Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Չի կարելի շարժման հաղթանակներն ու ձեռքբերումները մսխել էմոցիոնալ փուլի վրա»

«Չի կարելի շարժման հաղթանակներն ու ձեռքբերումները մսխել էմոցիոնալ փուլի վրա»
03.07.2015 | 01:05

Երկու շաբաթ է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է։ Ինչպես սկզբում, այնպես էլ հիմա բողոքողների պահանջը մեկն է` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցում։ Այս ընթացքում շատ «ջրեր» հոսեցին. ոստիկանությունը սկզբում ուժ գործադրեց, այնուհետև ընկերական ձեռք մեկնեց։ Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց խոսեցին և՛ վարչապետը, և՛ ՀՀ ոստիկանապետը, արձագանքեց երկրի նախագահը` առաջարկելով հանդիպել ու քննարկել խնդիրը։ Վերջին օրերի իրադարձությունների շուրջ զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի քայլերը վերջին օրերին կատարվող իրադարձությունների առնչությամբ:
-Պետք է խոստովանել, որ նախագահի հայտարարությանը նախորդած շրջանում շարժման նախաձեռնությունը կարողացավ իր բոլոր քայլերը պահել օրինականության շրջանակներում և նույնիսկ Բաղրամյան պողոտայի փակումը բնութագրել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն, իրենց կարծիքով` որպես հակակշիռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «անօրինական» որոշման: Նախագահի հայտարարությունը, որը կառուցված էր բավականին գրագետ, ըստ էության, առաջարկեց կողմերին քննության արդյունքում պարզել, թե կողմերից որն է իրավացի, այն է՝ շարժումը էմոցիոնալ փուլից տեղափոխել ինտելեկտուալ-իրավական փուլ: Բոլոր կարգի այլ մեկնաբանությունները չունեն ոչ իրավական և ոչ էլ քաղաքական հիմնավորում, և շարժման նախաձեռնողները ճիշտ կանեին դրանից անմիջապես հետո արձանագրել էմոցիոնալ փուլում իրենց տարած հաղթանակը (ՀՀ նախագահն իր իրավասության շրջանակներում կայացրել էր աննախադեպ որոշում), իրենց ուժերով բացեին Բաղրամյան պողոտան, շնորհակալություն հայտնեին ոստիկանությանը կարգուկանոնը պահպանելու առումով և վերադառնալով Ազատության հրապարակ՝ շարունակեին պայքարն արդեն ինտելեկտուալ-իրավական փուլում՝ փաստելու համար մեկ հանգամանք, այն է՝ իրենք նաև այդ փուլի համար ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և պատրաստ են «ճակատամարտի»:
-Ըստ Ձեզ՝ շարժումը մարա՞ծ է, թե՞ հարաբերական անդորր է:
-Եթե շարժման նախաձեռնողները չգիտակցեն պահի կարևորությունը և գնան վերը նշված ճանապարհով, շարժումն ուղղակի կմարի:
-Եթե այս շարժումը չլիներ, ՌԴ-ն կզիջե՞ր Պերմյակովին և ՀՀ-ին կտրամադրե՞ր արտոնյալ վարկ:
-Անկախ որևէ մեկնաբանությունից, շարժումն այդ խնդիրները ևս կարող էր համարել իր հաղթանակների արդյունք:
-Ցանկացած երկրում, ընդհանրապես աշխարհում, ցանկացած քաղաքացիական շարժում ուղղորդող ձեռք ունի: Ի՞նչ եք կարծում՝ այս նախաձեռնության «ձեռքը» ո՞վ է:
-Դա որևէ նշանակություն չունի, քանզի նախագահի հայտարարությանը նախորդած և հայտարարության օրը հասարակական շարժումը հասել էր էմոցիոնալ փուլի գագաթնակետին, և այդ պարագայում գործում էր «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքը, իշխանությունների գործողությունները բխում էին ժողովրդի ուղղակի կառավարման դրույթից, և անհրաժեշտ էր ճիշտ գնահատել պահն ու շարժվել այս սկզբունքի թելադրանքով:
-Այս և ընդդեմ երթուղայինների վարձավճարի բողոքի ակցիաների ձեռագրերում նմանություն չե՞ք տեսնում:
-Ձեռագրերի նմանությունը որևէ կերպ չի նսեմացնում այդ շարժումների արձանագրած հաջողությունները, և անհրաժեշտ է առաջնորդվել այս կետից: Մնացած բոլոր ենթադրությունները հիմնավորված չեն և չեն կարող ստվերել այն բոլոր դրական արդյունքները, որ արձանագրվեցին այս շարժումների ընթացքում և ցույց տվեցին, որ հասարակական ակտիվությունը կարող է լուծել իր առջև ծագած բոլոր սոցիալական, ինչու չէ նաև հետագայում տնտեսական ու քաղաքական խնդիրներ:
-Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության պահվածքը այս օրերին: Եվ ինչո՞ւ ոչ թե հունիսի 29-ին, 30-ին կամ էլ հուլիսի 1-ին, այլ ոստիկանությունը հուլիսի 2-ին որոշեց շարժումը ցրելու մասին հայտարարություն անել:
-Այն պահվածքը, որ դրսևորեց ոստիկանությունը, օրինակելի է ցանկացած ժողովրդավարական երկրի համար: Ճիշտ է՝ սկզբնական փուլում ուժի կիրառումը գուցե թե ոչ իրավաչափ էր, բայց հետագա գործողությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հանդուրժողականության աննախադեպ դրսևորում, և հենց սա է պատճառը, որ ես պնդում եմ ու շարունակում եմ պնդել, որ շարժման նախաձեռնողները, եթե նույնիսկ վերջին պահին գնան Բաղրամյան պողոտան սեփական ուժերով ապաշրջափակելու և ոստիկանությանը իրենց պահվածքի համար շնորհակալություն հայտնելու տարբերակին, սա կլիներ փայլուն լուծում թե՛ շարժման, թե՛ ՀՀ իշխանությունների և թե հատկապես ոստիկանության համար: Սակայն պետք է խոստովանել, որ մայրաքաղաքի կենտրոնական մայրուղին երկար փակված մնալ չի կարող: Եթե սա սկզբում դիտվում էր որպես անհրաժեշտ քայլ, այժմ կարող է դառնալ շատերի կողմից դատապարտելի, որը թույլ տալ չի կարելի: Չի կարելի նաև այս շարժման հաղթանակներն ու ձեռքբերումները մսխել էմոցիոնալ փուլի վրա:


Զրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ