Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒ վե՞րջ, ու պը՞րծ

ՈՒ վե՞րջ, ու պը՞րծ
30.06.2015 | 11:01

Բաքվում ավարտվեցին համաեվրոպական առաջին խաղերը: Էլ ինչ կարգի հանդերձ հագցրած քննարկում-տուրևառությունների արդյունքում (մասնակցել-չմասնակցել, գնալ-չգնալ) դրանց մասնակից եղանք և մենք: Ասել, թե վեց մարզաձևով (թաեքվանդո, բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն) ու քսանհինգ մարզիկով ներկայանալը ներկայացուցչական պատվիրակություն էր մեզ համար, դժվար է, քանզի մարզական խոշոր իրադարձություններում մենք այդ թվից էապես ոչ այս, ոչ էլ այն կողմ չենք անցնում: Այլ բան է Բաքվից բերած ավարի ծավալային արտահայտությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի միակ արծաթե մեդալը չափազանց համեստ արդյունք է: Կներեք, որ շատ տգեղ եմ արտահայտվելու, բայց դե ստիպված եմ. եթե գնայինք ու պարզապես խնդրեինք մի մեդալ էլ մեզ տալ, հավանաբար կտային:
Հասկանում ե՞ք ցավս որն է:
Բա ելնել, գնալ-հասնել մեր սահմանների հանգստությունը կանոնավորապես վտանգի տակ պահող հարևանի երկրի սիրտն ու այսպես անփառունակ վերադառնա՞լ:
Ի՞նչ` տարանք Եռագույնը ֆռֆռացրինք ու բերեցի՞նք:
ՈՒ` վե՞րջ:
ՈՒ` պը՞րծ:
Այսքանից հետո թույլ կտա՞ք հարցնել` բա նամո՞ւսը: Բա թասի՞բը:
Թե՞ սրանք այլևս կատեգորիաներ չեն:
Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, հիշեցում-հղումներս մեր մարզիկներին չեն ուղղված, այլ նրանց գլխին ու առհասարակ գլխին կանգնածներին:
Շատ բան կասեի, բայց սրանք էն աստիճանի «պատվախնդիր» են, որ իրենց կերպի հանգույն կփորձեն մեկնաբանել ասածներս ու ճամարտակելու գերհզոր ճակատ կբացեն` իրենց տարերքի մեջ ընկնելով: Իհարկե, ժողովրդական բառ ու բանով դրանց կարելի է շատ կարճ պատասխանել` ցենզուրայի սահմանը մի փոքր էլ անցնելով, բայց վախենամ իրենց ուզածն էլ հենց այդ է ու դա ոչ այնքան դատարանների դռներ ինձ քարշ տալով, որքան հաճույք ստանալու անասնական մղումով:
ՈՒզում եմ վերջակետ դնել ու ավարտել այս գոնե ինձ համար բավական տհաճ նյութը, բայց զայրույթը ներսից խեղդում է: Ախր հասկացեք` Բաքվի առաջին համաեվրոպականը հայերս մարզական տոն կընդունենք, թե ոչ, դա մեր` հայերիս, խնդիրն է: Կաշառե՞լ էին, թե՞ ազնիվ պայքարում են ադրբեջանցիները վաստակել քսանմեկ ոսկին (արծաթե ու բրոնզե մեդալների թվի մասին էլ չեմ խոսում), լոկ այսօրվա համար է նյութ, պատմությունը մանրամասները մոռանալու է, ու մնալու է մերկ փաստը: Առավոտից իրիկուն Ադրբեջան ու Բաքու են քլնգում, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ հենց նա հասավ առաջին եվրոպականը կազմակերպելու և իրացնելու իրավունքին` ընդունելով չորս տասնյակից ավելի երկրների բազմահազար պատվիրակություն (դեռ սրանից վեց տարի առաջ էլ 2024 թվի օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել), ու այս ամենն ավարտվեց նրանով, որ ողջ լրատվական դաշտը հեղեղված է նրանց արածի գնահատմամբ: Իսկ թե բացման ու փակման հանդիսավոր արարողությունների ժամանակ օգտվել են մեր մշակույթի առանձին տարրերից, դրանց մասին խոսեցինք ու խոսելու ենք միայն մենք:
Այնպես որ, պարապ խոսելով չէ: Գո՜րծ է հարկավոր անել, գո՛րծ:
Ղարաբաղը հանկարծ չփորձեք աչքս կոխել:
Ղարաբաղի տեղն էլ ու նրա համար վճարվածի գինն էլ ձեզնից պակաս չգիտեմ: Ավելին իմանալուս մասին չեմ ասում, որ չվիրավորվեք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ