«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կարապետ աղան

Կարապետ  աղան
30.06.2015 | 10:46

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Գիշերային Նյու Յորքը չհոգնող տենդով ծփում էր լույսերի ծովում։ Մարդիկ շտապում էին մի երկու ժամ էլ կորզել գիշերից։ Այդ տենդը շատերի հետ չի ննջում մինչև լույս։
Աննան սովորականի պես իր օրագիրն էր թերթում, որի շատ էջերին ցամաքած արցունքի կաթիլները արդեն վերքերի խամրած աչքեր էին դարձել։ Նյույորքյան տենդը Աննայի օրագիր չմտավ։ Աննան առաջին անգամվա հուզումով զգուշությամբ բացեց հազար անգամ կարդացած օրագրի առաջին էջը։ Ամեն էջի հետ տարիներով խոսել է, վիճել, հաշտվել։ Հոր խոսքերը սուր մեխի պես կրկին ծակեցին վերքոտ սիրտը՝ «Հայրենի՛ք, ների՛ր, ես քո խորթ զավակը չեմ, բայց հեռանում եմ Հայաստանից, որ ավելի մոտենամ քեզ, որ միշտ քեզ հետ լինեմ»։ ՈՒշ ժամի հեռախոսազանգը միանգամից սթափեցրեց Աննային։
-Բարև, սիրելի զարմիկս, դու ինձ չես ճանաչում, հենց նոր իմացա, որ Աննա անունով զարմիկ ունեմ... Շնորհակալ եմ Աստծուց, որ Կարապետ հորեղբորս թոռը ողջ է և Նյու Յորքում է ապրում,- հեռախոսի լսափողից հարազատի հուզախռով ձայնի հետ արյան մի հոսք մտավ Աննայի զարկերակը, բարձրացավ սիրտը։
-Անցած տարի մի զարմիկը Ֆրանսիայից եկավ, մյուսը՝ Արգենտինայից։ Կտրված հուլունքի պես ցիրուցան եղան մեր գերդաստանի զավակները,- օրագրի հետ խոսեց Աննան ու նորից բացեց առաջին էջը։
«Պապս կեսարացի է, տասնմեկ զավակներից մեկը։ Հայրը՝ Հակոբ Ջիրջիրյանը, եղել է հարուստ արհեստավոր, պալատական սրմաներն է ոսկեզօծ ասեղնագործել։ Տարին մի քանի ամիս աշխատել է, մնացած ժամանակ քեֆ քաշել։ Տանը քառասուն հոգով են ամեն օր հացի նստել։ Կեսարիայում արգելված էր հայերեն խոսելը, բայց պապս գրում-կարդում էր հայերեն։
...Ջարդի առաջին օրը ասկյարների մի խումբ շտապում էր առաջինը մտնել Հակոբ աղայի տունը. շեն օջախ է, թալանը՝ ճոխ... Զինված ասկյարները գերդաստանի աչքի առջև մորթում են ավագ որդուն։ Նույն պահին տեղում ճաքում է հոր սիրտը... Կարեկցողներից մեկը նույնիսկ մխիթարել է Կարապետ պապիս. «Էլի փառք է, որ հերդ մեռավ, չտեսավ մյուս որդիների և հարազատների դաժան մահը»։ Մենակ Կարապետ պապս է հրաշքով փրկվում։ Հետո նա շարունակում է մեր գերդաստանի ոսկեձեռիկ արհեստը՝ ապուխտ պատրաստելը։ Շրջապատում խոնարհվելով՝ ջերմ բարևում էին և հարգանքով պատմում Բաստրմաչի Կարապետ աղայից։ Ես միշտ հպարտությամբ եմ հիշում կեսարացիների մասին Նշան Պեշիկթաշլյանի «Հայ աղբրտիքը». «Մի քար դրեք ակնեցու ափը, նա այդ քարից մի աղբյուր կհանի։ Նույն այդ քարը դրեք վանեցու ձեռքը, նա էլ այդ քարից իր հացը կհանի։ Այդ քամված քարը հանձնեք կեսարացուն, նա կբռնի քարը, ու հանկարծ այն կդառնա ոսկի: Կեսարացու համար կյանքում ամենախոր բանը նավթահորն է (դե, համաշխարհային նավթի արքաներից Գալուստ Գյուլբենկյանի արմատները Կեսարիայում են), ամենաընդարձակ բանը՝ գորգը, ամենանուրբ բանը՝ ապուխտը»։
Պապս Բուրսայում գտել է գեղադեմ ու շնորհաշատ Գոհար տատիկիս, ով, նույնպես ջարդից փրկված, իր նուրբ ասեղնագործությամբ հանապազօրյա հացն է վաստակել։ Այնպիսի մի հարսանիք է արել, որ բերնեբերան պատմում էին... Պոլսից շատ մեծ նվագախումբ է հրավիրել։ Հետո գլխի ընկա, որ եղեռն տեսած մարդը դրանով հասկացրել է. «Անարդար աշխարհ, Կեսարիան ընկավ, բայց կեսարացի է ամուսնանում. ուրեմն՝ Կեսարիան կա՛»։ Բուրսայում ծնվում է հորեղբայրս, իսկ հայրս՝ Հունաստանի Սալոնիկում»։
Հեռախոսազանգը կրկին սթափեցրեց Աննային։ Լսափողում մի կին հայերեն էր լալիս։ Աննան լավ գիտեր, որ այդպես անմիջական ու արցունքոտ գաղթական հայ կինն է լալիս։
-Աննա ջա՜ն, ես նոր իմացա քո մասին։ Ես Արգենտինայում եմ ապրում, ինձ Ֆրանսիայից զանգահարեցին ու պատմեցին, որ քեզ գտել են... Իմ անունը Եղիս է։- Դեռ նոր ցամաքած աչքերը նորից սրբեց Աննան։ Իսկ օրագիրը երկու կաթիլ խոնավություն զգաց։
«Հայրս Սալոնիկում ապրեց 20 տարի։ Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհայինը, հայրս, չնայած դեռ շատ երիտասարդ էր, տատիս պատմածով՝ իր չափազանց հախուռն բնավորությամբ ուղղակի քիթը խոթել է ամեն տեղ, անգամ պարտիզանական ջոկատ և զենքը ձեռքին կռվել է Հունաստանի ազատագրության համար։ Տատս ու պապս այդ մասին իմացել են այն ժամանակ, երբ գերմանացի զինվորները ներխուժել են տուն և սկսել խուզարկել։ Գտնելով վառարանում պահած ատրճանակը, հորս տարել են իրենց հետ և գլորել գեստապոյի նկուղը։ Միայն պապիկիս ծանոթություններն ու դրամն են փրկել նրան ակնհայտ գնդակահարությունից։ Պատերազմից հետո հայրս, այլևս անզոր հայրենիքի կարոտին, որոշել է Հայաստան գալ։ Հակառակ ծնողների մտավախությանը և հարազատների խորհրդին, ովքեր քիչ թե շատ իմացել են, թե ինչ է սպասում հայրենադարձներին հետպատերազմյան Հայաստանում, հայրս 1946-ին մենակ նստել է «Տրանսիլվանիա» նավն ու հասել Բաթում, հետո՝ Հայաստան։ Տատս բազմաթիվ ուտելիքների հետ նաև մի մեծ մետաղյա տուփով նրա սիրած թխվածքն է դրել... Բաթումում միանգամից իրարանցում է սկսվել. «Կարանտին է, ձեզ հետ բերած սննդամթերքները նետեք ծովը»։ Հայրս համառել է՝ կամ իր թահինով շաքարահացը կտանի հետը, կամ կմնա նավում ու կիջնի միայն այն ժամանակ, երբ ուտի վերջացնի բոլորը։ ԷՆԿԱՎԵԴԵ-ի աշխատակիցները թեև դժկամությամբ, բայց զիջել են համառ հային՝ մտքում ծիծաղելով՝ «Ոչինչ, դեռ տաք է, Սովետի հացը Սիբիրում կուտի»։
Հայաստան հասնելուն պես նրան ուղարկել են հեռավոր Կալինինո գյուղը, որտեղ, իմանալով, որ նա բաստուրմա կարող է պատրաստել, մի ամբողջ արտադրամաս են վստահել։ Կարճ ժամանակում «ախպար» Մաքսուդը «բաստրմաչի» պատվանունն է ստանում։ Մեկ տարի հետո ընտանիքն էլ է հասնում Կալինինո։
Պապս իր ողջ կարողությունը, մի մասը որպես ոսկի, մյուսը՝ թղթադրամ, բերում է Հայաստան։ Հայրս պատմում է, որ օրական մեկ ոսկի են փոխել և դրանով գնել 2 հաց, 3 սիգարետ, մի քիչ շաքար, օճառ, օրվա համար սուրճ, առանց որի պապս ոչ մի օր չէր ապրի։ Սկզբում տեղացիները իրենց համար անսովոր բաստուրմա ու սուջուխ և օձի լեղու պես դառը ղայֆե (սուրճ) վայելող ախպարներին մի այլ հայացքով էին նայում։
-Ճիշտ է, ախպար են, բայց լավ մարդիկ են,- կողքանց շշնջում էին, երբեմն էլ նույնիսկ իրենց ներկայությամբ անկեղծանում նրանք։
Տարիներ անց մերոնք հաստատվում են Երևանում։ Խնայած ոսկին վերջանում է, ապրուստ հայթայթելու հոգսով հայրս ու հորեղբայրս ստիպված կիսատ են թողնում ուսումը։ Պապս՝ Բաստրմաչի Կարապետ աղան, ամեն օր արժեզրկված թղթադրամներով վառել է պրիմուսը, եփել իր սուրճն ու կատակել. «Է՜հ, 50-հազարանոց մի ղայֆե էլ խմեցի էսօր»։
Երբ այլևս ծախելու բան չի մնացել, տատս որոշել է իր հարսնության ոսկե շղթան ծախել։ Հայրս մեկ մետրից երկար շղթան տարել է կենտրոնական շուկա վաճառելու։ Քանի որ խանութն այդքան դրամ միանգամից չի կարողացել տալ, որոշել են ամեն շաբաթ շղթայից մի թիզ կտրել ու այդպես վաճառել։ Հիմա շղթայից միայն տատիկիս հրաշքով փրկված նկարն է մնացել... Ամեն անգամ այդ նկարին նայելիս՝ պատկերացնում եմ ջարդ տեսած մեծ հորս ու մորս ապրումները՝ իրենց երջանկության վերջին մասունքները մեկ անգամ էլ կտոր-կտոր փշրելիս»։
Նորից հեռախոսը...
-Տեսնես հիմա ո՞ր աշխարհամասից հրաշքով փրկված անծանոթ հարազատս է զանգում,- գլուխն ափերի մեջ առավ Աննան։ -Տե՛ր Աստված, հայերիս համար 1915-ը դեռ չի ավարտվել...
-Ալո՛, անունս Կարապետ է, Կեսարացի Բաստրմաչի Կարապետ աղայի անունով են զիս կնքել, Եգիպտոսեն կհեռաձայնեմ։ Դուն Կարապետ աղայի թո՞ռն ես...
Օրագիրը մի քանի կաթիլ խոնավություն էլ զգաց չսպիացող վերքի պես բաց էջին։ Թեև ամերիկյան եռացող կեսգիշերը շատ վաղուց էր մաշվում, բայց փողոցներում անհոգ զբոսնողները դեռ վայելում էին գիշերային զբոսանքի հաճելի պահերը։
-Տեր Աստված, ե՞րբ է ավարտվելու 1915-ը, մի՞թե կտրված հուլունքի պես ցիրուցան պիտի մնանք, և ցավն ու կարոտը ցեցի պես մեր հոգին փշրեն,- օրագրի հետ կրկին զրուցեց Աննան՝ թերթելով խոնավ էջը։
«Ստալինյան տարիներին Հայաստան ներգաղթած հայրենադարձներին Սովետական Հայաստանում «չէին վստահում», ավելի շուտ ստեղծում էին այդպիսի տպավորություն, որպեսզի արդարացնեն հալածանքներն ու աքսորները։ ԷՆԿԱՎԵԴԵ-ի «զգոն ու գերսթափ» աշխատակիցները հրաշալի հիմնավորում էին. «Ախպարները հազար ու մի թելերով կապված են եղել բուրժուական իմպերիալիստների հետ և հիմա էլ նրանց լրտեսներն են։ Աչքաբացներին պետք է աքսորել Սիբիր, մնացածներին էլ չվստահել կարևոր պաշտոններում կամ էլ մշտապես զգոն աչքի տակ պահել. չէ՞ որ դասակարգային թշնամին երբեք չի ննջում»։ Հազարավոր անմեղ հայրենադարձներ «ժողովրդի թշնամի» դարձան, իսկ ժողովուրդն էլ անզոր էր պաշտպանելու «բուրժուական լրտես ախպարներին»։ Պաշտպանողներին Սիբիրի ձրի ուղեգիր էին տալիս... Իսկ «ախպար» հորջորջվող հայրենադարձների հոգում սիրո ու կարոտի թրթիռներն արդեն կամաց-կամաց վախի ու հիասթափության էին փոխվում, և տասնամյակներով օտարության մեջ հայրենիք տենչացողները հնար էին որոնում արդեն Հայաստանից հեռանալու։
Մերոնք պատմում են, որ մի անգամ այդ դժնդակ տարիներին տատս հացի խմորագնդերը, թերթով ծածկած, տարել է մեր փողոցի անկյունի փուռը թխելու։ Դիմացից մի «հայրենասեր» հարձակվել է տատիկիս վրա, թե ո՛նց է համարձակվել սիրելի առաջնորդի՝ «ժողովուրդների հայր» ընկեր Ստալինի նկարով թերթը օգտագործել այսպիսի բանի համար։ Վախից կարկամած տատս ոտ ու ձեռ է ընկել, մինչև որ հայրս ու հորեղբայրս, պատուհանից տեսնելով միջադեպը, հասել են օգնության ու հնարամտորեն փրկել խեղճին։ Նախ բացատրել են «հայրենասերին», որ հացը սուրբ է ու դրանից ավելի մեծ հարգանք հնարավոր չէ պատկերացնել՝ միաժամանակ հիշեցնելով, որ նույն այդ զրպարտիչը հավանաբար այդ նույն թերթը օգտագործել է, ով գիտե, հետույքը մաքրելու համար։
Պատմում են, որ ստալինյան տարիներին սարսափն այնքան մեծ էր, որ բոլորի պես մերոնք էլ վախենում էին նույնիսկ տանը խոսել եղեռնի ու ջարդերի մասին։ Չէ՞ որ այդ ժամանակ անգամ պատերը ականջ ունեին, և գնդակահարության ու աքսորի ուրվականը շրջում էր բոլորի այդքան երազած հայրենիքում։ Հայրենադարձների համար Ստալինը Թալեաթի հոգեզավակն էր... Անարդարությունը չհանդուրժող, հախուռն ու կրակոտ հայրս մի քանի անգամ փորձել է պաշտպանել անմեղ հայրենադարձներին։ Վերջին հանդիպման ժամանակ ԷՆԿԱՎԵԴԵ-ի սպան դարակից ատրճանակը ցուցադրաբար դրել է սեղանին և սկսել է խոսել։ Հայրս պատասխանել է, որ ֆաշիստները նույն բանն են արել իր հետ, երբ Հունաստանում ձերբակալել են որպես պարտիզանի։
-Ես պատրաստ եմ իմ հայրենիքում հայրենական գնդակով գնալու,- ասել է հայրս։
Ի վերջո թողել են «Ստալինյան հայրենական գնդակի» պատվին...
Հայրս 25 տարի եղել է արտադրամասի մենեջեր, ամեն Աստծո օր ղեկավարների հետ վիճում էր աշխատողների արդարացի պահանջների համար։ Նրան լսում էին ու հարգում, որովհետև անփոխարինելի մասնագետ էր։ Հետո մեր գերդաստանի բոլոր անդամները մեկիկ-մեկիկ գնացին Ամերիկա, և մենք մնացինք մենակ... Հայրս անդրդվելի էր. «Ես հայրենիքում պիտի ապրեմ»։ 70-ականներին հորս Փարիզում ապրող միայնակ մորաքույրը իր ողջ կարողությունը կտակեց մեզ, և հայրս սերտիֆիկատի խանութից «իր ախպար հալով» գնեց Երևանում առաջին ոչպետական ԳԱԶ-24 «Վոլգա» մեքենան։ Ընկերներս գալիս էին նայելու և նկարվելու այն ժամանակվա խորհրդային հրաշքի հետ։ Իսկ համապատասխան օրգանները բծախնդրորեն ու թաքուն տնտղում էին, թե «Էդ ախպարն ո՞վ եղավ, որ Երևանի առաջին «Վոլգան» ունենա»։ Հայրս թաքուն կուլ էր տալիս «ախպարական» դառը հաբերը ու մեծահոգաբար ժպտում։ Հիմա Նյու Յորքում հայրս երբեմն զվարճանում է, թե՝ Հայաստանում «ախպար» էինք, Ամերիկայում՝ հայաստանցի։
Երբ դպրոցն ավարտեցի, չնայած համալսարանում ընդունելության քննությունները գերազանց էի հանձնել, սակայն չընդունվեցի՝ ի տարբերություն ինձ հետ հավասար միավորներ ստացած շատերի։ Առանց այդ էլ հայրս բավականին դառնացել էր, երբ տասը տարի բացարձակ գերազանց սովորած դստերը դպրոցն ավարտելիս «Ոսկե մեդալ» չտվեցին։ Ճիշտ է, ամբողջ աշխարհում էլ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է», բայց դա արդեն բավարար մխիթարանք չէր։ Հատկապես երբ հայրենադարձներին այդ տարիներին արգելում էին կարևոր պաշտոններ զբաղեցնել կամ արտասահման գնալ։ ՈՒ մի օր ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանի այն ժամանակվա «բաց դռների» շնորհիվ մեր ընտանիքն էլ անսահման ցավով ու համարյա պատահականորեն հայտնվեց Նյու Յորքում... Եվ կրկին սկսեցինք կարոտել հայրենիքին արդեն տարօրինակ սիրով, այս անգամ այդ կարոտում դառնությունը շատացավ։ Հաճախ եմ հիշում՝ Ամերիկա մեկնելու գիշերը պատշգամբում հայրս թաքուն շշնջում էր. «Հայրենիք, ների՛ր, ես քո խորթ զավակը չեմ, բայց հեռանում եմ Հայաստանից, որ ավելի մոտենամ քեզ, որ միշտ քեզ հետ լինեմ»։
ՈՒշ գիշերային անդորրը կրկին հեռախոսազանգը խախտեց։ Տասնամյակներով հարազատին կորցրած ու հրաշքով այդ պահին գտած հայից բացի ո՞վ կզանգահարի առանց մի քանի ներողության ու միանգամից կասի՝ «Բարև՛, իմ անծանոթ քույրիկ, ես ՈՒրուգվայի Մոնտեվիդեո քաղաքից եմ...»։
Ծանր գիշերն արդեն ադամամութին էր գնում։ Աննան մի մեծ թղթի վրա նշել էր այն երկրների ու քաղաքների անունները, որտեղ ծնվել ու ապրում են իրենց մեծ գերդաստանի զավակները։ Թղթի էջն ավարտվում էր, բայց դեռ ինչքա՜ն զանգեր կան... Կարոտն ու մտքերը գրկել էին Աննային, առել իրենց թևերին ու Երևանի վրայով էին ճախրում։
Երազում տանն էր, հայրենիքում, ու աշխարհով մեկ ցրված իր գերդաստանը սեղան էր նստել իրենց հայրենական տան կանաչապատ այգում, իսկ Կարապետ աղան, սեղանի գլխին բազմած, մեկիկ-մեկիկ զննում էր յուրաքանչյուրին ու լայն ժպտում կեսարացու հաղթական ժպիտով։
-Հելլո՜, բարի լույս, սիրելի Աննա, ինչպե՞ս քնացար այս գիշեր,- Իտալիայից զարմուհին էր։
-Հրաշալի քնեցի, սիրելի՛ս, հայավարի, հայրենադարձի պես...

Դիտվել է՝ 160916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ