է, որին իշխանությունը չի խանգարում, իսկ դա արդեն չբարձրաձայնվող համաձայնություն է:

Երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան սկսվելով Ազատության հրապարակից շարունակվեց երթով ու լավ իրար խառնեց Երևանն ու ավարտվեց Ազատության հրապարակում: Միջադեպեր համարյա չեղան, համենայն դեպս ձերբակալվածներ չկան: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը` ներկայացրեց իրենց պահանջը իշխանություններին. «Առանց այդ էլ էլեկտրաէներգիայի ներկայիս գինը խիստ անհիմն է, և անցած տարում մենք զգացել ենք դրա բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Պահանջում ենք ոչ միայն ոչ մի լումա չբարձրացնել, այլև միջոցներ ձեռնարկել` սակագինը նվազեցնելու համար»։ Նա կոչ արեց պատրաստ լինել ակցիաների, բոյկոտների, անհնազանդության և նույնիսկ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու։ Ի՞նչ կանեն հետո: Կախված է, թե ինչ կանի իշխանությունը: Համենայն դեպս՝ հունիսի 19-ին Ազատության հրապարակում նորից հանրահավաք կլինի, որտեղ կորոշեն իրենց հետագա անելիքները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, 2008-2012-ին ՀԷՑ-ը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար արտադրող ընկերություններին վճարել է միջինը 9,82 դրամից մինչև 14,92 դրամ, բնակչությանը 1 կՎտ.ժ-ը վաճառել է ցերեկը 25 դրամով, գիշերը՝ 12 դրամով:
2013 թվականի հուլիսից 1-ից կՎտ.ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձավ 38 դրամ, ՀԷՑ-ը 1 կՎտ.ժ-ը արտադրողներից միջինը գնել է 18,34 դրամով:
2014 թվականի օգոստոսի 1-ից սակագինը կրկին բարձրացվեց․ 1 կՎտ.ժ դարձավ ցերեկը 41,85, գիշերը՝ 31,85 դրամ, բայց նույն տարում ՀԷՑ-ը 1կՎտ.ժ էլեկտրաէներգիան գնել է միջինը 21,40 դրամով:Նման բիզնես ունենալով՝ ռուսաստանյան Интер РАО ЕЭС-ին պատկանող ընկերությունը պետք է լիներ Հայաստանի ամենաշահութաբեր ընկերություններից մեկը: Ըստ ընկերության հաշվետվությունների՝ 2008 թվականից ի վեր ՀԷՑ-ի վնասները ավելի քան երկու անգամ գերազանցել են ստացված շահույթը: 2008, 2010, 2011 թվականները ընկերությունը փակել է շահույթով, ընդհանուր առմամբ՝ 16,7 միլիարդ դրամ, 2009, 2012, 2013 թվականներին ընկերությունը կրել է հսկայական վնասներ՝ 41,6 միլիարդ դրամ։ Տարբերությունը կազմել է 24,9 միլիարդ դրամ: Ինչո՞ւ էր ընկերությունը լռում 2009-ից վնասով աշխատելով, եթե իրոք եղել է վնաս և այդ «վնասը» շատ ձեռնտու չի եղել:
Բողոքի ակցիան ոչ միայն բազմամարդ, այլև բազմակուսակցական էր, բայց կուսակցությունները մասնակից էին, գործող անձը երիտասարդներն էին ու նրանց ոգևորությունը տեղ-տեղ դուրս էր գալիս «Ո՜չ թալանին» տրամաբանությունից ու վերածվում էր ազգային-ազատագրական երգեցողության՝ հավանաբար առաջին հանրապետության տոնի նախօրեն էր ազդել: Բայց, ի տարբերություն «համաժողովրդական» անվանված ու արդեն փակված շարժման էջի, այս էջը բացվելու դեպքում խոստանում է անակնկալներ՝ լինելով կոնկրետ ռացիոնալ, բայց առավել քան իռացիոնալ՝ ելնելով մասնակիցների տարիքից, ձևաչափից ու պայքարի ձևերից: Ի տարբերություն իրենց հայրերի՝ նրանք չենք գնա Ռուսաստան, նրանք այդպես անկազմակերպ, երգելով ու անկապ կոչեր հնչեցնելով՝ կհասնեն իրենց ցանկացածին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայցը քննարկելու համար խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին: Ժամանակ կա՝ որոշելու դարձյա՞լ սպառողը պետք է վճարի իր չստացած ծառայությունների դիմաց, թե՞ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջին անգամ իր պատմության մեջ կասի՝ ոչ: Սպասելիքները մեծ չեն, բայց, դատելով մերձիշխանական կուսակցությունների բողոքի ալիքին միանալուց, գուցե այս անգամ իշխանությունը որոշել է լսել սպառողի ձայնը: ՀԷՑ-երի սեփականատիրոջ հնարավոր փոփոխությունն էլ հաշվի առնելով: Թանկացնելով էլեկտրաէներգիան՝ թանկացվելու են լայն սպառման ապրանքները: Անխուսափելիորեն, այնպես որ սոցիալական բողոքի ալիքը շարունակելու է բարձրանալ:

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ