Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թող Հայոց մեծ սրբի հայրապետական օրհնանքն ու բարեխոսությունը լինեն մեր ազգին ու մեր ընտանիքներին օգնական և պահապան

Թող Հայոց մեծ սրբի հայրապետական օրհնանքն ու բարեխոսությունը լինեն մեր ազգին ու մեր ընտանիքներին օգնական և պահապան
19.06.2015 | 00:05

Ըստ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցի, Գրիգոր Լուսավորչին նվիրված մի քանի տոներ կան, որոնցից մեկն էլ պիտի նշվի այս շաբաթ օրը՝ հունիսի 20-ին: Ինչո՞վ է յուրահատուկ այս տոնը. ասենք, թեկուզ նրանով, որ այլևս ուրիշ նման տոն չունենք, որ նշվի որևէ սրբի նշխարների գյուտի մասին։ Ըստ մեր եկեղեցու ծիսական բառարանի, նշխարը սուրբ Հաղորդության համար պատրաստվող ալյուրից թխված հացի տեսակն է, բայց երբեմն այն օգտագործում են նաև «մասունք» բառի խորհրդով, այսինքն` սուրբ անձանց ոսկորների փոքրիկ մասերի խորհրդով:
Ընդհանրապես սրբերի նշխարների մասին բազմաթիվ վկայություններ կան ընդհանրական եկեղեցում, երբ Աստծո օրհնյալ սրբերի մասունքների միջոցով բազմաթիվ հրաշքներ ու բժշկություններ են կատարվել: Բայց հիմա պիտի խոսենք Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքների պատմության մասին, քանի որ այն թանկագին հիշողություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Ինչպես տեսաք, չգրեցի հայ քրիստոնյայի, այլ ընդհանրապես քրիստոնյաների համար, քանի որ Գրիգոր Լուսավորիչը միակ հայոց սուրբն է, ում հիշատակը տոնվում է առաքելահիմն բոլոր եկեղեցիներում, որքան էլ նրանք դեռևս բաժան-բաժան են միմյանցից:
Միայն վերջերս կաթոլիկ եկեղեցին 36-րդ տիեզերական վարդապետ հռչակեց սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Իսկ Գրիգոր Լուսավորիչ մեր հայոց առաջին հայրապետն այնքան մեծահարգ է, որ նույնիսկ նրա վեհաշուք արձանը կա Վատիկանի սրահներից մեկում։ ՈՒղղափառների Կոստանդնուպոլսի Այա Սոֆիա հրաշալի տաճարում նույնպես կա Գրիգոր Լուսավորչի խճապատկերը։ Իսկ Մոսկվայի Բարսեղ Երանելու տաճարի սրահներից մեկը կոչվում է սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: ՈՒ չնայած այսչափ օրինակներին, հենց մեր ազգի մեջ կան բազմաթիվ քրիստոնյա-աղանդավորներ, որոնց համար այդ մեծ անունը ոչ մի հարգանք չի առաջացնում. որքան էլ ցավալի, բայց փաստ է:
Հիմա մի քանի անհրաժեշտ տեղեկություն սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու մասին: Հայոց առաջին հայրապետի ննջման տարեթիվ է համարվում 426-ը, քանի որ այդ տարի Սեպուհ լեռան վրա, Մանյաց այրի մոտ, մի մեծ ծառի փչակում հովիվները գտել են մի պատկառելի ծերունու մարմին ու թաղել մոտակայքում, չիմանալով էլ, թե ով է նա: Բայց անցնում է որոշ ժամանակ, տեսիլքի միջոցով սուրբ Գրիգորը հայտնվում է իր աշակերտներից մեկին՝ Գառնիկին, և հայտնում իր մասունքների տեղը: Իմանալով այդ մասին` հոգևորականները, բարեպաշտ իշխանավորների հետ, հանում են սուրբ հայրապետի մասունքները և տանում Թորդան՝ նրանց տոհմի ընտանեկան ոստանը: Աշխարհում աստիճանաբար աճում էր Աստծո այդ ընտիր ծառայի փառքը, և շատերն ուզեցան ունենալ նրա սուրբ մասունքներից։ ՈՒ հետագայում դրանք տարան աշխարհի տարբեր երկրներ` Բյուզանդիա, Իտալիա, Հրեաստան և այլն:
Սուրբ հայրապետի մասունքի ամենակարևոր մասը՝ նրա սուրբ աջը, որով նա կնքել է հայոց ազգը, եկեղեցու հաստատման ու պահպանման հիմնանշանն է: Նույնիսկ Շահ Աբասը, երբ Հայաստանի ժողովրդին տեղահանելով Պարսկաստանի Ջուղա հասցրեց, որպեսզի պանդուխտ հայերը արմատ կապեն ու մնան այնտեղ, որոշեց նախ Գրիգոր Լուսավորչի Աջը բերել տալ Էջմիածնից, որով, ինչպես գիտենք, յոթ տարին մեկ օրհնվում է Սուրբ մեռոնը, դրանից հետո նա հրամայում է Մայր տաճարը քար առ քար քանդել ու Ջուղայում վերակառուցել: Առաջին քարերը տարան։ Բայց Աստծո Միածնի հաստատած տաճարը քանդել հանդգնողին Աստված պատժեց. քանդեց նրա թագավորությունը, և շուտով թշնամական պատերազմների մեջ մտնելով, Շահ Աբասը պարտվեց ու մեռավ:
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքի գանձարանում նույնպես կա գեղեցիկ ճաճանչի մեջ զետեղված սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից արմնկամասը: Ամենայն սրբոց տոնի ժամանակ վանքի բոլոր սուրբ մասունքները պահոցից դուրս են հանում, ու տարվա միայն այդ օրը քրիստոնյաները կարողանում են տեսնել, հաղորդվել ու Աստծո օրհնյալ սրբերի բարեխոսությունը խնդրել:
Ընթերցողներին ասենք, որ 2001 թ. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ-ն, Հայաստան այցելության ժամանակ իր հետ բերեց սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը Նեապոլից, որը տեղադրվեց հայոց հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի անունով կոչված նորակառույց եկեղեցում` հենց շքամուտքի գեղեցիկ մարմարյա տապանի խաչաձև ապակու տակ: Երբ այցելելու լինեք այդ եկեղեցին, խոնարհվեք սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի առջև ու ձեր խնդրանքները կատարեք այդ մեծ սրբի բարեխոսությանը հուսալով:
Եվ թող սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնանքն ու բարեխոսությունը լինեն մեր ազգին ու մեր ընտանիքներին օգնական և պահապան։ Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ