Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պատգամավորական դիմակն ու մտավորականության դմակը (շոգ-ամառային տրագիֆարս)

Պատգամավորական դիմակն ու մտավորականության դմակը (շոգ-ամառային տրագիֆարս)
26.06.2015 | 11:09

Վաղ եմ վեր կենում, աշխույժ, առանց դժվարության, վեր եմ կենում առողջ, բացում եմ ծորակը, մաքրում ատամներս, լվացվում, թեյում ու…
Մեռնում աբսուրդից:
«Անկանոն քայլեր», ՄԱՆԱՍԵ

ԶՈՄԲԻԱՑՎԱԾ ԳԱՌԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ
(նավակայանում «Հնազանդության ասպետ-նահատակներ» ցայտաղբյուրի հիմնարկեքն է)
Հասարակության համակարգված զոմբիացումը կարծես թե ներկա իշխանության միակ զենքն է: (Սարսափելի են հետևանքները, երբ ինքնահոժար զոմբիացման է գնում հանրության սերուցք-մտավորականությունը): ՈՒ եթե հավատ չներշնչեց այն հուզավառ շեփորումս, եկեք հաշվենք, թե քանի հազար մեդալ, նշան, շքանշան են ցփնվել աջ և ձախ, վարուվեր և քանիսն են հրաժարվել կոչումից ու տիտղոսից: Այո՛, զարմանահրաշ բաներ են կատարվում Մասսյաց սեգ հայացքի տակ, հայոց մտավորականությունը օրնիբուն այպանում է, անիծում է, անարգանքի սյունին է գամում իշխանություններին և կառավարությանը: Հայոց մտավորականությունը գիշերը երազում էլ չի դադարում անդուլ պայքարից ընդդեմ իշխանության, կառավարության, օլիգարխիայի, աղանդավորների և վերջապես ՀԷՑ-ի և մեր հանապազօր գարեհացի: Սակայն երբ ղողանջում են թուջե զանգակները և հրովարտակվում են հրամանագրերը, շարք-շարք, կուռ և ժպտադեմ հայոց մտավորական դասը բացում է կուրծքը շքանշանի և մեդալի առջև: (Օ՜ֆ Օֆելյա, ձանձրույթից խստադեմ հորանջում է Համլետի դերակատարն ու գլուխկոնծի տալով արշավում է բարձր օթյակի ուղղությամբ. կոչումը վավերացված է, ստացի՛ր և վայելի՛ր, մտավորական թերմացք): Այո՜, ձանձրացանք այս տղմոտ ձավարակույտից շիլա եփելով, ձանձրացանք, բայց շարունակում ենք հիշոցներով հիշել գարշակույտի գանգրենածին գործերն ընդդեմ հայոց պետականության, սակայն դա դարդին դարման չի անելու, ահագնացող խավարի դեմ սուր ճոճելու փոխարեն հարկավոր է մի նրբիկ-սրբիկ մոմիկ վառել:
(Մոմեր մենք չենք վառում, կարծես խավարն արդեն հարազատ տարերք է): Խավարին մենք խփում ենք… պարսատիկով և շարունակ խարխափում ենք, անփառունակ սայթաքում ենք և անճարակությունից էլ ուժասպառ համակերպվում ենք զոմբիացմանը հլու-հնազանդությամբ:
Հայը հլո՞ւ, արմենոիդը հնազա՞նդ, անհնար է, հարկավոր է հոգեզննվել, հետո էլ զմայլվել սեփական ախտորոշմամբ:
Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել, որոտաձայն վարգարշավում են հարցերը խուռներամ: Սույն խնդիրը խնկարկելով բազմիցս նավարկել ենք հայոց լճերում, մեկնարկելով Սևանա լճի Շորժայամերձ լճափից (ուր, ի դեպ, բուծվում է ներկա գարշակույտի պրիմա ձուկը, արքունի իշխանը, 1 կգ-ը՝ 20 հազար դրամ) և հանգրվանելով Կարապի լճի հյուսիսային ափին (ուր, ի դեպ, կեսգիշերից անդին ոսկեկարմիր-խայտուն իշխանից և նաիրյան նույնպիսի կոնյակից գերհագեցած ջերմեռանդ «բանավիճում» են իշխանությունն ու ընդդիմությունը): Ի՞նչ անել: Պայքարել` առանց բահ ու քլունգի, առանց հայ ոստիկանին տապալելու և առանց տապակվելու սեփական անզորության տժտժան թավայում: Բավ է, և ժամն է խաղաղ երթերի, խմբերգերի և այլնի: Մենք` ուս ուսի, մենք` հարյուրհազարներով, մենք` մանուկ ու ծեր, թափառաշրջիկ և երաժիշտ, ազատամարտիկ ու տնային տնտեսուհի, պիտի ելնենք խաղաղ գոյապայքարի, Ավարայրը բախել է մեր պետության դարպասը: ՈՒ մի՞թե նախորդ ուրբաթյա ոչ համազգային հանրահավաքը հերթական ապտակը չէր մեր բորբ այտերին: Մի քանի հազար երիտասարդ կար հրապարակում, հատուկենտ մտավորականներ և ազատամարտիկներ: Իսկ երբ խաղաղ ցույցի ժամանակ ջրաշիթեր են արձակվում երիտասարդ ցուցարարների վրա, մեր ազատատենչ մտավորականությունը ամենևին կրավորական վիճակում չէր, նա բորբ-հայրենասիրական երգեր էր երգում պատուհանների առջև դիրքավորված, համացանցի դեմ էլ ընդդիմադիր նստոտած։
Լավ, բա՛վ է, փորձենք գնահատել արդի ներքաղաքական իրավիճակը` լայնքով, երկայնքով, բթամատից քթարմատ և ոսկորից մինչև ոսկոր: Զի մեր հասարակությունն առայժմ հար և նման է զոմբիացված գառանց և ախտավորի ջանասիրությամբ պատրաստ է մատաղվելու` կուլ գնալով ոչ իշխանական քաղկառույցների և հնազանդ մտավորականության սիրախաղերին: Է, ե՞տքը:

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱԺԴԱՀԱԿ ԼԵՌԸ
(նավաբեկություն Արարատի մարզի ձկնաբուծարան-լճերում)
Աֆրիկյան փղերի ականջները հար նման են Աֆրիկա մայր ցամաքին: Հնդկական փղերինը` բնականաբար, Հնդկաստանին: Պարզել եմ, որ հայոց խորհրդարանը ճկույթի ճշգրտությամբ նմանվում է մեծարգո երեսփոխան Շմայս-Մովսիսյան Առաքելի կիսադեմին, ավելի ճիշտ՝ «вид с боку»:

ՀՈՒՆԻՍԻ 19-Ը՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ՕՐ
ՀՀ քաղկառույցները հիմնավորեցին, որ իրենք` հոնքամեջից մինչև կրունկ, տառապում են հասարակական հացկատակությամբ, ժողովրդավարության ժխտողականությամբ և վերջապես քաղաքական փարիսեցիությամբ:
Ես կարծես թե գյուտ եմ անում, նույն գերշքեղ կյանքո՞վ արդյոք չեն ապրում իշխանական վերնադասն ու ընդդիմադիր կուսակցությունների գլխադասը: Ներող եղեք և հակընդդեմվեք կամ էլ հարկադրված համաձայնեք (այս կոչն ուղղված է ՀՀ բոլոր քաղկառույցների շարքային անդամներին), որ բնավ տարբերություն չկա որևէ օլիգարխի կենցաղի և ցանկացած կուսակցապետի ապրելակերպի միջև: Մի՞թե վարչական վերնակույտի անդամների հանգիստն ընտանյոք հանդերձ, դիցուք, Անթալիայում հակապետականության առհավատչյա է, իսկ այ ընդդիմադիր քաղկառույցների «ազգափրկիչ և պետականակերտ» ղեկավարության անդարդ դրեյֆումը Զատկի կղզում, հանդերձ ընտանյոք, ընդամենը անհանգստություն է, տագնապ և սարսուռ, զի պետականությանն է վտանգ սպառնում: Ահավասիկ վարչական վերնակույտը պետբյուջեի միջոցներն է շաղ տալիս թուրքական լողափերում և շոգեբաղնիքներում, իսկ մենք` ընդդիմադիր քաղվոժդերս, տապակվում ենք վերնադասի անդամների կողքին պառկած (չենք թաքցնում, դա կատարվում է սովորաբար «Զմրուխտե ափ» ծովափին) և նրանց համահավասար արևահարվում-գիրանում ենք և վերջում էլ սուզվում ենք օվկիանոսի հատակը` այնտեղ նրանց հետ խաղում ենք բռնոցի-պպզոցի, ով հաղթեց այս խաղում, ուրեմն նա էլ առաջինը կհանգրվանի ԱԺ-ում, վասն ազգի ապագայի:

Այսպիսով, պատվարժան կուսանդամներ, անհապաղ լքեք քաղմարմինների շարքերը, զի դուք ազնիվ և հայրենակարոտ հայորդի-հայ դուստրեր եք, բայց և կամա-ակամա ջրում եք իրենց վատթարությամբ և վայրագությամբ հարազատ իշխանություններին բազմակի գերազանցող քաղաքական այս անհույս կույսերի ջրաղացը, որ կոչվում է ընդդիմություն։ Մի խոսքով` զգուշացե՛ք, ՀՀ քաղաքական ընդդիմությունը իր հնազանդ չարքաշներին, այսինքն՝ կուսանդամ-շարքայիններին ծաղրուծանակի է ենթարկում, օգտագործում է նրանց, սակայն միայն որպես գլխաքանակ: Ինձ մինչ օրս ցնցահարում-ապշեցնում է, լավ, դեռ էլ որքան պիտի խաբվեն քաղկառույցների հազարավոր անդամները, որոնց ուժերը պետք են գալիս նախընտրական արշավներում, ընտրությունները կեղծելիս, կուսժողովներում դահլիճի նստարանները ծածկելիս և այլն: Հետո քաղվոժդերը հաշվարկում են իրենց ձեռք բերած հասույթը (պաշտոնները, քվոտաները և այլն), կուսակցությունների անդամները մնում են մերկանդամ և ճարահատյալ հայհոյում են կուսակցություն մոգոնողի յոթ պորտը, անիծում են յուրյանց կուսղեկապետի տոհմն ու կուստոմսի համարանիշը, սակայն շարունակում են իրենց մոլեռանդ-հավկուրային անդամակցությունը անիծյալ կուսակցությանը: Է, ե՞տքը, բա հետո՞: Եվ մի՞թե այսօր էլ չեք ըմբռնում, որ ակամա ջրում եք պետականադավների ջրաղացը, այսինքն՝ ձեր համեստ մասնակցությամբ արագացնում եք երկրի կորուստը: Միով բանիվ, բարձրացեք Աժդահակի գագաթը և տեղազննեք երկիրը, տեղազննեք և կհամոզվեք. մեր անվերջ պարտությունների հենքում կոչումամոլ մտավորականությունն է և փարիսեցի-քաղընդդիմությունը:
(Վստահ եմ, որ գիտեք ձեր անելիքը, հարգարժան շարքային-չարքաշավոր կուսանդամներ: Այո՛, կուսգրասենյակների առջև խարույկներ վառեք և մոխիր դարձրեք ձեր կուստոմսերը: Իսկ ինչ վերաբերում է կոչումամոլ մտավորականությանը, վախենամ, որ նրանց համար անորոշ մի մեդալը որոշակիորեն թանկ է անգամ հայրենի զինանշանից):


ՔԱՅԼԵՆՔ ՇԱՐՔ-ՇԱՐՔ ԵՎ ԿԱՆՈՆԻԿ
(նավակայանում առավոտյան ջրցան է)
Էհ, եղբայր իմ Մանասե, քանի դեռ հավատարմահպատակային բացիլը չի լքել մեր սրտերը, դու պիտի մաքրես ատամներդ, պիտի թեյես և մեռնես աբսուրդից: Ես էլ քեզ հետ: Ո՛ղջ լերուք:


Վրեժ
ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ