Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

100 տարի անց էլ իրերն իրենց անուններով կոչելուց խուսափում ենք

100 տարի անց էլ իրերն իրենց անուններով կոչելուց խուսափում ենք
03.07.2015 | 00:22

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:


-Դուք վստա՞հ եք, որ ՍԴՀԿ-ն իր վճիռն իրականացներ, ցեղասպանություն չէր լինի: Առանց Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռյակի երիտթուրքերի ծրագիրը կձախողվե՞ր:
-1914 թ. դեկտեմբերին «Հնչակ» պարբերականի երկրորդ համարում լույս տեսած «Հայաստանում բարենորոգումները» վերնագրված հոդվածում Օսմանյան կայսրության ներքին գործոց նախարար Թալեաթի խոսքերն են տպագրվել. «Դաշնակցությունը, մխրճված պաշտոնական աթոռների մեջ, օսմանցիության վտանգավոր լինել չի կարող։ Հնչակյաններն են մեր թշնամիները, նրանց վրա էլ տեռորի սարսափով պիտի ազդել և իրենց մտադրությունը իրենց հետ մեռցնել»։
Հնչակյան քաղաքական գործիչ Ստեփան Սաբահ-Գյուլյանի «Պատասխանատուները» գիրքը, որ գրվել է ցեղասպանության ընթացքում և 1916-ից մինչ այսօր հինգ անգամ վերահրատարակվել, մեզանում հարկ եղած ուշադրության չի արժանացել դժբախտաբար: Առավել քան ուսանելի տվյալներ հաղորդող այս գրքում ցեղասպանության նախորդող պատմական բոլոր շրջանների միմյանց հետ սերտորեն կապված ժամանակահատվածների ամենակարևոր իրադարձություններն են ներկայացված։ Քանի որ պատմությունը մի ամբողջություն է, պատմական տարբեր հոսանքների, դրանց ակունքների և հետքերի, անհատների, ընկերակցության անդամների հավաքական մարմին, ուստի այս ամենի մասին պիտի իմանալ: Եվ քանի որ ազգային ու համազգային խնդիրների առջև բոլորն էլ ունեցել են պատասխանատվության և պարտականության իրենց բաժինը, ո՞վ կամ ովքե՞ր են, որ թերացել են և ընդհանուր գործին պետք եղած լրջությամբ չեն մոտեցել ու հարկ եղած օգնությունը չեն ցուցաբերել, պետք է իմանալ: «Պատասխանատուները» ուսումնասիրության մեջ Սաբահ-Գյուլյանը, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ ցույց է տվել, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմ-պանիսլամիզմի գաղափարախոսության անխախտելի անկյունաքարը։ Ցեղասպանությունը ծրագրվել, նախապատրաստվել և ինչպես «հին», այնպես էլ «նոր» պետական և ազգային աշխարհայացքի գերագույն նպատակի հիմքում դրված գաղափարական անփոխարինելի գործիք է եղել։
Ինչպես պատերազմական իրավիճակների, այնպես էլ ցեղասպանության պատասխանատուները փնտրվում են խաղաղության օրերում։ Նրանց այդ ժամանակահատվածներում ենք հիշում, մեջբերում և գնահատում։ Մեր պարագայում ամենակարևորը ցեղասպանությանը նախորդող և հաջորդող ժամանակներում մեր գործած ամենաէական սխալները վերհանել և ի ցույց դնելով՝ քննադատելու անհրաժեշտության գիտակցումն է։ Կարծում եմ, որ շատ ուշացած լինելով հանդերձ, ցեղասպանության հարցում ժամանակն է մեր ազգի, ժողովրդի, նրա մի խավի կամ հատվածի դրսևորած անկատարություններն ու վրիպումները, կատարած սխալները հնարավորինս հրապարակայնացնել, մեղքերը խարազանել: Հանցակիցներին ճանաչել և դատապարտելով է, որ եղածից դասեր կքաղենք ու վաղը մյուս օրը կզգուշանանք նույնը կրկնելուց: Այսօր գեթ մեկ հայ մարդ չենք գտնի՝ կուսակցական թե անկուսակցական, հեղափոխական թե հակահեղափոխական, որ չդատապարտի հայասպան-ցեղասպան «Իթթիհադին», սակայն խոսվո՞ւմ է նրանց մասին, ովքեր նույն «Իթթիհադի» հետ երկար տարիներ համագործակցելու պատճառով հայերին իրենց իսկ բնօրրանում ցեղասպանության ենթարկվելու և հայրենազուրկ դառնալու աններելի հանցանքի մեջ լրջագույն պատասխանատվություն ունեն։


-Ինչո՞ւ չի խոսվում, տեղեկատվության պակա՞ս կա, թե՞ քաղաքական լռություն է:
-Երկուսն էլ: Օրինակ՝ ինչո՞ւ չի խոսվում իթթիհադականների, նախապես մշակած, հայերին մինչև վերջին մարդը ոչնչացնելու ծրագրի դեմ ովքե՞ր ինչ արեցին կամ չարեցին, ինչպիսի՞ կեցվածք դրսևորեցին, հաջողած թե անհաջող՝ ինչ քայլերի դիմեցին: Երբևէ եղե՞լ է գեթ մեկ սեմինար, խորհրդաժողով կամ գիտաժողով, որտեղ Օսմանյան կայսրության քաղաքական դաշտում ըստ օրինի կամ ապօրինի գործած հայկական կուսակցությունների գործած սխալների մասին զեկույցներ լինեն։ Ի՞նչն է պատճառը, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի մեր օրերում ևս անցյալի սխալների մասին բարձրաձայնելուց խուսափում ենք։ Ինձ թվում է՝ այդ ժամանակից մինչև այսօր ներհայկական քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվել:


-Չե՞ք չափազանցում, ամեն ինչ է փոխվել:
-Չեմ չափազանցում, մենք մնացել ենք մակերեսային ու խիստ սահմանափակված պատկերացումներով ու մտածողությամբ: Քանի՞սը գիտեն հնչակյան կուսակցության՝ հայ ազգի գլխին դամոկլյան սրի պես կախված վտանգի մասին տարիներ շարունակ հնչեցրած զգուշացումները: Ինչո՞ւ գոնե այսօր չեն քննարկվում հնչակյան կուսակցության անկեղծ, անկաշառ, պարկեշտ ու անվեհեր ձայնը, ճշմարտությունը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում բարձրաձայնած լինելու փաստն ու հնչեցրած խոսքը ոչ ոքի չլսած լինելու հարցը: Պատմական արդարության առաջ չմեղանչելու համար գոնե հիմա պետք չէ՞ խոստովանել, որ ոչ թե բացարձակապես չկար կամ գոյություն չուներ, այլ որտեղ կար նրա մամուլը կամ կային նրա մեծ ու փոքր գործիչները, այնտեղ կային հայկական իղձերի համար բաբախող հայի ազնիվ սրտեր: Հնչակյան կուսակցությունը, որպես հայկական քաղաքական միավոր, իր պարտականությունը լիովին կատարեց: Հնչակներն իրենց երկարամյա պայքարի ընթացքով ցույց տվեցին, որ «Իթթիհադն» է մեր իսկական թշնամին և առանց վարանելու, բոլոր հնարավոր ու անհնար գործիքներով պետք է նրանց հարվածել: Բայց ամեն ինչ հակառակը եղավ: Ոչ ոք չարձագանքեց մայր կուսակցության կոչերին: Հնչեցին հակառակ կարծիքներ՝ «Տվեք ձեր քվեն «Իթթիհադին»: ՈՒժեղացրեք նրան»: Նախ և առաջ ՀՅԴ կուսակցությանն ամբողջապես ու նաև հայ էֆենդիներին և պաշտոնատարների մեծ մասին «իթթիհադականները» կարողացել էին իրենցով անել: Նույնիսկ մեր էֆենդիներից մեկն ասել էր. «Քանի որ «Իթթիհադը» սահմանադրություն բերեց, մենք բոլորս և ամբողջ հայ ազգը պետք է հավաքվենք նրա շուրջը, միայն նրան ուժ տանք, ինչ որ պետք է, նա կանի մեզ համար շատ ավելի լավ բաներ, քան հայկական կուսակցությունները»: Իսկ հետո հուսախաբ, պատնեշի վրա հայտնված պետական պաշտոնյաներն իրենց գլխներին էին տալիս, քանի որ «Իթթիհադի» հալածանքներից նրանց էլ էր բաժին հասել: Բայց նրանք չէին ցանկանում իրենց պատասխանատվությունն ընդունել: Հնչակյանները կործանվելու, տնտեսապես թուլանալու թակարդից փորձեցին փրկել հայ վաճառական-առևտրականներին, բերել ընդդիմադիր դիրք, սակայն նրանք ևս չլսեցին և մտան «Իթթիհադի» հոծ բազմության մեջ: Իթթիհադականները կարողացան երկրի ամենահեռավոր անկյուններում տարածել իրենց թույնը և վարակել հայազգի գրեթե բոլոր վաճառականներին: Պատկերացնո՞ւմ եք, «Իթթիհադը» ոչ միայն իր կուսակցական կազմակերպության, այլև իր բացած մասնավոր դպրոցների բարգավաճման համար պարտական էր հայազգի վաճառականների առատաձեռնությանը: Ցավոք, ոչ միայն Կ. Պոլսի, այլև գավառների շատ մասերում եղան մտավորականներ, ուսուցիչներ, նույնիսկ քահանաներ, ովքեր պատրաստ կանգնած էին «Իթթիհադի» կողքին: Թուրքական դպրոցներում պաշտոն վարող հայ ուսուցիչները մոլի իթթիհադապաշտներ էին: Այսինքն՝ նրանք մոլորյալներ էին իրականում կամ մորթապաշտներ: Էլ ավելի ողբերգական էր, որ «Ազգային ժողովը» հաճախ դռնփակ նիստեր էր գումարում ու գաղտնի խորհրդակցություններ անցկացնում հայ ժողովրդի ճակատագրին առնչվող հրատապ խնդիրների վերաբերյալ, քանի որ նրանք վճռական ձայն չունեին «Իթթիհադի» շրջանակներում: Հայ Ազգային ժողովի անդամների հոգեվիճակը ծայրաստիճան նսեմության էր հասցվել, ուստի և բառերով աննկարագրելի մի տեսարան էր պարզվում։ ՀՅԴ-ի պարագլուխներն ասես, ֆրանկմասոնական օթյակների իրենց «իթթիհադական» եղբայրներով, նախընտրում էին հայտնի բանաստեղծ և հայ մասոն Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք»-ը խաղալ։ Հնչակյանններն իրոք մեն-մենակ էին մնացել թշնամու առաջ: Մինչ հնչակյանները պայքարում էին «Իթթիհադի» դեմ, հայ դաշնակցականը, էֆենդին, վաճառականը, թափթփուկ մտավորականը, եկեղեցական անարժան պաշտոնյան ճառում էին «Իթթիհադի» օգտին: Չլսելով հնչակյան կուսակցությանը՝ իրենք իրենց ձեռքով քանդեցին մեր տունը:
Այս ամենը երկարատև անբարոյականացման մի ամբողջ շրջան էր, որի մասին անցյալում էլ չենք խոսել և հիմա էլ լռում ենք։ Ինչո՞ւ...
-Լավ, ինչո՞ւ:
-Եթե դեմ չեք, մի քիչ հետ գնալով՝ նայենք իրերի վիճակին։ Իթթիհադը հայության ներուժն ու վտանգը դեռևս 1909 թ. Ադանայում իր կազմակերպած ողբերգությամբ էր փորձել հասկանալ և ապագայում իր ինչն ու ինչպես անելը Ադանայի օրինակով էր պայմանավորել։ Ադանայի կոտորածներից հետո իրեն «հայ հեղափոխական» հորջորջող կուսակցության առաջին պարտականությունը պիտի լիներ անմիջապես աշխատանքի լծվել և գործ սկսել, որպեսզի կարելի լիներ հայության դեմ իրականացված ջարդերի գլխավոր պատասխանատուներին գործող օրենքի խստագույն ուժով պատժել։ Սակայն սպասվող հակահարվածը չեղավ, նրանք լուռ մնացին, կատարվածին աչք փակեցին: Ամեն ինչ առավել քան պարզ էր, Ադանայի կոտորածի կազմակերպողը «Իթթիհադն» էր: Նրանք իրենց տարիներ ի վեր փայփայած իղձն էին իրականացրել: Թուրքերի ցնծությունը սահմաններ չուներ, նրանք կոտորածը բարձրաձայն «օդափոխություն» էին որակում: Եվ այս ամենը հայ ժողովրդի աչքի առաջ էր կատարվում։ Ժողովուրդը, արդար զայրույթով լցված, սպասումների մեջ էր: Բայց ոչինչ, ոչ մի ձայն, ոչ մի շարժում, ոչ մի հակահարված չեղան: Երեսուն հազար հայ կոտորելուց հետո նրա հեղինակները գովասանքների էին արժանանում: «Հայ հեղափոխականը» տեսնում, լսում, լռում էր: Ահա այդտեղ էր, այդ օրվանից էր, որ կատարվեց մեծագույն և անդառնալի սխալը: Եվ չարածի համար ոչ միայն «հայ հեղափոխական», այլև հայկական բոլոր կուսակցությունները պատասխանատու էին:
-Իսկ ի՞նչ կարող էին անել, որ չարեցին:
-«Իթթիհադը» շատ լարված սպասում էր, որ «հայ հեղափոխականները» կարող էին մյուսների հետ միավորվելով իրեն հարվածել: Այդ կանխարգելելու համար էլ նրանք փորձեցին ս/դ հնչակյան կուսակցության և Հ. Յ. Դաշնակցության միջև երկպառակտում մտցնել: Նրանք սուտ լուրեր էին տարածել, բայց շուտով ամեն ինչ պարզ դարձավ: Իթթիհադականների լարած դավն այս անգամ ջուրն ընկավ, և չկարողացան նպատակին հասնել՝ հայկական երկու կուսակցությունների միջև արյունալի բախում առաջ բերելով:
-Լավ, պարզեցին, ինչո՞ւ եզրակացություններ չարեցին, ինչո՞ւ շարունակեցին համագործակցել «Իթթիհադի» հետ:
-«Իթթիհադի» հետ հայերի համագործակցության մասին ինչ էլ ասվի, ինչ պատճառաբանություններ էլ բերվեն, անզոր են գործած ամենամեծ սխալը մեղմելու համար: Հ. Յ. Դաշնակցությունը պատմության ամենամեծ սխալը գործեց, երբ պայմանագիր կնքեց «Իթթիհադի» հետ` նրա հետ սերտորեն համագործակցելով: Դրա շնորհիվ ոչ միայն «Իթթիհադը» հայերի մեջ հսկայական նեցուկ ունեցավ, այլև այն, ինչն ուղղակի ինքն անել չէր կարող, արեց դաշնակցության միջոցով: «Իթթիհադը» դաշնակցականներին չարագույնս օգտագործեց հայ ազգի միասնականությունը քայքայելու գործում: Անիրավություն է միգուցե մի կուսակցություն իր ամբողջությամբ և միանշանակորեն բացասական գնահատանքի արժանացնելը, սակայն և անհերքելի փաստ է իթթիհադականների հզորացման մեջ դաշնակների մեծ, շատ մեծ ներդրումը: Նրանց պատասխանատվությունը մեծ էր մեզ հոշոտել պատրաստվող գայլի ուժեղացման մեջ։ Սա անուրանալի փաստ է և ոչ մի պատճառաբանությամբ չի կարելի արդարացնել: Ահա պատմական մեծ սխալը, որ մի հայ կուսակցություն գործեց` իր կուսակցական շահը ազգային շահից վեր դասելով: Եվ այս ամենից տուժեց հայ հեղափոխական գաղափարը հատկապես, և հայ ազգը մասնավորապես:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ