Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Էդիպ արքա» օպերան ԽՍՀՄ-ում առաջին անգամ կատարվել է Երևանում

«Էդիպ արքա» օպերան ԽՍՀՄ-ում  առաջին անգամ կատարվել է Երևանում
07.07.2015 | 10:38

Իգոր Ստրավինսկին 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է։ Նա ապրել է երկար և արդյունավետ կյանք։ Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին տևել է մոտ 60 տարի։ Այդ ընթացքում նա ոչ միայն ականատես էր երաժշտական արվեստի զարգացման նորանոր կերպարանափոխությունների ընթացքին, այլև մեծապես նպաստել է զարգացմանը, հաճախ բացել նոր ուղիներ։ Ստրավինսկու արվեստը բազմաժանր է և բազմաոճ։ Այն ընդգրկում է և ամփոփում տարբեր ժամանակների երաժշտության նվաճումները։ Պատահական չէ, որ նրան անվանում էին «հազար ու մեկ ոճի մարդ», «Երաժշտական Պրոթևս», «Քամելեոն-կոմպոզիտոր»: Երաժշտագետ Միխայիլ Դրուսկինը նշում է, որ Ստրավինսկին սկսել է ռուսական դասական երաժշտության ավանդույթների յուրացումից, հարստացնելով այն իմպրեսիոնիզմի գույներով, մշակել է իր սեփական բազմալադային համակարգը, որն ընդլայնել է դոդեկաֆոնիայի տեխնիկայով։ Կոմպոզիտորը յուրովի է օգտագործել Հայդնի, Բեթհովենի, Մոցարտի և այլոց արվեստում մշակված արտահայտչամիջոցները, կիրառել դրանք իր գաղափարները մարմնավորելու համար։ Սակայն, ինչպես գրել է Մ. Դրուսկինը. «Ինչպիսի «մաներայի» էլ հարեր, կամ «մոդել» ընտրեր, միևնույն է, նա մնում է հավատարիմ իր անհատականությանը՝ թեմատիզմի ֆակտուրայի կերտվածքում, ռիթմիկ կազմակերպման, գործիքավորման բնույթում, նույնիսկ ամենամանր շտրիխում կամ դարձվածում՝ միշտ ճանաչվում է. «դա Ստրավինսկին է։
Իգոր Ստրավինսկին ծնվել է 1882-ի հունիսի 17-ին, Պետերբուրգի մոտ գտնվող Օրանիենբաում քաղաքում։ Հայրը՝ Ֆյոդոր Ստրավինսկին, Մարիինյան թատրոնի մեներգիչներից էր։ Նրանց տանը հաճախ հավաքվում էին անվանի մտավորականներ Ֆյոդոր Դոստոևսկին, Մոդեստ Մուսորգսկին, Վլադիմիր Ստասովը, բալետմայստեր Մարիուս Պետիպան և այլ մեծեր։ Ահա այդպիսի գեղարվեստական մթնոլորտում էր մեծանում ու ձևավորվում Իգորը։ Տղայի երաժշտական դաստիարակությունը սկսվեց 9 տարեկանից։ Դաշնամուրի ուսուցիչն էր հայտնի Անտոն Ռուբինշտեյնի սանուհի Լեոկադիա Կաշպերովան։ Գիմնազիան ավարտելուց հետո, հոր պահանջով, երիտասարդն ընդունվեց Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը։ Մինչդեռ Իգորն ամբողջությամբ կլանված էր երաժշտությամբ, ինքնուս կատարում էր իր կոմպոզիտորական առաջին քայլերը։ Մի առիթով Իգորի դասընկեր Վլադիմիրը նրան ներկայացրեց իր հորը՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին։ Մեծ կոմպոզիտորը նկատեց երիտասարդի տաղանդը և առաջարկեց կոնսերվատորիայի փոխարեն մասնավոր դասեր տալ նրան։ Վարպետի և աշակերտի հանդիպումները տևեցին հինգ տարի։ Իգորի առաջին խոշոր ստեղծագործությունը դաշնամուրային սոնատն էր, գրված 1904 թ.։ Նրա գործերը սկսեցին հրապարակավ հնչել 1907 թվականից։ Դրանք էին «Հովվերգություն» երգը, «Ֆավնը և հովվուհին» վոկալ շարքը։ Նույն թվականին կատարվեց նաև 1-ին սիմֆոնիան։
Վերջինիս ծանրավուն դրվագներում դեռ Ռիմսկի-Կորսակովն էր նշել Ալեքսանդր Գլազունովի մեծակերտ սիմֆոնիզմի ազդեցությունը։ Իսկ «Ֆավնը և հովվուհին» շարքում, «ֆանտաստիկ սկերցոյում» և «Հրավառություն» նվագախմբային գործերում ակնհայտ է Դեբյուսիի գունագեղ երաժշտության ազդեցությունը։ Այս երկերից հետո Ստրավինսկու կյանքում մի նոր փուլ սկսվեց։ Դա ռուսական երաժշտության քարոզիչ, թատերական գործիչ Սերգեյ Դյագիլևի հետ ծանոթությունն էր։ 1911 թ. Փարիզում ստեղծվեց «Դյագիլևի ռուսական բալետ» թատերախումբը, որը կյանքի կոչեց Ստրավինսկու «Հրեղեն հավքը», «Պետրուշկա», «Սրբազան գարուն», «Ապոլլոն Մուսագետ» և այլ բալետներ։ Այս գործերում մարմնավորված կերպարները, նորարարական երաժշտությունը սենսացիա առաջացրին և նպաստեցին կոմպոզիտորի միջազգային համբավին։
«Հրեղեն հավքի» սյուժեն հիմնված է Իվան արքայազնի մասին հեքիաթի վրա։ Հերոսը չար Կաշչեյի կախարդանքից ազատում է իր սիրեցյալ գեղեցկուհի-արքայադստերը։ «Հրեղեն հավքը» հեքիաթի սյուժեով բալետ ստեղծելու առաջարկով Սերգեյ Դյագիլևը և բեմադրիչ Միխայիլ Ֆոկինը լիբրետոն տրամադրել էին նախ Ա. Լյադովին։ Վերջինս հայտնի էր ռուսական ժողովրդական հեքիաթների բովանդակությամբ գրված «Կախարդական լիճը», «Ջադուկը» սիմֆոնիկ գունագեղ պատկերներով։ Սակայն Ա. Լյադովը հայտնի էր նաև իր ծուլությամբ։ Եվ ասում են, թե լիբրետոն հանձնելուց հետո, ժամանակի սղությամբ մտահոգված Դյագիլևը Լյադովին հարցրել էր գործի ընթացքի մասին։ Կոմպոզիտորը նրան «հանգստացրել էր», թե «գործերը լավ են, նոտայի թղթերն արդեն ձեռք եմ բերել»... Հետո պատվիրատուները դիմեցին երիտասարդ Ստրավինսկուն։ Եվ եթե նա վիրտուոզ կոմպոզիտոր չլիներ, դժվար թե ժամկետում հասցներ ավարտել բալետի պարտիտուրան։ Եվ 1910-ի հունիսի 10-ին, Փարիզի «Գրանդ-օպերայում» տեղի ունեցավ «Հրեղեն հավքի» պրեմիերան, որից և սկիզբ առավ Ստրավինսկու հաղթարշավը։ Ինչ վերաբերում է «Պետրուշկային», ապա այս բալետում արտացոլված են ռուսական ճոխ տոնավաճառի տեսարանները՝ փողոցային երգ ու պարով, տիկնիկային թատրոնով։ Եվ ամբոխի խրախճանքի ներքո ներկայացվում են տիկնիկային սեթևեթ պարուհուց խաբված Պետրուշկայի տառապանքները։ Իսկ «Սրբազան գարուն» բալետում արտացոլվում են հեթանոսական Ռուսիայի բարքերն ու ոգին։ Գարնան սուրհանդակներ խորհրդանշող պատանիներն իրենց ռիթմիկ քայլերով ազդարարում են գարնան գալուստը։ Սրանց միանում է աղջիկների գարնանային շուրջպարը։ Այս բազմությանը մոտենում է տոհմի իմաստուն նահապետի թափորը։ Նա համբուրելով, օրհնում է հողը։ Բալետի 2-րդ պատկերում տեղի է ունենում մեծ զոհաբերությունը։ Անձնավորված գարունը սրբագործում է զոհաբերության համար ընտրված աղջկան, որի արյամբ էլ պիտի ոռոգվի և արթնանա ձմռան քնից։ Սկսվում է սրբազնագործությունը։ Աղջիկները շուրջպարով մեծարում են ընտրյալ զոհին, ոգեկոչում նախնիներին։ Եվ այս ամենը վերածվում է ընտրյալի սրբազան պարի։ Հողն ընդունում է զոհաբերությունը. դաշտերը կանաչում են, կյանքը սկսում է ծաղկել։ Բալետն ավարտվում է ամբողջ ամբոխի ցնծությամբ, հողի հանդեպ երախտագիտությամբ։
Ստրավինսկու ստեղծագործական ուղին բաժանում են երեք շրջանի։ Առաջին փուլը, որն անվանում են «ռուսական շրջան», տևել է 15 տարի։ 2-րդ շրջանը սկսվեց 1-ին աշխարհամարտից հետո, Փարիզում։ Եվ այդ շրջանի սկիզբը նշանավորվեց «Պուլչինելլա» բալետով (1919-1920)։ Այս փուլում Ստրավինսկին ստեղծեց շուրջ 45 ստեղծագործություն։ 2-րդ շրջանը բնորոշում են որպես «նորդասական»։ Նորովի «վերընթերցելով» անցյալը, կոմպոզիտորը դիտում է, մեկնաբանում 20-րդ դարի «լեզվով»։ Սա վկայում է նաև անցյալի թեմաների, գաղափարների, ժանրերի ներուժի և կենսունակության մասին։
Օրինակ, հենց «Պուլչինելլան», որը պատերազմից հետո ասես կոմպոզիտորի ժպիտն էր։ 18-րդ դարում Նեապոլում տարածված այս առասպելին ժամանակին անդրադարձել էր Ջովաննի Պերգոլեզին։ Եվ ահա Պերգոլեզիի թեմաների հիման վրա Ստրավինսկին ստեղծեց իր լուսավոր բալետը։ Բալետը ներկայացնում է Պուլչինելլային՝ մեծ քթով ու փոքրիկ ջութակով կենսուրախ հտպիտին, նրա նմանակին, նրան երկրպագող գեղեցկուհիներին, խանդոտ ախոյաններին, նրա կեղծ մահը և զվարճալի «հարությունը» և վերջում՝ երեք զույգերի երջանիկ ամուսնությունը։ Բալետի հաջողությանը մեծապես նպաստել են Պաբլո Պիկասոյի ձևավորումը, դեկորացիաները։
«Ապոլլոն Մուսագետ» բալետում պատկերված է երեք մուսաների մրցույթը՝ երգի մուսա Պոլիհիմնիայի, էպոսի մուսա Կալլիոպեի և պարի մուսա Տերպսիքորայի։ Վերջում Ապոլլոնը գովում է Տերպսիքորային և ինքն էլ իր պարով դրսևորում կատարյալ ներդաշնակություն, ինչին պետք է ձգտել ցանկացած արվեստում։
«Պերսեփոնեն» մելոդրամա է, որտեղ միահյուսված են երգը, պարը, նվագը։ Բալետում արտացոլվում է բնության հավերժական շրջապտույտը, համադրվում են բնության թախիծը, կաշկանդվածությունը, որը պայմանավորվում է պտղաբերության աստվածության դստեր՝ Պերսեփոների` ստորգետնյա աշխարհ սուզվելով և բնության զարթոնքով ու ցնծությամբ, կապված նրա վերադարձով։
Անտիկ թեմայով գրված են «Օրփեոս» և «Ագոն» բալետները և Սոֆոկլեսի ողբերգության հիման վրա ստեղծված «Էդիպ արքա» օպերա-օրատորիան։
Սոֆոկլեսի ողբերգությունները ոգևորել են, կյանքի կոչել այլ արվեստագետների ստեղծագործությունները։ Լայն տարածում է գտել Էդիպ արքայի ճակատագիրն արտացոլող թեման, որին անդրադարձել են Սենեկան, Ռասինը, Վոլտերը, Շիլլերը, Մենդելսոնը։ Հայտնի են նաև Ռիխարդ Շտրաուսի, Ջորջե Էնեսկուի, Իգոր Ստրավինսկու օպերաները։ Ի տարբերություն այլոց, Ստրավինսկու ուշադրությունը գրավում էին ոչ այնքան անողոք ճակատագրի զոհ դարձած մարդկանց բուն կրքերը, այլ խորհրդանիշերի, կերպարների դրաման, ճակատագրական անխուսափելի հանգուցալուծումը։ Եվ իր աշխարհայացքին ու գեղագիտությանը համահունչ՝ Ստրավինսկին երաժշտությամբ մարմնավորել է Էդիպ արքայի ողբերգությունը։
Անշուշտ, կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակ Ժան Կոկտոն հաշվի էին առել հին հունական թատրոնի որոշ ավանդույթները։
Օպերայում գործող անձինք հանդես են գալիս դիմակներով, երգչախումբը (խորուսը) մեկնաբանում է տեղի ունեցող իրադարձությունները և այլն։ Մինչդեռ գործող անձինք երգում են լատիներեն, իսկ ասմունքողը տեքստը կարդում է ժամանակակից լեզվով։ «Էդիպ արքա» օպերա-օրատորիայի բաղադրիչներից են նաև արիաները, զուգերգերը, ռեչիտատիվը (ասերգ) և 18-րդ դարի օրատորիաներին բնորոշ այլ տարրեր։ Յուրաքանչյուր գործող անձի կամ իրադարձություն բնութագրելու համար Ստրավինսկին գտնում է դիպուկ, անշփոթելի արտահայտչամիջոցներ՝ ռիթմիկ դարձվածներ, տեմբրային (գունային) խաղեր, երգելաձևեր, նրբագծերի բազմազանություն և այլն։ Եվ այս ամենը կազմում է անցյալը ներկային կապող օրգանական մի միաձույլ, որը կարելի է համարել 20-րդ դարի երաժշտության գլուխգործոցներից մեկը։


Ի դեպ, «Էդիպ արքա» օպերան ԽՍՀՄ-ում առաջին անգամ կատարվել է Երևանում, 1963 թ.։ Դիրիժորն էր Արամ Քաթանյանը, բեմադրիչը՝ Հրաչյա Ղափլանյանը։ Այս ներկայացման մասին Մարգարիտա Տեր-Սիմոնյանը գրել է. «Ստրավինսկու օպերայի պարտիտուրայի բարդ, մոզաիկ պատկերը վերարտադրելը մեծ դժվարություն է ներկայացնում... Արամ Քաթանյանին հաջողվեց խորապես թափանցել և վերստեղծել այդ հոյակապ պարտիտուրայի ոգին»։ Պրեմիերային և հաջորդ ներկայացմանը ներկա էր նաև Դմիտրի Շոստակովիչը, որն իր գոհունակությունը հայտնեց դիրիժորին։
Ընդհանուր առմամբ, Ստրավինսկու նորդասական շրջանը տևեց 30 տարի։ Այդ ընթացքում, բացի նշվածներից, Ստրավինսկին ստեղծել է նաև «Ռուսական սկերցո»՝ Փոլ ՈՒայթմանի սիմֆոջազի համար, ջութակի կոնցերտը, դաշնամուրի և փողայինների համար գրված կոնցերտը, «Տանգոն», «Սաղմոսների սիմֆոնիան», «Երեք շարժումով սիմֆոնիան» և բազում այլ գործեր։
«Սաղմոսների սիմֆոնիան» գրվել է 1930 թ.։ Այն բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը հիմնված է 38-րդ սաղմոսի 13-14 համարների վրա. «Տէ՛ր, լսի՛ր իմ աղոթքը, ականջ դիր խնդրանքներիս և արտասուքս լռութեան մի՛ մատնիր։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական և անցորդ, ինչպես իմ բոլոր նախնիները։ Թո՛ւյլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչև իմ գնալն այնտեղ, ուր այլևս չեմ լինի»։
Ըստ մեկնիչների, այս սաղմոսը Դավիթը ստեղծել է իր որդի Աբիսողոմի՝ իր դեմ սկսած ապստամբության ժամանակ, երբ Դավիթը, գիտակցելով իր մեղքը, վախենում էր նաև իր թշնամիների հարվածից։ Թագավորն Աստծուց խնդրում էր կյանք տալ, հնարավորություն տալ իր մեղքերը քավելու և հոգեպես նորոգվելու։ Բիբլիական այս թեման մարմնավորելու համար, Ստրավինսկին ընտրել էր սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ կազմ առանց ջութակների, ալտերի և կլառնետների և ընդգրկել է երկու ռոյալ, իսկ երգչախմբի համար ընտրել է Սաղմոսի լատիներեն տարբերակը։ Ըստ Բորիս Յարուստովսկու, գործիքային այսպիսի կազմի հնչողությունն ավելի չոր է, զուսպ (ասկետական), քանի որ Ստրավինսկին «վախենում էր ընկել ռոմանտիկական զգացմունքայնության մեջ»։ Սիմֆոնիայի 1-ին մասը հիմնված է երկու հակադիր թեմայի վրա։ Առաջին թեման բնույթով դրամատիկ է։ Այն հնչում է նվագախմբի բաժնում, որտեղ հուժկու ակորդները կամարակապվում են հոբոյների, ֆագոտների և անգլիական եղջերափողի անհանգիստ զարկերակումով։
2-րդ թեման աղոթքային է։ Այն շարադրում է երգչախումբը։ Թեման հիշեցնում է խոսակցական ինտոնացիայի վրա հիմնված կաթոլիկ սաղմոսերգությունը։ Երգչախմբի այդ եռանդագին աղոթքը նվագակցվում է համառորեն կրկնվող (օստինատո) դրամատիկ դարձվածներով։
Եվ այս թեմաների, տարրերի, դրանց տրանսֆորմացման, զարգացման միջոցով Ստրավինսկին կառուցում է 1-ին մասը։ Սիմֆոնիայի 2-րդ մասում երգչախումբը երգում է 39-րդ սաղմոսի 2, 3, 4 համարները. «Համբերութեամբ սպասեցի տիրոջը, և նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը։ Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից, ոտքերս ժայռի վրայ հաստատեց և ուղղեց իմ քայլերը։ Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ»։
Սիմֆոնիայի 2-րդ մասը բացվում է հոբոյի հնաբույր եղերերգով, որին արձագանքում է 1-ին ֆլեյտան, այնուհետև հերթով ձայնակցում են 2-րդ ֆլեյտան, 2-րդ հոբոյը և մնացած ֆլեյտաները։ Այս եթերային (առանց բասերի) ֆուգատոն հիշեցնում է Բախի 6-ձայնանի Ռիչերկարը՝ գրված Ֆրիդրիխ Մեծ արքայի թեմայով։
Նույնպես ձայների հերթագայությամբ երգչախումբը երգում է 2-րդ թեման, որից բխում է 2-րդ ֆուգան։ Գործիքային և վոկալ այս ֆուգաները մշակման բաժնում փոխներթափանցվում են, ենթարկվում պոլիֆոնիկ զանազան փոխակերպումների և ավարտում 2-րդ մասը։ Այս մասը համարվում է կրկնակի ֆուգայի փայլուն օրինակ։
Սիմֆոնիայի 3-րդ մասն ընդգրկում է 150-րդ սաղմոսն ամբողջությամբ։ Ահա մի քանի փառաբանություն այդ սաղմոսից. «Ալէլուիա։ Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցե՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մեջ... Գովաբանեցե՛ք նրան սաղմոսով և օրհներգութեամբ... Օրհնեցե՛ք նրան քաղցր խօսքերով... Բոլոր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը»։
3-րդ մասը սկսվում է հանդարտ, վեհաշուք «Ալէլուիայով», որից հետո ներխուժում է Ստրավինսկուն բնորոշ «մոտորային» Ալլեգրոն։ Այստեղ հնչյունների ամեհի ալեկոծումը բախվում է կուլմինացիայի «ժայռերին», որոնցից անդրադառնալով, խաղաղվում է Սիմֆոնիան եզրափակող հանդիսավոր վերջաբանում։ Ինչպես տեսանք, Սիմֆոնիայում զուգակցվում են մի կողմից բիբլիական, արխաիկ հանդիսավորությունը, որ խորհրդանշում է հավերժությունը, մյուս կողմից՝ հավերժից պոկված, ժամանակի ալեբախումների մեջ ընկած 20-րդ դարի մարդու փոթորկահույզ հոգին, որն անդադար փնտրում է, տենչում հասնել փրկության ափը։ Հենց այս ժամանակաշրջանում է պոետ Ալեքսանդր Բլոկը գրել. «Եվ հավերժ պայքար, անդորր միայն երազում ենք տեսնում»։
Եվ Ստրավինսկին մեծ վարպետությամբ գտնում է համարժեք արտահայտչամիջոցներ մարմնավորելու, դրսևորելու և՛ «պայքարը», և՛ «անդորրը», և այս ամենի համար՝ Աստծո փառաբանությունը։
Սիմֆոնիայի ստեղծման սկզբում Ստրավինսկին, իր իսկ խոստովանությամբ, համակված էր կրոնական և երաժշտական հուզավառությամբ։ Իսկ ավարտից հետո կոմպոզիտորը Ռոբերտ Կրաֆտին ասել է հետևյալը. «150-րդ Սաղմոսի Ալլեգրոն ոգեշնչված էր Եղիա մարգարեի՝ դեպի երկինք վեր խոյանալու տեսիլքով... Պիտի թվա, թե եզրափակիչ օրհներգությունը երկնքից է իջնում, և ալեկոծումներից հետո տեղի է ունենում «փառաբանության հանդարտեցում, խաղաղություն»։
1950-ականներին ԱՄՆ-ում սկսվեց Ստրավինսկու ստեղծագործական ուղու 3-րդ շրջանը։ Այս վերջին փուլը բնորոշում են որպես «դոդեկաֆոնիկ» շրջան։ Թեպետ կոմպոզիտորը սկսել էր կիրառել 12-տոնային ստեղծագործական մեթոդը, սերիալ տեխնիկան, սակայն, ինչպես ինքն է խոստովանել. «Ես լսում եմ հարմոնիաներ... իմ սերիաները գրված են տոնայնական համակարգում՝ իմ համակարգում»։
Ստրավինսկու արվեստի վերջին շրջանը կարելի է բնորոշել նաև որպես «կրոնական շրջան»։ Այս փուլում են ստեղծվել «Սրբազան երգասացություն» (1958), «Երեմիա մարգարեի ողբը» (1958), «Քարոզ, առակ և աղոթք» կանտատը (1961), Թոմաս Էլիոթի հիշատակին աղոթերգությունը (1965) և իր գլուխգործոցը՝ «Ռեքվիեմը» (1966) և այլն։ Անշուշտ, մինչ այս շրջանն էլ Ստրավինսկին ստեղծել էր հոգևոր բնույթի գործեր, օրինակ, «Բաբելոնը»՝ ըստ Մովսես մարգարեի 1-ին գրքի 11-րդ գլխի (1-9), Մեսսան (1948), «Հայր մեր» (1926), «Հավատամք» (1932), «ՈՒրախացիր, Տիրամայր» (1934) խմբերգերը և այլն։ Սակայն վերջին շրջանում հոգևոր թեմաները ավելի են գրավել, կլանել կոմպոզիտորի ուշադրությունը։
Ստրավինսկու վերջին ավարտուն գործն էր Հուգո Վոլֆի 2 հոգևոր երգի մշակումները կամերային նվագախմբի համար (1968)։
Լինելով բազմակողմանի զարգացած անհատականություն, հանրագիտակ, Ստրավինսկին օժտված էր նաև գրական ձիրքով։ Նա հեղինակ է «Իմ երաժշտական կյանքի խրոնիկան», «Երկխոսություններ» գրքերի, որոնցում արտացոլված են կոմպոզիտորի գեղագիտական հայացքները, տեղ են գտել նաև անցյալի և ժամանակակից կոմպոզիտորների, կատարողների, գրողների և այլ գործիչների արվեստին տրված գնահատականներ և այլն։ 1962 թ. Մոսկվայում և Լենինգրադում տեղի ունեցան հեղինակային համերգներ` նվիրված կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին։
Ստրավինսկին վախճանվեց 1971 թ.՝ Նյու Յորքում։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ