Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞Ւմ ձեռքին է կախարդական փայտիկը

Ո՞Ւմ ձեռքին է կախարդական փայտիկը
02.07.2015 | 14:21

Հուլիսի 2-ի առավոտը ևս խաղաղ էր՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»: Սա նշանակում է, որ իշխանությունը կատարեց իր մինիմում ծրագիրը և այլևս քաղաքացիական նախաձեռնության կարիքը չունի, մնացած հարցերը կլուծվեն միջպետական վարագույրի հետևում: Իսկ դրան արդեն Բաղրամյան պողոտան խանգարում է, որովհետև լրացուցիչ ու անցանկալի լարում է հաղորդում իրավիճակին ու ստիպում, որ Մոսկվայից խոսեն ուժի կիրառման տարբերակները չբացառելու մասին: Մոսկվան ընդհանրապես ատամները սեղմած է վերաբերում Հայաստանի «քաղաքացիական ակտիվությանը», որ ի վերջո պիտի բռնկվեր ինչ-որ առիթով, քանի որ իշխանությանը Հայաստանում Մոսկվայի ներգործությանը հակազդելու հենարան էր պետք: Ընդդիմությունը որպես այդպիսին այդ գործում ոչ միայն չկա, այլև Կրեմլին բազում ու մշտապես երաշխիքներ է տալիս, որ ինքն ավելի լավ ու ավելի խելացի, ավելի հավատարիմ կծառայի՝ սկսած ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացից՝ մինչև ՀԷՑ-երի պատմությունը, ու երբ քաղաքական ուժերը անհուսալի են, հուսալի ուժ է մնում քաղաքացիական ներուժը: Խաղարկվեց փայլուն շախմատային պարտիա՝ փոխշահեկան՝ իշխանության գնահատականով: Բայց սցենարը ինչ-որ պահից վերահսկողությունից դուրս եկավ՝ ջինը շշից դուրս թռավ, Մաքսիմ Սարգսյանը անհետացավ, Վաղինակ Շուշանյանը հիստերիայի մեջ ընկավ, «Ո՜չ թալանին» նախաձեռնությունը ևս կիսվեց ու հընթացս պարզվեց, որ նրանք էլ միասնական չեն իրեն անկեղծության մեջ:

Հիմա ստեղծվել է իսկապես երկակի վիճակ: Նախ «Ո՜չ թալանին» նախաձեռնությունն է փորձում վերականգնել կորցրածը ու թեպետ արդեն հեռացել է Բաղրամյան պողոտայից ու Ազատության հրապարակից, ջանում է ազդեցությունը չկորցնել ու վերադարձի փորձեր է անում: Ավելի դժվարին վիճակում են հայտնվել նրանք, ովքեր հայտարարեցին, որ աուդիտը հարցի լուծում չէ, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չի բեկանվել ու իրենք շարունակում են պայքարը: Եթե պայքարի հանձնարարված հատվածում ցուցարարների ու ոստիկանների միջև նույնքան հանձնարարված հայտնվել ու անձնական դիվիդենդներ էին աշխատում «կենդանի պատերն» ու շոու բիզնեսմենները, հիմա արդեն նրանք էլ իրենց առաքելությունը համարում են ավարտված: Ոստիկանությունն էլ այլևս հանդուրժողականության ու ժողովրդավարական կերպարի մեջ մնալու հիմքեր չի տեսնում: Նոր նախաձեռնությունը փորձում է կանոնակարգել իր գործունեությունը, խմբեր ստեղծել, պահել համաժողովրդական թափը, ստացվում է այնքանով, որքանով Բաղրամյան պողոտայի հետ էր ժողովուրդը: Ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայում մնալն այլևս պայքարի արդյունավետ ձև չէ, բայց հեռանալու ձևեր պետք է գտնել, ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է ասում՝ «գժուկ» մնալու ու «չկոտրվելու» համար: Ինչպե՞ս: Ձևեր կան, եթե գիտակցվում է շարժման հիմնական նպատակը, ոչ թե օրվա խնդիր լուծելը: Այս պահին նրանց մենակ թողնելը, երբ նրանք արդեն չունեն իշխանության հովանին, և ազնիվ չէ, և վտանգավոր է: Հիմա է պետք, որ բոլորի համար պայքարի դուրս եկած երիտասարդները զգան այդ բոլորի ներկայությունը իրենց կողքին, իսկ հասարակությունը, ինչպես միշտ, գերադասում է հիասթափվել ու անգլիական հեռանալ՝ դավաճաններ ու մեղավորներ փնտրելու: Այդպես հեշտ ու հարմար է՝ միշտ մեղավոր են ուրիշները, իսկ դու տուժած ես, ուրեմն քեզ բարոյական իրավունք ես վերապահում մտնել խաբվածի ու նեղացածի կերպարի մեջ ու ոչինչ չանել: Սխալ է դա: Սուտ ու սխալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրական պայքարը, որ պիտի ու կարող է հանգեցնել էներգետիկ համակարգի կարգավորմանը, որ պիտի ու կարող է բացառել էլեկտրաէներգիայի հաջորդական թանկացումը, նոր է սկսվում: Բոլոր սոցիալական հարցերն էլ քաղաքական են ու քաղաքական լուծումներ են ունենում: Քաղաքականությունից պետք չէ վախենալ:
Պետք է ձևակերպել անելիքները ու հանգիստ իրականացնել, քաղաքացիական նախաձեռնությունը դա է: Եվ ոչ ոք չի էլ երաշխավորել, որ կախարդական փայտիկը, որ վարչապետը իր նշանակումից ի վեր դեռ չի գտել, Բաղրամյան պողոտա դուրս եկածներին միանգամից տրվելու էր: Միայն պայքարով ձեռք բերված հաջողությունն է հաստատուն:

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ