Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հաջորդ «հարկադրյալ փրկվածը» կարող է դառնալ Հայաստանի նախագահը

Հաջորդ «հարկադրյալ փրկվածը» կարող է դառնալ Հայաստանի նախագահը
26.06.2015 | 00:28

Ոչ այնքան որպես լրագրողի, որքան պարզապես հայ մարդու իմաստ ուներ ծանոթանալու ռուսաստանյան լրատվամիջոցների բավականին լայն արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձությունների կապակցությամբ: Ինչ-որ տեղ նույնիսկ ռուսական իրազեկիչ հանրության համար անսպասելի էր ներհայաստանյան անարդարություններից ընդարմացած ժողովրդի սոցիալական սուր պոռթկումը: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան ակնդետ հետևում է մերձավոր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը և հույս հայտնում, որ ամեն ինչ կընթանա օրենքին համապատասխան:
Այստեղ ուշադրություն դարձրին այն անակնկալ պարագայի վրա, որ այս անգամ ըմբոստացել է երկրի երիտասարդությունը, քանզի և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը կորցրել են վստահությունը: Ոչ ոք չի հավատում ելույթների «ինքնաբուխությանը», և բազմաթիվ մեկնաբանություններում զուգահեռներ էին անցկացվում ուկրաինական «մայդանի» հետ ու չէին բացառում, որ մի օր առաջ կքաշվի նաև Գյումրու ռուսական ռազմաբազան փակելու պահանջը:
Բնականաբար, այստեղ «էլեկտրական, սակագնային, վոլտային դիմադրության մայդանի» առկայությունը առավելապես առնչում են ամերիկացիների «գունավոր» սադրանքներին, մասնավորապես «կեղծ ժպիտը դեմքին քաղցրավենիքներ բաժանող» Վիկտորյա Նուլանդի երևանյան այցելությանը, ամերիկացի նախկին բարձրաստիճան չինովնիկ Փոլ Քրեյգ Ռոբերտսի «չարագուշակ» կանխատեսումներին և այլն: Ի վերջո, փոքր ազգերի կյանքում քաղաքական մեծ իրադարձություններ տեղի են ունենում գերազանցապես արտաքին ազդեցությունների պատճառով: Նույնիսկ ՈՒկրաինայի նման ոչ փոքր պետությունում էլ ամեն ինչ սկսվեց «ինքնակազմակերպումից», ոստիկանության հետ «դաժան» բախումներից, նախագահին անտեսելու համառությունից ու նույնիսկ… աղբարկղերի օգտագործումից և այլն:
Շատ-շատ են լուսանկարային հրապարակումները, ընդ որում` կամա թե ակամա դրանք զարմանալիորեն աչքի են ընկնում մեծ գեղարվեստականությամբ, ասես ամեն ինչ ծավալվում է տրոպիկական քաղաքում: Գրեթե բոլոր առաջատար թերթերը տպագրել էին այն լուսանկարը, որտեղ հզոր ջրաշիթերից գետնահարված ջահելների մեջ հառնել էր մեկը քրիստոսյան պարզած ձեռքերով, ճիշտ է՝ ուղղորդված միջնամատերով: Այս կարգի լուսանկարները, ի դեպ, խիստ հուզում են հատկապես Ռուսաստան արտագաղթած հայաստանցիներին և, ինչ թաքցնենք, լավատեսություն են ներշնչում, որ վերջապես հայրենիքում ինչ-որ մի բան կփոխվի դեպի լավը:
Թերթերը գրում են, թե ինչպես ժամանակին ՈՒկրաինայում Դոնեցկի կլանը, այնպես էլ Հայաստանի ներկա գործող իշխանությունները լրիվ իրենց են ենթարկել ողջ բիզնեսը: Այս առնչությամբ վերհիշվում է «Ատամնաբույժ Սաշայի» պատմությունը, երբ Յանուկովիչի ավագ որդին հոր գիտությամբ թե առանց դրա ինքն էր լուծում բիզնեսի «բաշխման կամ զավթման» հարցերը (ռուսական մամուլը, սակայն, նրբանկատորեն չի տալիս նրա հայկական նմանակի անունը):
Բիբին (ռուսաստանյան էլընկերություն) - Հայաստանի կառավարություն «փոխշահավետ կոռուպցիոն համագործակցության» մեջ որոշ թերթեր մեղադրում են երկու կողմին էլ: Մեկնաբաններից մեկը այդ «սուբյեկտների» ներկայացուցիչներին անվանել էր նորաթուխ «չուբայսյաններ»: Կոռուպցիան ռուսների համար էլ արտառոց երևույթ չէ:
Շատ վերլուծաբաններ իրենց նյութերում հենվել էին հայաստանցի գործընկերների մեկնաբանությունների վրա: Եվ առանձնացվում էր այն տարակուսանքը, որ երկրի ղեկավարը նույնիսկ նման ճգնաժամային պահերին հրաժարվում է իր հպատակների հետ հրապարակային հանդիպումներից:
Անշուշտ, Հայաստանի նորացման համար պետք է պայքարել: Ինչքան էլ Երևանում մերժեն, թե ներկա ընդվզումները չեն հիշեցնում ուկրաինական իրադարձությունները, որ բնավ էլ դրանց մեջ խառը չէ Ամերիկայի «մատը», այդուհանդերձ, խորհուրդ է տրվում հետևել մայդանի էվոլյուցիային: Պայքարելով օլիգարխիական կոռուպցիոն համակարգի դեմ, մայդանը պարադոքսալ կերպով իշխանության գլուխ բերեց հենց օլիգարխներին ու նացիոնալիստներին, դրա դիմաց ստանալով տարածքային կորուստ, կենսամակարդակի շեշտակի անկում, էկոնոմիկայի քայքայում, պատերազմ, համապարփակ ռուսատյացություն: Ահա և ՈՒկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովն է մայդանամետ շողոքորթություններով դիմում «իմ հարազատ Հայաստանին»:
Նկատի ունենալով Ռուսաստանի ակտիվությունը ՈՒկրաինայի իրադարձություններում, ճիշտ կլինի սովորել ուրիշի սխալներից:
Եվ վերջապես ներկայացնենք մի դիտարկում, որը ևս թելադրվում է ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտությունից, տվյալ դեպքում կապված մեր հայրենիքի հետ: «Հետխորհրդային Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեն երկու հզորագույն ազգային համայնքները Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Երկուսն էլ թերևս նյութական ու մարդկային ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի ճակատագիրը շատ ավելի կախված է սրանց դիմակայությունից, քան տեղական իշխանությունների գործողություններից:
Ըստ երևույթին բուն պետության ղեկավարից ներկա իրավիճակում գործնականում ոչինչ կախված չէ: Բառացիորեն օրերս BBC-ի հետ հարցազրույցում Վիկտոր Յանուկովիչը խոստովանեց որ ինքը չի ցանկացել լքել ՈՒկրաինան, և որ իրեն «բռնությամբ փրկել են» ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Հաջորդ «հարկադրյալ փրկվածը» կարող է դառնալ Հայաստանի նախագահը, որի ինքնազգացողությամբ արդեն հետաքրքրվում են բարեկամները Ռոստովից, որտեղ բնավորվել է Յանուկովիչը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ