«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Էդվարդ Նալբանդյանը Սիրիայում

Էդվարդ Նալբանդյանը Սիրիայում
29.05.2015 | 12:43

Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-‪Ասադ‬ի հետ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ի այցը Սիրիա:‬‬‬ Նախագահ Բաշար ալ-Ասադը Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա կարևոր է համարել՝բարձր գնահատելով սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նախարար Նալբանդյանն ասել է, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։ Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015-ին, նշել է. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների դաժան ոճրագործությունները։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ապրիլին՝ Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, որ հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսևորումն է: Սիրիայի նախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի նախագահն ընդգծեց, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարևոր է հանդուրժողականության և բազմազանության տեսանկյունից։ Նախագահ Ասադը, արժևորելով հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման և երկրում կայունության ապահովման գործում, խնդրել է իր բարեմաղթանքները և հարգանքի հավաստիքը փոխանցել սիրիահայ համայնքին, որոնց ներկայացուցիչների հետ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց օրվա երկրորդ կեսին։ Սիրիայի նախագահը խնդրեց իր ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-‪‎Մուալլեմ‬ի հետ:‬‬
Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։ Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով: Սիրիայի արտգործնախարարը արժևորել է ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։ Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը և Վալիդ ալ-Մուալլեմը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։
Այցի օրակարգում է եղել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-‪Լահամ‬ի հետ:‬‬ Նալբանդյանն անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությանը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ կարևորելով խորհրդարանականների դերը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման գործում: Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում իրավիճակի կայունացման խնդիրներ։ Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։ Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։ Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը։ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի ԱԺ պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և կարևորել է հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրել, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։ «Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել Հայաստանում ու Սիրիայում»,- շեշտեց արտգործնախարար Նալբանդյանը։ Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել Սիրիա այցելելու համար՝ համարելով սիրիահայության հետ համերաշխության և ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցության դրսևորում։ Սիրիահայերը կարևորեցին Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։ Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է սիրիահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ