Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաղրամյան պողոտան չհասկացա՞վ «Սողոմոն թագավորին»

Բաղրամյան պողոտան չհասկացա՞վ «Սողոմոն թագավորին»
27.06.2015 | 21:42

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն գումարեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ: Փաստորեն դա ոչ միայն ու ոչ այնքան խորհրդակցություն էր, որքան ուղերձ Բաղրամյան պողոտային: Նախագահը նախընտրեց հեռակա հանդիպման տարբերակը: Նա պատասխանեց ցուցարարների երեք պահանջներին էլ, բայց՝ յուրովի: Նախ ասաց իր դիրքորոշումը «այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով... նմանների հանդեպ իրավապահները եղել և լինելու են խիստ ու անողոք... Ցավոք, շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ և այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս։ Եվ հաճախ, խնդիրների լուծման արագության և մեր ակնկալիքների դիմաց վճարում են իրավապահները, մինչդեռ այդ խնդիրների լուծման բեռը նրանցը չէ: Հաճախ հենց նրանք են հարկադրված կատարել ամենածանր աշխատանքը, և, ցավոք, հաճախ, հասարակության անվտանգությունն ապահովող, իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ»: Այսինքն՝ պատիժներ առաջին գիշերվա բռնությունների համար չեն լինի:

Նա նաև լրագրողներին հեռակա պատասխանեց՝ «Այս առումով պետք է շեշտեմ նաև լրագրողների ու լրատվամիջոցների դերը. շատ կարևոր է առավելապես բռնության և քաոսի դրամատիկ պատկերներ լսարանին արհեստականորեն հրամցնելու փոխարեն, անկառավարելի մի քանի արկածախնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, արժանին մատուցել այն բազմաթիվ խաղաղ ցուցարարներին, որոնք էլ հենց խաղաղ հավաքների ոգին են, կամքն են ու միտքը: Բռնության կոչով մեկ պատկերը կարող է կրկին ու կրկին հայտնվել էկրաններին և սոցիալական ցանցերում, իսկ հազարավոր խաղաղ ցուցարարները մնան ստվերում: Բարեբախտաբար պիտի նշեմ, որ այս օրերին մեր լրատվամիջոցների հերոսներն ավելի ու ավելի հաճախակի եղել են հենց խաղաղ ցուցարարները և հենց հայկական լրատվամիջոցների ջանքերով աշխարհը ստանում է հավասարակշռված տեղեկատվություն իրադարձությունների վերաբերյալ, իսկ մեր պետությունը կարողանում է հակազդել հակահայկական ապատեղեկատվությանը»:
Լիրիկական անտրակտից հետո Սերժ Սարգսյանն ասաց գլխավորը՝ «Համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշուշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք: Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:
Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»:
Բաղրամյան պողոտան դեռ քննարկում է նախագահի առաջարկը և ավելի շատ հակված է նրան «չհասկանալ»: Հիմնավորումը՝ ՀՀ նախագահը փաստացի որևէ խոսք չի ասել էլեկտրաէներգիայի թանկացումը չեղարկելու մասին, ըստ ցուցարարների՝ իրենց համար նշանակություն չունի, թե պետությունը ո՞ր գրպանից է վերցնում գումարը՝ քաղաքացիների՞, թե՞ պետական գանձարանի, որ նույնպես ձևավորվում է քաղաքացիների հաշվին: Նրանք շարունակում են պնդել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման չեղարկումը և իրենց առաջադրած երեք պահանջների կատարումը: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նախագահի հեռակա առաջարկը ցուցարարների մեջ տարակարծություն առաջացնի՝ ի վերջո Բաղրամյանը, կամ Մաշտոցի պողոտան մի քանի ժամով փակելը ժամանակի մեջ կկորցնեն իրենց արդիականությունը, իրավիճակը մինչև օգոստոս մեկ չի կարող ձգվել, լուծում է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ լուծումը հեռակա հանդիպումներով չի լինում:

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ