Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հանկարծ պարզվեց, որ ժողովրդի համար ոչ ուտելիք կա, ոչ ջուր»

«Հանկարծ պարզվեց, որ ժողովրդի համար ոչ ուտելիք կա, ոչ ջուր»
30.06.2015 | 23:51

«Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Վոլտեր

«Ո՜չ թալանին» շարժումը անհասկանալի ընթացք է ստացել: «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս- Մուշեղյանի համոզմամբ` շարժումը կոտրվել է:

-Բարիկադների ո՞ր կողմում ես դու:
-Բարիկադների այն կողմում եմ, որտեղ մտավորականներն են, բայց այսօր ոչ մի մտավորական չի մնացել, որովհետև շատ անլուրջ է ամեն ինչ, ոչ մի լրջություն չեմ տեսնում: Երիտասարդներ էին ղեկավարում շարժումը, նրանք հասկացան, որ չեն կարողանում այլևս ղեկավարել, իսկ մյուս մարդկանց խոսափողի մոտ անգամ չեն թողնում:
-Մյուս մարդիկ ովքե՞ր են, կարո՞ղ ես որոշակիացնել:
-Քաղաքական գործիչներ և այլք: Իբր ասում են` չքաղաքականացնենք: Մի կողմից` ընդունում եմ, որ պետք չէ քաղաքականացնել, որովհետև նախագահի դեմ չէ մեր պայքարը, այլ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման: Երկու օր առաջ, երբ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ վերջացավ, գնում ենք տուն, ես խոսեցի` ասացի, որ մնում ենք, ու ինձ հաջողվեց այնպես անել, որ ժողովուրդը մնա, չգնա:
-Ինչքան գիտեմ` Վաղինակ Շուշանյանը ոչ թե տուն է գնացել, այլ Ազատության հրապարակ:
-Եթե մենք գնում ենք Ազատության հրապարակ, այնտեղ մենք ոչ ոքի չեն խանգարում: Իշխանությունները կարող են ասել` մնացեք, ինչքան ուզում եք: ՀՀ-ում լիքը մարդիկ կան, որ փողոցում են քնում:
-Օպերայի հարթակում նստացույցը մի քիչ ուրիշ չէ՞:
-Պետք է ընդունենք այն փաստը, որ մենք այսօր փակել ենք իր կարևորությամբ մայրաքաղաքի երկրորդ փողոցը, և դա է ստիպում իշխանություններին որոշակի փոխզիջման գնալու: Ազատության հրապարակում ոչ ոք չի խանգարում իշխանություններին:
Երբ Վաղինակը որոշեց, որ պետք է գնա Ազատության հրապարակ և իր հետ տարավ մի խումբ, ժողովրդի մյուս մասը մնաց Բաղրամյանում: Ոստիկանները սպառնացին, որ մեզ կջարդեն: Ես ելույթ ունեցա, ասացի, որ ոստիկանները մեր թշնամիները չեն, բայց եթե փորձեն ուժ գործադրել, մենք կարող ենք դիմադրություն ցույց տալ: Այնպես ստացվեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները քաշքշեցին ինձ, ես դեռ ձեռնափայտով եմ ման գալիս, թեև չեմ բողոքում:
-Վաղինակ Շուշանյանը նշել էր, որ ամբիոն են բարձրանում մարդիկ, որ շարժման առաջին օրերին վերջին շարքերում են եղել: Ի վերջո, շարժումը նրանք են սկսել:
-Ոչ ոք չի ասում Վաղինակինը չէ շարժումը: Իրենն է, բայց եթե հոգնել է, մենք կհասկանանք: Ժողովրդին պետք չէ հիասթափեցնել: Ժողովրդին առաջնորդ է պետք նման միջոցառումների ժամանակ:
-Այդ դեպքում թող երևան գա առաջնորդը, ում կհետևեն: Ո՞վ է խանգարում:
-Երբ առաջնորդ է երևան գալիս, ժողովուրդը, լրատվամիջոցներն ասում են` Վաղինակի ձեռքից վերցրեցիք շարժումը: Ես ուրախ եմ, որ երկու և ավելի երիտասարդներ կարողացել են նման միջոցառում կազմակերպել ու ստիպել նախագահին գնալ փոխզիջումների: Քանի՞ գիշեր քնեցինք կենդանի պատ կոչված վայրում`ինձ հետ միասին մի շարք մտավորականներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլն: ՈՒրեմն մենք հավատացինք այդ երիտասարդներին:
-Մտավորականները (կենդանի պատը) նույնպե՞ս հոգնել են:
-Ըստ իս` հիասթափվել են, թեև մտավորականների անունից չեմ կարող խոսել: Անլուրջ է իրավիճակը: Ժողովուրդը չունի ղեկավար, բայց պետք է, որ մնա այստեղ:
-Լավ, ո՞ւմ ես տեսնում առաջնորդի դերում, որ կարող է ղեկավարել շարժումը:
-Ես առաջնորդներ ման չեմ գալիս, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ կազմակերպիչները մնային, եթե ոչ, մարդիկ, ովքեր փորձ ունեն, թեկուզ քաղաքական գործիչ լինի, չքաղաքականցնելով պետք է ղեկավարի շարժումը: Բայց չեն թողնում, չքաղաքականացնել ու սադրել բառերն այստեղ արդեն այնքա~ն են հնչել: Չի՛ քաղաքականացվում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի անունից չներկայացավ, եկավ որպես ՀՀ քաղաքացի, Անի Զախարյանը կուսակության ղեկավար է, քանի օր գիշեր-ցերեկ այստեղ նստած է, բայց երբ ուզում է մոտենալ բարձրախոսին, ասում են` մերն է բարձրախոսը:
-Քո կարծիքով` Անի Զախարյանին ժողովուրդը կհետևի՞:
-Անուններ չեմ տալիս:
-Բայց անուններ հնչեցրիր:
-Ես մի քանի անուն տվեցի, կոնկրետ մեկին չնշեցի, հարցն այն է, որ փորձառու մարդիկ պետք է ղեկավարեն շարժումը:
-ՈՒզում ես ասել, որ շարժումը արհեստականորեն կոտրո՞ւմ են:
-Կոտրված է արդեն շարժումը: Ես մի բան ասեմ. օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում լիքը ջուր, ուտելիք կար, որ օրը որոշվեց, որ ակցիան դադարեցնում են ու գնում Ազատության հրապարակ, հանկարծ պարզվեց, որ ժողովրդի համար ոչ ուտելիք կա, ոչ ջուր: Կենդանի պատ ասվածի` մեզ համար ոստիկաններն են ջուր բերել: Դրանից ի՞նչ կարելի է ենթադրել:
-Ի՞նչ ես ենթադրում:
-Ենթադրում եմ, որ ոնց սարքած էր, այնպես էլ «սարքողները» որոշեցին կասեցնել: Իհարկե, երկու երիտասարդներ չունեին նման միջոցներ, որ կարողանային այդքան ջուր, ուտելիք հայթայթել...
-Ամփոփելով` ի՞նչ կասես:
-Ժողովուրդը պետք է մեկ-երկու օրով մոռանա իր բոլոր գործերը, հոգսերը և գա այստեղ: Նստում ես տաքսի, վարորդն ասում է` հալալ ա էդ տղերքին, բայց ինչո՞ւ չի միանում այդ տղաներին, որովհետև ինքը փո՞ղ է աշխատում: Ես ներկայացումներ եմ հետաձգել, որ միանամ այս շարժմանը: Կամ Ազգային ժողովի պատգամավորներից միյան Նիկոլ Փաշինյա՞նը պետք է գա մինչև գիշերվա հազարը մնա այստեղ: Ի վերջո, բոլորի հոսանքն է թանկանում, պետք է դա հասկանա ժողովուրդն ու ոտքի կանգնի:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ