«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բաղրամյան պողոտան կմտածի ու կասի

Բաղրամյան պողոտան կմտածի ու կասի
28.06.2015 | 12:04

Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները: Անփոփոխ դրություն է և «ակամա» ցուցարարների՝ ոստիկանների շարքերում։ Ամառային գիշերներն անքուն են անցկացնում նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, նրանք գալիս-գնում են, շրջում տարածքում։ Զգալիորեն նոսրացել են շոուբիզնեսմենների շարքերը: Ընդհանրապես Բաղրամյան պողոտայի բնական ու իրական էնեգետիկայի մեջ կան անբնական ու անիրական տարրեր՝ մասնավորապես «կենդանի պատերը»: Նույնիսկ տարօրինակ է, որ արդեն վեցերորդ օրը նրանք իրենց դեռ համարում են ինչ-որ նպատակի ծառայող ու համոզված ասում են, թե կանխում են ոստիկանության հետ բախումը: Ակնհայտ է, որ ոստիկանությունը որևէ հարձակում չի ձեռնարկի այնքան, քանի դեռ հրաման չունի, իսկ եթե հրաման ունենա, պատգամավոր կլինի, թե չի լինի, «Արմենիայի» շոուբիզմեսմենները կլինեն, թե չեն լինի, որևէ նշանակություն չի ունենա: Ավելի շուտ նրանք արդեն չեն լինի պողոտայում, քան կորոշեն, իրենց անձեռնմխելի կամ աստղային մարմնով փակել ջրաշիթերի ու ոստիկանական դագանակների ճանապարհը: Վերջիվերջո՝ ցավոտ է:

Եթե փորձենք ամփոփել համարյա մեկ շաբաթյա պայքարի արդյունքները, ստանալու ենք հակասական պատկեր:
1. Անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում սկսված նստացույցը քչերն էին լուրջ ընդունում, համենայն դեպս՝ հաջորդած զարգացումները անակնկալ էին:
2. «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությանը լրացուցիչ լիցք հաղորդեց առաջին լուսաբացը՝ ոստիկանական ջրաշիթերն ու բռնությունները վերջնականապաես արթնացրին ու ձևավորեցին ընդհանրական պայքարի էներգետիկա: Բաղրամյան պողոտան տրենդ դարձավ՝ չե՞ս եղել այնտեղ, բա դու երևանցի՞ ես: Անգամ հարսանիք արեցին, ծնունդ տոնեցին, ֆուտբոլ խաղացին, սա պայքարի նոր, աննախադեպ որակ է, որի ընթացքում քաղաքացիական պայքարը քաղաքականի չվերաճեց:
3. Պայքարը քաղաքական դարձնելու գերագույն ճիգեր գործադրեցին ռուսական լրատվամիջոցները ու չստացան ցանկալի արդյունքը՝ Բաղրամյան պողոտան դիմադրեց դրսից պարտադրվող կարծրատիպերին ու քաղաքական նպատակներին: Իսկ նպատակները երկակի էին՝ ոչ միայն մայդանավորել ու այդ հիմքով իբրև հակաօրինական պայքար, պետական հեղաշրջման փորձ և այդ զինանոցի մյուս պիտակներով՝ ցրել, այլև քաղաքացիական պայքարի մեջ ներգրավել արևմտամետ ուժերին ու նրանց ևս քաղաքական ասպարեզից «փաթեթով» դուրս բերել, ինչպես «անգլիական» հեռացավ ԲՀԿ-ն իր հրաշալի քառյակ-եռյակով:
4. ՀՀ նախագահի երեկվա առաջարկը նոր իրավիճակ և ստեղծեց, և չստեղծեց՝ մի կողմից «Ոչ թալանին» նախաձեռնության պահանջը կատարված է՝ սպառողների համար օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանա, մյուս կողմից՝ եթե փոխհատուցում է պետական գանձարանը, ուրեմն կատարված է ՀԷՑ-ի պահանջը և ի՞նչ տարբերություն՝ ժողովրդի անձնական, թե ընդհանրական գրպանն են դատարկում:
5. Խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը չբացառեց ՀԷՑ-երի հնարավոր պետականացումը և հետագա մասնավորեցումը՝ այս կետին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որովհետև սա միակ ճանապարհն է հետագա թանկացումները կանխելու: Մինչդեռ այս կետը, կարծես, չի քննարկվում:
6. «Ոչ թալանին» նախաձեռնությունը դադար է վերցրել մինչև այսօր ժամը վեցը, երբ պետք է որոշում կայացվի:
7. Եթե նրանք որոշեն ընդունել նախագահի առաջարկը և ցրվել, իսկ մի մասը դա է ուզում, պայքարը հատվածավորվելու է և մնալու է կիսատ՝ հարցը լուծված չէ, որևէ աուդիտ չունի սակագնի կասեցման ֆունկցիա, ուրեմն աուդիտից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը կարող է ուժի մեջ մտնել: Արդեն աշուն կլինի կամ գուցե ձնեռ ու պայքարի այս ձևն ու թափը՝ կորած, մինչ այդ բավարար ժամանակ կա, որ իշխանությունը անհրաժեշտ «դաստիարակչական» աշխատանքները տանի՝ ամառային նախադեպը բացառելու համար: Եթե նրանք որոշեն շարունակել մնալ Բաղրամյան պողոտայում, պետք է պատրաստ լինեն ավելի լուրջ պայքարի՝ հազիվ թե այլևս կենդանի պատեր-մատեր մնան ու ժպտուն ոստիկաններ, իշխանությունը արդեն ռեալ կհակադարձի «անօրինական պայքարին», քաղաքի գլխավոր պողոտան փակելուն ու էլի մի քանի «հանցատեսակներ» իր հայտ կգան՝ հիմնավորելու Բաղրամյան պողատան երթևեկելի դարձնելու, ուրեմն և քաղաքացիական անհնազանդությանըիշանական վերջ դնելու որոշումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սպասենք մինչև երեկո:

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ