Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ասացի այն, ինչ ասացի»

«Ես ասացի այն, ինչ ասացի»
27.06.2015 | 13:59

Խայտառակ բարդ է Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը, խնդիրը միայն անվերջ ուղևորությունները չեն, ելույթները չեն, հոգնությոնն ու համարժեք գնահատականի պակասը չէ, խնդիրը հնարավորինս չասելն է՝ ինչ ինքը գիտի, բայց ինքը չպիտի ասի: Փորձով գիտեմ, որ դա անտանելի ծանր գործ է, բառերն ուղղակի դուրս են թռչում, բայց պիտի ասես՝ այն, ինչ պիտի ասես, ու՝ միշտ: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստը տևեց մի քանի ժամ: Բոլորն իրենց համար գնացին տուն, իսկ մամուլի խոսնակը դուրս եկավ «բարիկադներ»՝ լրագրողների հետ հանդիպելու: Լրագրողները իրավունք ունեին համառ լինելու՝ Բաղրամյան պողոտան դեռ փակ է, ՀՀ նախագահը կարևոր հանդիպումներ է ունեցել, ՀՀ նախագահի կայքում հետաքրքիր հաղորդագրություններ են եղել, հինգշաբթի կառավարության նիստում ՀՀ վարչապետը բացառել է էլեկտրաէներգիայի թանկացման կասեցումը, փոխարենն առաջարկել է փոխհատուցում հասարակության մի մասին, մինչդեռ խնդիրը վերաբերում է բոլորին: Ու՝ ընդհանրապես՝ ինչու՞ պիտի բոլորի փոխարեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխան տա: ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, որ քննարկվել են շատ կարևոր հարցեր, եղել են ներքաղաքական հարցերի շուրջ, էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկումներ: «Էներգետիկ անվտանգության հարցերը բավականաչափ կարևոր են ՀՀ իշխանությունների համար, և սա պրոցեսի ոչ թե ավարտ է, այլ սկիզբ է։ Ամեն ինչ անելու ենք, որ էներգետիկ անվտանգությունն էլ ավելի անվտանգ ու կայուն լինի»,-ասաց նա, նիստին եղել են կարծիքներ, որ պետք է առողջացվի էներգետիկ համակարգը:
«Կառավարության ներկայացրած թվերը օբյեկտիվ են, սակայն սա չի նշանակում, որ այլ ճանապարհներ չպետք է փնտրել»՝ բազմանաշնակ հույս տվեց Էդուարդ Շարմազանովը ու նշեց, որ ամեն ինչ անելու են, որ որոշումները ընկալելի լինեն հանրության համար: «Չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, որ 7 դրամը օդից է ընկել, դա օբյեկտիվ հաշվարկների արդյունք է»: «Որևէ մեկս չենք ցանկանում թանկացում, որևէ մեկը կողմնակից չէ դրան, խնդիրը գլոբալ է: Կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, և ցանկանում եմ վերահաստատել, որ այդ 7 դրամի մեջ ներառված չեն չարաշահումները: Պետք է բնականաբար ամեն ինչ անել, որ այս խնդիրը լուծվի։ Սա մեկ, երկու, երեք օրվա հարց չէ»: Չմոռացավ ասել, որ, իրենք շատ հարգալից են վերաբերում խաղաղ ելույթներին, ցույցերին: «Այնտեղ մեր քույրերը և եղբայրներն են, բարձր ենք գնահատում ոստիկանության և քաղաքացիների՝ փոխադարձ ըմբռնումով իրականացվող քայլերը»: Հետն էլ հղում արեց ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որ նա ևս բարձր է գնահատում ոստիկանություն աշխատանքը և բերման ենթարկվածներին ազատ արձակելը:
Հարցին, թե աուդիտի ընթացքում կասեցվելո՞ւ է սակագնի բարձրացման որոշումը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է այդ մասին հայտարարի: Մենք բոլորս մի նավի վրա ենք այնտեղ մեր քույրերը, եղբայրերն են, մայրերը, մեր երեխաներն են, այստեղ չկան մերոնք և ձերոնք, բոլորը մերոնք են»: Հետո չմոռացավ իր սիրած նախադասությունն էլ ասել՝ «Այստեղ պետք է սողոմոնյան որոշում լինի, խնդիրը ավելի խորն է, քան կա»: Ու ածանցյալ հարցերին պատասխանեց՝ «Ես ասացի այն, ինչ ասացի»։ Բողոքի ցույցի վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ քաղաքական պայքար, պահանջներ չի տեսնում, որևէ աղերս չի տեսնում այս գործընթացների և Մայդանի միջև: «Սա մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարն է»,-ասաց նա և կոչ արեց արհեստականորեն չբաժանել քաղաքացիներին և իշխանություններին: Այսինքն՝ այս անգամ քաղաքացիներն ու իշխանությունը միասնակա՞ն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ այդ միասնականության «ջրանետ ու ոստիկանական» մանրամասները ազգովի կմոռանա՞նք ու կներե՞նք ենթադրյալ հաջողության հորձանքում:

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ