ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Վարդավառ կամ տոն Պայծառակերպության

Վարդավառ կամ տոն Պայծառակերպության
10.07.2015 | 10:47

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր երկրային կարճ կյանքում բազմաթիվ հրաշքներ գործեց, որոնց մասին, ըստ Հովհաննես առաքյալի, եթե գրվեր, ապա աշխարհում այդ գրքերին տեղ չէր լինի։ Հրաշքների նպատակը ոչ թե մարդկանց զարմացնելն ու Իրեն փառավորելն է եղել, ինչպես այս աշխարհի մարդիկ են անում, այլ որ մարդիկ գոնե տեսնելով հավատան, որ փրկության խոսքը, որ հնչում է Իր շուրթերից, ամենակարող Աստծո խոսքն է. խոսք, որ նույնիսկ հանգուցյալներին կարող է կենդանացնել։ Մարդկանցից ոմանք լսելով Նրան, հավատում էին, որ Աստված մարմնով է հայտնվել, ինչպես Պողոս առաքյալը հաստատեց, ասելով. «Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3.16):
Հիսուսն Իր երկրային կյանքում մի հրաշք էլ կատարեց` Թաբոր լեռան վրա, որը վեր էր մարդու երևակայությունից. Տերը այլակերպվեց երկնալույս հանդերձանքով, ինչպես նկարագրում են ավետարանիչները. «Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա և նրանց առաջ պայծառակերպվեց։ Եվ Նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ Եվ նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ Նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում» (Մարկ. Թ 1-3)։
Այդ զարմանահրաշ այլակերպության վկաները դարձան դարեր առաջ ննջած Աստծո ընտիր ծառաները՝ Մովսեսն ու Եղիան, որոնք դեռ իրենց ժամանակներում մարգարեացել էին Հիսուսի աշխարհ գալու մասին։
Պայծառակերպության երկրային վկաները տասներկու առաքյալներից երեքն էին` Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, ովքեր մարմնավոր աչքերով հանդերձյալ կյանքից մի դրվագ ըմբոշխնեցին։ Այդ երեքի ընտրությունն էլ պատահական չէր. Հիսուսն անձամբ ընտրեց ու Իր հետ լեռը տարավ հենց այդ երեքին, որովհետև ամենագետ Աստված գիտեր նրանց հետագա ընթացքը, քանզի նրանցից Պետրոսը դարձավ Եկեղեցու վեմը, որի հավատի վրա կառուցվեց այն, այսինքն` Պետրոսը առաջինը դավանեց, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է, Հովհաննես առաքյալը միակն էր բոլորից, որ մինչև Գողգոթա գնաց և Հիսուսի Խաչելությունն ու մահը տեսավ, իսկ Հակոբոս առաքյալը բոլոր առաքյալներից առաջինն էր, որ Քրիստոսին Տեր դավանելու համար նահատակվեց։
Եվ մինչ իջնում էին լեռից, Տերը պատվիրեց ու ասաց, որ այդ տեսիլքը ոչ ոքի չասեն, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի, ինչպես նախկին սքանչելագործությունների դեպքում, նույնպես և այժմ, որպեսզի չգայթակղվեն: Որովհետև որքան շատ մեծամեծ բաներ իմանան Քրիստոսի մասին, այնքան դժվար կլիներ նրանց համար, երբ չարչարանքների ժամին և խաչի վրա տեսնեին Նրան:
Պայծառակերպության տոնը հայ ժողովուրդը հեթանոս ժամանակներից կապել է Նոյի ընտանիքի տապանից իջնելու իրադարձության հետ։ Հայ մանուկներն ու աղջիկները այդ օրն իրար վրա ջուր են լցնում ի նշան ջրհեղեղի ավարտի։
Կարելի է նման զվարճություններ թույլ տալ մեզ, բայց նախ` սուրբ Պատարագով պատվելով Տիրոջ Պայծառակերպության տոնը, հետո նոր ջրով ցողվել, այն էլ չափավորության մեջ, ոչ թե անխնա և ում պատահի ջրով ողողել։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ