Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկուսում էլ մնացին լավագույն քառյակները

Երկուսում էլ մնացին լավագույն քառյակները
30.06.2015 | 10:59

Այս օրերին ֆուտբոլի երդվյալ սիրահարն ապրում է երկու խոշոր իրադարձության հանգուցալուծման սպասմամբ: Դրանցից մեկը Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունն է, մյուսը` կանանց աշխարհի առաջնությունը (Կանադա): Երկուսում էլ մրցակցությունն անհաշտ է, երկուսում էլ պակաս հեղինակավորների կողմից հեղինակավորներին դաս տալու առողջ ձգտման կողքին սեփական եսը հաստատելու նույնքան առողջ պատրաստակամություն կա: Այլ բան, որ դա միշտ չի հաջողվում:


ՍՊԱՍԵԼԻ ՔԱՌՅԱԿ
Կանադայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի կատարյալ զարդը Գերմանիա-Ֆրանսիա դիմակայությունն էր, որը մասնագետներից շատերը որակել էին վաղաժամկետ եզրափակիչ: Սկզբունքորեն ուրիշ կերպ չէր էլ կարելի որակել, քանզի միմյանց հետ էին հանդիպում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին ու երրորդ հորիզոնականներում գտնվող ընտրանիները: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ գերմանացիներն առանձնահատուկ պիտի շնորհակալ լինեն մրցավարին` հօգուտ իրենց խիստ կասկածելի տասնմեկմետրանոց նշանակելու ու խաղի ընթացքը կոտրելու համար, ի հաշիվ ինչի էլ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` 1:1: Լրացուցիչ ժամանակում այն այդպես էլ մնաց անփոփոխ, իսկ հետխաղյա տասնմեկմետրանոցներում հաջողությունն ուղեկցեց գերմանացիներին:
Չինաստան-Ամերիկա զույգում բացահայտ ֆավորիտը վերջինիս ներկայացուցիչներն էին ու, չնայած դրան, չինուհիները լոկ մեկ անգամ հնարավորություն տվեցին գրավելու իրենց դարպասը: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի ընտրանուն սպասվում է ծանրագույն հանդիպում Գերմանիայի ընտրանու հետ, որքան էլ վերջիններս ֆրանսիացիների հետ ունեցած ծանր հանդիպումից հետո ֆիզիկապես քամված են:
Դարպասի մեկ գրավում արձանագրվեց նաև Ավստրալիա-Ճապոնիա զույգի դիմակայությունում: Ծագող արևի երկրի պատվիրակները հավատարիմ մնացին դաշտից մշտապես գոլ խփած հեռանալու իրենց անդավաճան սկզբունքին և, ինչպես միշտ, դա արեցին խաղավարտին մոտ: Հետաքրքրական է, որ աշխարհի գործող չեմպիոնները ցույց են տալիս բացառիկ ռացիոնալ ֆուտբոլ և յուրաքանչյուր հանդիպումում բավարարվում են նվազագույն հաշվով հաղթանակով: Զուտ համեմատության համար` մինչև այժմ գերմանացիները դարձել են քսան գոլի հեղինակ: Կիսաեզրափակչի նրանց մրցակիցը որոշվեց Անգլիա-Կանադա առճակատումում: Առաջնությունը հյուրընկալածները որքան էլ ջանացին, այդուհանդերձ, ստիպված եղան ուժեղագույնի դափնին զիջել անգլուհիներին, ովքեր, ի դեպ, տարան 2:1 հաշվով չորրորդ անընդմեջ հաղթանակը: Նկատենք, որ առաջնությունից առաջ ոչ ոք նրանց լուրջ չէր դիտարկում: Չհավանած քարի ահա այսպիսի էֆեկտ:

ԱՆՍՈՎՈՐ ՔԱՌՅԱԿ
Գավաթի մրցավեճի մեկ քառորդում ուժերը չափեցին Արգենտինայի ու Կոլումբիայի, Բրազիլիայի ու Պարագվայի, Չիլիի և ՈՒրուգվայի, Բոլիվիայի ու Պերուի ընտրանիները: Առաջինում ունենալով մրցակցին «պատժելու» պահանջվածից ավելի հնարավորություն` աշխարհի փոխչեմպիոնները, ինչպես խմբային փուլում էր, չկարողացան կոտրել կոլումբիացիների դիմադրությունը և նորից բավարարվեցին ոչ-ոքիով: Տարբերությունն այն էր, որ եթե խմբայինում կողմերը մեկական գոլ էին փոխանակել, play-off-ում դա էլ շռայլություն համարեցին: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ «դիմել» հետխաղյա տասնմեկմետրանոցների օգնությանը: Հաջողությունն ուղեկցեց Մեսիի ընտրանուն (5:4):
Նմանատիպ սցենարով զարգացան իրադարձությունները նաև Բրազիլիա-Պարագվայ դիմակայությունում, որի հաղթողը կիսաեզրափակչում մրցելու էր Արգենտինայի ընտրանու հետ: Նախորդի համեմատ միակ տարբերությունը հանդիպման հիմնական ժամանակահատվածում արձանագրված հաշվի մեջ էր` 1:1: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ եղան պարագվայցիները (4:3):
Չիլի-ՈՒրուգվայ դիմակայությունում հանդիպման ելքը որոշեց առաջինի խփած միակ գնդակը: Դա կատարվեց ուղիղ տասնութ րոպե անց այն բանից հետո, երբ, Լուիս Սուարեսի բացակայության պայմաններում, մարզական ոչ վայել պահվածքի համար խաղադաշտից հեռացվեց ուրուգվայցիների հարձակման գծի գլխավոր հույսը` Էդինսոն Կավանին: Ի դեպ, սա ուրուգվայցիների ստացած միակ կարմիր քարտը չէր հանդիպումում: Խաղավարտին մոտ հասցրեց «հերոսանալ» նաև Ֆուսիլեն:
Փաստորեն, քառորդեզրափակչյան միակ գոլառատ հանդիպումը Բոլիվիա-Պերու դիմակայությունն էր: Եղածների անգոլ կամ «կիսագոլ» ֆուտբոլի ֆոնին, այստեղ դարպասի արձանագրված չորս գրավումը հանգիստ խղճով կարելի է որակել որպես գոլային կատարյալ հրավառության արտահայտություն ու դա շնորհիվ հաղթանակ տոնած պերուացիների` 3:1:
Ընդհանուր գծերով այս էր Ամերիկայի գավաթի այս խաղարկության մեկ քառորդի իրողությունը, և, անկեղծ ասած, դժվարանում եմ հիշել` երբևիցե եղե՞լ է այնպիսի կիսաեզրափակիչ, որտեղ մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացած լինի Չիլի-Պերու-Արգենտինա-Պարագվայ քառյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ