Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կենգուրու մրցույթին Հայաստանից և Արցախից մասնակցել է 45 հազար աշակերտ

Կենգուրու մրցույթին Հայաստանից և Արցախից մասնակցել է 45 հազար աշակերտ
02.07.2015 | 15:40

2014-2015 ուսումնական տարին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների համար, առարկայական օլիմպիադաներին ու գիտելիքի խրախուսմանը միտված տարբեր մրցույթների մասնակցելու առումով, հաջողված է եղել: Ինչպես ՀՀ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները 2014 թվականին նվաճել են 20 մեդալ /1 ոսկի, 9 արծաթ և 11 բրոնզ/:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի 1500-ից ավելի դպրոցականներ մասնակցել են 16 առարկայական օլիմպիադաների. «Հաղթողներից ձևավորվել է միջազգային առարկայական օլիմպիականների թիմը: Հայաստանում հաջողություններ արձանագրած 27 դպրոցականներ 6 առարկաներից մասնակցելու են միջազգային օլիմպիադաների: Այս օրերին երեխաները գտնվում են ամառային ճամբարներում և պատրաստվում են միջազգային օլիմպիադաներին»,- տեղեկացրել է Ն. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ գիտելիք խրախուսմանը միտված միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել «Կենգուրու» մաթեմատիկական շարժումը, որը տարեցտարի ավելի զանգվածային է դառնում Հայաստանի և Արցախի դպրոցներում: Ասուլիսին ներկա «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում «Կենգուրուն» անցկացվում է յոթերորդ, իսկ Արցախում 5-րդ անգամ: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցել են Հայաստանի և Արցախի 1068 դպրոցների 3-12-րդ դասարանների շուրջ 45 հազար աշակերտներ, որն աննախադեպ ցուցանիշ է եղել: Նրանցից 4-ը դարձել են մրցույթի հաղթողներ, 1389-ը՝ մրցանակակիրներ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի. «Կենգուրուն մասսայական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի փորձել սեփական ուժերը՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից: Այս մրցույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ երեխաների արդյունքները համեմատվում են ոչ թե մյուս մասնակիցների ցուցաբերած արդյունքի, այլ նախապես սահմանված անցումային շեմերի հետ, ինչը հնարավորություն է տալիս, որ մրցույթում հաղթող ճանաչվեն մեծ թվով երեխաներ«,-նշել է Դ. Սահակյանը՝ ավելացնելով, որ սա երեխաների համար հնարավորություն է՝ միանալու միաջազգային մեծ շարժմանը: Օգտագործելով առիթը՝ Դ. Սահակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ և ԼՂՀ դպրոցներին՝ մրցույթի կազմակերպմանը ակտիվ մասնակցելու համար:
«Կենգուրու» շարժմանը մասնակցում են 70 երկիր և ավելի քան 7 մլն երեխա. ամեն տարի նույն օրը, նույն ժամին նրանք միասին կենտրոնանում են մաթեմատիկայի նույն խնդիրների շուրջ: Մրցույթի մասնակցության ցուցանիշով Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է՝ դպրոցականների մոտ 11 տոկոսը մասնակցում են «Կենգուրուին»: Նշենք նաև, որ ասուլիսին ներկա են եղել նաև մրցույթի հաղթողները՝ Էրիկ Մելիքյանը, Սերյոժա Դանիելյանը, Սերգեյ Ներսիսյանը և Արտաշես Գյոլեցյանը:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ