Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Արածդ հունձ չի՞, հնձածդ խոտ չի՞...»

«Արածդ հունձ չի՞,  հնձածդ խոտ չի՞...»
30.06.2015 | 00:59

Հանդիպումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ, իհարկե, պատահական չէր և նպատակ ուներ ստանալու օրախնդիր այն հարցերի պատասխանները, որոնք առկա են երկրում անկախությունից հետո և որոնք, կարծես, իրենց կիզակետին են հասել վերջին օրերին։ Հիշեցնենք, որ հարցազրույցը կայացել է կիրակի օրը՝ հունիսի 28-ին։ Վերջին հարցը, մինչև նյութի հրապարակումը, նրան տրվեց հունիսի 29-ին, ուշ երեկոյան։

-Պարոն Մանուչարյան, Բաղրամյան պողոտայում զարթոնք է, և երիտասարդությունն է այս շարժման ավանգարդում։ Ի՞նչ է կատարվում։

-Հանկարծ Հայաստանում սկսեց գործել, պայմանականորեն ասած, մի «ֆաբրիկա», որն արտադրանք է տալիս։ Ո՞րն է այդ արտադրանքը։ Դա կազմակերպվածությունն է, էներգիան, հույսը, համերաշխությունը, ուրախությունը, դա կամքն է և համոզմունքը, որ կարելի է փառապանծ ապագա ունենալ։ Շատ կարևոր է, որ այդ «ֆաբրիկան» գիտակցի, թե որքան կարևոր է իր գործունեությունը մարդկանց կյանքում, երկիրը պատած անհուսության պայմաններում:
-«Ֆաբրիկայի» գործելաոճի անսպասելիության և անկասելիության արդյունքում տարաբնույթ մեկնաբանություններ են հրապարակ իջել, այն է` այս ամենը նրբորեն և հետևողականորեն ուղղորդվում է օտար ափերից։
-Անվերապահորեն ուղղորդվում է այսօրվա աշխարհում։ Ներկա մեր կյանքում հսկայական է «պոկող-տանողների» քանակը և, բնականաբար, նրանք կամենում են կազմակերպել և ուղղորդել նման շարժումները, ինչպես էր, օրինակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Հավանաբար, չեք մոռացել, որ 88-ի շարժումը որոշակի ուժեր փորձում էին ուղղորդել, սակայն երբ «նորին գերազանցություն ժողովուրդը» իջավ հրապարակ, շարժման ուղղորդված կառավարելիությունը կտրուկ ընկավ, վերացավ։ Այսպես է նաև այս օրերին։ Եվ «պոկող-տանողների» շարասյուները կմնան ձեռնունայն։ Տեսեք, թե որքան լրջախոհ են նրանք հեռուստաէկրաններին, պետության և ժողովրդի ցավով են տապակվում և այլն։
-Պարոն Մանուչարյան, թույլ տվեք միջամտել և հարստացնել Ձեր գնահատման սանդղակը. «դմակ փախցնողները» այն աստիճանի են վարպետացել իրենց խաղերում, որ երբեմն իրենք էլ են հավատում իրենց ասածին, և դրանից բավականին հուզվում են։
-Նրանք հպարտանում են խարդավանքներ կազմակերպելու, մարդկանց ձեռնունայն թողնելու, իրենցը պոկելու, տանելու ֆանտաստիկ ունակություններով: Բայց նրանց իրական գնահատականը ճշգրիտ տվել է մեր դասականներից մեկը իր «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործության մեջ. «Արածդ հունձ չի՞, հնձածդ խոտ չի՞...»։
-Ավարտն անտեսում եք, այնինչ այն բավականին գունեղ է. «...հնձածդ խոտ չի՞, տո անասուն»։
-Դա թողնենք, չեմ կամենում որևէ մեկին վիրավորել։ ՈՒղղակի այդ «հնձվորները» պիտի հասկանան, որ բնաշխարհի անարատ հունձքն ու խոտը շատ ավելի բարձր են իրենց հնձածից։ Մի փոքր շեղվելով մի հարց եմ ուզում բարձրացնել։ Եթե նրանց թոռները հարցնեն իրենց, թե, պապի՛, եթե ես Հայաստանում եմ ապրելու, դու ինչո՞ւ ես իմ հասակակիցներին ապուշացնում, կործանելով բուհերը, դպրոցները, անբարոյականացնում՝ ծավալելով կազինոները, հասարակաց տները, զրկում աշխատանքից։ Ասենք թե, այ պապի, մի մեծ տուն ես սարքել և բարձր պարսպով ես պատել, տան կողքին էլ հատուկ ինձ համար մի համալսարան ես սարքել, բայց չէ՞ որ ես շնչելու եմ այն նույն օդը, որը իմ թշվառ հասակակիցներն են շնչում։ Նրանց նման ես էլ եմ թոքախտ ընկնելու, իմ երեխան էլ, քանի որ հերթական միլիոնը կուտակելու համար հատել են անտառները, չորացրել դաշտերը, ամայացրել երկիրը։
-Այսպիսով, այս պապերը իրենց թոռների ապագան վտանգելով, նախ վտանգում են երկրի ապագան։ Բայց վերադառնանք այս զարթոնք-շարժումը կառավարելի դարձնելու խնդրին։
-Անշուշտ, կան կազմակերպող կենտրոններ, սակայն երբ ժողովուրդն է դուրս գալիս, շարժումն արդեն ինքնակազմակերպվում է, դուրս է գալիս արտաքին կազմակերպիչների վերահսկողությունից։ Եվ եթե շարժումը ճշգրիտ է գործում, ապա արտաքին կառավարումը զրոյանում է, ժողովուրդն է տնօրինում սեփական ճակատագիրը։

-Ակամա զուգահեռներ են գծվում 1988-ի շարժման և զարթոնքի հետ։
-Անշուշտ, կան զուգահեռներ, չնայած տարբեր են խնդիրներն ու իրավիճակները։ Եվ որքան շարունակական լինի այս շարժումը` «Ո՛չ թալանին», նույնքան մեծ կլինի գործընթացի ինքնամաքրումը։ Շատ կարևոր է, որ այս երիտասարդներն իրենցից հեռու պահեցին քաղաքական գործիչներին։
-Նպատա՞կը։
-Այսպես թե այնպես նրանք ներքաշված են պոկել-տանելու պնակի մեջ, և բնավ կարևոր չէ, որ մեկի պնակում փողն է, մյուսի մոտ՝ իշխանությունը, երրորդի մոտ՝ փառքը, նրանք բոլորն էլ պնակային հոգեբանության տիրույթներում են։ Եվ նրանք անկարող են երկրում կյանք ստեղծելու, իսկ երիտասարդությունը Բաղրամյան փողոցում կյանք է նվիրում մարդկանց։
-Նրանք դուրս են կաղապարներից և պայմանականություններից, նրանք անկաշառ են։
-Կան ավանդույթի բնականոն ակոսներ, դրական և խորքային իմաստով, և կան կաղապարներ, որոնք ստեղծվել են կյանքի շեղումներից։ Հայաստանի և հայության, ի վերջո, նաև Երկիր մոլորակի համար շատ կարևոր է, որ այս շարժումը պահպանի իր անաղարտությունը և դուրս գա արտաքին ազդեցություններից, հաղթահարի արտաքին ուղղորդումները։ Ես այս պահին հստակ տեսնում եմ և՛ մեր իշխանության տարբեր խմբերի ձեռքերը, և՛ արևմտյան համակարգերի ձեռքերը, և՛ ռուսական ձեռքերը։
-Ռուսական «օրհնված» ձեռքերն այստեղ ի՞նչ են կորցրել։
-Նրանք կամենում են կասեցնել վերոնշյալ երկու խաղացողների կողմից հրահրվող հնարավոր հակառուսական զարգացումները։ Այստեղ կարևորագույնը սեփական որակների պահպանումն է, զարթոնքի զգացողության պահպանումը։
-Պարոն Մանուչարյան, իմ բազմաթիվ հրապարակումներում բազմիցս եմ հատկանշել, որ ազգափրկիչ և պետականակերտիչ գործ կարող է կատարել Հայաստանի ազատամարտի վետերանների և մտավորականության դաշինքը։ Սակայն դաշինքը չի կայանում, նույն Բաղրամյան պողոտայում հատուկենտ մտավորականներ և ազատամարտիկներ կային։
-Վերջին օրերին ես հանդիպումներ եմ ունեցել այդ շրջանակների հետ։ Այն, ինչը մեր սերունդը պիտի անի, որը կապված է որոշակի փորձի, ճշգրիտ գնահատականների և կասեցումների հետ, պետք է մենք անենք։ Երիտասարդները հայտարարում են ժողովրդի ինքնակազմակերպման մասին: Կարևորագույն խնդիր է: Այն, ինչը չկարողացավ լուծել Ղարաբաղյան շարժումը, և ինչի արդյունքում մեր ժողովուրդը կորցրեց շարժման բոլոր զարմանալի նվաճումները: Իսկ մտավորականությունը պետք է լինի երիտասարդության առաջին օգնականը, ինքնակազմակերպման օղակների, նրանց նպատակադրումների, գործունեության պլանավորողը, այդ ամենը հաստատողը: Երիտասարդներն անպատճառ կտեսնեն այդ գործողությունները և իրենք էլ համապատասխան եզրակացություններ կանեն։ Նրանց գլխին պետք չէ ավետարան կարդալ։
-«Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը ի՞նչ է տեսնում այսօր Հայաստանի Հանրապետությունում։
-«Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը հստակ է տեսնում, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ ո՛չ իրեն վերակառուցելու, բնականաբար, ո՛չ էլ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին։ Ոչ էլ, ի դեպ, ներքին։ Տեսեք, ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ է, մենք այստեղ ահուսարսափի մեջ ենք, կորանք՝ գոռում ենք մեծ ու փոքրով։ Մերձավոր Արևելքում է իրավիճակը ապակայունանում, ՀՀ-ն հայտնվում է «կորանք»-ի հոգեվիճակում, եթե Ադրբեջանում է ինչ-որ ռազմատենչ հայտարարություն հնչում, դարձյալ նույնը։
-Պետականության իմունիտետի կորստի հետևա՞նք է դա։
-Այո։ Եվ երիտասարդներն այս ամենը հիանալի տեսնում են։ Նրանք տեսնում են, որ պետական այրերի գլխավոր գործը թալանն է։ Նրանք ուշի ուշով ուսումնասիրում են յուրաքանչյուր պետպաշտոնյայի դեմքը և տեսնում են այնտեղ գրված` թալան։ Եվ ասում են` ո՛չ թալանին։
-Պարոն Մանուչարյան, բայց մեր իշխանավորների մեծ մասը քայլել է ժողովրդի հետ՝ սկսած առաջին հանրահավաքներից։
-Այո՛, ներկա իշխանավորների կենսագրություններում էլ կան էջեր, որոնք հաստատում են, որ այս մարդիկ ժամանակին և՛ երկրի պաշտպանությամբ են զբաղվել, և՛ կառուցողական գործեր են արել։
-Ե՞վ։
-Ինչ-որ մեկը բացեց նրանց գլուխը և մի չիպ մտցրեց այնտեղ, որը պարտադրում է նրանց զբաղվել թալանով։ Եվ ահա այս ապուշացման վիճակից նրանց դուրս բերելը մտավորականության գործն է։ «Հայաստանի» ծրագրի առաջին դրույթը հենց արժեհամակարգն է։ Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե երկրի հանդեպ արտաքին կառավարման գործիքը նախագահի աթոռին լրտես հաստատելն է, այս կամ այլ նախարարին հավաքագրելը, այս կամ այլ կուսակցապետին գնելը: Հիմնական, ամենաաղետալի արտաքին կառավարման զենքը արժեհամակարգը նենգափոխելն է, մարդկանց հոգում օտար հիմնասյուներ հաստատելը: Եթե նախագահիդ, նախարարիդ, կուսակցապետերիդ հոգում հիմնական նպատակը հաստատել են հարստություն դիզելը, ապա այլևս ոչինչ պետք չէ, նրանք իրենց ձեռքերով կավերեն ողջ երկիրը, աշխարհով մեկ կցրեն ամբողջ ժողովրդին: Այնպես որ, «Ո՛չ թալանին», բայց ոչ հեռուստաէկրաններից կամ պաստառների վրա, այլ առաջին հերթին մարդկանց հոգիներում։ Արժեհամակարգի վերականգնումը, առհասարակ, համամարդկային խնդիր է։ Թալանն ամբողջ աշխարհում է, ուղղակի տարբեր են բնույթները։ ՈՒղղակի Պուտինի երկրի թալանը մեր երկրի թալանին հարազատ է, իսկ Օբամայի երկրինը մի քիչ այլ է։
-Մի՞թե Օբամայի երկրում թալան կա, չէ՞ որ ԱՄՆ-ը քաղաքակրթության ավանգարդն է, վերջերս այնտեղ մի բարձի ծերանալու համասեռամոլների մասին որոշում կայացրեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանը։ Ե՞վ։
-Այո, ԱՄՆ-ի ներսում ավելի գերերը թալանում են ավելի նիհարներին, ֆինանսական համակարգերով կողոպուտը աներևույթ է, սակայն բավականին հզոր։ Բայց շատ ավելի կործանարար գործընթացներ է ԱՄՆ-ը ծավալում երկրից դուրս։ Տեսեք, թե ինչ կատարվեց «ՇԽԿհ» ընկերության հետ։ «ՇԽԿհ»-ը Ռուսաստանը թալանելու գործիք էր, այն թալանել է ռուս ժողովրդին շուրջ 100 մլրդ դոլարի չափով։ Եվ ահա արևմտյան քաղաքակրթության ուղնուծուծը հանդիսացող միջազգային դատարանները, որոնք, ըստ էության, Օբամայի դեպարտամենտն են, դատը լուծեցին հօգուտ «ՇԽԿհ»-ի։ Նման «յուկոսները» Հայաստանում ամենուր են։ Եվ ժամանակը վաղուց է հասունացել, որ այդ թալանչիական համակարգերը վերանան։ Մենք ունենք բազմաթիվ դաշնակիցներ աշխարհում։
-Թալանչի՞ դաշնակիցներ։
-Ո՛չ, ժողովուրդ-դաշնակիցներ, որոնք ցանկանում են ապրել բնականոն, աստվածահաճո կյանքով։ Թալանչիների խմբերն ամենուր են, դրանք զարհուրելի դաժանությամբ կողոպտում են մարդկությանը, կողոպտում են մոլորակը, մարդկության մեջ սերմանում են կողոպուտի, թալանի «մշակույթը», որպես մարդկային քաղաքակրթության զարգացման օրինաչափություն։ Եվ հոյակապ է մեր երիտասարդության մարտակոչը` «Ո՛չ թալանին»։
-Իսկ ի՞նչ կատարվեց կիրակի երեկոյան Բաղրամյան պողոտայում։
-Կողոպտիչներն անում էին իրենց գործը՝ փորձում էին դրդել այս կամ այն քայլերի: Բայց հոյակապ մեր ժողովուրդը զգաց վտանգը, խլեց նախաձեռնությունը:
Իսկ երիտասարդները չպետք է իրարից նեղանան, իրար մեջ դրածո, հակառակորդ փնտրեն: Լինում են և սխալներ, կլինեն և օտարներ, բայց նրանք այսօր մեր երկիրն են, կյանքն են հաստատում, հայ մարդուն վերակենդանացնում: ՈՒրեմն ստեղծագործենք և հայկականը վերադարձնենք Հայաստան: Մնացյալը ինքն իրեն կգա ու կգնա, չենք էլ նկատի:

Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ