Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չկա ֆինանսական էկվիվալենտ` օտարի իրավազորության տակ գտնվող իմ հայրենիքի համար»

«Չկա ֆինանսական էկվիվալենտ` օտարի իրավազորության տակ գտնվող իմ հայրենիքի համար»
30.06.2015 | 10:52

«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը». լրագրող ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ այսպես է անվանել ալաշկերտցի Հարություն պապին և բոլոր նահատակված ու վերապրած հայրենակիցների հիշատակին նվիրված իր պոեմը:
«Պոեմը հայրենիքի մասին է, մեզնից յուրաքանչյուրի մասին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց նա:

-Ո՞ր դեպքում է ավելի ազդեցիկ խոսքը, երբ այն հոդվածներով, գիտական վերլուծություններո՞վ է մատուցվում, թե՞ արվեստի, տվյալ դեպքում` պոեզիայի միջոցով:
-Գիտական հոդվածը, որքան էլ լավը լինի, հետաքրքիր է սահմանափակ թվով մարդկանց, ավելի շատ` գիտնականներին, որովհետև լայն ընդգրկման համար զուտ գիտականը բավարար չէ, պետք է լինի գիտահանրամատչելի: Եվ ամեն դեպքում, պոեզիան, կենդանի խոսքն ավելի ազդեցիկ են: Պոեզիան, մեծ հաշվով, մակերևույթ հանված հոգին է` բառային ձևակերպումներով, հոգու խոսք է, որ միշտ ավելի ընկալելի է լինում, ավելի շատ մարդկանց է հետաքրքրում, քան զուտ գիտական հոդվածը:
-Ինչպե՞ս ծնվեց «Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը» պոեմը:
-Անցյալ տարվա նոյեմբերն էր: Էրդողանը հերթական անգամ անհեթեթ հայտարարություն էր արել արխիվների մասին: Ես երթուղայինով վերադառնում էի տուն: Միկրոմիջավայրից կտրվելու համար ոմանք ականջակալներ են կրում, ես էլ, այսպես ասած, «մտքերի մեջ եմ ընկնում», ու քանի որ մտքերս «լրահոսում էին», Էրդողանի ասածը հիշեցի: Մի երկտող ծնվեց մտքումս.
Արյունս գրով ուզում ես ջնջե՞լ,
Իմ վերքի վրա քո սո՞ւտը փչել…


Տուն հասնելով` գրի առա: Երկու տողով միտքս չամփոփվեց: Մոտ մեկ էջ գրեցի ու դրեցի մի կողմ:
Ապրիլի 24-ին շատ շատերը, եթե ոչ բոլորս այցելում ենք Ծիծեռնակաբերդ: Ես, եղել է, տարբեր առիթներով, բացարձակ մենակ ու ոչ ապրիլի 24-ին եմ գնացել: Այդ ճանապարհին, երբ մարդիկ անցնում են Մարզահամերգայինից մինչև հուշահամալիրի բարձունքը, վստահաբար, տարբեր խոհեր, մտորումներ են ունենում: Ես էլ բացառություն չեմ: ՈՒ ներսումդ հարցեր են ծագում. ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը, ի՞նչ ենք ուզում մենք հիմա:
ՈՒ ասածս «երկտողը» կարծես այն վերջին ու ծանր կաթիլը լիներ, որ ճեղքում է քարը: Դրանից հետո, ասես տենդի մեջ ընկած, տարբեր տետրերում, թղթի պատառիկների վրա, որտեղ պատահի, շարադրում էի մտորումներս: Ինքս իմ գրածից երբեմն երկյուղում էի, որովհետև զգում էի, որ մեծ գործ է ստացվում, քանզի ասելիքս շատ էր, երկար էր կուտակվել: Գիշերը` ժամը 3-4-ին, խայթվածի նման ելնում էի պատշգամբ, կիսախավարի մեջ խզբզում էի թղթի վրա, առավոտյան «գաղտնաբառերս» դժվարությամբ վերծանում:
Զգում էի, որ մինչև տարեվերջ կավարտեմ, արդեն հստակ պատկերացնում էի ասելիքս՝ իր ամբողջական ձևակերպմամբ: Բայց դեկտեմբերի կեսերին պետական հաստատություններից մեկը որոշեց, որ իր աշխատողները պետք է երդվեն Ծիծեռնակաբերդում: Խոսքը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատողների մասին է: Ես տեսա այդ կադրերը և… գրելուս ընթացքը կտրուկ ընդհատվեց: Իմ ստեղծագործական ռեակցիան այդպիսին էր... Մարտին նորից շարունակեցի: Ապրիլի 19-ին ավարտեցի: Դա իմ հոգու խոսքն էր, որ պիտի արտահայտեի մինչև ապրիլի 24-ը:
-Հաճախ է խոսվում զոհի բարդույթի մասին: Հեշտ չէ խոսել մեկուկես միլիոն նահատակների մասին ու զերծ մնալ ողբերգական տրամադրություններից: Այս առումով, կարծես, Ձեր պոեմը առանձնանում է:
-Ինչ էլ լինի, իմ գրածի մեջ խեղճության դրսևորումներ, էլ չեմ ասում՝ «զոհի բարդույթ», չեք տեսնի: Դեռ հակառակը: Որովհետև ես կարծում եմ` այն, ինչ արվել է, արվել է մեզ խեղճացնելու համար, բայց մենք չենք խեղճացել, մենք ունեցել ենք Վանի, Մուսա լեռան, ՈՒրֆայի հերոսամարտեր: Ես այնտեղ խեղճ մարդիկ չեմ տեսնում: Դա, իհարկե, ոճրագործի հանցանքը չի մեղմում, բայց մեզ բարձրացնում է մեր իսկ ընկալման մեջ: Ես պոեմում հպարտությամբ եմ խոսում մեր արքաների մասին, մեր ու մեր մշակույթի, հզորության, անխորտակելիության, արևորդի ու արմեններ լինելու մասին: Որովհետև կարծում եմ, եթե խոսք ես ասում, նախ՝ պետք է հուզի մարդուն, երկրորդ` ոգևորի ու բարձրացնի նրան:
-Ինչո՞ւ ցավի նույնականացում:
-Շատ պարզ է: Վերջերս Թուրքիայում, հատկապես պաշտոնական շրջանակում, շատ է խոսվում ընդհանուր ցավի մասին: Չցանկանալով ստանձնել իրենց նախորդների արարքների պատասխանատվությունը, նրանք խնդիր ունեն հնարավորինս լղոզելու ամեն ինչ: Ես պոեմում ասում եմ` գուցե նույնականացնե՞նք ցավը, պարզելու համար՝ արդյո՞ք դուք նույն ցավն եք զգում, ինչ պատճառել եք: Հազիվ թե: Մարդ լինելը զուգորդվում է ուրիշի, բացարձակ անծանոթ մարդու ցավը զգալու ընդունակությամբ: Ես հարցնում եմ` դուք այդքան մա՞րդ եք, որ իմ ցավը զգաք: Ի՞նչ ընդհանուր ցավից ենք խոսում: Վերջին հաշվով հարցը միայն այն չէ, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում և հաջորդող տարիներին, օգտվելով իրավիճակից, թուրքական իշխանությունները կոտորել են մեկուկես միլիոն հայերի, միայն ֆիզիկական բնաջնջման հարցը չէ, հայության մի ահռելի մասն էլ, ըստ էության, հայրենազրկվել է: Ամեն ինչ արվել է, որ պատմական տարածքի բնիկ ժողովրդի նույնիսկ հետքերը ջնջվեն, ինչն էլ ավելի է խորացնում նրանց գործած ոճիրը:


-Իսկ հիշողության գաղտնաբառն ո՞ւր է տանում:
-Մենք հիշում ենք, տարբեր զգացումներ ու հույզեր ենք ունենում` ցասում, վրեժի մղում, արդարության հասնելու ցանկություն: Բայց, ըստ իս, նախընտրելի է արդարությունը ոչ թե ուրիշներից պահանջել, այլ հաստատել արդարություն: Այսինքն, դու պետք է այնքան զորեղ լինես, որ ինքդ հաստատես արդարությունը՝ իրերի այն դրությունը, որ դու համարում ես արդար: Սա է ճիշտ մոտեցումներից մեկը:
Հաջորդ հարցը` մենք պահանջում ենք հատուցում: Ի՞նչ ենք հասկանում հատուցում ասելով: Ֆինանսակա՞ն փոխհատուցում: Ես կարծում եմ` չկա ֆինանսական էկվիվալենտ՝ այս պահին օտարի իրավազորության տակ գտնվող իմ հայրենիքի համար, որ վճարեն ու շարունակեն վայելել: Իսկ ի՞նչ պոտենցիալ ունենք հողերի վերադարձի համար: Մեր ցանկությունը պետք է խարսխված լինի մեր իրական հնարավորությունների վրա: Սա ինձ համար ամենակարևոր հարցն է, կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնեն: Եթե խիստ հակիրճ, ապա հիմնական շեշտը և, պայմանական ասած, գաղտնաբառը հենց զարգացումն է՝ երկիրը ոտքի կանգնեցնելը, որի պարագայում միայն մենք կարող ենք հաստատուն ձայնով ու կեցվածքով հանդես գալ ի պաշտպանություն մեր ազգային ու պետական շահերի:
-Պատմական հայրենիքը վերադարձնելու երազանքը անհրաժեշտություն չէ՞ մեզ համար:
-Երազանքը լավ բան է, եթե դրան հասնելու համար ունես հստակ նպատակադրում, քայլերի հաջորդականություն: Օդում երազելը պոեզիայում, ստեղծագործելիս, գուցե օգտակար է, բայց քաղաքականության մեջ կարող է վնասակար լինել: Ի՞նչ պետք է անենք, այս հարցում հստակ մոտեցում չկա ո՛չ պետականորեն, ո՛չ հասարակական լայն զանգվածների տեսանկյունից:
-Ի՞նչ եք առաջարկում Դուք:
-Վերընթաց, որ պետք է պարտադիր ունենանք: Ես հավատում եմ, որ դա լինելու է, որովհետև ես տեսնում եմ լուսավոր աչքերով պատանիների, աղջիկների (մեկն էլ մեր տանն է): Հաջորդ սերունդը մեզնից ավելի լավը կլինի, իրենք բարդույթների, արտաքին կողմնորոշումների գերին չլինելով` գուցե ավելի ազատ ու անկաշկանդ կարողանան մեր լեռնանավը տանել դեպի ավելի լավ ապագա: Բայց ինչպե՞ս: Իմ ընկալումները ես հստակ շարադրել եմ երեք տողում.
Հարցում ազգային լինել միաբան,
կյանքում հանրային` իրար օգնական,
գործում պետական` ճշգրիտ, անկաշառ:
Շարունակության մեջ նմանապես ընդգծում եմ՝ ամեն ինչում հարգել օրենքը, քանզի համոզված եմ, որ դա է վերելքի առանցքային պայմաններից մեկը: Մեծ հաշվով, իմ առաջարկը հանգում է նրան, ինչն ընդունված է բնորոշել որպես «արդար պետություն»:
-Ո՞Ւմ է գլխավորապես ուղղված Ձեր խոսքը` ժողովրդի՞ն, թե՞ իշխանություններին:
-Իմ խոսքն ուղղված է յուրաքանչյուր հայ մարդու` անկախ սեռից, պաշտոնից, կուսակցական կողմնորոշումից, հանրային կամ սոցիալական դիրքից, ուղղված է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում:
-Ի՞նչ է արվում նորաստեղծ պոեմը հանրությանը հասցնելու համար:
-Նախ՝ տնեցիներիս համար կարդացի: Ավարտելուն պես, կնոջս և դստերս արձագանքը հուշեց, որ արժեցող բան է ստացվել: Հետո գործընկերներիս ներկայացրի, նրանք էլ շատ ջերմ ընդունեցին: «Հայոց աշխարհ» օրաթերթը, որի թղթակիցն եմ, մի հատված տպագրեց ապրիլի 23-ին, ինչի համար, ինչ խոսք, շնորհակալ եմ: Պոեմս ներկայացրի Դիլիջանի իմ հարազատ թիվ 4 դպրոցում։ Ավելի ուշ բլոգեր Անի Մարգարյանն առաջարկեց «Տերյան» մշակութային կենտրոնում ներկայացնել այն: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն առաջարկեց ցերեկույթ կազմակերպել, ինչը և արվեց մայիսի 24-ին: Իմ տպավորությամբ, ներկաները սիրով ունկնդրեցին պոեմը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տերյան» մշակութային կենտրոնին` ի դեմս նախագահ Առուշան Հակոբյանի և տնօրեն Լիլիթ Մելիքյանի: Շնորհակալություն պիտի հայտնեմ նաև մեր ընտանիքի բարեկամներին` Սուսաննային և Աշոտին` գեղեցիկ անակնկալի՝ պոեմի 10 օրինակ գրքի տեսքով, այսպես ասած՝ «ինքնահրատ» («սամիզդատ») ձևով պատրաստելու համար:
-Իսկ պոեմը ե՞րբ լույս կընծայվի արդեն գրքի տեսքով:
-Երբ հնարավորություն լինի:
-Հնարավո՞ր է կից աուդիո տարբերակը լինի, քանի որ արդեն ինքներդ ասմունքով ներկայացրել եք գործը և լավ ընդունելություն գտել:
-Ես ասմունքող չեմ, կարդացել եմ պարզապես:
-Բայց միշտ էլ հեղինակն ավելի լավ է կարդում իր գործը:
-Հակառակ կարծիքն է ընդունված, որ հեղինակը միշտ վատ է ընթերցում: Ես ներկայացնում եմ այնպես, ինչպես զգում եմ: Օրինակ, ոմանք ասում են, թե շատ եմ անուններ թվարկում: Բայց ընկերներիցս մեկը դիպուկ նկատեց, որ շատ անուններ թվարկելով՝ ուզում ես ասել` տարբերություն չկա, թե որ հայը կլինի, որ կկանգնի Թուրքիայի ճանապարհին ու կընդհատի իրենց անզգամ ստերի ընթացքը: Կուզեի նշել, որ մեր սերունդն իսկապես ծանր բաների միջով է անցել, որ և ցավալի է, և հպարտության արժանի. երկրաշարժ, արցախյան զարթոնք, անկախ պետականության վերականգնում, պատերազմ, պատերազմական թիկունքային ծանր տարիներ, տնտեսական դժվարություններ: Իմ հասակակիցներից շատերը` լավագույնները, մնացին մարտադաշտում, ու ինչ-որ տեղ դա նաև հոգու պարտք էր նրանց սխրանքին ևս անդրադառնալու: Այստեղ պետք է դա շեշտվեր:
Շատ կարևոր է 65 թիվը, այդ ժամանակ մեծ շրջադարձ է եղել Հայաստանում (ազգային ինքնագիտակցութան զարթոնքի տեսանկյունից) և Սփյուռքում` (դաշնակցության, ԱՍԱԼԱ-ի ձեռնարկած գործողությունների միջոցով, երբ Հայկական հարցը լայն հնչողություն ստացավ): 1965-ից անցել է 50 տարի, ինչպես որ 1915-ից անցել է 100 տարի, կա մեծ ակնկալիք, որ նույնպիսի շրջադարձ կլինի 2015-ին` առաջընթաց ու զարգացում: Մենք պետք է հարց դնենք մեր առաջ` ի՞նչ ենք ունենալու ապագայում, 15-20 տարի հետո ի՞նչ Հայաստան ենք ունենալու: Շրջադարձ եմ ուզում տեսնել այն գիտակցության մեջ, որ Հայաստանն է բոլոր հայերի, որպես հայ գոյություն ունենալու գրավականը: Ծաղկուն և ամուր, հզոր Հայաստանը:
Տեսեք, հաջողվել է մեծագույն զոհողությունների գնով փրկել Հայաստանի մի փոքր մասը, որ այժմ կա: Ակնհայտ է, որ այս տարածքի վրա մենք ունենք լրջագույն տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական խնդիրներ, հետևաբար ես առաջարկում եմ չամիչն ու բրինձը ըստ հերթականության դնել: Մենք նախ այդ խնդիրները պետք է լուծենք, մեր ոտքատեղը ամրացնենք, պինդ կանգնենք մեր հողի վրա, զարգացում ունենանք բոլոր ասպարեզներում` գիտություն, կրթություն, տնտեսություն, հասկանալի է՝ պաշտպանունակություն, որ կարողանանք ոստյուն կատարել ու առաջ գնալ:
Սա քաղաքագիտական վերլուծություն չէ, այլ հրապարակախոսական պոեմ, որտեղ իմ ցանկություններն ու մտահոգություններն եմ արտահայտում, որ, կարծում եմ, համահունչ են իմ հայրենակիցների մեծ մասի մտահոգություններին ու անհանգստություններին: Եթե որևէ մեկին հուզի, անհանգստություն հաղորդի, խորհելու տեղիք տա իմ գրվածքում արծարծված որևէ միտք, ես, որպես հեղինակ, ինձ բավարարված կզգամ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսանյութ

Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը
Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ