«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հսկայական հնարավորություններ ունենք` ապահովելու մեր էներգետիկ անկախությունը»

«Հսկայական հնարավորություններ ունենք` ապահովելու մեր էներգետիկ անկախությունը»
26.06.2015 | 10:50

«Իրատեսի» զրուցակիցն է ԱԲԵԿ գերմանական ընկերության տնօրեն, մեր ընթերցողին իր զարմանալի մտահղացումներով քաջ ծանոթ ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԸ:

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»


-Պարոն Աբրամյան, ահա մենք զրուցում ենք, իսկ պատուհանից այն կողմ համաժողովրդական հուզումներ են, անկախ երկրի անկախ քաղաքացիները չեն կամենում ավելի թանկ վճարել մի բանի համար, որն ակներևաբար շատ ավելի էժան է։ Սա առիթ է, որ մենք քննարկենք հանրապետության էներգետիկ անվտանգության խնդիրները, որոնք փորձում է ապահովել ԱԲԵԿ ընկերությունը։ Եվ հարցս` ինչպե՞ս օգտագործել արևի էներգիան։
-Մարդը վաղնջական ժամանակներից է արև օգտագործել. արևի տակ ջուր են տաքացրել և լողացել, օգտագործել այլևայլ կարիքների համար։ Հետո մարդը երեսը շրջեց արեգակից։ Սակայն վերադառնանք բուն խնդրին։ Մենք առաջարկում ենք «Solar System»-ը, հայերեն ասած` «Արև համակարգը», որը ջրատաքացուցիչ է և խողովակների միջոցով արևի էներգիան վերածում է ջերմության ու հնարավորություն է տալիս տաք ջրով հոգալու բազմաբնույթ տնտեսական կարիքները, նաև լողանալու։
-Այսինքն, խնայում ենք էլեկտրաէներգիան։
-Դե իհարկե։ Չէ՞ որ այս դեպքում ո՛չ գազի համար է սպառողը վճարում, ո՛չ էլ էլեկտրաէներգիայի։ Արևն էլ անվճար էներգիա է մատակարարում։ Եվ փառք Աստծո, առայժմ արևի էներգիան թանկացնելն անհնար է։ Արևի էներգիայով ջուր տաքացնող համակարգը բավականին մատչելի է, մեկ անգամ այն տեղադրելով, ընդ որում` տեղադրելով ամենուր, մայրաքաղաքի կենտրոնից մինչև մեր հեռավոր սահմանամերձ գյուղերը, սպառողներն ազատվում են գազի և հոսանքի որոշակի հոգսերից և ծախսերից։
-Արևային ջրատաքացուցիչները ԱԲԵ՞Կ-ն է արտադրում։
-Ցավոք, առայժմ ոչ, քանի որ մեր շուկան բավականին փոքր է, ներկրում ենք տարբեր երկրներից` Գերմանիայից, Չինաստանից և այլն։ Թուրքիան և Պարսկաստանը այս համակարգը ներկրում են Չինաստանից, և, բնականաբար, ինքնարժեքն էլ ավելի ցածր է։
-Պարոն Աբրամյան, խոսենք կոնկրետ օրինակով. եթե 5-հոգանոց ընտանիքը նման մի սարք տեղադրի իր տանիքին, ի՞նչ կշահի, նախապես էլ որքա՞ն կներդնի։
-600-700 դոլարով հնարավոր է համակարգը ձեռք բերել։
-Խոսենք ավելի գործնական` իմ բնակարանի օրինակով։ Դիցուք, ես այն տեղադրեցի տանս տանիքին և օգտագործեցի տարվա տաք ամիսներին։ Շահելո՞ւ եմ տնտեսապես։
-Բայց ինչո՞ւ միայն տաք ամիսներին, ձմռան ամիսներին էլ այն գործում է, ջուրը խողովակներով անցնելով տաքանում է, հետո կուտակվում է բաքի մեջ, և, խնդրեմ, օգտագործեք առանց վախենալու, թե գազը կամ հոսանքը թանկացել են։ Ձմռանը մի փոքր ընկնում է ջերմաստիճանը, բայց միևնույն է, «Solar System»-ն իր ծառայությունն իրականացնում է անթերի։ Սա ուղղակի փրկություն է Հայաստանի համար, շատ ընտանիքներ օգտվում են այս համակարգից, բայց այն դեռևս զանգվածային բնույթ չունի։

«ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»


-Որքա՞ն է սարքի գործածության ժամկետը։
-Նվազագույնը 20-25 տարի։ Հիմա հաշվեք` 700 դոլարով այս սարքը ձեռք բերելով և ջրի վարձը վճարելով, շահո՞ւմ եք, թե՞ կորցնում։
-Հաշվելը դժվար չէ, վստահաբար սպառողը շահում է։ Առավել ևս, որ ջրամատակարարումը գրեթե ամենուր շուրջօրյա է։ Պարոն Աբրամյան, ինչո՞ւ մեր երկրում այս սարքն ավելի տարածված չէ։
-Հիմնականում այն պատճառով, որ ժողովուրդը դեռևս ծանոթ չէ դրան։ Եթե սպառողը տեղեկանա, թե որքան է շահում մեկ անգամ ներդրում կատարելով, ապա վստահաբար կարող եմ ասել, որ էապես կմեծանա այս զարմանալի սարքի գործածության տիրույթը։
-Այս պահին մի կասկած ծնվեց` ձմռան ամիսներին ինչպե՞ս կգործի համակարգը։
-Սիրով փարատեմ Ձեր կասկածները։ Տեսեք, արևի ճառագայթը մի փոքր շեղությամբ է դիպչում ապակե խողովակներին, որոնք վակուումի մեջ են, դրսի սառնամանիքն անգամ չի խանգարում, դրանք կլանում են արևի ճառագայթների ուժն ու տաքանում։ Այսինքն, ձմռանը, առհասարակ, ցուրտ ամիսներին էլ հանգիստ կարող եք լոգանք ընդունել։ Սա ջրատաքացուցիչն է։ Կա նաև մեկ այլ համակարգ` ֆոտովոլթայգը, որն արևի ճառագայթները փոխարկում է հոսանքի։ Արևի ճառագայթները դիպչում են դիոդներին, որոնք կուտակում են արևի էներգիան և դարձնում էլեկտրաէներգիա։ Սակայն ֆոտովոլթայգն առայժմ մատչելի չէ, բավական թանկ է և ապագային է միտված։ Երկու-երեք տարի առաջ ֆոտովոլթայգի ստեղծած 1 վատտ էներգիան մոտ 3 դոլար էր, այսօր 60-65 սենթ է, դարձյալ թանկ է։ Սակայն մի շատ էական բան հիշեցնեմ` Եվրոպայի համեմատությամբ, ուր բավականին տարածված է ֆոտովոլթայգ համակարգը, մեր արևի ճառագայթները 72 տոկոսով ավելի կենարար են։ Այսպես` 1 մեգավատտանոց ֆոտովոլթայգ գեներատորը Եվրոպայում ջերմանալով արևից, ստեղծում է 0,72 մեգավատտ էներգիա, Հայաստանում` 1,72 մեգավատտ, գրեթե երկու անգամ ավելի։
-Պարոն Աբրամյան, երկար տարիներ ապրել եք Գերմանիայում և աշխատել էներգետիկայի բնագավառում, ասացեք, խնդրեմ, այդ զարգացած և քաղաքակիրթ երկրում ի՞նչ մոտեցումներ կան։
-Երբ 1986-ին Չեռնոբիլի ատոմակայանը պայթեց, Գերմանիայի կանաչների կուսակցությունը, որը բավականին զորեղ ուժ է այդ երկրում, մեծ աղմուկ բարձրացրեց և ստիպեց երկրի կառավարությանը փակել երկրի ատոմակայանները։ Առաջացող էներգետիկ ճգնաժամը կանխելու նպատակով Գերմանիան անցավ ֆոտովոլթայգ համակարգի ներդրմանը։ Կառավարությունը սուբսիդավորեց ծախսերի կեսը, ու ի՞նչ կատարվեց. կառավարության ներդրած գումարները շրջանառվում էին երկրի ներսում, քանի որ հազարավոր նման համակարգեր էին պատրաստվում, լրացուցիչ բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին և այլն։ Ժամանակ անց գործընթացը դադարեց, համակարգը բավականին թանկ էր նստում պետության վրա։ Սակայն կանաչների կուսակցությունը հասավ իր նպատակին, գումարներն էլ մնացին պետության մեջ։ Երևանում այսօր կարելի է ֆոտովոլթայգի միջոցով ապահովել, դիցուք, փողոցային լուսավորությունը։ Անշուշտ, սա այս օրերի համար ավելի էժան չէ, քան էլեկտրաէներգիայով լուսավորելիս, բայց չէ՞ որ մենք մեր էներգետիկ անկախությունն ենք նվաճում։ Ի դեպ, ֆոտովոլթայգն էլ է անխափան աշխատում` 20-25 տարի։ Սրանից զատ, մեր անասնապահ ֆերմերներին և, ընդհանրապես, գյուղաբնակներին անգնահատելի օգնություն կհասցնի «Solar Pumps» սարքը, որը, արևից էներգիան կլանելով, կիրճերից ջուրը կարող է բարձրացնել-հասցնել արոտավայր մեկ րոպեի ընթացքում։
-Հողմաղացները նույնպես կարող են ապահովել երկրի էներգետիկ, ի վերջո, նաև քաղաքական անկախությունը։ Հողմաղացների հարցն ի՞նչ վիճակում է մեր քամիաշունչ լեռնաշխարհում։
-Դժբախտաբար, մեր սարերն այնքան էլ քամոտ չեն։ Ահա Հայաստանի քարտեզը, որտեղ կարող ենք տեղադրել հովտային գեներատորները կամ Ձեր ասած հողմաղացները։ Քամիներով հարուստ են Կարախաչը, Բազումը, Պուշկինի լեռնանցքը, Արագած լեռը, Սևանի մի հատվածը, Սիսիանը և այլն։
-Վերադառնանք մեր հողմաղացներին։
-Իրանական կողմը 4 նմուշ տեղադրեց Հայաստանում։ Հողմաղացները մի առավելություն ունեն. քամու դեպքում աշխատում են գիշեր-ցերեկ, ամառ և ձմեռ, գարուն և աշուն։ Դժբախտաբար, բոլոր այս հնարավորությունները մեր կառավարությունը հետևողականորեն անտեսում է։
Իսկ մենք հսկայական հնարավորություններ ունենք` ապահովելու մեր էներգետիկ անկախությունը։


Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ