Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկական գենը դոմինանտ է, պահպանում է իր ինքնությունը` դուրս շպրտելով օտար գենը

Հայկական գենը դոմինանտ է, պահպանում է իր ինքնությունը` դուրս շպրտելով օտար գենը
23.06.2015 | 12:06

Քննադատությո՜ւն… ահա՛, թե ինչ եմ հաճախ լսում հայի մասին, ու ամենացավալին այն է` հենց հայի շուրթերից: Եվ երբ օտարն է հիացմունքի խոսքեր շռայլում, չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ. ի՞նչ է, մենք չե՞նք կարողանում գնահատել այն, ինչ ունենք, չե՞նք կարողանում գնահատել այն անգին ժառանգությունը, որ թողել ենք մարդկությանը, այն դերը, որ խաղացել ենք մարդկության պատմության զարգացման ընթացքում, այն ուժն ու հավատը, որի շնորհիվ գոյատևել ենք դարեր շարունակ ու այսօր` 21-րդ դարում, մեր ժառանգներին ենք փոխանցում մի մշակույթ, որը մեր նախահայրերը մեզ են ժառանգել անհիշելի ժամանակներից: Պատմության ակունքներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հայը` իր մշակութային և մարդաբանական տեսակի ուրույն գծերով, միշտ առանձնացել է մյուս ժողովուրդներից և իր կենսունակության շնորհիվ ոչ միայն կարողացել է գոյատևել, այլև հիմք է դրել մի այնպիսի էթնոսի, որն իր առանձնահատուկ տեղն ունի թե՛ մարդաբանության, թե՛ լեզվաբանության և թե՛ քրիստոնեության մեջ:
Սկսենք նրանից, որ մարդաբանության մեջ հստակորեն տարբերվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ (պատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման, սերման միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խմբեր, որը գալիս է արաբերեն ռաս-գլուխ, սկիզբ արմատից)` նեգրոիդ, եվրոպեոիդ և մոնղոլոիդ: Հայկական լեզվաճյուղին պատկանող էթնոսը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհում` մարդու արարման, ծագման հնագույն կենտրոններից մեկում, ձևավորված եվրոպեոիդ մարդաբանական տեսակի հիմնական ներկայացուցիչներից մեկը: Ցավոք, շատ սուղ են հայոց պատմության հնագույն շրջանի մասին գրավոր աղբյուրները: Դրանք հիմնականում օտար թագավորների թողած արձանագրություններ են: Աքքադական, խեթական, եգիպտական, ասորական սեպագրերը վկայում են, որ աշխարհի գրեթե բոլոր հզոր պետություններն էլ տառապել են Հայկական լեռնաշխարհը նվաճելու մոլուցքով, ովքեր ոչ միայն ցանկացել են բերրի հողերին տիրանալ, այլև այնտեղ ապրող ժողովրդին ստրկացնել` նրա ստեղծագործ միտքն օգտագործելու ի շահ իրենց, քանի որ սկսած վաղ շրջանից հայերը տիրապետել են քարերի մշակման, երկաթե սրերի ձուլման, ոսկյա զարդերի, գարեջրի պատրաստման, կաշվի արտադրության, կրի օգտագործման մշակույթին:

Աշխարհում առաջին մարտակառքերը, որոնցով հիքսոսները` հայերի նախահայրերը Հայք-Հայասա երկրից, խուճապի են մատնել եգիպտացիներին, հայտնաբերվել են Հայաստանում` Լիճքի պեղումների ժամանակ: Վերջիններս, լինելով Ք. ա. 2-րդ հազարամյակում Առաջավոր Ասիայում ռազմա-տնտեսական և գիտա-մշակութային առումով ամենազարգացած էթնոսը, Ք.ա. մոտ 1710 թ. Եգիպտոսում հաստատել են հարյուրամյա տիրապետություն և քաղաքակրթական մեծ ազդեցություն` անջնջելի հետք թողնելով համամարդկային մշակույթի պատմության մեջ. նրանք պարզեցրել են եգիպտական գիրը` ստեղծելով զուտ այբբենական գիր, ինչպես նաև առաջին անգամ Եգիպտոս են ներմուծել ձի և անվավոր փոխադրամիջոց: Հիքսոսներն իրենց հետ Սիրիա, Պաղեստին ու Եգիպտոս են տարել նաև նոր բրուտագործություն, զարգացած մետաղամշակություն, ճաղերով անիվ, զանազան բերդաշինություն, կազմածո բարդ աղեղ, արեգակնային օրացույց և այլն։ Մի՞թե աստվածատուր չէ հայի բնույթը. հարձակվելիս անգամ նա ոչ թե ավերել, այլ քաղաքակրթել է: Հիշենք, որ առաջին անգամ գրավոր աղբյուրները «սանձած ձիեր» հիշատակում են հայկական առաջին պետականությունում` Արատտա երկրում: Հայերն են առաջինը գործադրել երկաթե զենքը: Մարդկությանը հայտնի ամենավաղ շրջանի հուշարձանը Սիսիանի տարածքում մինչ օրս պահպանված 222 բազալտե քարերն են` 0,5-3 մետր երկարությամբ, որոնց մի մասի կշիռը 8,5 տոննա է: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու` դրանց տարիքը հասնում է 7500-ի, այսինքն` ավելի հին են, քան աշխարհում այնքան ճանաչված եգիպտական բուրգերը և անգլիական Սթոունհենջը: Ամերիկացի աստղագետ Վիլյամ Օլքոթի կարծիքով` առաջին անգամ Արարատ լեռան և Եփրատ գետի միջև ընկած տարածքում են սկսել ուսումնասիրել համաստեղությունները, իսկ դա նշանակում է, որ Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: Վայոց ձորի ժայռափոր բնակավայրերից պեղվել է աշխարհի հնագույն` 5,5 հազար տարվա կոշիկը: Որդան կարմիրն ունեցող Արարատ երկրի մասին հիշատակություն կա անգամ Աստվածաշնչում: Հայոց լեզուն համարվում է ամենահին կենդանի լեզուն, որի տարիքը հավասար է 7600-ի: Կարելի է անվերջ շարունակել այս շարքը, ու ամեն անգամ ավելի հպարտանալ ու հրճվել հայ էթնոսի ստեղծագործ մտքի, գոյատևման ուժի և ցանկացած իրավիճակում ու վայրում նոր ծիլեր տալու, ստեղծելու անսպառ ուժով: Չէ՞ որ մարդու զարգացման պատմության ողջ ընթացքում միայն հայերն են համեմատաբար նվազ խառնուրդ ներկայացնում, ովքեր գրեթե բացառապես համասեռ են և հազարավոր տարիների ընթացքում զարմանալիորեն պահպանել են իրենց մարդաբանական արմենոիդ տիպը և մինչ օրս ապրում են իրենց բնօրրանում:
Իսկ ովքե՞ր են արմենոիդները։
XIX դարի հետազոտողները Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի և Միջագետքի տարածքներում հնէաբանական աշխատանքների ժամանակ հայտնաբերած հսկայածավալ հնագիտական նյութերի, այդ թվում՝ աշխարհում մշակույթ տարածող առաջին մարդկանց պատկերներով քանդակների և բարձրաքանդակների ուսումնասիրությունների արդյունքում եկան այն եզրակացության, որ հարթաքանդակներում և այլ նյութերի վրա պատկերված մարդկային տեսակն ունի համանման դիմագծեր և, որ ամենահետաքրքիրն է, գանգի համանման կառուցվածք, որը հիմնականում հատուկ է բրախիցեֆալ տեսակին (մարդկային գենոմի կառուցվածքն ըստ գանգատուփի երկարության (հորիզոնական, գլխարկի շրջագծով) բաժանված է երեք խմբի` բրախիցեֆալ (կլորագլուխներ), մեզոցեֆալ (միջին կլորության գլուխներ), դոլիխոցեֆալ (երկարագլուխներ): Այս հայտնագործությունները հիմք հանդիսացան Հին մարդուն և նրա ստեղծած մշակույթը կոչելու նոր «ասիրոիդ» ընդհանրական տերմինով: Սակայն այս տերմինը որքան արագ գիտական և հասարակական շրջանառության մեջ մտավ, այնքան արագ էլ դուրս եկավ, քանզի հիմնավորված, պատճառաբանված փաստարկները ցույց տվեցին և հաստատեցին, որ «ասիրոիդ» անվան տակ ներկայացվող մշակույթը կրում է մեկ այլ, ավելի հզոր մշակույթի խոր և տևական ազդեցությունը և հանդիսանում է լոկ նրա մի մասը: Որոշակի լրացուցիչ ճշտումներ կատարելուց հետո «ասիրոիդը» իր տեղը զիջեց «արմենոիդ» տերմինին, որը գիտական շրջանառության մեջ դրեց գերմանացի հնէաբան ֆոն Լուշանը: «Արմենոիդ» մարդաբանական տիպի բնորոշ հատկանիշներն են` կարճ, կլոր գանգ, տափակ ծոծրակ, խոշոր ակնակապիճներ, ալիքաձև մազեր, կոր քիթ (բարձր քթարմատ), մուգ կամ խառը գույնի աչքեր, զարգացած երրորդական մազածածկույթ, միջին հասակ, լայն մարմին: Պետք է նշել, որ եվրոպեոիդ ռասայի մեջ դոլիխոցեֆալ մարդաբանական տիպը ևս հանդիպում է (առավել հաճախ հյուսիսային և հարավային խմբերի` սկանդինավյան և միջերկրածովյան տեսակների մոտ), իսկ միջանկյալ լեռնային տարածքներում սովորաբար տարածված է բրախիցեֆալ տիպը: Եվրոպեոիդ ռասայի այս բրախիցեֆալ տեսակը երբեմն կոչում են «ալպիական»: Եվրոպական-ալպիական մարդաբանական տիպի մոտ մարդաբանները տարբերակում են նաև գանգերի բարձր և ցածր տեսակներ` ընդգծելով, որ բարձր բրախիցեֆալային գանգերին հաճախ բնորոշ է հարթ ծոծրակը, այսինքն` գանգի հետևամասը ոչ թե կլոր է, այլ որոշ չափով տափակ: Գանգի այս տեսակին համապատասխանում է այսպես կոչված մարդաբանական դինարյան տեսակը, որի նախահայրերը, ըստ Է. Ռ. Մուլդաշևայի, հայերն են: Մարդաբանական այս տեսակին են պատկանում ուկրաինացիները, բուլղարացիները, հարավսլավացիները, սլավոնները: Բացի այդ, արմենոիդ դինարյան ռասան ծնունդ է տվել իտալացիներին, հույներին, իսպանացիներին, ռումինացիներին, վրացիներին և այլն: Դինարյան ռասայից են սերում նաև ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիները, հոլանդացիները, նորվեգացիները, շվեդները և այլն: Ստացվում է` Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում (Միջագետք, Իրան, Կովկաս) բնակվող հայ-արմենների արմատները գալիս են մարդկության արարման ակունքներից, ովքեր իրենց հատուկ «արմենոիդ» տիպը ժառանգել են հնագույն նախնիներից` հայկական ցեղերից, որոնք հայտնի են հիքսոսներ, խուրիներ, նաիրցիներ, հայասացիներ, ուրարտացիներ, խեթեր և այլ անուններով: Այդ են վկայում հայտնաբերված բարձրաքանդակների, արձանիկների, որմնանկարների, զենքերի, կնիքադրոշմների և այլ իրերի վրայի «արմենոիդի» հատկանիշներով օժտված մարդկանց պատկերները: Դրա վառ ապացույցներից են եգիպտական XIX դինաստիայի բարձրաքանդակները, որտեղ պատկերված են եգիպտացիների դեմ պատերազմող խեթերը` որպես ծայրահեղ կարճ գանգ, բոլորովին տափակ ծոծրակ, շատ խիստ, հետ ընկած ճակատ, դուրս ցցված ու թեթև կոր քիթ, փոքր բերան ու ծնոտ, փոքր-ինչ ծռմռված դիմագիծ ունեցող մի ժողովուրդ։
Այսպիսով` Հայկական լեռնաշխարհում արմենոիդ մարդաբանական տիպը ծագել է խոր անցյալում, հավանաբար ոչ ուշ, քան նոր քարի դարում, նախքան հին աշխարհի պատմական թատերաբեմում սեմական, հնդեվրոպական, արիական լեզվախմբերին պատկանող ցեղերի ու ժողովուրդների երևան գալը (պետք է նշել, որ գիտական աշխարհում ռասաների հարցի վերաբերյալ չկա միասնական կարծիք): Ավելի ուշ Առաջավոր Ասիայի նախաբնիկ այդ ժողովուրդները պարբերաբար կյանքի և մահվան պայքար են մղել սեմական, ապա սելջուկ-թուրքական և մոնղոլական ժողովուրդների ներխուժումների դեմ, ովքեր կասեցրել են երկրի առաջընթացը` խանգարելով զարգացնելու և կատարելության հասցնելու իրենց տեղական, բնիկ քաղաքակրթությունը: Սակայն եկվորները ոչ միայն չեն կարողացել էական ներգործություն ունենալ տեղական ազգաբնակչության մարդաբանական տիպի փոփոխման վրա, այլև իրենք են ձուլվել կայուն ձևավորված արմենոիդյան ցեղի մեջ, քանզի հայկական գենը դոմինանտ է, պահպանում է իր ինքնությունը` դուրս շպրտելով օտար գենը: Եվ պատահական չէ, որ հնագիտական պեղումները Փոքր և Առաջավոր Ասիայում կլորագլուխների հետ միաժամանակ հայտնաբերել են նաև երկար գանգեր, որոնց ֆոն Լուշանը, Ռ. Վիրխովը և այլք համարում են եկվոր, դրսեկ տարրեր, հետագայում միջամուխ եղած կարճագանգ ժողովուրդների մեջ: Ժողովրդական այս խավը, Հայկական լեռնաշխարհի նախասկզբնական հիմնական խավը լինելով, հազարավոր տարիների ընթացքում պահպանել է իր մարդաբանական, մշակութային առանձնահատկությունները, և դարերի ընթացքում իրար վրա նստած այլացեղ շերտերին փոխանցել իր մարդաբանական ուրույն կերպարը: Նա իր մարդաբանական տիպով ու մշակույթով այսօր վերապրում է հայերի մեջ:
Առանձնահատուկ և աննկարագրելի գեղեցիկ է նաև հայոց լեզուն, որն իր ուրույն տեղն ունի հնդեվրոպական լեզվաընտանիքում: Ինչ վերաբերում է քրիստոնեությանը` վստահ եմ, որ այս հավատի շնորհիվ է, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն այսօր ոչ միայն կա, այլև իր պետականությունն ունի, լեզուն, կրոնը, մշակույթը: Մինչդեռ բազում ազգեր և ժողովուրդներ, որոնց մի մասը հավետ անհետացել է պատմության թատերաբեմից, որպես փոքրամասնություն` ապրում են օտար պետությունների տարածքում:
Ես հպարտ եմ, որ իմ որդիներն այս բազմադարյան ժառանգության կրողներն են։


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 24346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ