«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ովքեր են ԱԺ-ի «պրովոկատոր» պատգամավորները

Ովքեր են ԱԺ-ի «պրովոկատոր» պատգամավորները
03.07.2015 | 00:36

Երեկ պատգամավորներին կրկին «բերման» էին ենթարկել ու ողջ օրը ԱԺ-ում «պատանդ» պահել, մինչև իրենց «սուրբ» գործը կատարեն` սեղմեն քվեարկության կոճակը: Շատերը չէին դիմանում ու միջանցքներում խոսքուզրույցի էին բռնվում, հետո հոգնում, գնում խմբակցության ղեկավարի սենյակ, մի խոսքով, ժամանակ «մաշում»: Պատճառը կառավարության ներկայացրած «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագիրն էր, որն առիթ տվեց պատգամավորներին խոսելու նաև այս օրերի ամենաթեժ հարցից` էլեկտրաէներգիայի սակագնից: Հարցը ներկայացնող պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրեց, որ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար, սակայն պատգամավորներին այս համաձայնագրի ենթատեքստն էր ավելի հետաքրքիր:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքը և հայտարարեց, որ կա մի հանգամանք, ինչը մեզ թույլ չի տալիս այս վարկային համաձայնագիրը քննարկել ներքին իրադարձություններից դուրս: «Խոսքը Սերժ Սարգսյանի հայտարարության մասին է, որում նա ասել էր, որ մինչ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի ֆինանսական բեռը և գումար կգտնի անվտանգության ոլորտից: Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը անվտանգության համար հատկացվող գումարները վերցնում և փոխհատուցում է հոսանքի թանկացումը, որից հետո առաջանում է անվտանգության ճեղք: Եվ այդ ճեղքը փակելու համար մենք վերցնում ենք վարկ՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ դարձյալ ֆինանսական բեռն ուղղակի կամ անուղղակիորեն դրվում է ՀՀ քաղաքացու վրա:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ավելի խիստ էր, նրա հարցը վիրավորեց պաշտպանության փոխնախարարին: Նշելով, որ Ռուսաստանը զինում է նաև Ադրբեջանին, Փոստանջյանը շեշտեց. «Դա արդյո՞ք ռազմավարական դաշնակցի քաղաքականություն է: Դուք հիմա գնացել եք, վարկ եք բերել, որը խրախուսելի չէ: Դուք գնացել եք, այնտեղ ձեզ ստորացրել են, և հիմա դուք եկել այստեղ մեզ եք հրամցնում: Դուք ուզում եք ասել՝ պաշտպանությունից ելնելո՞վ եք վարկը վերցնում: Սա հերթական ստորացուցիչ քայլն է: Սրանով միայն ավելացվում է մեր արտաքին պարտքը»:
Արա Նազարյանը, ըստ էության, չպատասխանեց, միայն նետեց. «Տիկին Փոստանջյան, Դուք նախ մեզ վիրավորում եք, հետո ակնկալում եք պատասխան: Դուք եթե խորությամբ ուսումնասիրեիք անվտանգության և պաշտպանության ոլորտը, նման հարցադրումներ չէիք անի: Դուք հիմա փորձ եք անում ամեն ինչ բերել քաղաքական դաշտ, իսկ Սահմանադրության մեջ հոդված կա, որը սահմանում է՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ նշեց, որ իրենք բազմաթիվ հարցադրումներ ունեն այս վարկի առնչությամբ, սակայն համաձայնագրին կողմ են քվեարկելու: «Մեր որոշումը կայացնելիս մենք, հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ատամները սրած կարող են հարձակվել Հայաստանի վրա, քվեարկելու ենք այս պայմանագրին դրական, քաղաքականության մեջ երկրի անվտանգությունը ամենակարևոր արժեքն է»: Միևնույն ժամանակ ընդդիմադիր գործիչը քննադատեց երկրի ղեկավարությանը և ՀՀ ոստիկանապետի խոսքերով դիմեց խորհրդարանին: «Նա ասել է, ցիտում եմ, որ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Ո՞վ իրավունք ունի որևէ հարց լուծել անվտանգության հաշվին, ի՞նչ է սա, շանտա՞ժ է: Սիրելի խորհրդարան, Վովա Գասպարյանի խոսքերով դիմում եմ ձեզ, սթափվե՛ք, սթափվե՛ք»:
Քննադատություններն «ամփոփեց» ՀՀԿ խմբակցության ղեկավարը, նշելով, որ բացի թշնամի երկրից, ԱԺ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր ցանկանում են այս հարցի քվեարկությունը տապալել: Ավելին, ըստ Վահրամ Բաղդասարյանի, խորհրդարանում կան «պրովոկատոր» պատգամավորներ:
Ի վերջո, համաձայնագիրը 96 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց: Փաստորեն, «պրովոկատորներն» այնքան էլ շատ չեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ