Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օտար «պատերազմներ» Հայաստանի էներգետիկ ոլորտում

Օտար «պատերազմներ» Հայաստանի էներգետիկ ոլորտում
30.06.2015 | 10:28

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի «էներգետիկ պատերազմը» Հայաստանի տարածքում 2015-ի հունիսի 8-ին Երևանում մեկնարկ տվեց ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև նորագույն լոկալ էներգետիկ պատերազմին, տվյալ դեպքում՝ Հայաստանի էներգաշուկայի համար: Այդ օրը Հայաստանի կառավարությունը ստորագրեց փոփոխված ու լրացված պայմանագիրը «Որոտանի հէկերի կասկադ»ընկերության գույքի գնման-վաճառքի մասին: «Որոտանի հէկերի կասկադը» հանրապետության խոշորագույն հէկերի համակարգ է, որն էական դեր ունի էներգապաշարների ստեղծման գործում: Էներգետիկ օբյեկտի գնման-վաճառքի պայմանագիրը կնքվել էր 2014-ի հունվարին, Երևանում՝ Հայաստանի կառավարության, «Որոտանի հէկերի համակարգի», ամերիկյան «ContourGlobal Hidrocaskade» և «CG Solutions Global Holding՛՛ ընկերությունների միջև: «ContourGlobal Hidrocaskade» էներգաօբյեկտը ձեռք է բերում 180 միլիոն դոլարով և իբր թե մտադիր է մոդեռնացման համար 70 միլիոն դոլար ներդրում անել: Գործարքի ավարտը տարիուկես տևեց, ինչպես հաստատում էին Հայաստանի կառավարությունում, իրավական ու տեխնիկական պատճառներով: Օրենքի համաձայն՝ Որոտանի կասկադի մի քանի ջրամբարտակներ սեփականաշնորհման ենթակա չէին: Անորոշ է մնում և ջրամբարտակների սահմանների որոշարկման հարցը: Եվս մեկ կարևոր հանգամանք կար, որ գաղտնի էին պահում և՛ ամերիկացիները, և՛ Հայաստանի կառավարությունը մինչև 2014-ի հունիսը: Անգամ ԱԺ արևմտամետ պատգամավոր Արամ Մանուկյանը անցած տարվա հունիսի 10-ին տագնապի ազդանշան հնչեցրեց. «Հիդրոկասկադի գնման-վաճառքի պայմանագրի հավելվածի 4.03 կետում նշված է, որ Որոտանի կասկադի հէկերի ինֆրակառույցները չեն կարող օգտագործվել Իրան էլեկտրաէներգիա փոխանցելու գործընթացում: Սա վկայում է, որ մենք գործ ունենք քաղաքական գործարքի հետ»: Իսկ 2014-ի հուլիսի 5-ին Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ջոն Հեֆեռնը սպառնում ու շանտաժի էր ենթարկում Հայաստանին «հետևանքներով», եթե հրաժարվեն գործարքից: Երկրի ամերիկամետ ուժերը մինչև այսօր լռում են և չեն շտապում մեղադրել իրենց տերերին Հայաստանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձի համար՝ Երևանը ներքաշել հակաիրանական պատժամիջոցների մեջ, թեպետ որևէ մեկի համար (այդ թվում՝ կառավարությունում) գաղտնիք չէ՝ որքան է Հայաստանի տնտեսությունը, առաջին հերթին, էներգետիկան, կապված Իրանի ու Ռուսաստանի հետ:
Որոտանի հէկերի կասկադը կազմված է Տաթևի, Շամբի և Սպանդարյանի հէկերից՝ Որոտան գետի վրա: Կասկադի ընդհանուր հզորությունը 400 ՄՎտ է, տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է 1,16 միլիարդ կիլոՎատտ.ժամի: Բայց այդ էներգետիկ օբյեկտի գլխավոր արժեքը ամերիկացիների համար հզորությունը չէ, այլ հայ-իրանական սահմանին շատ մոտ լինելը: Ոչ ոք չի երաշխավորի, որ ապագայում կասկադի ենթակառույցները և վարչատեխնիկական շենքերը չեն դառնա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Իրանին լրտեսելու կենտրոն: Երբ այս տարի հունիսի 8-ին հայտարարվեց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքման մասին, ոչ ոք չճշտեց՝ 4.03 կետը հանվա՞ծ է, թե՞ ոչ: Այս փաստը լռության մատնելը ստիպում է մտածել, որ Հայաստանի կառավարությանը ամերիկացիները ներքաշել են հակաիրանական ու հակառուսական գործողությունների մեջ էներգետիկ ոլորտում:
Ինչո՞ւ նաև հակառուսական: Ոչ առաջին անգամ այս տարի հայկական մամուլում, որ վերահսկում են ամերիկամետ շրջանակները, հարց են դնում ՀԷՑ-երի իբրև թե ոչ արդյունավետ մենեջմենթի մասին, որ իրականացնում է ԿԸԿ «ИНТЕР РАО»-ի դուստր ձեռնարկությունը: Առայժմ չխորանանք, թե որքանով է այդ կոնցեռնը ռուսական և որքանով է դարձել տրանսազգային էներգետիկ հոլդինգ, որտեղ լուրջ դեր են խաղում ոչ ռուսները, կամ ծայրահեղ դեպքում՝ երկու-երեք անձնագիր ունեցող մարդ: Իրավիճակը սրվում է, երբ մայիսի 8-ից ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հայտ ներկայացրեց: Առաջարկվում է ցերեկային սակագինը 41,85-ից բարձրացնել մինչև 58,93 դրամ, իսկ գիշերայինը՝ 31,85-ից 48,93 դրամ: Հաշվի առնելով Հայաստանի բնակչության ավելի քան 90 %-ի ծանր սոցիալական վիճակը, էներգետիկների հայտի բավարարման դեպքում անխուսափելի են ընդվզումները, արևմտամետ ընդդիմությունը նախաձեռնում և քարոզում է «հրապարակային բողոքներ»: Հիմա, սակայն, բողոքի շարժումը դեռ ապստամբություն չէ, «մայդան» չէ: Տեղական դիտորդներն ու փորձագետները հաճախ բոլոր մեղադրանքներն ուղղում են ընկերության հասցեին, նույնիսկ պահանջում են «պատասխանատվության կանչել»: Երբեմն պնդում են, որ ընկերությունը իբր թե սնանկացած է: Մամուլում լուրեր էին պտտվում, որ իշխանությունները մտադիր են «ИНТЕР РАО»-ից վերցնել ՀԷՑ-երը և պարտքերով վաճառել «Տաշիրին», որ գլխավորում է Ռուսաստանում գործող բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, թեպետ այդ լուրը չի հաստատվում: Ընկերության ղեկավարությանը, ուրեմն և «ИНТЕР РАО»-ին մեղադրում են, որ խոստացված ներդրումները «կամ չեն արվել, կամ անարդյունավետ են եղել» (օրինակ՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը): Բայց եթե կարդաք ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հունիսի 11-ի հարցազրույցը, տագնապալից իրավիճակի բոլորովին այլ պատկեր է պարզվում: «11 տարի սակագինը Հայաստանի սպառողների համար անփոփոխ է մնացել, չնայած, միանգամայն հիմնավորված պատճառներով, թեկուզ ինֆլյացիայի, երկրի հաստատուն էներգամատակարարման համար մեծացել է: Այդ շրջանում սակագինը հնարավոր է եղել պահել էլեկտրացանցերի սեփականաշնորհման հաշվին: Սակայն վերջին երեք տարիներին ՀԷՑ-ում ի հայտ եկան համակարգային խնդիրներ, որ ոչ մի կերպ կապված չեն նրա գործունեության հետ՝ խոշոր ու փոքր հէկերի արտադրանքի նվազումը, հայկական ԱԷԿ-ի նորոգումից ուշ դուրս գալը, էներգաբալանսի խախտումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էներգետիկ հավասարակշռությունը հաշվի չէր առել: Հետևանքը՝ ՀԷՑ-ը չստացավ ծրագրված շահույթի 37,6 միլիարդ դրամը: Դա էլ դարձավ ստեղծված բարդ ֆինանսական վիճակի հիմնական պատճառը: Չի կարելի ասել, որ հանրապետական իշխանությունների ու հանձնաժողովի համար դա նորություն էր: Մենք նրանց տեղեկացրել ենք ստեղծված վիճակի մասին, բայց, ցավոք, նրանց ձեռնարկած բոլոր միջոցները արդյունավետ չէին: Մենք պատասխան չենք ստացել մեր բարձրացրած համակարգային հարցերին»,- ընդգծել է Եվգենի Բիբինը: Առայժմ մի կողմ թողնենք ՀԷՑ-ի տնօրենին ուղղված միջոցների «ոչ նպատակային օգտագործման», շռայլումների և այլ մեղադրանքներ: ՀԷՑ-երի սեփականության և կառավարման մեջ էներգետիկ օբյեկտները 60 % են, և Որոտանի կասկադի հէկերը նրանց թվում չեն, բայց Բիբինի մեկնաբանություններում նշվում է Հայաստանի մեծ ու փոքր հէկերի էներգաարտադրության նվազումը, իսկ նրանց թվում է Որոտանի կասկադը: Պարզվում է, որ և՛ սակագնի բարձրացման պայքարի, և՛ արևամտամետ շրջանակների ՀԷՑ-երը «վերցնելու» ցանկության արմատները այնտեղ են, որ Երևանը չկարողացավ դիմակայել ոչ այն է սեփական ագահությանը, ոչ այն է ԱՄՆ-ի ճնշումին ու վաճառեց Որոտանի կասկադը ամերիկյան ընկերություններին:
Պարզ է, որ Ռուսաստանին էներգաշուկայից դուրս մղելու որոշումն ամերիկացիները այսօր չեն ընդունել, ոչ էլ 2014-ին: Այս տարվա իրադարձությունները միայն շարունակությունն են ինչ-որ ժամանակ սկսվածի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի արդյունքները հակասական ու բազմանշանակ էին: Ի վերջո, Վաշինգտոնում առաջին դեմքերի հետ (կամ «երկրորդ շրջանակի») հանդիպել չհաջողվեց, կամ ծրագրված չէր: Եվ այդ համապատկերում լուսանկարը սենատորների ու կոնգրեսմենների հետ, որոնց թվում էր ոչ անհայտ, ռուսատյաց Ջոն Մակքեյնը, հազիվ թե մեծ հաջողություն է հայկական արտաքին քաղաքականության համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի անսկզբունքայնությունը հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, հաշվի առնելով Վաշինգտոնի մասնակցությունը ահաբեկիչների ֆինանսավորմանը, որ Իրաքում ու Սիրիայում ոչնչացնում են քրիստոնեական համայնքները (այդ թվում՝ հայկական): Այս երկու գործոնները բավարար են, պետք չէ «հղում անել» Ղրիմին կամ ՈՒկրաինայի հարավ-արևելքին, որտեղ հենց ԱՄՆ-ի «հրահանգներով» շարունակվում է Դոնբասի ռուսալեզու բնակչության ցեղասպանությունը, նրանց թվում՝ նաև հայերի: Իսկ Մակքեյնը հայտնի կողմնակից է այդ շրջաններում արյունահեղության շարունակման:
Եվ Ամերիկայի, և Հայաստանի հասարակությունը փայլուն գիտի, որ ԱՄՆ-ը Հայաստանում տնտեսական գերակայություն գործնականում չունի: Բոլոր դեպքերում՝ չի ունեցել: Առաժմ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով հինգերորդ տեղում է, ուղղակի ներդրումների առումով վիճակն ավելի վատ է: 1991-ից հետո ոչ ոք չի խանգարել ԱՄՆ-ին ներդրումներով ու տնտեսապես ամրապնդվել Հայաստանում, շահեր չեն եղել: Հիմա էլ չկան: Հայաստանի կառավարության գործարքը ամերիկյան Contour Global ընկերության հետ 250 միլիոն դոլար ներդրումային կապիտալով 2014-ին հանգեցրեց սկանդալի և մեղադրանքների, որ ամերիկյան կողմը պայմանագրի տեքստում քաղաքական ենթատեքստ է դնում: Հիմա պայմանագրի տեքստը, իբր, խմբագրվել է, հաստատվել ու ստորագրվել: Արևմտամետ մի խումբ փորձագետներ Երևանում բուռն հրճվանք են ապրում, ի դեպ, դեռ չհրապարակված, շրջանակային համաձայնագրի առիթով «Առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության մասին», որ Սերժ Սարգսյանը ստորագրեց Վաշինգտոնում: Այո, դա համապատասխանում է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարություններին, որ բացի ակտիվ աջակցությունից Ղարաբաղի խնդրի լուծմանը և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, իր խնդիրներից են ԱՄՆ-ը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկեր դարձնելը և Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների մեծացումը: Քանի որ 2015-ին Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների բացարձակ առաջատարը Ռուսաստանն է` 3 միլիարդ դոլարով, ստացվում է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը ՌԴ-ի հետ «վեճն» է: ԱՄՆ-ին պետք չեն Հայաստանի ամբողջ տնտեսությունը, առավել ևս, աշխատատեղերի ստեղծումը և շարքային քաղաքացիների բարեկեցությանը նպաստելը: Առաջին՝ ԱՄՆ-ն ընդհանրապես ձգտում է ներդրումներ չանել հետխորհրդային պետությունների տնտեսության իրական սեկտորում՝ որևէ շահ չունենալով: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ստրոուփ Թելբոտը (1994-2001) իր գրքերից մեկում Ղազախստանի օրինակով բացահայտ ընդունում է, որ ԱՄՆ-ին պետք չէ ներդրումներ անել հետխորհրդային ենթակառուցվածքներում այն պատճառով, որ այլևս հնարավոր չի լինելու վերադարձնել: Այդ պատճառով ԱՄՆ-ի ներդրումները քաղաքական են: Գումարներն ուղարկվում են իբրև դրամաշնորհներ հասարակական սեկտորին՝ «հինգերորդ շարասյուներ» ստեղծելու նպատակով: Ոչինչ ավելի: Երկրորդ՝ որտե՞ղ և ի՞նչ են ներդնելու ամերիկացիները, եթե մարտի 9-ին դեսպան Միլզը Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպմանն ուղղակի հայտարարել է, որ իրականում միայն «Հայաստանի էներգետիկ ոլորտն է ԱՄՆ-ի կառավարության համար գերակա»: Հայաստանի ո՞ր էներգաօբյեկտն են ցանկանում գնել ամերիկացիները, եթե Որոտանի հէկերի կասկադից հետո քիչ թե շատ խոշոր ոչինչ չի մնացել: Մի՞թե հայկական ԱԷԿ-ը, որը վերջերս Ռուսաստանը իր հավատարմագրային կառավարումից վերադարձրել է Հայաստանի կառավարությանը: ՈՒկրաինական ԱԷԿ-ների կառավարման ամերիկյան «փորձը» ցույց է տալիս, որ բոլոր ներդրումները հանգում են ռուսական միջուկային վառելիքը ամերիկյանով փոխարինելուն, ինչը ձախողվում է: Հաշվի առնելով հայկական ԱԷԿ-ը փակելու թուրքերի, ադրբեջանցիների, ԵՄ-ի չդադարող պահանջները, կարելի է չկասկածել, որ, Աստված չանի, եթե հայկական ԱԷԿ-ը ԱՄՆ-ին վաճառեն, ինչ արագությամբ ամերիկացիները «եզրակացություն» կտան, որ ԱԷԿ-ը «շահութաբեր» չէ և այլն, և այլն:
Իրոք, չէ՞ որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար ավելի ուրախալի ոչինչ չկա, քան արագացված տեմպերով Հայաստանի էներգետիկ ոլորտը կախման մեջ դնել Թուրքիայից ու ԱՄՆ-ից, քանի որ ամերիկացիները 2014-ին փորձեցին արգելակել Հայաստանի ու Իրանի էներգետիկ համագործակցությունը: Չի կարող պատահել, որ ԱՄՆ-ը չիմանար՝ Իրան-Հայաստան գազամուղի գործունեությունը պայմանավորված է նրանով, որ Իրանից ստանալով բնական գազ, Հայաստանը վճարում է՝ հարևան պետությանը մատակարարելով էլեկտրաէներգիա համարժեք ծավալով: Ասենք, Աստված Հայաստանի էներգետիկ անկախության հետ, շուկան շուկա է՝ կա՞ պահանջարկ, կլինի գործարք, բայց, գուցե վատ չէ՞ր այդ դեպքում ինչ-որ մեկին ինչ-որ բան վերադարձնելը: Հայկական ԱԷԿ-ի շահագործման լրացուցիչ անվտանգության ապահովման ծախսերն ու աշխատանքները կատարել է ոչ միայն ԱՄՆ-ը: Թեպետ այդ պնդումը լուրջ կասկածներ է հարուցում, նույնիսկ եթե էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն է շնորհակալություն հայտնում դեսպան Ռիչարդ Միլզին՝ «հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման գործում ԱՄՆ-ի աջակցության համար»: Ռուսաստանի ու ՄԱԳԱՏԷ-ի այդ քայլերի մասին հայկական հանրությունը լավ տեղեկացված է, իսկ ինչո՞վ կարող էին օգնել ամերիկացի մասնագետները խորհրդային տիպի ու «չեռնոբիլյան ռեակտորով» հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը, որ կարող է գործել միայն ռուսական միջուկային վառելիքով, դժվար է հասկանալ: ՈՒկրաինայում ամերիկացիները ուղղակի ձախողվեցին, երբ փորձեցին ուկրաինական ԱԷԿ-ներում ռուսական միջուկային վառելիքը ամերիկյանով փոխարինել: Փաստացի՝ ոլորտում, որ ԱՄՆ-ի համար միակ գերակայությունն է Հայաստանի տնտեսության մեջ, ուրիշ ոչինչ չկա, որի համար հնարավոր է պայքարել, մնում է հրապարակային գրոհել Ռուսաստանի դիրքերի վրա մնացած էներգետիկ օբյեկտներում: Հարց է ծագում՝ հենց այդ պատճառով չե՞ն Երևանում բարձրացնում ՀԷՑ-երի աշխատանքի արդյունավետության խնդիրը: Մյուս ոլորտներում էլ, ասենք, «Ռոսնեֆտի» քթի տակից փախցնել «Նաիրիտը», «ՈՒրալվագոնզավոդից»՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, «Ռուսական երկաթուղիներից»՝ Հարավկովկասյան երկաթուղիները, վերջապես՝ դուրս մղել «Գազպրոմին» և այլն, և այլն: Մրցակցությունը Ռուսաստանի հետ, երբ ԱՄՆ-ը դուրս է գալիս նախընտրական փուլ, պրայմերիզների տենդի մեջ է ու վերջապես նախագահական ընտրություններից առաջ, ամենաբարենպաստ թեման է ներքին քաղաքական շուկայում: Սակայն ի՞նչ կապ ունի Հայաստանն իր էներգետիկ շահերով, ի՞նչ կապ ունեն շարքային քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, ի՞նչ կապ ունի էներգետիկ անկախությունը Ադրբեջանից ու Թուրքիայից, որը ապահովվել ու ապահովվում է հենց Հայաստանի էներգետիկ ոլորտում սերտ համագործակցությամբ Ռուսաստանի ու Իրանի հետ: Դեսպան Միլզը չէր ասում, որ ԱՄՆ-ի կառավարության համար գերակա շահ է բնակչության զբաղվածությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որը մարտ ամսից կատարվում է Տավուշի մարզում՝ Ռուսաստանի աջակցությամբ: Օրինակ՝ «Գյուղական համայնքների զարգացմանը ինտեգրային աջակցություն՝ համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում, որ ֆինանսավորում է Ռուսաստանը, Տավուշում գյուղատնտեսական մեքենաների չորս պարկ է ձևավորվելու, կառուցվելու են 90 էներգա և ջրապահպան ջերմոցներ, 120 հեկտար նոր մրգատու ու խաղողի այգիներ են տնկվելու, աշխատանքներ են տարվելու պտղատու մշակութաբույսերի բերքատվության բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է կառուցել 30 ժամանակակից փոքր վերամշակող ձեռնարկություն չոր մրգերի, պանրի, պահածոների ու գինու արտադրության համար: Դեսպանը չհիշատակեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել, օրինակ, Հայաստանի ու ՌԴ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, ինչպես մարտի 11-ին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Առավել ևս, որ Վաշինգտոնը հազիվ թե օգնի Հայաստանին կառուցել (կամ ֆինանսավորել) Իրան-Հայաստան երկաթուղին: Անվերջ կարելի է շարունակել թվարկումը, թե ինչ չի անի ԱՄՆ-ը Հայաստանում:
«Առևտրի ու ներդրումների ոլորտում համագործակցության մասին» (TIFA) շրջանակային համաձայնագրի քաղաքական ու նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթն ակնհայտ է: Ինչպես և պետք էր սպասել, մարտի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նորից բարձրացրեց հայկական ԱԷԿ-ի փակման «պահանջը»: Հետո թեմային նոր ոգևորությամբ միացավ Համաշխարհային բանկը: ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին ապրիլի 1-ի մամլո ասուլիսում հայտարարեց, որ եթե չստեղծվեն էլեկտրաէներգիայի արտադրության լրացուցիչ հզորություններ, 2020-ից Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի էական պակաս ունենալ, բացահայտ ակնարկելով մեր ԱԷԿ-ի «չծրագրված փակումը»: Իսկ ամերիկամետ ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում են հրապարակումներ, որ «ատոմակայանը սպառնալիք է մեր անվտանգությանը», հաշվի չառնելով, որ հայկական ԱԷԿ-ի տնօրինության հետ պայմանագրով Պետերբուրգի «Ատոմպրոյեկտի» մասնագետները ուսումնասիրել են կայանի տեխնիկական վիճակը և նախապատրաստել են առաջարկներ շահագործումը մինչև 2027-ը շարունակելու համար: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 5-ին ՌԴ այցի շրջանակներում ստորագրվեց համաձայնագիր՝ Հայաստանի կառավարությանը վարկ հատկացնելու մասին՝ հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու աշխատանքները ֆինանսավորելու համար: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ Մարկ Հորտոնի, Ֆրանցիսկ Պարոդի ու Թերեզա Սանչեսի հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ ռուսական վարկի օգնությամբ (270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ) Հայաստանն իրոք մտադիր է ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգել մինչև 2027-ը:
Ասենք, ամերիկացիները նույնպես «կցանկանան» ներդրումներ անել հյուրանոցային բիզնեսում՝ փետրվարի 26-ին հայտարարեցին, որ երկիր է գալիս Carlson Rezidor ընկերությունը և Golden Palace-ը «վերաձևակերպվում է» Radisson Blu Hotel Yerevan: Կամ էլի ինչ-որ տեղ, բայց պարտադիր հայ-իրանական սահմանի մերձակայքում, ինչպես Մեղրիի շրջանում չոր մրգերի արտադրության մինի գործարանը, իսկ հիմա Որոտանի կասկադը: Տեղեկություններ չկան, որ ԱՄՆ-ը տնտեսական հետաքրքրություններ ունի Հայաստանի և Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների մերձակայքում: Հայաստան-ԱՄՆ ներդրումների շրջանակային համաձայնագրի առիթով բուռն հրճվանք ապրելու փոխարեն պետք է մտածել, թե դա ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի ու Իրանի հետ հետագա համագործակցության խաղացմանը և ամերիկյան ընկերությունների հարստացմանը Հայաստանում՝ ի հաշիվ իրենց էներգակիրների: Իսկ հայկական ԱԷԿ-ի հարցը, եթե Աստված չանի, ծագի, կարող է կտրուկ փոխել Իրանի և Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Հիմա խոսակցություններ են ծավալվում «Գազպրոմին» Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի վաճառքի մասին: Գուցե Հայաստանի կառավարությունը փորձում է «հավասարակշռել» ռուսական բիզնեսի համար բացասական էֆեկտը Որոտանի կասկադը ամերիկացիներին տալու դիմաց: Սակայն արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ կատարվում է ևս մեկ քայլ սրելու «օտար պատերազմը» Հայաստանի էներգետիկ ոլորտում: Իսկ Երևանում շարունակվում են հանրահավաքները… Ինչի՞ շուրջ: Հեռանկարում՝ մեր ընդհանուր ապագայի` գուցե: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փորձը ինքնաբերաբար բարձրացնելու է գները մյուս ճակատներում՝ ջուր, հաց, էլեկտրական տրանսպորտի սակագին, սննդամթերք, հայկական ձեռնարկություններում արտադրված սպառման ապրանքներ, տարբեր ծառայություններ: Եվս մեկ հարված փոքր ու միջին բիզնեսին, երկրից փախչողների նորանոր ալիքներ: «Բիբիննե՞րը» մեղավոր կլինեն, թե՞ մեր կառավարությունը, նույնիսկ եթե օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա ոչ թե 40 %-ով, ինչպես ՀԷՑ-ն է պահանջում, այլ՝ 30 %: Բոլոր դեպքերում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ կառավարությունը (այլ ոչ թե Բիբինը, նա ևս արդեն փախել է Հայաստանից) մտադիր չէ հրաժարվել երկրի առանց այդ էլ չքավոր բնակչության հետագա ունեզրկումից:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ