«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պուտինը ստել է իր ժողովրդին

Պուտինը ստել է իր ժողովրդին
30.05.2015 | 12:22

Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն ուղիղ ռազմական միջամտություն է կատարել Արևելյան ՈՒկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի մեջ է ներքաշել իր երկիրը և ստել է ժողովրդին, ասված է զեկույցում: Նշվում է, որ «օգտագործելով փետրվարին ձեռք բերված հրադադարը և ռազմական գործողությունների ակտիվության նվազումը՝ նախագահ Պուտինը շարունակել է զենք ու զինամթերք տրամադրել անջատականներին պատերազմի հաջորդ փուլին նախապատրաստվելու համար»։
ՈՒկրաինայում 2014 թվականի ապրիլին սկսված բանակի և ռուս անջատականների պատերազմում սպանվել է առնվազն 6100 մարդ։ Հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենածանր ճգնաժամին։ Զեկույցը կազմած փորձագետները հավաքել են արբանյակային լուսանկարներ, սոցիալական ցանցերում տեղադրված ֆոտո- և տեսանյութեր, փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «ՈՒկրաինայի արևելքում պատերազմը մղում են ռուսական զենքով, ռուս զինվորները` Պուտինի աջակցությամբ»։
Կրեմլը շարունակում է պնդել, որ ռուս անջատականները ուկրաինացիներից խլած զենքն են օգտագործում, և Ռուսաստանը պատերազմի հետ կապ չունի, Ատլանտյան խորհրդի փորձագետներն ասում են, որ անջատականներն ունեն զինատեսակներ, որոնք ՈՒկրաինայի բանակը երբևէ չի ունեցել։ Այդ զինատեսակներից մեկը T-72B3 տանկն է, որը T-72-ի արդիականացված տարբերակն է և նույնիսկ ռուսական բանակում չի եղել մինչև 2013-ը։ Նման օրինակներ էլի կան` «Պանցիր-S1» տեսակի հակաօդային համակարգը, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներով փոխադրվող SA-22 և «2B26 Գրադ» տեսակի հրթիռային կայանքները: Ռուսաստանի զինված ուժերն այդ զինատեսակները 2012-ին են ստացել։
Ըստ զեկույցի՝ փաստերը վկայում են, որ պատերազմի ամենավճռական ժամանակաշրջաններում ռուսները հրետակոծել են ՈՒկրաինայի տարածքը ոչ միայն անջատականների հսկողության տակ գտնվող շրջաններից, այլև ՌԴ տարածքից։ Այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները։ Դրանք ապացուցում են նաև ռուսական զինված ուժերի գերակտիվ գործողությունները սահմանամերձ շրջանում, որտեղ ռուսները վրանային ավաններ, հրետանի և հրթիռային կայանքներ են տեղակայում։ Կրեմլն ակտիվությունը բացատրում է զորավարժություններով, սակայն ըստ Ատլանտյան խորհրդի փորձագետների՝ դրանք ավելի շատ խոսում են նոր պատերազմի նախապատրաստվելու մասին։
Զեկույցում ասվում է, որ ՈՒկրաինայի սահմանին կուտակված ստորաբաժանումների հրամանատարները զինծառայողներին հրամայել են համազգեստից հեռացնել տարբերանշանները, պիտակները և որևէ այլ գրություն։ Ըստ փորձագետների՝ Ռուսաստանն ՈՒկրաինայի արևելքում ունի մոտ 15 հազար զինծառայող, իսկ Ռուսաստանի տարածքի սահմանամերձ գոտիներում` մոտ 50 հազար։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ