Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տնտեսական ցեղասպանությունը՝ հայոց պահանջափաթեթում

Տնտեսական ցեղասպանությունը՝  հայոց պահանջափաթեթում
03.07.2015 | 11:04

Մեր թերթի` «Իրատեսի» «Ցեղասպանություն-100» էջում մեկ տարի տպագրելով սկզբնաղբյուրային նյութեր, մենք հող նախապատրաստեցինք քաղաքական, գիտական, մասնագիտական, հասարակական գիտակցության մեջ ներդնելու «տնտեսական ցեղասպանություն» եզրույթը: Երևույթ, որը Ցեղասպանության, Մեծ եղեռնի թե կարևորագույն բաղադրյալն էր, թե ուղեկիցը և թե շարժառիթներից մեկը:


Ափսոսանքով հարկ է արձանագրել, որ մեր ժողովրդի բազմադարյա տնտեսական մշակույթի այս ողբերգական էջը գրեթե չի ուսումնասիրվել: Եվ դա ուներ իր պատճառները: Խորհրդահայ պատմագիտությունը, ինչպես նաև ցեղասպանագիտության երջանկահիշատակ «հայրերը» չէին կարող դրան հիմնավորապես անդրադառնալ այն պարզ պատճառով, որ մասնավոր սեփականության հիմնադրույթն ինքնին ներհակ էր խորհրդային իշխանության գաղափարախոսությանը: Այդպիսի հետազոտություններ կարող էին կատարվել և կատարվեցին (ցավոք, մասնակիորեն) կապիտալիստական աշխարհի Սփյուռքում:
Այնինչ հայերի ներդրումը Օսմանյան Թուրքիայի տնտեսությունում անչափ էական է իր նշանակությամբ, ծավալներով և ընդգրկմամբ: Ավելին, ցեղասպանության տնտեսական բաղադրյալն այսօրվա նյութապաշտ աշխարհում ձեռք է բերել արդիականություն և կանխատեսելիորեն կվերածվի հայ-թուրքական հարաբերությունների մի նոր հարթակի:
Ի՞նչն է մեզ հիմք տալիս նման պնդում կատարելու:
Վերջին տարիներին ակնհայտ հետաքրքրություն է դրսևորվում Օսմանյան Թուրքիայում հայոց տնտեսական կորուստների քննարկման ու լուսաբանման ուղղությամբ: Թուրքիայում հրատարակվում են գրքեր (Թաներ Աքչամ, ՈՒնգուր ՈՒմիթ, Սաիթ Չեթիօղլու, Նևզաթ Օնարա, Այշե Հյուրի և այլք), երիտասարդ թուրք մասնագետներն ուսումնասիրում են Թուրքիայում հայ վաճառականության պատմության հարցեր, ամերիկյան ու եվրոպական մամուլում ստեպ-ստեպ երևան են գալիս նույնուղի հրապարակումներ: Եվ նման ուշադրության պատճառը հայոց ֆինանսանյութական կորուստների փոխհատուցման դատաիրավական հետապնդման հեռանկարի առկայությունն է:
Հիմնախնդիրն այնքան տարողունակ է և հղի այնպիսի լրջագույն հետևանքներով, որ պահանջում է, նախ, հիմնարար գիտական ուսումնասիրում: Դեռևս 2008 թ. արտերկրում կայացած մի գիտաժողովի ժամանակ հանդես եկանք «Հայոց ցեղասպանության տնտեսական բաղադրյալը և ֆինանսանյութական փոխհատուցման հիմնախնդիրները» զեկուցմամբ, որը տպագրվեց հայերեն, ռուսերեն և անգլերեն (հայերենը տե՛ս «Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները» ժողովածու, Ե., 2009 թ., էջ 182-202): Թեպետ այդտեղ պարունակվող շեշտադրումներից չենք հրաժարվի և այսօր, սակայն կար թերասացության, անբավարարվածության զգացողություն, և շարունակեցինք մեր աշխատանքը:
Առհասարակ, որևէ եզրույթ շրջանառության մեջ դնելու համար հարկ է, որ ասածդ ապացուցողական լինի: Արդ, ի՞նչ է նշանակում հայոց տնտեսական ցեղասպանություն:
114 աղբյուրների հիման վրա հետազոտեցինք ներկայիս Թուրքիայի 100 քաղաքներում հայոց տնտեսական գործունեությունը: Դրանցից գրեթե յուրաքանչյուրի շրջակայքում կային զուտ հայ կամ խառը բնակչությամբ գյուղեր, գյուղախմբեր, որոնցում, իհարկե, ծավալվում էր տնտեսական եռուզեռ, բայց դրանց չանդրադարձանք՝ թեման թողնելով այլ հետազոտողների: Տնտեսության ողնաշարը առևտուրն էր, որ ծնվել էր արհեստներից, սակայն դրանք ևս մի կողմ թողեցինք՝ կրկին համարելով միանգամայն այլ ուսումնասիրության բնագավառ: Փոխարենը հատուկ ուշադրություն դարձրինք տեղագրական, բնակչության, եկեղեցիների ու վարժարանների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններին, ինչպես նաև տվյալ քաղաքի հայության հավաքական կերպարը ներկայացնող բնութագրումներին՝ բարքերին, կենցաղավարությանը, նիստուկացին, հագուստ-կապուստին և այլն:
Հիմնական եզրակացությունը, որին հանգեցինք, հայի տնտեսական ստեղծարար հանճարի առկայությունն էր: Եվ այդ տեսակետից տիպական ապացույցներ էին ոչ միայն տնտեսական մեգապոլիսներ Կ. Պոլիսը, Զմյուռնիան, Ադանան, Կեսարիան, Սեբաստիան, Կարինը, Վանը, Խարբերդը, Մալաթիան, Արաբկիրը, Ամասիան, Եվդոկիան, Այնթապը, Կյուրինը, Յոզղատը, այլև Սյոքե պստիկ քաղաքը: Սա ուներ 12000 բնակիչ, որոնցից հայ էր ընդամենը 15 ընտանիք՝ 15 տղամարդ, 17 կին, 6 երիտասարդ, 8 պատանի, 7 օրիորդ, 10 տղա և 12 աղջիկ: Տղամարդկանցից առնվազն 8-ը վաճառականներ էին, որոնք կառուցել էին Սբ. Աստվածածին եկեղեցին ու երկսեռ վարժարանը։
Բոլոր քաղաքների հայությունը, բացառությամբ, թերևս, Կ. Պոլսի, Զմյուռնիայի ու Կուտինայի, ենթարկվեց տեղահանության ու սոսկալի կոտորածի:
Դրանով չբավարարվեցինք. առևտրատնտեսական և ֆինանսավարկային գործունեությամբ զբաղված հազարավոր մարդկանցից մանրամասնորեն ուսումնասիրեցինք 67-ի կյանքն ու գործունեությունը, այդ թվում՝ արևմտահայոց խոշորագույն ազգային բարերար Հ. Պեզճյանի, Տյուզյան, Տատյան, Գյուլբենկյան գերդաստանների: Այդ հսկաներից յուրաքանչյուրի տքնանքը, ձեռներեցությունն ու աշխատասիրությունը առանձին գրքերի նյութեր են, նրանց ներդրումը Օսմանյան կայսրության տնտեսությունում և ազգանպաստ բարերարությունը ահռելի են:
Առանձնակի հետք են թողել նաև ֆինանսավարկային հաստատությունները, արտադրական ձեռնարկություններն ու տնտեսական միությունները, որոնցից աչքի են զարնում «Օսմանյան առևտրային բանկը», «Իբրանոսյան եղբայրներ» խոշորագույն առևտրային ֆիրման, Ֆաբրիկատորյան եղբայրների (Մեզիրե) և Խ. Քյուրքճյանի (Խարբերդ) տեքստիլ ձեռնարկությունները:
Ի վերջո, ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել:
Հայոց տնտեսական գործունեության արդյունքը՝ կապիտալը, նախ, ծառայեց որպես թուրք և քուրդ ցեղասպան զանգվածների արյունարբու տքնանքի «վարձք»: Երկրորդ, 1915-ին դարձավ երիտթուրքական կառավարության ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ, ապա՝ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց:
Տնտեսական տարերային ջարդեր եղել են մշտապես ու շարունակական: Որպես ապացույց մեջբերենք գրքի Բերրի քաղաքին վերաբերող մի հատված. «1895-ի թալանէն 20 տարի առաջ նորէն թալան մը եղած է: Այս պատճառով Բերրիի և այլ հայկական կեդրոններու մէջ գրեթէ հարստութիւն չէ մնացած հայերու մօտ, քանի որ այդ թալանի ընթացքին հայկական տուներու մէջ հին աւել մըն ալ չէր մնացած»: Եվ կամ Շապին Գարահիսարին վերաբերող. «Գողութիւնները և յափշտակութիւնք յաճախ տեղի կունենան, ապրանք կþառնեն գինը չեն վճարեր, հայը կը ծեծեն, կը հայհոյեն հաւատք և պատիւը, կը սպառնան և այս ըրողներն են զաւթիաները ու քաղքի թուրքերէն սրիկաները և ֆերարները ընդ պաշտպանութեամբ մեծաց:
Ավուդամուշ ըսուած թաղի թուրքերը, որ քաղաքին կից են գրեթէ, առհասարակ գող են և աւազակ, թէ վաճառականաց ապրանքները և թէ գեղերը երթևեկողները կը կողոպտուին ասոնցմէ»:
Եվ այստեղ մենք առնչվում ենք թուրքի հավաքական կերպարին, ու երիցս իրավացի է հեղինակներից մեկը՝ գրելով. «Թուրքերն իրենց տիրապետութեան առաջին օրէն մինչեւ գրեթէ 1915 թուականը միշտ հեռու էին մնացեր առեւտրական եւ արհեստագործական ասպարէզներէն, անվայել համարելով այդպիսի «խոնարհ» զբաղումներ իրենց տիրապետող ազգի (միլլէթը հաքիմէ) հպարտութեան: Անոնք առաւելապէս զինուորականներ էին, իսլամական կրօնի ծառայողներ, պետական պաշտօնեաներ, մեծ հողատէրեր-կալուածատէրեր, քիչ բացառութեամբ՝ առեւտրականներ եւ քանի մը աննշան արհեստներու մէջ աշխատող: Անոնք առաւելապէս անասնապահ, երկրագործ, բանջարամշակ (պօսթանճի), այգեպան էին»: Սա ուղենշային, հիմնարար, սկզբունքային բնութագրում է:
Ժամանակի ընթացքում տիտղոսային գերադասի նկրտումները քրիստոնյա փոքրամասնության՝ հայության նկատմամբ տնտեսական բռնազավթումներ իրականացնելու խնդրում ահագնացան և ձեռք բերեցին պետական-կազմակերպական բնույթ:
1894-1896 թթ. համիդյան ջարդերը թուրքին ցույց տվեցին հայասպանությամբ և ընչազավթմամբ արագորեն հարստանալու, բարեկեցիկ կենսապայմանների տեր դառնալու հեշտ ուղին: Անենք մի քանի մեջբերումներ. «Առանց աշխատանքի ապրելու և վայելելու հոգեբանութիւնը տիրական էր անոնց հոգիին մէջ», «Քաղաքս (Ակնը – Խ. Դ.) իւր շրջակայ հայոց գիւղերով բաւական չէին անդադար ի հնուց ի վեր կրած հարստահարութիւնքն, վերջին ահաւորագոյն հարուած մը ունեցաւ 1896 տարւոյ սեպտեմբերի մէջ: Հայոց Վերին թաղի տներու մեծագոյն մասն հրոյ ճարակ եղաւ: Ընդհանուր անձանց կորուստն ըստ լրագրաց համարուեցաւ 2000 հոգի: Ամենայն անասելի խժդժութիւնք ի գործ դրուեցան, հայոց կրկին եկեղեցիք այրուեցան և երիցունք սպանուեցան: Նոյն թշուառութիւնն պիտի գար քաղաքիս վրայ 1895-ին, եթէ հայք 1500 լիրա փրկանք չտային: Այս դէպքէն վերջ հարուստ Ակնի ողջ մնացած ժողովուրդն բոլորովին յետին աստիճանի աղքատացաւ և մինչև անգամ չոր հացի կարօտ մնաց», «Թուրք բեռնակիրներ և անոթիներ սկսան վաճառականութիւն ընել շնորհիւ աւարառութեան, մինչ նախկին հայ ունեւորները ալ այդպիսիներուն քով ծառայութեան մտան՝ ապրուստ ճարելու անհրաժեշտ պէտքէն մղուած»:
Հայն իր գենետիկական կենսունակությամբ ոչ միայն տոկաց, այլև կարճ ժամանակամիջոցում վերականգնեց նյութական կորուստները. «Նման կացութեան մը առջեւ ուրիշ ազգեր յուսահատութեան պիտի մատնուէին, բայց հայ ժողովուրդը, շնորհիւ իր բնածին շինարարական ոգիին, չարքաշութեան և թրծուածութեան, ոչ միայն տոկաց իրարայաջորդ այդ փոթորիկներուն, այլեւ վերականգնեց ինքզինքը՝ 1895-ի թալանին վնասները դարմանելով: 1895-1914 այս քսան տարւայ կարճ ժամանակաշրջանի մը մէջ բերրիցի հայը ինքզինքը պահեց, տուն-տեղ շինեց ու շէնցուց և հսկայաքայլ յառաջդիմութիւններ արձանագրեց առեւտուրի, արհեստի և այլ ասպարէզներուն մէջ:
20 տարուան ընթացքին Բերրիին մէջ շինուեցան առնուազն 100 նոր տուներ: Այդ ժամանակաշրջանին հողեր ու պարտէզներ գնուեցան աղաներէն, մաս առ մաս: Կոլ աղբիւրի կողմը Անթառամեաններ և ուրիշներ ահագին տարածութեամբ հողեր գնեցին պարտէզի վերածելու համար: Բերրի գետին արեւելքը գտնուող Հոշէ գիւղի բարեբեր ու ջրարբի հողերը, որոնք նախապէս Բերրիի աղային կը պատկանէին մինչեւ 1915, հոշէցիներու կողմէ գնուեցան, այնպէս որ աղան այլեւս մէկ թիզ հող չունէր այդ կողմերը:
Առեւտրական դասուն մէջ դրամական կարողութիւնները նախանձելի գումարներու հասան: Խանութներու մէջ մթերուած էին ապրանքներ, տուները լիքն էին ուտելիքներով և պիտոյքներով: Տէրսիմի և Չարսանճագի քուրդերէն և զազաներէն գանձելի ապառիկները խոշոր համեմատութիւններ ստացեր էին: Քուրդն ու թուրքը՝ պարտական, հայը՝ պարտապահանջ դարձած էր»:
Բայց թուրքը չմոռացավ, ձեռք բերեց եղկելի փորձառություն: 1909 թ. Ադանայի սոսկալի կոտորածը փուլային նշանակություն ուներ նաև տնտեսական տեսակետից. «1909 թ. ապրիլին Ադանայի վիլայեթում կազմակերպված կոտորածներով, որոնց հետևանքով զոհվեց մոտ 30000 անմեղ հայ, 300 կալվածք այրվեց, հափշտակվեց ավելի քան 10000 գլուխ անասուն, իսկ նյութական վնասները հասան 20 միլիոն թուրքական լիրայի (մոտ 500 միլիոն ֆրանկի)»: Մեկ այլ աղբյուր հավելում է. «Հարիւրավորներ վառեցան ազգային կանգուն մնացող հաստատութեանց մէջ, մէ՛կ հատիկ հայ չը մնաց, որ մոխիրի վրայ նստած չըլլայ, և վերապրող մերկերուն ու անօթիներուն մէջ են տեղւոյն ամէնէն հարուստներն ու երեւելիները, որոնք հիմա պատառ մը հաց կը մուրան տասնեակ հազարաւորներու կարգին…»:
1915-ը տնտեսական տեսակետից արդեն նախապատրաստվեց:
Երբ խոսում ենք արևմտահայոց (ավելի լայն առումով՝ տաճկահայոց կամ թրքահայոց) տնտեսական ցեղասպանության մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ թուրքական կառավարական շրջանակներից մինչև շարքային մարդասպանների հիմնական թիրախը հենց կապիտալ շերտն էր:
ՈՒնևոր հասարակախավը բաղկացած էր մանր առևտրականներից ու մեծաքանակ արտահանող-ներմուծող վաճառականներից, ֆինանսավարկային գործունեությամբ զբաղվողներից (սեղանավորներ ու բանկատերեր), գործարանատերերից, ֆաբրիկատերերից, կալվածատերերից և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչներից: Այս դասն էր, որ զարգացնում էր թուրքական հետամնաց տնտեսությունը, սածիլում կապիտալիզմի սաղմերը, արտասահմանից ներմուծում նորագույն սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, արմատավորում բիզնեսի կազմակերպման արդիական ձևեր, ուշադրությամբ հետևում միջազգային սակարանների անցուդարձին, հատուկ մասնագիտական մամուլի միջոցով ազգակիցներին հաղորդում շահավետ տեղեկություններ: Այդ դասի եռանդուն դերակատարումն այնքան էական էր, որ ինքնըստինքյան դառնում էր յուրօրինակ կապող օղակ Թուրքիայի և ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի միջև:
Սակայն այդ խելացի, կիրթ, ձեռներեց, ազգապահ խավը թուրքական ցեղասպանների համար ընդամենը համեղ պատառ էր: Հարստությունը, հարուստ լինելը ոչ միայն չփրկեց հային, այլև հակառակը՝ դարձավ նրա կործանման պատճառներից մեկը: Տեղահանվողների մահվան առաջին քարավանները բաղկացած էին քաղաքական գործիչներից, հոգևորականներից, մտավորականներից ու մեծահարուստներից, և դա լավ կշռադատված, դիվային մտահղացում էր, որով կտրվում էր տվյալ համայնքի գլուխը, վերնախավը՝ անպաշտպան դարձնելով, բարոյալքելով ու մորթվելու ենթակա դարձնելով հայ զանգվածին:
Ասվածը դիտարկենք թեկուզ Խարբերդի օրինակով: 1915 թ. մայիսի 15-ին ձերբակալվեցին ու բանտ նետվեցին առավել ազդեցիկ և ունևոր չորս հարյուր հայեր, որոնցից շատերը՝ չդիմանալով խոշտանգումներին, մահացան: Հուլիսի 3-ի առավոտյան ճամփա ելավ նահանգի ամենամեծ և ամենահարուստ քարավանը՝ ավելի քան 3000 հոգի: Կային գեղեցիկ կառքեր, սայլեր, ձիեր, բեռնակիր կենդանիներ՝ բեռնավորված գորգերով ու թանկարժեք կահ-կարասիով, կովեր, այծեր, ոչխարներ: Ձիեր նստած փափկասուն տիկնայք և աղջիկները կրում էին հովանոցներ՝ կիզիչ արևից պաշտպանվելու համար, իսկ մանուկներին տանում էին սպասավորները: Մալաթիայում տղամարդկանց զատեցին իրենց ընտանիքներից, իսկ կանայք ու երեխաները ենթարկվեցին այնպիսի սոսկալի սպանդի, որ մարդու ձեռքը դողում է այդ ամենը վերաշարադրելիս: Երեք հազարից ավելի քարավանից Հալեպ հասան 68 կին ու երեխա…
1915-ից ի՞նչ շահեց Թուրքիան:
Նախ, ոչնչացնելով հայերին, բռնազավթեց նրանց ունեցվածքը: Հապացույց ասվածի, բերենք Ադանայի օրինակը. «1915-ին տեղահանութեան ենթարկուած հայերուն շարժուն եւ անշարժ բոլոր հարստութիւնները «Լքեալ գոյքեր» («Էմվալը մէթրուքէ») օրէնքին համաձայն գրաւուեցան թիւրք կառավարութեան կողմէ:
Այսպէսով գրաւուած հայապատկան կալուածներն ու գոյքերը ծախուեցան ոչինչ, շատ չնչին ու ցած գիներով: Իսկ գոյք ու կալուածոց մէկ մասն ալ իւրացուեցաւ թիւրք անհատներու կողմէ: Ասոնք իբր «պահանջատէր» ներկայանալով կառավարութեան, կեղծ վկաներով ու կեղծ մուրհակներով կամ շինծու պարտաթուղթերով անհիմն դատեր բացին, եւ դատարանները ամբաստանեալ «պարտական» հայերուն ի բացակայութեան վճիռներ արձակելով՝ անմիջապէս այսպիսի կեղծ դատավճիռները գործադրութեան դրին, եւ շատ թիւրքեր աննշան գիներով կառավարութեան ձեռքէն գրաւեցին հայապատկան կալուածները:
Օրինակ, այսպիսի մեքենայութեամբ էր որ գրաւուեցաւ Պապիկեան պարտէզը, ընդարձակ եւ արժէքավոր:
1918-ի Զինադադարէն ետքը, գաղթականութենէ ողջ մնալով Ատանա վերադարձող հայերէն ոմանք կրցան մասամբ վերստանալ իրենց կալուածները: Բայց երկու-երեք տարիներ ետքը Քեմալական շարժումին հետեւանքով իրենց հայրենիքէն հեռացած հայերուն բոլոր ինչքերը դարձեալ գրաւուեցան թիւրք պետութեան կողմէ, համաձայն նոր օրէնքի մը՝ «Բացակայ անձերուն» («Էշխասը միւթաղայիպէ») վերաբերեալ օրէնք մը, որ ո՛չ միայն իրենց բնակավայրերը ձգած եւ օտար երկիրներ գացած անձերը կը զրկէր իրենց իրաւունքներէն, այլ նաեւ Թիւրքիոյ ուրիշ քաղաքները փոխադրուած ու հոն բնակութիւն հաստատած հայերը:
Օրինակ, սիկա պարագան է Ատանայի կարեւոր կալուածատէր եւ վաճառական Աւետիս Աղազարեանի, որ Ատանայէն Պոլիս գացած եւ հոն տեղաւորուած ըլլալով հանդերձ զրկուեցաւ իր սեպհականատէրի իրաւունքէն…
Ի գործադրութիւն վերոյիշեալ օրէնքին, հայերու պատկանող ամբողջ հարստութիւնը, ինչպէս նաեւ ազգապատկան կալուածները, դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները մէկ օրէն միւսը մէկ հարուածով թիւրք պետութեան ու ժողովուրդին սեպհականութիւնը դարձան»: «Լքյալ գույքերի մասին» այս և հետագա տխրահռչակ օրենքները իրավական տեսակետից ապահովեցին ընչազավթումը: Եվ սա կատարվեց ամբողջ Թուրքիայի տարածքում:
Երկրորդ, մահմեդական փախստականներին, գաղթականներին՝ մուհաջիրներին, տեղավորեց հայապատկան տներում:
Երրորդ, հայերից խլված ֆինանսական միջոցներն օգտագործեց ներքին և արտաքին պարտքերը մարելու համար: 1915 թ. հուլիսի 21-ին «Գերմանական-լևանտական բամբակագործական ընկերությունը» Ադանայի իրենց հյուպատոսությանը հղած զեկուցագրում նշում էր. «Թուրքիայի կառավարությունը մտադիր է՝ ներքաղաքական դրդապատճառներից ելնելով, Ադանայի նահանգից աքսորել բոլոր հայերին: Տեղահանությունը պետք է կատարվի նրանց շարժական և անշարժ գույքի օտարումով: Թուրքական կառավարությունն իրեն իրավունք է վերապահում հարմար միջոցներով իրացնել օտարված գույքը և դրանից ստացված միջոցներով առաջին հերթին մարել սեփական, երկրորդ հերթին՝ արտասահմանյան պարտքերը, իսկ մնացորդը տրամադրել տեղահանվածներին:
Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի հայերի համար անհնարին լինի գույքի օտարում կամ փոխանցում որևէ մեկին...»:
Եթե հայոց տնտեսական կյանքը պատկերացնենք որպես մի բանկ, ապա թուրք ավազակը ներխուժեց, սրի քաշեց բոլորին ու յուրացրեց դրամատան պահոցում արյուն-քրտինքով կուտակված ահռելի հարստությունը: Դա վարկ էր, որի համար ոչ մի տոկոս չէր վճարելու, քանզի օրինական տերերին բնաջնջել էր: Համաշխարհային բանկային պատմության մեջ Թուրքիան դարձավ բացառիկ վարկառու: Եվ այդ անտոկոս ու անվերադարձնելի վարկով նա կառուցեց իր այսօրվա տնտեսությունը:
Ինչո՞ւ դաշնակից պետությունները և ԱՄՆ-ը չպաշտպանեցին հայոց արդար պահանջատիրությունը: Անշուշտ, դա ուներ նաև տնտեսական դրդապատճառներ: Գործնապաշտ անգլիացիները, մի կողմից` ազատվել էին բուն Թուրքիայում վտանգավոր տնտեսական մրցակիցներից, մյուս կողմից թուրքահայ բիզնեսի առավել ինտելեկտուալ, կիրթ, ծանրաբարո հատվածը իր կապիտալներով վերջնականապես հաստատվեց Ալբիոնում: Մարդասեր Ֆրանսիան ընդունեց հարյուր հազարավոր գաղթականների, բայց «օգտակար տարր», աշխատասեր հայը նաև օգուտ կարող էր բերել: Թեև ԱՄՆ-ը թե քաղաքականապես, թե դիվանագիտական ճանապարհով և թե տնտեսապես աջակցում էր հայությանը և Թուրքիայում, և Կովկասում, սակայն ներգաղթի քաղաքականություն որդեգրած այդ երկրին էլ էր ձեռնտու հայերին ընդունելը:
Ի վերջո, բոլորն ստացան իրենց քաղաքական շահաբաժինները՝ Թուրքիային «զիջելով», զոհելով հայությանը: Ժողովուրդ, որը կորցրեց հայրենիք, ունեցվածք և արդարության հանդեպ հավատ: Բայց դա ո՞ւմ էր այլևս մտահոգում:

Ցեղասպանության պատճառով հայության կրած ֆինանսանյութական կորուստների խնդիրն ի սկզբանե գտնվել է քաղաքական, հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում: Այսպես, արդեն 1916 թ. ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախաձեռնությամբ ծրագրվեց և Անդրկովկասի տարբեր վայրերում կատարվեց տեղեկությունների հավաքագրում Արևմտյան Հայաստանի հայ բնակչության կոտորածների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ «Վշտապատում» անվանմամբ, որի նպատակն էր «ճշտել վերջին պատերազմի պատճառով Թուրքիայում հայերի ունեցած զոհերի, նյութական կորուստների ծավալը, կուլտուրական վնասի չափը, այլև գծել հայերի կրած սարսափների ու տանջանքների իսկական մերկ պատկերը»: Թեև հարցումները վերաբերում էին հիմնականում Արևմտյան Հայաստանին և ոչ ամբողջ Թուրքիայի հայությանը, ինչպես նաև գլխավորաբար ընդգրկում էին գյուղերն ու գյուղախմբերը, այդուհանդերձ, «Վշտապատումն» առաջին փորձն էր:
1918 թ. հոկտեմբերի 31-ին, այն ժամանակ, երբ թուրք ասկյարները և թաթարական (իմա՝ ադրբեջանական) խուժանը Բաքվում անխնա կոտորում էին տեղի հայությանը, Թիֆլիսում կայացավ հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ Խորհուրդը որոշեց Հաշտության վեհաժողովին հայ ժողովրդի կողմից մի հուշագիր կազմելու և ներկայացնելու համար ընտրել հանձնաժողով: Նոյեմբերի 21-ին ստեղծվեց «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով», որի նախագահ ընտրվեց ամենայն հայոց բանաստեղծը:
Հանձնաժողովի չորս բաժիններից մեկը` Տնտեսականը, պետք է զբաղվեր աշխարհամարտի ընթացքում հայության ունեցած նյութական կորուստների հաշվառումով: Այդ բաժինը նախ ղեկավարեց Ք. Վերմիշյանը, իսկ կարճ ժամանակ անց` Ա. Աթանասյանը: Հանձնաժողովը գործում էր որոշակի կանոնադրությամբ ու հատուկ հրահանգով: ՈՒնենալով պետական կարգավիճակ, հանձնաժողովը նաև որոշակի ֆինանսավորում էր ստանում Հայաստանի Հանրապետության կառավարությունից: (Հատկանշական է, որ հանձնաժողովի աշխատանքներով հետաքրքրվել և օժանդակելու ցանկություն է հայտնել Թիֆլիսում ամերիկյան հյուպատոսը): Հանձնաժողովը գործեց մինչև 1919 թ. վերջը, սակայն աշխատանքը մնաց անավարտ:
1919 թ. փետրվարին Փարիզի Հաշտության կոնֆերանսին ներկայացվեց երկու հուշագիր. մեկում հայ ժողովուրդը առաջ էր քաշում իր քաղաքական (տարածքային) պահանջները, մյուսը նվիրված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար դրամական փոխհատուցման խնդրին (ռեպարացիաներ)։ Հաղթանակած պետությունների ուշադրությանը ներկայացնելուց անմիջապես հետո այս երկու հուշագրերը թարգմանվեցին հայերեն և անգլերեն ու հրատարակվեցին առանձին գրքույկներով։ Դրամական փոխհատուցմանը վերաբերող հուշագիրը կրում էր «Tableau approximatif des reparations et indemnites pour les dommages subis par la nation armenienne en Armenie de Turquie et dans la Republique Armenienne du Caucase» վերնագիրը։
Հայտնի է, որ Խաղաղության վեհաժողովին հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին երկու մարմին՝ Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի ղեկավարությամբ: Հայոց նյութական պահանջների վերաբերյալ միասնական հուշագրում, ըստ այդ պատվիրակությունների հաշվարկի, հայ ժողովրդին թուրքերի հասցրած վնասները կազմում էին 19 մլրդ 130 մլն 932 հազար ֆրանկ (1919 թ. Ֆրանսիայում գործող գներին համապատասխան), որից Արևմտյան Հայաստանին բաժին էր ընկնում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հայաստանի Հանրապետությանը և Կովկասի հայաբնակ շրջաններին ` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ:
Ակնհայտ է, որ այդ գումարաչափերը խիստ մոտավոր էին, բայց նույնիսկ դրանք չբավարարվեցին: Նյութական կորուստների խնդիրը մտավ փակուղի և մի ամբողջ 50 տարի լռության մատնվեց: Ո՞րն էր պատճառը: 1970 թ. լիբանանաբնակ պատմաբան, գրական գործիչ Լևոն Վարդանը Բեյրութում հրատարակեց «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» գիրքը, որտեղ նշում էր. «Խօսիլ հայկական պահանջներու մասին՝ ըրին շատեր, գրել՝ նո՛յնպէս. եւ, սակայն, այդ բոլորին մէջ, այդ բոլո՛ր տեսակի պահանջներուն մէջ յաճախ մոռցուելու դատապարտուեցան կարելիութիւնն ու անհրաժեշտութիւնը լքեալ գոյքերը դրամանիշով արտայայտող թիւ ու քանակին, եւ այս մէկը՝ կա՛մ անոր համար, որ հայկական պահանջներով զբաղողներ հետապնդել ուզեցին նախ հող հայրենին եւ ապա՛ միայն այլ բան, եւ կամ ալ անոր համար, որ երկրորդական թուող լքեալ գոյքերը արդէ՛ն իսկ կը նկատուէին վերջնականօրէն կորսուած:
Բայց Հայկական Դատի անբաժանելի մէկ մասն է պահանջը հայերու նիւթական կորուստներուն, որուն հետ, դժբախտաբար, եւ որքան որ ծանօթ է մեզի, զբաղած է ո՛չ մէկը հայոց պատմութեան քննիչներէն: Իսկ եթէ գտնուած են զբաղողներ՝ անոնք ալ չեն անցած ընդհանուր կարծիքներէ եւ քննութեան չդիմացող եզրակացութիւններէ անդին. ահա թէ ինչո՛ւ համար այսօր հայերու լքեալ գոյքերուն արժեւորումով զբաղիլ փորձող ո՛րեւէ մէկը ինքզինք կը գտնէ ամբողջական բացակայութեանը առջեւ այն աղբիւրներուն, որոնք կրնային առնուազն օժանդակել իր գնահատումի ճիգին:
Այսօր, եթէ կ'ուզուի նո՛յնիսկ հեռաւոր կերպով նշել իսկական քաշը նիւթական կորուստին եւ անոր հողայինի՛ն նաեւ, անհրաժեշտ է լրիւ կերպով ճանչնալ ընկերային եւ նիւթական վիճակն ու կենսամակարդակը Տասնչորսի արեւմտահայութեան եւ արեւելահայուն. եւ որովհետեւ այս ուղղութեամբ կը գտնուի ո՛չ մէկ վիճակագրութիւն կամ ուսումնասիրութիւն՝ գնահատանքի որեւէ ճիգ անպայման պիտի բախի անտեղիտալի, անբեկանելի եւ անյաղթահարելի այն արգելքին, որ կը ծածկէ ուղին լքեալ գոյքերուն առաջնորդող:
Հակառա՛կ սա ճշմարտութեան, սակայն, իւրաքանչիւր հայու աւագ պարտականութիւնն է ա՛ռնուազն ճանչնալ ահաւորութիւնը կորուստին, զոր եթէ այսօր չի կրնար հայ պատմութեան ուսանողը պատկերացնել յստակ ու մէկին գիծերով՝ կարող է, սակայն, ա՛ռնուազն տալ անոր թերաստուերային մէկ պատկերը: Գուցէ ոմանց համար անընդունելի թուի այս մէկը, բայց անիկա առաւելագո՛յնն է, զոր կարող է կատարել հայ պատմութիւնը զննող որեւէ մարդ» (էջեր 323-324): Մեզ համար այս մեջբերումն էական է երկու իմաստով: Նախ, հեղինակն իրավացի է, նշելով. «…Հայկական պահանջներով զբաղողներ հետապնդել ուզեցին նախ հող հայրենին եւ ապա՛ միայն այլ բան, եւ կամ ալ անոր համար, որ երկրորդական թուող լքեալ գոյքերը արդէ՛ն իսկ կը նկատուէին վերջնականօրէն կորսուած»: Այսինքն, դրսևորեցինք առավելապաշտություն, իսկ գողոնը համարեցինք վերջնականապես կորսված, հայոց բռնազավթված ինչքը՝ երկրորդական: Բայց արդյո՞ք դա անդառնալիորեն կորսված է ու երկրորդական: Այս հարցի պատասխանը տալու համար Լ. Վարդանը կոչ էր անում «տալ կորուստին թերաստուերային մէկ պատկերը»: Եվ նա կրկին իրավացի էր:
Երբ Թուրքիայի ղեկավարությունը յուրահատուկ խորամանկությամբ հայտարարում է, թե անցյալի «ցավալի դեպքերը» պատմաբանների քննարկելիքն է, ապա գուցե պատասխանի՞, թե ում որոշելիքն է նյութական հատուցման խնդիրը: Մեր կարծիքով՝ թուրքական ու միջազգային բարձր դատարանների, և մենք առաջարկում ենք խնդրի լուծմանը հետամուտ լինել դատաիրավական ճանապարհով:
Նախ, «Լքյալ գույքերի մասին», «Բացակա անձերի մասին» տխրահռչակ օրենքները, ինչպես նաև օսմանյան զանազան տնտեսական կանոնադրությունները, որոնք մանրամասնորեն դիտարկել է Լ. Վարդանը (ի դեպ, նա դրանց անդրադարձել է նաև 1998-ին՝ իր «Արեւմտահայութիւնը տնտեսական յարաբերութիւններու ճամբուն վրայ» գրքում), հայոց ունեցվածքի յուրացման «օրինականությունն» ապահովող իրավական ակտեր են, որոնք պետք է ճանաչել առ ոչինչ: Հիշեցնենք վերը բերված փաստը. ադանացի խոշոր կալվածատեր ու վաճառական Ավետիս Աղազարյանը, որը Թուրքիան չէր լքել անգամ, այլ ընդամենը բնակություն էր հաստատել Պոլսում, սեփականությունից զրկվեց: Եվ այդպիսի անձինք հարյուր հազարավորներ էին, որոնք իրավական «արդարացումներով», «օրինականորեն» ընչազուրկ դարձան:
Արդեն մի քանի տարի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ջանադրաբար զբաղվում է Սսապատկան կալվածքներն իրավական ճանապարհով հետ ստանալու խնդրով: Ակնհայտ է, որ եթե հարցը դատաիրավական հեռանկար չունենար, ապա այդ լայնախորհուրդ այրը նման գործ չէր նախաձեռնի:
Սակայն այլ հարցեր են ծագում՝ ո՞վ և ինչպե՞ս պիտի զբաղվի առհասարակ հայության ֆինանսանյութական կորուստների փոխհատուցման խնդրով:
Անշուշտ, իդեալական կլիներ, եթե ստեղծվեր միջազգային իրավունքի մասնագետներից, տնտեսագետներից, պատմաբաններից բաղկացած, պետական կամ հասարակական հովանի ունեցող մշտական մի մարմին, ասենք՝ Հատուցման համաժողով, ինչպիսին մոտավորապես 1918-ին Հովհ. Թումանյանի ղեկավարությամբ գործող Քննիչ հանձնաժողովն էր: Դրա առաջնային գործառույթներից մեկը կլիներ որոնողական-իրազեկային աշխատանքը: Ակնհայտ է, որ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների մեծ մասն անտեղյակ է իր նախնյաց նյութական կորուստների մասին: Օրինակ, մեզրեցի Ֆաբրիկատորյանների շուրջ 50-հոգանոց գերդաստանից փրկվել են մի հարս ու երկու մանչուկ: Վերջիններիս ժառանգորդներն ուղղակի իրավահաջորդներն են իրենց պապերի տեքստիլ ֆաբրիկայի: Բերեցինք մեկ օրինակ, այնինչ այդպիսի հազարավորների կարող ենք թվարկել:
Ի վերջո, շատ է խոսվում հայ-թուրքական երկխոսության անհրաժեշտության մասին: Բարի, այդ դեպքում Ցեղասպանության ժխտողները կարո՞ղ են ասել, թե ինչ եղան զուտ առևտրատնտեսական գործունեությամբ զբաղված բյուրավոր հայերը: Թուրք գործընկերները կարո՞ղ են ասել, թե 1915-ից ի վեր հայապատկան քանի՞ գործարան, ֆաբրիկա, արտադրական ձեռնարկություն են գործել մինչ մեր օրերը՝ ի շահ Թուրքիայի տնտեսության…
Անշուշտ, 100-րդ տարելիցով ոչինչ չի վերջանալու, ավելին՝ սկսվելու է որակական միանգամայն նոր փուլ: Հայ ժողովուրդը Թուրքիայից ունի թե հավաքական և թե անհատական պահանջներ: Եվ տնտեսական գործոնը, ֆինանսանյութական հատուցման խնդիրը պարտադրաբար պիտի ներառվի հայոց ընդհանուր Պահանջափաթեթում:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Մեր հեղինակ Խաչատուր Դադայանը հրատարակության է պատրաստել «Տնտեսական ցեղասպանություն: Հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև 1915 թվականը: Փաստերի ժողովածու» 370-էջանոց ու 300 լուսանկարներով մեծարժեք աշխատությունը, որը կարոտ է տպագրության: Գրքի լույս աշխարհ գալուն աջակցել ցանկացողները կարող են դիմել խմբագրություն:

Դիտվել է՝ 2383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ