Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխարհն առանց Ռուսաստանի՞

Աշխարհն առանց Ռուսաստանի՞
12.06.2015 | 00:22

Քաղաքական բնույթի մի հեռուստահաղորդման ժամանակ Հայաստանը հեղեղած անդեմ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը եզակի ինքնահավանությամբ, հեգնական ժպիտը դեմքին փնովում էր բռնապետ Պուտինին, Ռուսաստանին, այդ երկիրը համարելով հետամնաց, անհեռանկար, անարժեք, վախկոտ և չգիտես էլ ինչ: Հայաստանի գրեթե բոլոր անհաջողությունները նա արդարացրեց Ռուսաստանի «հակահայկական» գործողություններով: Լսելով նրան, աշխարհից անտեղյակ մարդը կարող էր մտածել, որ այդ կին արարածը ներկայացնում է մոլորակի խոշորագույն բարեկեցիկ երկրներից մեկը՝ երջանիկ բնակչությամբ, հզոր էկոնոմիկայով, պայծառ դեմոկրատիայով, արդարամիտ, ազգասեր, ինտելեկտուալ ղեկավարությամբ, ներգաղթողների ձեռքը կրակն ընկած։
Զարմանում ես՝ ինչո՞ւ Հայաստանի որոշ քաղաքագետներ կույր են ձևանում՝ չտեսնելու համար այն, ինչ կատարվում է իրենց քթի տակ, և անօրինակ խիզախություն, եթե չասենք հերոսություն են դրսևորում ուրիշներին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին ու նրա ղեկավարին դատապարտելիս: Ինչքա՞ն կարելի է սեփական անկատարությունն արդարացնել օտարներով:
Սակայն քաղաքական բարոյախոսությունը չէ մեր այսօրվա նպատակը: Ռուսաստանյան մամուլում շրջանառության մեջ է դրվել բավականին անսովոր վերլուծական մի հոդված այն մասին, թե ինչ կլինի աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի հետ, եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը փլուզվի և վերանա որպես պետական սուբյեկտ: ՈՒշագրավ է, որ այդ երևույթի տեսական-երևակայական պատկերն ստեղծել է ռուսաստանցի մեր հայրենակից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 500-ից ավելի գիտական աշխատանքների և 40 մենագրության հեղինակ ՎԱՐԴԱՆ ԷՌՆԵՍՏԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Հոդվածն այդպես էլ վերնագրված է. «Աշխարհն առանց Ռուսաստանի»։
Ռուսաստանի դեմ այսօր համախմբվել են Արևմուտքի բոլոր ուժերը: Ֆուտուրոլոգները կանխատեսում են «վերջին կայսրության» կործանումը: Նկարագրվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական փլուզման սցենարի տարատեսակները: Ոմանք արդեն շփում են ձեռքերը: Եվ ի՞նչ, եթե Ռուսաստանն իրոք կործանվի: Ինչ հետևանքներ կունենա դա աշխարհի համար:
Եթե ելնենք դասական աշխարհաքաղաքական տեսություններից, Ռուսաստանի փլուզումը կդառնա Հարթլենդի պարտությունը և, համապատասխանաբար, Համաշխարհային կղզու, ատլանտիզմի ուժերի հաղթանակը, որոնք իրենց վերահսկողությունն են հաստատում մնացյալ աշխարհի նկատմամբ: «Դոմինոյի» սկզբունքով իրար հետևից կընկնեն Եվրասիայի պետությունները:
Սկզբում ճգնաժամային և քայքայման գործընթացները կներառեն «մերձավոր արտասահմանը»: ԱՊՀ-ն, Եվրասիական տնտեսական համագործակցությունը, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հարկադրված կլինեն ինքնակազմալուծվել: Հետխորհրդային տարածքում Մոսկվայի փոխարեն նոր քաղաքական հեղինակների ի հայտ գալով կսկսվի սահմանների վերաձևումը:
Նման վերանայումը առավել քան ակնհայտ կլինի Միջին Ասիայում: Փլուզման գործընթացը կտեղափոխվի Ղազախստան: Դառնալ ուժի տարածաշրջանային ինքնուրույն կենտրոն նա չի կարող: Ընկալվելով որպես եվրասիական գաղափարախոսության ժառանգորդ, նա անխուսափելիորեն կենթարկվի ամերիկամետ ուժերի հարձակմանը:
ՈՒզբեկստանի և Տաջիկստանի գալիք ներքին երկպառակությունները ևս կվերափոխեն սահմանագծերը: Նկատի ունենալով ուժի ավանդական կենտրոնների փլուզումը, Միջին Ասիայի կլանների թաքնված հակամարտությունը կթևակոխի տարածաշրջանային անջատողականության փուլը: Դեպի Մոսկվա կողմնորոշված Տաջիկստանին ու Ղրղզստանին կարող է սպասել աշխարհաքաղաքական կլանում. հարավից՝ Աֆղանստանի կողմից՝ Տաջիկստանի և Չինաստանի կողմից՝ Ղրղզստանի: Միջին Ասիայում իսլամական նվաճողականությունը կհանգեցնի իսլամիստների և աշխարհիկ վերնախավերի բախմանը: Տարածաշրջանը կմխրճվի քաղաքացիական պատերազմի հորձանուտի մեջ: Խորհրդային հանրապետությունների նախկին կուսկառույցից դուրս եկած ղեկավարները սրի կքաշվեն: Այս սցենարի դեպքում Միջին Ասիայի ներկա բոլոր նախագահների բախտը վճռված կլինի:
Եվ սա ավելի շատ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյին: Մինչ Պուտինին բռնակալության մեջ մեղադրելը, Բելառուսի նախագահը Արևմուտքում բնորոշվում էր որպես «Եվրոպայի վերջին բռնակալը»: Այսօր պատրանք գոյություն ունի, իբր հաշտություն է ձեռք բերվել Լուկաշենկոյի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մեջ: Սակայն նման կարգի հաշտություններ եղել են նաև Չաուշեսկուի, Միլոշևիչի, Հուսեյնի, Քադաֆիի կենսագրություններում: Արևմուտքը չի ներում հակաարևմտականությունը: Ռուսաստանի կործանումով Լուկաշենկոյի օրերը հաշված կլինեն: Բելառուսին, որը ԽՍՀՄ-ի բոլոր նախկին հանրապետությունների համեմատ առավելագույնս է պահպանել խորհրդային ավանդույթը, կսպասեն խստագույն ապախորհրդացման ժամանակներ:
Առանց Ռուսաստանի կործանման է դատապարտված Հայաստանը: Թուրքիայի և Ադրբեջանի աքցանները կսեղմվեն: 100 տարի հետո հայության նոր ցեղասպանությունը կրկին հրատապ իրողություն կդառնա: Ռուսաստանի փլուզման դեպքում ցեղասպանություն և արտաքսում է մասնավորապես նախածրագրված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Դրանցից հնարավոր չէ խուսափել, եթե թուրք-ադրբեջանական համատեղ հարվածի պատճառով ԼՂՀ-ն վերադառնա Բաքվի վերահսկողության ներքո:
Ռուսաստանի անկման պարագայում ցեղասպանության և արտաքսման նման նախածրագրավորում է առկա նաև Ղրիմի, Դոնբասի, Աբխազիայի, Մերձդնեստրի նկատմամբ: Այդ տարածքներում բնակվող ժողովուրդները պատասխան կտան իրենց ռուսամետ ընտրության համար:
Ադրբեջանում ամենայն հավանականությամբ կտապալվի Ռուսաստանի հանդեպ հանդուրժողական ալիևյան կլանը: Անդրազգային կորպորացիաների կողմից պայքար կծավալվի կասպիական նավթի վերահսկողության համար: Հավանաբար ադրբեջանական խաղաքարտը կօգտագործվի Իրանի դեմ պայքարում: Իրանցի ադրբեջանցիների հիմնախնդիրը կդառնա հակամարտության խթանիչը:
«Ծախսանյութի» բաժին է սպասում Վրաստանին, ՈՒկրաինային և Մոլդովային: «Մավրն իր գործը կատարեց, մավրը պետք է հեռանա»: Իրենց դերը խաղալով որպես Ռուսաստանի վրա ճնշման աշխարհաքաղաքական հարթակ, այդ ուղղափառ երկրները հետագայում կզրկվեն Արևմուտքի հովանավորությունից: Մոլդովան կմտնի Ռումինիայի կազմի մեջ: Հայաստանի վերացումից հետո Վրաստանը կհայտնվի մուսուլմանական պետությունների օղակի մեջ. հարավից՝ Թուրքիան, արևելքից՝ Ադրբեջանը, հյուսիսից՝ նախկին ռուսաստանյան տարածքում կազմավորված «Կովկասյան իմամաթի» նման մի բան:
Ռուսաստանի անհետացումով ՈՒկրաինայի քայքայումը ոչ միայն չի կանգնեցվի, այլև կընթանա ավելի արագացված ռեժիմով: Արևմուտքին պետք չէ Եվրոպայի արևելքում փռված ուղղափառ սլավոնական պետությունը իր մեծ տարածքով ու զգալի բնակչությամբ: Կուժեղանան Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի տարածքային պահանջները: Բուն ՈՒկրաինայի կողմից կսրվի ինքնությունների քաղաքական գերիշխանության պայքարը մալոռուսների և արևմտամետների, ուղղափառների և ունիատների միջև: Մինչ այդ, ինչպես ամենուրեք հետխորհրդային տարածքում, տեղի կունենան ռուսախոսների ջարդեր: «Մերձավոր արտասահմանի» բախտին կարժանանան նաև այլ տարածաշրջաններ: Աշխարհում ուժերի հավասարակշռության խախտումը կառաջացնի համապարփակ աշխարհաքաղաքական վերակառուցման ալիքներ:
Ռուսաստանի հետ կապված զսպումների բացակայության պայմաններում Արևմուտքը հնարավորություն կստանա իսկական թե կեղծ ռազմական միջոցներով տապալել իր կողմից «չարիքի առանցքին» դասված պետությունները՝ Կուբան, ԿԺԴՀ-ն, Սիրիան, Իրանը: Վերջինիս դեմ հատկապես կկազմակերպվի կոալիցիոն լայն ռազմարշավ: Կօգտագործվեն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Աֆղանստանի ուժերը: Ակնհայտ է, որ կխաղարկվեն քրդական ու ադրբեջանական անջատողականության գործոնները: Քրդստանի ստեղծման դոկտրինը կդառնա այն գործոնը, որը ԱՄՆ-ին թույլ կտա լեգիտիմացնել սահմանների վերանայումը աշխարհաշրջանում (միաժամանակ երեք պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Իրաքի):
Սիրիայից ու Իրանից հետո հերթը կհասնի Թուրքիային: Նոր իրողությունների պայմաներում ԱՄՆ-ի համար կվերանա Թուրքիայի անհրաժեշտությունը որպես հակակշիռ Ռուսաստանին, Սիրիային, Իրանին: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի փլուզումով առաջացած համապարփակ քաոսայնության պայմաններում հիանալի հնարավորություն կբացվի անմիջական վերահսկողության տակ առնելու Եվրոպան ու Ասիան միավորող կամուրջը՝ եվրասիական էներգահոսքերի անցման հանգուցային գոտին: Թուրքիայի քայքայման համար ակնհայտ միջոց է էթնիկական ապաինտեգրացման ավանդական գործոնը: Ներկայումս թուրքերը կազմում են երկրի բնակչության ավելի քան կեսը: Այդ առումով ապաինտեգրացման իրավիճակը առավել քան բարենպաստ է: 800 տարի անց Արևմուտքի «նոր խաչակիրները» գրավում են սուրբ Կոստանդնուպոլիսը:
Շիական ռեժիմի տապալումը Թեհրանում, ալավիներինը՝ Սիրիայում, քեմալական նացիոնալիզմի գաղափարախոսության վրա կառուցված Թուրքիայի փլուզումը հեռանկար են բացում իրականացնելու սուննիական խալիֆայության նախագիծը Մարոկկոյից մինչև Պակիստան: Ձեռնտո՞ւ է դրա ստեղծումը Վաշինգտոնին: Մի կողմից՝ ոչ: Ցանկացած հզոր աշխարհաքաղաքական ուժ իր հայտնության բուն փաստով քայքայում է գլոբալ միաբևեռ գերիշխանության իրադրությունը: Սակայն, մյուս կողմից, խալիֆայություն կառուցողների ռազմատենչությունը, գաղափարական խավարամոլությունը թույլ կտան հսկա աշխարհաշրջանը մխրճել «մութ միջնադարի» մեջ, ստեղծել անզարգացման գոտի: Զարգացած Արևմուտքը իրեն կենթարկի ինքնակործան պատերազմներով համակված Արևելքը:
Ռուսաստանի անկումից հետո աշխարհում Արևմուտքի միակ աշխարհաքաղաքական հակակշիռը կդառնա Չինաստանը: Եվ նա հաջորդը կլինի հերթի դրվածների մեջ: Համաշխարհային նախագծողի բոլոր ուժերը կնետվեն նրա դեմ: ՉԺՀ-ն կհայտարարվի նոր ու պատմականորեն վերջին չարիքի կայսրությունը: ԱՄՆ-ի յուրացրած Սիբիրը հակաչինական կդառնա հյուսիսից: Իսլամացված Միջին Ասիայի տարածքից կսկսվի արմատական իսլամի ուժերի ճնշումը: Չինաստանի արևմուտքի էթնիկական անջատողականությունը կթևակոխի պայքարի ակտիվ փուլ: «Չինական լիբերալիզմի» բնում՝ Հոնկոնգում, կբարձրանա «նարնջագույն հեղափոխության» դրոշը: Այդ երկու գծերի միջև առկա ուժերի ստուգումն արդեն իրականացվել է վերջին տարիներին: Երևան կգան ՉԺՀ-ի խոցելիության կետերը՝ մեծ կախվածությունը արտաքին առևտրից, տարածաշրջանային անհավասարակշռությունները, ուժեղացող սոցիալական բևեռացումը: Ռուսաստանին հետևած Չինաստանի փլուզումը է՛լ ավելի կուժեղացնի քաոսայնությունը աշխարհում: Չինական էկոնոմիկայի կշիռն աշխարհում շոշափելի է , և այդ ունեցվածքի յուրացումը խոշորագույն գլոբալ ցնցում կառաջացնի:
Ռուսաստանի քայքայումով կվերանա ամերիկյան նվաճողականության ռազմական զսպման գործոնը: ԱՄՆ-ը կստանա ուղղակի ռազմական թելադրանքի հնարավորություն ցանկացած երկրի նկատմամբ: Բնական է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական տեխնիկան մեկ օրում չի կարող անհետանալ: Խնդիրն այն է, թե ինչպես այն կբաժանեն, ում ձեռքը կընկնի այն փլուզման, անխուսափելի կոնֆլիկտների պայմաններում: Այդ տեխնիկան նոր կազմավորված պետությունների կողմից հավանաբար կկիրառվի: ԱՄՆ-ը, անշուշտ, կփորձի վերահսկողության տակ առնել Ռուսաստանի հրթիռամիջուկային զինանոցը: Սակայն չի բացառվում, որ դա նրան լրիվ չափով չհաջողվի: Միջուկային զենքը կընկնի նաև ծայրահեղականների ձեռքը, և այնժամ մեծագույն ողբերգության սպառնալիքը կկախվի ողջ մարդկության գլխին: Շարքից հանելով Ռուսաստանը, համաշխարհային տիրակալն իր ձեռքը կգցի աշխարհի խոշորագույն ռեսուրսաբազան: Հումքային շանտաժը, ինչի մեջ այսօր մեղադրում են Ռուսաստանին, գլոբալ բնույթ կկրի: Համաշխարհային պարազիտարիզմը կուժեղանա սկզբունքորեն: Ռուսաստանի նավթագազային համալիրի նկատմամբ ամերիկյան վերահսկողության հաստատման դեպքում Եվրոպայի էկոնոմիկան արդեն բացարձակ կախվածության մեջ կընկնի ԱՄՆ-ից:
Ռուսաստանի անհետացումը կպայմանավորի նաև այն երկու գերտերություններից մեկի վերացումը, որոնք մրցակցում էին տիեզերքի նվաճման ասպարեզում: Իսկ դրանով, ինչպես հայտնի է, մենաշնորհ է հաստատվում: Եվ ԱՄՆ-ի այդ մենաշնորհը, համապատասխանաբար, կնշանակի կապի համակարգի մենաշնորհացում, գլոբալ լրտեսահսկողության հաստատում:
Չի կարող չփոխվել միջազգային իրավունքի համակարգը: Վերացվում է մի պետություն, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Կսկսվի այդ կազմակերպության վերափոխումը, որի արդյունքը կդառնա արևմտյան գերիշխանությունն օրինականացնող նոր համակարգի ամրապնդումը:
Փլուզումը կդառնա ժողովուրդների նոր մեծ վերաբնակեցման պայթուցիչը: Միգրացիայի ալիքները կհեղեղեն Եվրոպան: Դրա զսպման համար աշխարհամասը ստիպված կլինի ֆաշիստականանալ:
Ռուսաստանը միասնական պետականության շրջանակում համախմբել է տարբեր էթնիկական ու կրոնական հանրություններ: Համախմբիչ ուժի վերացումը, փաստորեն, ծրագրավորում է հետռուսաստանյան տարածքի վերածումը պատերազմի գոտու: Մուսուլմանները կդիմակայեն քրիստոնյաներին, եկվորները՝ բնիկներին, ազգային փոքրամասնությունները՝ ռուսներին և միմյանց: Այդ բոլոր կոնֆլիկտները հնարավոր չէ լոկալ դարձնել: Ռուսաստանյան աղետի հորձանուտ կներքաշվեն ուրիշ քաղաքակրթություններ և աշխարհաքաղաքական տարածություններ:
Այսպիսով, Ռուսաստանի քայքայման սցենարը ցույց է տալիս, որ աշխարհում սկզբունքորեն տարբերակվում են մեծամասնության ու փոքրամասնության շահերը: ԱՄՆ-ի և նրա համաշխարհային գործակիցների համար Ռուսաստանի փլուզումը անհրաժեշտ միջոց է մնացյալ աշխարհի տիրակալմանը հասնելու ճանապարհին և ավելի կամ պակաս չափով կհանգեցնի աղետալի հետևանքների: Ռուսաստանի հետ մի շարք պետություններ ևս կդադարեն ֆիզիկապես գոյություն ունենալուց: Ամերիկյան գերիշխանությանը հակազդող ուժի բացակայության դեպքում ազգային պետությունները լրիվ կկորցնեն իրենց ինքնիշխանությունը:
Եվ այսպես, ոչ միայն Ռուսաստանի սոսկ գոյությունը, այլև նրա աշխարհաքաղաքական հզորությունը համապատասխանում են մարդկության մեծամասնության շահերին: Սակայն կա՞ նման ըմբռնում մարդկության կողմից: Կլինի՞ պայքար նրա համար: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը աշխարհի համար պետք է մանիֆեստացվի: Նման մանիֆեստը ենթադրում է գաղափարական վերաիմաստավորում բուն Ռուսաստանում:

Հրապարակման պատրաստեց

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Մոսկվա

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ