Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թատրոնից հետո ու թատրոնի առաջ

Թատրոնից հետո ու թատրոնի առաջ
03.07.2015 | 01:30

Նկատեցի՞ք՝ ինչ սահուն մտանք հուլիս: Խայտառակ շոգ է, բայց ո՞ւմ է շոգը հետաքրքրում թեժ ամռանը: Հունիսի 17-ից սկսած: Հունիսի վերջին օրերի իրադարձությունները բուն խորքով չեն գնահատվում: Տագնապով ապրելու ձևաչափից մենք արագ անցանք հիասթափության ձևաչափին: Սխալ է: Հունիսի 23-ի ցուցարարներ-ոստիկանություն բախումը բացահայտորեն էլեկտրաէներգիայի թանկացման հարցը երկրորդ պլան էր մղել, առաջնագծում նրանց փոխհարաբերություններն էին: Հատկապես հունիսի 28-ին, երբ թվում էր՝ կկրկնվի հին պատմությունը: Չկրկնվեց: ՈՒ ստացանք նոր իրավիճակ: Հետո՝ մեկ այլ: Իշխանությունը սթափ հաշվարկ կատարեց ու հասկացավ՝ Բաղրամյան պողոտան բռնությամբ, ջրցանով ու ոստիկաններով բացելու դեպքում նոր թափ է հաղորդելու շարժմանը և ստանալու է մի քանի հրապարակ ու պողոտա՝ միանգամայն այլ որակով: Էլեկտրաէներգիայի սակագինը կարևոր, բայց վերջին հարցը չէ իշխանության օրակարգում, հասարակության հետ անմիջական շփման մեջ մտնելու իր համար շատ ավելի կենսական հարց կա՝ սահմանադրական բարեփոխումները, ուստի պետք չէ հարաբերությունները փչացնել: Եթե հարվածը հակահարված է առաջացնում, ի՞նչ է առաջացնում անտարբերությունը, եթե ոչ փոխադարձ անտարբերություն: Իշխանությունը փոխեց մարտավարությունը՝ հավաքվեք, երգեք, պարեք, քնեք, արթնացեք, փողոցն ավլեք ու խմբեր կազմեք, ամուսնացեք, ինչ կուզեք արեք, ես էլ իմն եմ անում: Նոր մարտավարությունը նաև լավ հաշվարկված է՝ եթե «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այլևս հեռացել է Բաղրամյանից ու Ազատության հրապարակից, աստիճանաբար կհեռանան մյուսներն էլ, մի առավոտ էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կգա Բաղրամյան բարլուսի ու կմնա առանց հանդիսատեսի: Նրա համար, հարկավ, հարվածը ծանր է, բայց արտիստը արտիստ է, նոր բեմ կգտնի: Առավել ևս, որ այս ընթացքում՝ ասպարեզ գալու մանդատ ստացած վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրար հետևից արեց հայտարարություններ, որոնք ոչ միայն հանգստացնելու, այլև հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեին: Հայտնի չէ՝ ո՞վ և որտեղի՞ց է վճարելու օգոստոսի մեկից թանկացած սակագինը, եթե ոչ պետական գանձարանից: Հայտնի չէ՝ ինչ արդյունքներ կտա աուդիտը, բայց հայտնի է, որ ՀԷՑ-երի պետականացման խնդիր չի քննարկվում: Ինչո՞ւ: Դե՞ռ չի քննարկվում, թե՞ կան հարցի լուծման պայմանավորվածություններ, որոնք չեն հրապարակվում: «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետը «հասարակությանն ամենաշատ հուզող» էլեկտրաէներգիայի ոլորտին անդրադարձավ ու արձանագրեց, որ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Նա շտապեց «նախկինների» մեղքերը հիշեցնել, ասելով, որ վերջին տարիների ընթացքում ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր խոշոր պետական ընկերություններն ու մասնավոր սեփականություն ՀԷՑ-ը կուտակել են մեծ պարտքեր: Հովիկ Աբրահամյանը, որ երկար՝ մինչև թեմային չանդրադարձավ ՀՀ նախագահը, լռում էր, հընթացս գյուտ արեց՝ էլեկտրաէներգիայի նոր սակագինը «բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ»։ Փաստորեն՝ վարչապետը գիտեր, թե ինչ է լինելու, բայց ոչինչ չարե՞ց: Փոխարենը շարունակում է խոսել իր «բաց» աշխատանքի մասին՝ «Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ»: Իսկ արդյո՞ւնքը: Էլեկտրաէներգիան օգոստոսի մեկից թանկանալու է: Եթե նույնիսկ բարձրացած գինը մի քանի ամիս վճարի ՀՀ կառավարությունը, ո՞վ է վճարելու էլեկտրաէներգիայի գնի բարձրացման պատճառով բարձրացած մյուս գները: ՌԴ կառավարությո՞ւնը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել ՌԴ-ի հետ՝ Հայաստանի ներքին հարցն է, բայց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, ում համարում էին ՀԷՑ-ի հնարավոր գնորդ՝ դեռ ամիսներ առաջ:

Դա ո՞ւմ «ներքին հարցն» է: Բացի այդ՝ «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը շտապեց հայտարարել, որ «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ բացառապես տնտեսական պատճառներով, այլ ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա»: Զգացի՞ք գնահատականի 180 աստիճանով տարբերությունը: Փաստորեն՝ Հայաստանում Մայդան էլ չկա՞: Սա ռուսական պաշտոնական գնահատականի փոփոխություն է: Բորիս Կովալչուկը նաև հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարելու էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց: ՈՒ՝ եզրակացրեց. «ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է»: Հայտարարություն, որ բացահայտ սադրիչ է: Առանց հարցի մեջ խորանալու, նա համարյա բառացի կրկնում է Եվգենի Բիբինին ու միանգամից հարցը փոխադրում Հայաստան՝ մեղադրելով «Հայաստանում գործող կարգավորման համակարգը»: Փաստացի՝ Կովալչուկը փորձում է ՀԷՑ-երից ի սկզբանե հանել և անարդյունավետ կառավարման, և կոռումպացվածության, և չպատճառաբանվող շռայլությունների մեղադրանքները: Համարել «աուդիտի» պատասխա՞ն: Մյուս կողմից` Մոսկվան մեծացնում է ճնշումը՝ իր վերլուծաբանների միջոցով «լիովին հավանական տարբերակ» համարելով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելը: Այսինքն՝ Մայդանը չստացվեց՝ չստացվեց, գոնե Մայդան ցրե՞լը ստացվի: Մոսկվայի տեսակետից Հայաստանում անհասկանալի գործընթացներ են սկսվել: Եթե անհասկանալի, ուրեմն անկառավարելի: Եթե անկառավարելի, ուրեմն՝ վտանգավոր: Առավել ևս՝ անկանխատեսելի: Դեռ հունիսի սկզբին ամեն ինչ թվում էր մի քանի տարվա հեռանկարով հաշվարկված՝ «յուրային» իշխանություն, «փաթեթով յուրայինացված» «ընդդիմություն», խնդիր չկար ու չպիտի լիներ: Մի քանի օրում խնդիրը ոչ միայն ծագում է, այլև ծավալվում: Այդպես չի լինում: Բայց՝ եղավ: Ավելին՝ Հայաստանի իշխանությունը մի քիչ ջրեց, դագանակները թափահարեց ու հետ քաշվեց: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Սա խնդիր է, որ Մոսկվան փորձում է լուծել հին մեթոդներով, թեպետ բախվել է նոր իրականության: ԱՄՆ-ի դեսպանատան ու Արևմուտքի հետքը այդպես էլ չգտնվեց Հայաստանում՝ կամ շատ լավ են քողարկվել, կամ իսկապես անտարբեր են:
Եվ, այնուամենայնիվ, այս շաբաթ Հայաստանում իսկապես իրավիճակ փոխվեց՝ նորից փոխվեց: Բաղրամյան պողոտան դեռ փակ է, բայց հասարակական շարժման թափը կոտրվել է: Հիմա ավելի շատ քննարկվում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոսի հետ չհայտարարված մրցակցության մեջ մտած ու բացահայտորեն նրան հաղթող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մինի ներկայացումները հոգևոր ու աշխարհիկ թեմաներով, քան՝ ինչ է անում կամ ինչ է ասում «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, որ հեռացավ նախ Բաղրամյան պողոտայից, հետո՝ Ազատության հրապարակից` առաքելությունն ավարտելով: Բայց դա աշխարհի վերջը չէ՝ հեռացան՝ հեռացան: Պարզապես խախտվեցին խաղի կանոնները՝ պիտի հեռանային բոլորը՝ հաղթական նոտայի վրա: Չստացվեց: Մնացողներ եղան: Իսկ դա ծրագրված չէր, պայմանավորված չէր, ու նրանք մնացին «անտեր»: Պատահական չէ, որ հենց կիրակի օրը նրանց՝ չհեռացածներին, ցրելու փորձ ձեռնարկվեց: Օրեցօր օղակը նրանց շուրջ սեղմվելու է: Մնացողները իսկապես անկանխատեսելի ու ազնիվ մղումներով պայքարի դուրս եկածներն են: Առանց բարձրագոչ հայտարարությունների, հախուռն, սխալվելով, սայթաքելով ու ոտքի կանգնելով՝ նրանք ապացուցեցին, թե ինչ է իրականում նշանակում համաժողովրդական շարժում: Առանց մարդկանց, որ ականջ սղոցելու չափ հայտարարում էին, թե մեր կողքին են, մեզ հետ են ու ոչնչից չեն վախենում: Առանց հետ ու առաջ նայելու: Առանց քաղաքագիտական վերլուծությունների: Առանց աջ ու ահյակ նայելու՝ ով ինչ կասի, ով չի հասկանա, ով չի ների, ով կգնահատի: Նրանք ուզում են հարցը լուծված տեսնել ու չեն կարող կանգ առնել կիսաճանապարհին:
Այս ընթացքում բոլորս ասում էինք՝ պայքարը քաղաքական չէ, բայց, կարծես, չէինք նկատում, որ պայքարի միջոցները քաղաքական են ու, ընդհանրապես, քաղաքական պահանջներ չդնելը դեռ չի նշանակում քաղաքական պայքար չմղել, իրականում այս պայքարը հենց քաղաքական էր ու ունեցավ քաղաքական արդյունքներ, որ մենք չենք գնահատում: Խորհրդարանական ոչիշխանական կուսակցությունները քանի՞ ամիս պիտի աղմկեին, արտահերթի ստորագրություններ հավաքեին, ձախողվեին, ցնցող ելույթներ ունենային ու ձեռնունայն մնալով՝ հարցազրույցներում ու ասուլիսներում իշխանությանը դատապարտեին հարցը չլուծելու համար: Ավելին՝ այս դեպքում գուցե այդ եռանդն էլ ոչ բոլորին համակեր՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի սեփականատիրոջ ազգային ու քաղաքական պատկանելությունը: Եթե «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հասավ յոթ դրամը ոչ անձնական, այլ ընդհանրական գրպանից հանելուն ու հեռացավ, մնացածները ավելի արժանապատիվ ու հիմնարար խնդիր ունեն լուծելու: Աուդիտը սահման չէ: Աուդիտն ընդհանրապես լուծում չէ: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մեկանգամյա օգտագործման ակցիա էր, որ օգնեց Մոսկվայի հետ հարցեր լուծելու: Փառք ու պատիվ թե իրենց, թե իրենց «նախաձեռնողին»: Բայց բուն հասարակական խնդիրը մնաց՝ էլեկտրաէներգիայի թանկացումը չի կասեցվել, էներգետիկ համակարգի վերակազմավորման խնդիրը չի էլ բարձրացվել: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կարող են ինտեգրվել աուդիտի գործընթացի մեջ՝ լեգիտիմացնելու համար, բայց դա այլևս արդիական չէ: Արդիականը պայքարն է, որ նոր ձևաչափ ու նոր տրամաբանություն պիտի ստանա՝ այնպիսին, որ ոչ Մոսկվան, ոչ Երևանը չէին ծրագրում: Հասարակությունը հոգնել է թատրոնից, անգամ այն պարագայում, երբ ինքն է բեմում: Վաղուց արդեն ոչ թե ընթացքը, այլ արդյունքներն են որևէ ձեռնարկի գնահատման չափանիշը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՈՒ ի՞նչ է մնում հուլիսին: Պայքարը շարունակվելու է, եթե անգամ հիմա ընդհատվի: Որևէ հարց վերջնական լուծված չէ, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Բաղրամյան պողոտայում ձևավորվող նոր նախաձեռնությունը պիտի կողմնորոշվի՝ կամ ցրվում են, կամ առաջադրում են ոչ միայն «չեղարկում» պահանջը, այլև համակարգային կարգավորման խնդիր են դնում՝ ՀԷՑ-երը պետք է պետականացվեն ու վաճառվեն միջազգային մրցույթով, ոչ թե հերթական հայ-ռուսական պայմանավորվածությամբ:
Առանց կոնկրետ պահանջի Բաղրամյան պողոտայում մնալը դառնում է ինքնանպատակ, պետք չէ պարանը անվերջ ձգել, եթե կապելիք չկա: Պետք չէ այդքան վախենալ քաղաքականությունից, եթե քաղաքականությամբ զբաղվում են մաքուր ձեռքերով ու սրտով, քաղաքականությունը արատ չէ ու արատավոր չէ, հաճախ նպատակին հասնելու միակ տարբերակն է: Պատրաստվել է պետք երկար ու դիրքային պայքարի՝ իշխանությունը կարող է նահանջել, բայց դիրքերը չի հանձնի ոչ մի դեպքում, եթե զգա, որ խուսանավելու կամ խուսափելու գոնե մեկ տարբերակ ունի: Այդ հարցում Մոսկվան դաշնակից է: Եթե հայտարարել ես՝ «Մենք ենք տերը մեր երկրի», տիրոջ պես քեզ պահիր՝ թատրոնի ընթացքում, թատրոնի առաջ ու թատրոնից հետո: Հանդիսատեսը ուշացումով, բայց միշտ գնահատում է պիեսի հեղինակին էլ, ռեժիսորին էլ, դերասաններին էլ: Այդ պատճառով է թատրոնն անմահ:

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ