Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աուդիտ, թե՞ կասեցում

Աուդիտ, թե՞ կասեցում
27.06.2015 | 13:55

Հունիսի 27-ին ամփոփենք երեկվա օրվա արդյունքները՝ նախ փողոցային, ապա՝ պաշտոնական:

Բաղրամյան պողոտան ոչ միայն չի նահանջում, այլև գրոհում է՝ երեկ որոշ ժամանակով փակվել էր նաև Մաշտոցի պողոտան, որը հարուցեց ոստիկանների արագ արձագանքը, բախումներ, բարեբախտաբար, չեղան: Իրավիճակը արագ կարգավորվեց: Ակնհայտ է, որ իշխանությունները բացահայտ բարեհաճ են ցուցարարների նկատմամբ, համենայն դեպս՝ նրանց ջրում է միայն անձրևը, իսկ իշխանական բոլոր աստղերը էկրանից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա: Ուրեմն՝ հաստատ այնտեղ անվտանգ է ժողովրդին շփվելը և կամավոր-պարտադիր:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը վերջապես ձևակերպեց իր պահանջները. առաջին՝ «վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը», երկրորդ՝ «վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով», երրորդ՝ «պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, պատժել նրանց անօրինական հրաման տվողներին»: Մնացածը նույն իրական ու անիրական պատկերն է՝ իրական՝ պայքարող երիտասարդներով, անիրական՝ կենդանի պատերով, որ պատրաստ են կրծքով ոստիկաններից պաշտպանել երիտասարդներին՝ առանց ցույցին մասնակից լինելու հավակնությունների, բայց ապագայի համար քաղաքական կապեր հաստատելու հանձնարարականով:
Պաշտոնական արդյունքները շատ ավելի հիմնարար են: Սերժ Սարգսյանը վերադարձավ Բրյուսելից: Թվում էր՝ նրա օրակարգի առաջին կետը Բաղրամյան պողոտան պիտի լինի, բայց Սերժ Սարգսյանը նրանց հետ հանդիպելու ցանկություն դեռ չհայտնեց: ՀՀ նախագահը ընդունեց ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին ու նրա հետ քննարկեց Երևանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան: Արդյունքում՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտ կանցկացվի՝ նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ մինչև աուդիտի արդյունքները տրամաբանական կլինի, որ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացումը կասեցվի՝ Սերժ Սարգսյանը այդ մասին թերևս կասի առանձին, ասենք, հունիսի 30-ին և ամբողջ ժողովուրդը կնշի նրա ծննդյան օրը: Նույնքան տրամաբանական կլինի, որ մայր ընկերությունը հանձն առնի դուստր ընկերության պարտքերի մի մասի մարումը: Սա ևս Սերժ Սարգսյանն առանձին կասի, եթե Մոսկվան իրոք որոշել է «սխալներն ուղղել»: Մաքսիմ Սոկոլովը ընդունել է աուդիտի առաջարկը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և հարցեր չծագեն:
Փաստորեն, Բաղրամյան պողոտայի ընդվզման պատմությունը կարելի է համարել ավարտված:
1. Իշխանությունը առաջին գիշերը ցույց տվեց իր ուժը, իսկ հետո հանդուրժողականությունն ու ժողովրդի հետ լինելու պատրաստակամությունը:
2. «Ոչ թալանին» նախաձեռնությունը՝ լինելով ոչ մշտական, ոչ հիերարխիկ կառույց, մի քանի օրում կարողացավ համախմբել հասարակությանը և պայքարի մթնոլորտ հաստատել ամբողջ երկրում: Ազատության հրապարակի և Բաղրամյան պողոտայի տարբերությունները ակնհայտ են: Ակնհայտ է, որ երիտասարդներին հաջողվեց պայքարը հասցնել հաղթական ավարտի, հաղթական այնքանով, որքանով խնդիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման կասեցումն էր:
3. Բայց պայքարը ավարտված չէ՝ աուդիտի անցկացումը ժամանակ պահանջող գործընթաց է, եթե իսկապես աուդիտի ընթացքում կասեցվի էլեկտրաէներգիայի թանկացումը, դեռ չի նշանակում, որ որոշումը չեղարկվել է և հետագա թանկացումներ չեն լինի:
4. «Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարի այս օրերին բավականաչափ շփումներ ունեցել է մեծ քաղաքականության հետ՝ հասկանալու համար, որ հարցերի իրավիճակային լուծումները անշրջելի չեն՝ այսօր այսպես, վաղը՝ հակառակ որոշումը կընդունեն, ուստի պայքարը մինչև վերջ տանելու պատվախնդրությունը թելադրում է ոչ միայն մասնակցություն ասուդիտին, այլև՝ Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրի ստեղծմանը էներգետիկների, իրավաբանների, տնտեսագետների հետ, և այդ ծրագիրը կյանքի կոչելուն:
5. «Ոչ թալանին» նախաձեռնությունը կարողացավ դիմակայել արտասահմանյան լրատվամիջոցների բացահայտ ապատեղեկատվությանն ու սադրանքին՝ Հայաստանում Մայդան ձևավորելու և հետագա հայտնի գործողությունները ձեռնարկելու միտումով: Պատահական չէ,որ ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորներն արդեն ԱՄՆ դեսպանին Հայաստանից վտարելու կոչեր էին անում, իսկ Արևմուտքը ընդամենը հակադարձում էր՝ մի համոզեք, մենք այս գործում չկանք, բայց՝ դեռ չկանք:
6. Նախաձեռնությունն ապացուցեց, որ սոցիալական բունտը Հայաստանում ոչ միայն կարող է լինել, այլև՝ հաղթել: Թեկուզ՝ ժամանակավոր, բայց՝ իրական:
7. Եվ գուցե ամենակարևորը՝ այս պայքարում զոհեր չեղան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարը հասավ նաև այն արդյունքին, ինչը չէր ակնկալում՝ ռուսական կողմը անսպասելի որոշեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթին հանձնել: ՀՀ նախագահն ասաց, որ դա արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին: Ճիշտ է, նույն օրը նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան մեծացրեց իր տարածքը՝ պայմանագրով, որի բովանդակությունը հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ «պայմաններով» է Պերմյակովը հանձնվել, ամենայն հավանականությամբ՝ հայկական կողմը կգործի ռուսական կողմի հստակ «ուղղորդումով»՝ միայն ձևականորեն ինքը կայացնելով այն որոշումները և կատարելով հենց այն «հետաքննությունը», որը հանձնարարված է:

Դիտվել է՝ 1029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ