Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փառք տվեք Աստծուն և ամեն օր շնորհակալ եղեք Նրանից

Փառք տվեք Աստծուն  և ամեն օր շնորհակալ  եղեք Նրանից
02.06.2015 | 11:03

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ, և մենք ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից:
Հետաքրքիր հարց է: Օրինակ, լսում եք, որ ձեր ծանոթներից մեկը հիվանդ է և հիվանդանոցում է: Անմիջապես թողնում եք ամեն ինչ ու գնում նրա մոտ: Ձեզ տեսնելով՝ հիվանդի տրամադրությունը փոխվում է, ուրախանում է, ժամանակավորապես մոռանում է իր ցավերն ու ջերմորեն զրուցում է ձեզ հետ: Բավական ժամանակ մնալուց հետո, նրան առողջություն մաղթելով հրաժեշտ եք տալիս՝ մի բարի գործ կատարած տրամադրությամբ:
Ի՞նչ եք կարծում, սա Աստծուն փառք տալ չի՞ նշանակում, չէ՞ որ դուք այս պահին ձեր այցելությամբ մի բարի և հրաշալի գործ կատարեցիք, հիվանդի տրամադրությունը բարձրացրիք, նրա մեջ հույս արթնացնելով կյանքի նկատմամբ։ Եվ այսպես տարբեր առիթներով. այցելություն ծնողներին, հարգանք նրանց նկատմամբ, սեր մարդկանց հանդեպ, համերաշխություն ընտանիքի անդամների և, ինչո՞ւ չէ, աշխատանքի վայրում: Բարություն, արդարություն, մաքրություն, համերաշխություն, խաղաղություն, սեր. սրանք բոլորն էլ Աստծու հատկանիշներն են, որոնք Նա ներարկեց իր նմանի՝ մարդու մեջ: Եվ այս բոլորը կատարելով, դուք փառք եք տալիս ձեզ Ստեղծողին՝ Աստծուն, և ոչ միայն փառք եք տալիս, այլև գոհանում եք ձեր ունեցածով։ Փառք տալ նշանակում է գոհ լինել:
Փա՜ռք տվեք և շնորհակալ եղեք, որ ապրում եք: Իրականությունը դժբախտաբար այլ է. այսօր ավելի շատ բողոքողներ ու գանգատվողներ կան Աստծուց, քան շնորհակալ եղողներ:
Այս պատմությունը կարծում եմ հետաքրքիր կլինի ձեզ համար:
«Մի մարդ մահանում է և գնում երկինք: Աստծու մոտ գնալու ճանապարհին, նա տեսնում է երկու հրեշտակների: Նրանցից մեկը սուրճ էր խմում, գիրք կարդում և երբեմն էլ պատասխանում էր հեռախոսազանգերի: Երկրորդ հրեշտակը չափից ավելի զբաղված էր, նա ընդունում էր բազմաթիվ իմեյլներ, համակարգչով պատասխանում էր շատ ու շատ հարցերի և այլ պարտականություններ կատարում: Մի խոսքով համեմատած առաջին հրեշտակի հետ, այս մեկը չափազանց զբաղված էր:
Մարդը, բարկացած այսպիսի անարդարության դեմ, շարունակում է իր ճանապարհը դեպի Աստված: Երբ հասնում է Նրա մոտ, վրդովված բացատրություն է ուզում, ասելով.
«Տեր Աստված, ես գիտեմ, որ Դու արդար, մաքուր ու անաչառ ես և բոլորին էլ սիրով ես վերաբերվում: Ես ուղղակի զարմացած եմ այն անարդարության վրա, որ տեսա իմ ճանապարհին»: Եվ պատմում է երկու հրեշտակների մասին ու սպասում պատասխանի:
Աստված նրան ասում է ժպտալով. «Բայց վրդովվելու կարիք չունես, քանի որ ոչ մի անարդարություն էլ չկա այդտեղ: Առաջին հրեշտակը ընդունում էր այն մարդկանց շնորհակալությունը, որոնք ուղղված էին Ինձ: Տեսար, չէ՞, ինչքան քիչ էր: Այդ հրեշտակը ծույլ-ծույլ սուրճ էր խմում, քանի որ շնորհակալություն հայտնող համարյա չկա: Իսկ երկրորդ հրեշտակը, որը չափից ավելի զբաղված էր, ընդունում էր մարդկանց բողոքներն ու գանգատները, որոնք, ինչպես տեսար, շատ ու շատ են»:
Այս պատմությունը ցույց է տալիս, թե մարդիկ ինչքան սխալ ճանապարհի վրա են: Անընդհատ բողոքում են, նեղվում, բարկանում, մտահոգվում և աղոթքի կյանքով էլ չեն ապրում: Երբ հարցնում ես՝ ինչպե՞ս ես, պատասխանը ժխտական է՝ մի օր լավ կլինեմ: Իսկ թե ո՞ր օրն է գալու այդ լավ օրը, անշուշտ ոչ նա գիտի, ոչ էլ որևէ մեկը: Իսկ ճիշտ չի՞ լինի, եթե նա պատասխանի՝ փա՜ռք Աստծու, շնորհակալ եմ իմ այսօրվա վիճակի համար, սրանից լավը չի կարող լինել: Այսպիսի մոտեցումը կոչվում է լավատեսություն, որը քեզ ուժ, հույս և լույս կտա քո խավարած ճանապարհին:
Սիրելի հայորդիներ, եկեք ամեն օր փա՜ռք տանք Աստծուն ու գոհանանք մեր վիճակով: Տերը մեզ հետ է, և եթե մենք էլ Նրա հետ լինենք, ոչ մեկից ու ոչնչից վախենալու բան չենք ունենա:

Տեր Հովսեփ Ա.
քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ