Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երեխայի արցունքը և տիեզերքի ներդաշնակությունը

Երեխայի արցունքը և տիեզերքի ներդաշնակությունը
16.06.2015 | 12:15

Անհանգրվան տարվեցիր
Երկրից երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ ունի երգ։
ՉԱՐԵՆՑ, «Requiem aeternam» (Կոմիտասի հիշատակին)

Տիեզերքը՝ «Գերագույն ներդաշնակությունը մի կաթիլ արցունքը չարժե այն տանջված երեխայի, որ իր փոքրիկ բռունցքով կուրծքն է ծեծում... Չարժե՛, որովհետև նրա արցունքները չհատուցված են մնում։ Պետք է հատուցվեն դրանք, այլապես ներդաշնակությունն անկարելի է։ Բայց ինչո՞վ, ինչով կհատուցես» (Ֆ. Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 1, Ե., 1970, էջ 386)։
Իսկ արցունքների քանի՜-քանի «նիագարաներ» են հոսել Հայոց ցեղասպանության օրերին։ Եվ ոչ միայն հայերի, այլև հույների, բուլղարների, սերբերի և այլոց։
Օսմանյան թուրքերի բարբարոսությունների մասին շատ են գրել, մասնավորապես, Դոստոևսկին, Վլադիմիր Սոլովյովը, Ֆրանց Վերֆելը։ Ցնցող դեպքեր են նկարագրված նաև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում։
Եղերական օրերին հատուկ ջանք էին գործադրում երեխաներին փրկելու համար։ Անդրանիկ զորավարը և նրա զինակիցները հավաքում էին որբացած երեխաներին և ուղարկում մանկատներ։ ՈՒ ասում էին, թե որբերին հավաքում են, որպեսզի «շիթիլ» անեն Հայաստանի համար։ Այս մասին տեղյակ քրդերը փնտրում-գտնում էին մանուկներին և մեկ ոսկով վաճառում հայերին։ Մի օր էլ ոսկին չհերիքեց, մինչդեռ մանկավաճառ քուրդը շարունակում էր սակարկել։ Եվ մտահոգ Անդրանիկը խնդրեց զինակցին՝ Ալադին Միսակին, քրդերեն մի խաղ ասել։ Նա երգեց նախ քրդերեն, հետո հայերեն մեկ այլ երգ։ Քուրդը, որ չէր ուզում զիջել որբուկին, արտասվեց ու ասաց. «Վերցրու... Քո երգը ոսկուց էլ զորավոր էր» (Խ. Դաշտենց, Ռանչպարների կանչը, Ե., 1984, էջ 333)։
Ըստ Գրիգոր Նարեկացու, ամենամեծ հրաշքն այն է, երբ մարդու սրտում տեղի է ունենում շրջադարձ դեպի Աստված։ Անշուշտ, զորավարը կարող էր որբին ուժով խլել քրդից, սակայն թողեց, որ «գեղեցիկը փրկի աշխարհը»։ Այսպես, երգի շնորհիվ, երեխան փրկվեց։
Սակայն հայ ժողովրդի երգերն էլ իրենց հերթին փրկության կարիքն ունեին։ «Որբացած» երգերի ճակատագիրն էլ նման էր աշխարհով մեկ ցիրուցան լինող հայերի ճակատագրին։ Եվ ինչպես Անդրանիկն ու մյուս հերոսները փրկում էին հայրենակիցներին, այնպես էլ Կոմիտաս Վարդապետը փրկում էր կորստյան մատնված երգերը։ Գրի էր առնում, մշակում, բազմաձայնում, «շիթիլ» անում ապագայի համար։ Մի կողմ թողած իր սեփական ստեղծագործական մտահղացումները, օպերային էսքիզները, Վարդապետը հասցրեց հավաքել մոտ 4000 երգ, և ոչ միայն հայկական։
Կոմիտասը բացահայտեց հայկական ժողովրդական և հոգևոր երգարվեստի լեզվամտածողությունը, պրոֆեսիոնալ երաժշտությունը սնուցելու անսպառ ներուժը։ Այս ամենը և Բեռլինում ստացած դասական կրթությունը, իր ամբողջ կենսափորձը հնարավորություն ընձեռեցին Կոմիտասին հիմնելու հայ կոմպոզիտորական դպրոցը։
Վարդապետի գրառած, մշակած երգերը, դրանց հնչերանգները բողբոջեցին, ծաղկեցին ու պտղաբերեցին Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց արվեստում։ Պատահական չէ, որ Ա. Խաչատրյանը Կոմիտասին համարում էր իր ամենամեծ ուսուցիչը։ Կոմիտասի ստեղծագործական ուղին դաժանորեն ընդհատվեց իր վերելքի պահին։
Անդրադառնալով 1915-ի ապրիլի 17-18-ին Պոլսում Կոմիտասի «Պատարագի» կատարումներին, նրա աշակերտ Միհրան Թումաճանը գրել է. «Այս «հրաշքը» կատարեցաւ յիսուն տարի առաջ, երբ Ծաղկազարդ էր ու Զատիկը մոտիկ... Կոմիտաս Վարդապետի հրաշափառ շնչով օծանված, այս հինաւուրց երգերու ՊԱՏԱՐԱԳԸ մատուցվեցաւ Ղալաթիո եկեղեցիին հնաբոյր կամարներուն տակ, առաջին անգամ ըլլալով» (Կոմիտաս, Պատարագ, Ե., 1997, էջ 175)։
«Պատարագի» 3-րդ կատարումը նախատեսված էր մայիսի 2-ին, «Կանաչ կիրակի» օրը։ Սակայն այն ձախողվեց։ Հայերի դեմ բռնությունների նոր ալիք բարձրացավ։ Տեղին է հիշել Կոմիտասին նվիրված Կոստան Զարյանի հետևյալ տողերը.
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի...
Բայց այդ կլինի հիշատակ
վերջին, վերջին մղձավանջ,
Որի դանակը մորթել էր երգդ և սիրտդ փակել թանձր խավարում...
Վերջին անգամ Կոմիտասի սիրտը «բացվեց» Պատարագի կատարումը ձախողվելուց երկու ամիս անց։ Վարդապետի սրտից բխեց իր վերջին երգը՝ «Հայր մեր» մանկական աղոթքը, որի նոտաների վրա գրված է. 1915 թ. հուլիս 12։
Այս երգում երեխան խնդրում է Աստծուն.
«Հայր մեր, տուր մեզ, տուր քո շնորհ, լիուլի ամեն օր.
Հայր մեր, կյա՛նք տուր մեր մայրիկին,
Կյա՛նք տուր մեր հայրիկին...»։

Այնուհետև նա խնդրում է օրհնել ու պահպանել՝ աջով ու սուրբ Խաչով։ Ըստ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի, այս երգը «Մեծ եղեռնի էությունը բացահայտող... վավերագրերի շարքում... թեև ծավալով փոքր, բայց իմաստով շատ խոր, մի մեղադրական է եղեռնագործներին...» (Կոմիտաս, Երկերի ժողովածու, Ե., 1979, էջ 18)։
Եվ որպեսզի օրհասական պահին իր ձայնը տեղ հասնի, Կոմիտասը Արարչին դիմել է անմեղ մանկան շուրթերով։ Սա հիշեցնում է հետևյալ դեպքը, որը Միշել Մոնտենը վկայակոչում է իր «Փորձեր» աշխատությունում։ Հնդկաստանի փոխարքա Ալբուկերկեի նավին մոտալուտ կործանում էր սպասում։ Եվ նա իր ուսերին նստեցրեց մի մանչուկի, միակ նպատակով, որ այդ անմեղ երեխան, որի հետ կապել է իր ճակատագիրը, օգներ արժանանալու Երկնավորի ողորմածությանը և փրկեր կործանումից» (Միշել Մոնտեն, Փորձեր, Ե., 1991, էջ 279)։
Այսօր, Մեծ եղեռնից 100 տարի անց, երբ Հայաստան-«տապանը» մոտենում է փրկության ափին, երբ «հացի տեղ ունենք երգ», հարկ է փայփայել, չմոռանալ մեր ժողովրդի, մեր Կոմիտասի այդքան թանկ գնով ձեռք բերված մշակութային ժառանգությունը։
Քանզի ինչպես ինքը՝ Վարդապետն է ասել. «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը» (Կոմիտասական, Ե., 1969, էջ 259)։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ